HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի լքված կոմբինատը վերածվել է ժամանակակից արտադրամասի

Անի Հովհաննիսյան

Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսկոմբինատը», որը պատերազմից հետո դադարեցրել էր աշխատանքը, կրկին լցվել է հաստոցների ձայներով: Այստեղ վերակառուցվել եւ գործում են կարի եւ գործվածքի արտադրամասերը:

1988-ից հետո արտադրամասերը մի քանի անգամ վերաբացվել եւ փակվել են, սակայն այս անգամ ներդրողները լուրջ են տրամադրված: Մեր այցելության ժամանակ արտադրամասերը փորձնական գործարկման փուլում էին. նախապատրաստվում էին գործարանի բացմանը:

Այս պահին արտադրանքն իրացվում է Պաշտպանության բանակի համար, իսկ մինչ տարվա վերջ նախատեսում են մոդելավորել եւ կարել նաեւ քաղաքացիական հագուստներ: Գործվածքի արտադրամասի ինժեներ-տեխնոլոգ Անյա Հակոբջանյանը «Ղարմետաքսկոմբինատի» ամենահին աշխատողներից է: Նա կրկին մեծ եռանդով վերադարձել է արտադրամաս՝ հավատով, որ այն կընդարձակվի եւ էլ ավելի շատ ղարաբաղցիներ հնարավորություն կունենան աշխատել:

«Այս պահին նախկին կոմբինատի մեր հին աշխատողներն են վերականգնվել աշխատանքի, քանի որ իրենք գիտեն՝ ինչպես հաստոցներն աշխատեցնել: Բայց նաեւ երիտասարդների են աշխատանքի ընդունում, ովքեր դեռ սովորում են, մինչեւ կսկսեն երկու հերթով աշխատել արդեն: Բանվորները շատ լավ են աշխատում՝ իմանալով, որ ժամանակին աշխատավարձ են ստանալու»,- ասում է Անյա Հակոբջանյանը:

Ջուլհակուհիները մոտ 80 հազար դրամ են վարձատրվում, իսկ ենթավարպետներն՝ ավելի շատ: Արտադրությունը հունի մեջ ընկնելուց հետո պատրաստվում են գործավարձային պայմանով վարձատրել. ըստ գործվածքի մետրի կամ կարած հագուստի քանակության: Կտորի հաստոցները նոր չեն. գնվել են պատերազմից առաջ, բայց դեռ շարունակվում են գործարկվել: Երբեմն-երբեմն փչանում են եւ կրկին վերանորոգվում:

Կարի արտադրամասը նույնպես հիմնադրվել է անցած տարի եւ իրականացնում է պատվերներ՝ բանակի համար: Հիմնականում կարում են կիսավարտիքներ, շապիկներ եւ սպիտակեղեն: Այստեղ աշխատում են 26 հոգի, վարձատրվում գործավարձային սկզբունքով՝ ըստ արտադրատեսակի եւ քանակի: Միջին աշխատավարձը մոտ 70 հազար դրամ է կազմում:

Հագուստի մոդելավորմամբ եւ դիզայնով զբաղվում է արտադրամասի ինժեներ-դիզայներ Նունե Բաղդասարյանը:  Նա անընդհատ աշխատում է նոր մոդելների ստեղծման ուղղությամբ: «Մենք շուտով պիտի տեղափոխվենք նոր արտադրամաս, որն այս պահին վերանորոգվում է: Հենց այնտեղ էլ արդեն կունենանք երկու բաժին՝ զինվորական եւ քաղաքացիական: Մեկը կաշխատի զինվորական հագուստի արտադրությամբ, մյուսը՝ քաղաքացիական»,- ասում է դիզայները:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Օպերատոր՝ Սարո Բաղդասարյան

Երաժշտ.՝ Տիգրան Համասյանի

Մեկնաբանություններ (1)

Berge Jololian
We are waiting for the the day Armenia units with Artsakh (not the other way around). If only Armenia focused on rebuilding its abandoned factories instead of casinos and cafe's societies.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter