HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«էս խոնավության, հոտի, կեղտի մեջ չենք կարող ապրել»

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օգանով փողոցի 64 շենքի բնակիչները անցյալ տարվա դեկտեմբերի 30-ից ապրում են աղետալի պայմաններում: Կոյուղու խողովակները ձմռանը մի քանի անգամ սառչել են:

«Կոյուղին առաջին անգամ սառեց դեկտեմբերի 30-ին: Մենք մեր ուժերով եւ համատիրության երկու մասնագետի օգնությամբ առաջին անգամ բացեցինք: Այդ ժամանակ կոյուղին ամբողջությամբ լցվում էր 5-րդ հարկի բնակչի տուն: Բայց մինչեւ բացելը դա բարձրացավ 7-րդ հարկ, որտեղից լցվում էր 6-րդ հարկ: Բացելուց հետո մի 3 օր անց նորից կրկնվեց, դա էլ ենք բացել, էլի կրկնվեց, նորից բացեցինք, դա արդեն եղավ երրորդ անգամ: Չորրորդ անգամ սառել ու բարձրացել էր վերջին՝ 14-րդ հարկ: Այդ անգամ էլ բացեցինք մեր ուժերով,- պատմում է շենքի բնակիչ Դարիկո Սահակյանը,- երբ որ հինգերորդ անգամ խցանվեց, նորից դիմեցինք համատիրություն՝ բացելու համար: Պատասխանեցին, որ 2 աշխատող ունեն 20 շենքի համար: Ասացին՝ գնացեք, ինչ ուզում եք, արեք: Երբ որ ասացի` կբողոքեմ, պատասխանեցին` ում ուզում եք, բողոքեք»:

Դրանից հետո, տիկին Սահակյանի պատմելով, ինքը զանգահարել է Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի բնակբաժին: Նրան խոստացել են, որ կզբաղվեն այդ հարցով: Հաջորդ օրը նրա զանգին պատասխանել են, որ «Լոռի» համատիրության նախագահ Էդիկ Սահակյանը բավական մեծ գումար է ուզում այդ հարցերը կարգավորելու համար, ու թաղապետարանում գումարները հատկացնելու հարցով են զբաղված: Այնուհետեւ բնակչի զանգերին թաղապետարանում այլեւս չեն պատասխանել:

«Ես դիմեցի քաղաքապետարան, ասացին՝ մենք կանչը կգրանցենք, բրիգադ կուղարկենք: Արդեն մի քանի օր է՝ մեր ուժերով խողովակները բացել ենք, դեռ բրիգադը չի եկել»,- նշում է Դարիկո Սահակյանը:

Հունվարի 25-ի դրությամբ որոշ խաթարումներով կոյուղին գործում է: Շենքի բնակարաններից առավել վատթար վիճակում են մեկսենյականոց բնակարանները: 5-րդ հարկի մեկսենյականոցի բնակիչ Արմեն Աղաջանյանը կնոջ եւ երկու երեխաների հետ ժամանակավորապես դուրս է եկել տնից:

«Զուգարանակոնքի մեջ կեղտը հավաքվում էր, լցվում ու թափվում: Ստիպված դրա տեղը փակել եմ»,- ասում է Արմենը: Սակայն Աղաջանյանները պատրաստվում են վերադառնալ իրենց բնակարան, քանի որ շուտով երեխա են ունենալու:

 «Ալյումինե փաթեթը ձեւական դրված ա, ֆոլգայի տակով ջուրն անցնում ա ու մտնում պատերի մեջ: Իզալյացիան կեղտոտ, ճղճղված հնի վրա են բերել-քաշել,- ցույց տալով խողովակները՝ բողոքում է Արմենի մայրը՝ Ռոզա Ավետյանը , որը նույնպես ապրում է 5-րդ հարկում:- Ասացի` էդ չեք հանու՞մ, որ նորը փաթաթեք, պատասխանեցին՝ էս ավելի լավ ա... Ինչ ա որ շուտ պրծնեն, գնան»:

«Համատիրությունում ասում են՝ մենք չենք կարա հասցնենք, դուք գնացեք տիրություն արեք: Իսկ մարդը ի՞նչ ձեւ իր ճարը տեսնի, երբ որ իր ուժերով ի վիճակի չէ բան անել: 24 տարվա խողովակներ են՝ արդեն մաշված ու ճաքած: Ամբողջ ամառը ըսենց մնում են, էս ջրերը գնում են, ոչ մի տիրություն չեն անում, հետո ձմռանը պրոբլեմները թափվում են մեր գլխին,- շարունակում է Ռոզա Ավետյանը:- Ասում են՝ ձեր միջոցով պիտի անեք. շենքը սեփականաշնորհված ա: Բայց մենք գիտենք, որ շքամուտքի խողովակները համատիրության ենթակայության տակ են: Համատիրությանը մուծումներ ենք անում, բայց ինչի՞ համար: Տղաս 7500 դրամ ա տվել իր մեկսենյականոցի կոյուղու մաքրման համար»:

«Լոռի» համատիրության նախագահ Էդիկ Սահակյանը մեզ հետ զրույցում բողոքում էր բնակիչներից՝ ասելով, որ վերջիններս պահանջներ են ներկայացնում առանց իրենց պարտականությունները կատարելու: Այսինքն՝ բնակիչները չեն մուծում սպասարկման վարձը (քառ.մետրը՝ 10 դրամ), որն էլ դրամական խնդիրներ է առաջացնում:

«Ասում են՝ սպասարկման վարձ վճարեք, ես էլ ասում եմ՝ ինչի՞ պիտի վճարեմ, եթե ամառը դուք ձեր գործը չեք անում, որի համար վարձ եք հավաքում,- հակադարձում է Ռոզա Ավետյանը ու ավելացնում,- վճարում էինք, էս վերջերս չենք կարողանում. անգործ մարդիկ ենք: Թող գան ամառը անեն, խնդրեմ, տանք»:

6-րդ հարկի մեկսենյականոցի տեր Հովսեփ Ոսկերչյանն էլ մի քանի այլ բնակիչների նման ստիպված դուրս է եկել տնից:

«Ամեն օր տրուբան վառում էինք, բացվում էր: Ամեն գիշեր նորից սառում էր ու կաթում էր: Հետո լրիվ սառեց, բարձրացավ վերեւ, տրուբան պայթեց, վերեւի հարկից լրիվ լցվեց տուն: Պատալոկները ջրվում էին: Հետո տրուբան փոխեցինք, երկրորդ օրը սառեց, կեղտը լցվեց տուն՝ խոհանոցով, միջանցքով ու զալի կեսով»,- ասում է Հովսեփ Ոսկերչյանն ու ցույց տալիս բնակարանի վնասված հատակը, պատերն ու առաստաղը:

Ոսկերչյանների հարեւանի՝ տիկին Էմմայի երեք սանյականոցի ննջասենյակի առաստաղը կոյուղաջրերից այնպես է թրջվել, որ նույնիսկ ապակե ջահն է լցվել ջրով:

«Քանի որ մեկ տարեկան երեխա կա տանը, էս վիճակում չկարողացանք ապրել: Հիմա բարեկամի տանն ենք ապրում,- ասում է Հ. Ոսկերչյանը:- Բոլոր հոսանքալարերը պատերի մեջ պայթել են, խոնավության հոտը անտանելի է: Մենք էս վիճակում՝ էս խոնավության, հոտի, կեղտի մեջ չենք կարող ապրել: Համատիրությունում ասել են՝ մենք էդքան մասնագետ չունենք, բոլոր շենքերում էլ նույն պրոբլեմն է»:

Համայնքի շենքերի զգալի մասը նույն վիճակում են: Օգանովի 64 շենքին հարակից մյուս բարձրահարկերում էլ հակասանիտարական նույն պայմաններն են. վատ վիճակում են ոչ միայն կոյուղիները, այլեւ աղբատար խողովակները:

Եթե կոյուղու պարունակությունը լցվել է բնակարանները եւ շքամուտք, ապա աղբը կուտակվել է աղբատար խողովակի մեջ ու թափվել դրանից դուրս՝ շենքի մուտքի դիմաց:

«Այդ մի քանի օրերին բնակիչները կոյուղու փակված լինելու պատճառով օգտվել են աղբատար խողովակից. այսինքն՝ փաթեթավորել, գցել են այնտեղ ,- պատմում է Դարիկո Սահակյանը:- Աղբատար խողովակի ներքեւի մասը սառած է: Երկու անգամ աղբատար մեքենան եկել, բայց շենքի աղբը չի տարել: Երեք օր առաջ դիմել եմ աղբը տանելու համար: Երեւի թե դիսպետչերն էր, պատասխանեց, որ դա իրենց գործը չի, իրենք դրանով չեն զբաղվում: Դրանից հետո դիմեցի համատիրություն, այնտեղ իմ ներկայությամբ զանգեցին սանմաքրման ձեռնարկություն, նրանք էլ խոստացան, որ կգան-կտանեն. դա պիտի լիներ երեկ չէ առաջին օրը՝ հունվարի 23-ին: Այսօր նորից դիմել եմ համատիրություն: Համատիրությունը նորից է զանգել նրանց: Ես զգուշացրի, որ եթե չգան, կդիմեմ սանէպիդկայան»:

Հունվարի 26-ին աղբատար մեքենան տարել էր Օգանովի 64 շենքի աղբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter