HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տուժողի որդին պնդել է, թե չի տեսել եւ չգիտի ով է կրակել հոր վրա

«Շեկո» մականվամբ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտված է: Հրապարակվեցին տարբեր պատճառաբանությամբ համառորեն դատարան չներկայացող վկաների նախաքննական ցուցմունքները: Մինչ այդ հարցաքննվեց այսօրվա նիստին ներկայացած միակ վկան՝ Արմեն Մարտիրոսյանը: Վկան սպանված Արտյոմ Կարապետյանի կնոջ եղբայրն էր:

Վերջինս դատարանում հայտարարեց, որ դեպքի օրը Գյումրիում չի եղել եւ կատարվածի մասին իմացել է «տելեվիզորից», այնքան մտերիմ չի եղել փեսայի հետ, որ իմանար նրա ընկերական շրջապատի կամ գործերի վերաբերյալ մանրամասներ եւ շատ բան չի կարող հայտնել դատարանին: Վկան գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր, որ չի հիշում: Նախաքննական մարմիններին տված ցուցմունքում Արմեն Մարտիրոսյանը նշել էր, որ ապրիլի 23-ին ինքն աշխատանքի վայրում է եղել, երբ ժամը 16-ի կողմ զանգահարել է մայրն ու ասել, թե «Արտյոմին կրակել են»: Վկան կրկին պնդեց, թե չի հիշում արդյո՞ք մեկ տարի առաջ ինքը նման բան է ասել:

Սպանվածի մոր՝ Գեղեցրկ Կարապետյանի նախաքննական ցուցմունքը շատ կարճ բովանդակություն ուներ: Մայիսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցած հարցաքնննության ժամանակ կինն ասել էր, որ ինքն ընդամենն ուզում է մեղավորներն արդարացի պատիժ ստանան, ինքը ոչինչ չգիտի եւ ոչինչ չի ուզում իմանալ, նյութական պահանջ էլ որեւէ մեկից չունի:

Հրապարակվեց նաեւ տուժող «քավոր Հարութի» որդու՝ Գեւորգ Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Նա պատմել է, որ դեպքի օրը առավոտյան ժամը 11:30-ին գնացել է Գյումրու զինկոմիսարիատ՝ բժշկական ստուգման: Նրան ուղարկել են զննման ակնաբույժի մոտ: Վկան այդ մասին տեղյակ է պահել հորը: Վերջինս որդուն հրահանգել է վերադառնալ տուն, խոստացել, որ բժշկական կենտրոն կգնան միասին, սակայն մինչ այդ պիտի դպրոցից տուն բերի դստերը:

Գեւորգը որոշել է լոգանք ընդունել եւ պատրաստվել մինչեւ հայրը տուն կգա: «Հասցրել էի հագնել շալվարս ու մայկես, երբ լսեցի կրակոցի ձայներ: Դրանից մի քանի րոպե առաջ մայրս հայտնել էր, որ հայրս գալիս է ու ես պիտի արագացնեմ: Կրակոցները լսելով ես դուրս թռա տնից, տեսա դեպի իմ կողմ եկող հորս ու «Շեկոյին»: Հորս դեմքն արյունոտված էր: Ես հետ վազեցի, որ բակում թաքցրած տեղից հանեմ պապիս ավտոմատը»,-նշել էր վկան:

Գեւորգը վերադարձել էր զենքը ձեռքին: Հայրը հանդիմանել էր թե ինչու է վերցրել ուրիշի կրակած զենքը: Վկան ասել է, որ պապինն է: Գեւորգը փորձել է մեքենան գործի գցել, որ հորը տանի հիվանդանոց, այդ ժամանակ էլ ինչ որ մեկն ասել է, թե շենքի մուտքի մոտ մարդ կա ընկած: Տեղ հասած շտապօգնության մեքենայով փոխադրել են Արտոյմ Կարապետյանին, իսկ հորը տարել են Կամո «հոպարի» մեքենայով:

Վկան նախաքննության ժամանակ պատմել էր, որ դեպքից մի քանի օր անց տեղեկացել, որ ոստիկանությունն իրեն է փնտրում՝ զենքի հետ կապված բերման ենթարկելու հրաման կա: «Ինձ ասին, որ եթե իմ կամքով հանձնեմ զենքը, չեն դատի: Ես էլ որոշեցի պահած տեղից հանել պապիս զնեքն ու հանձնել ոստիկաններին»,-նշել էր վկան: Գեւորգը չի տեսել եւ չգիտի, թե ով է կրակել հոր վրա:

Արտյոմ Կարապետյանի դին բժշկական փորձաքննության ենթարկած բժիշկն ու ամբաստանյալ Վահե Ղուկասյանը կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter