HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքը» դատի է տվել բնապահպանության նախարարությանը

«Հետքը» դատի է տվել բնապահպանության նախարարությանը տեղեկություններ տրամադրելու պահանջով:  

Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետաքննության շրջանակներում «Հետքը» ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել էր տրամադրել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայով ներկրված եւ արտահանված կենդանիների թույլտվությունների (CITES-ների) պատճենները՝ 2010 թ.-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 9-ը: Սակայն նախարարությունը չէր տրամադրել այդ պատճենները՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան և տրամադրել էր միայն Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը:

«Հետքը» հաջորդ հարցմամբ առաջարկել էր փակել թույլտվությունում առկա գաղտնիք պարունակող տեղեկությունները և տրամադրել այդ պատճենները: Նախարարությունը դարձյալ հրաժարվել է դրանք տրամադրելուց, փոխարենը ուղարկել էր նախորդ անգամ տրամադրած նույն ցանկը:

«Հետքի» հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրել պահանջված տեղեկությունները, այն է՝ CITES թույլտվությունների պատճենները:

Հիշեցնենք, որ կենդանիների առևտրի մասին «Հետքի» հրապարակումից հետո նյութեր էին նախապատրաստվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քնչական բաժնի Կոտայքի բաժանմունքում, և այս տարվա հունվարի 8-ին կենդանիներ ներկրող «Զու Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամաբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:  Այժմ նախաքննություն է ընթանում:

Այսօր Վարչական դատարանում կայացավ թերթի հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ բնապահպանության նախարարության գործով առաջին նախնական դատական նիստը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, դատաիրավական բաժնի պետ Լևոն Գևորգյանը հայտարարեց, թե տրամադրել են ամբողջ տեղեկությունը՝ բացառությամբ ներկրողների ու արտահանողների անունների, որոնք առևտրային գաղտնիք են:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ նախարարության պատճառաբանությունը իրավական հիմքեր չունի, քանի որ ընկերության անունը չի կարող համարվել առևտրային գաղտնիք: Բացի այդ, նա ցույց տվեց GITES-ներից մի քանի օրինակներ, որ նախարարությունը՝ դատարան «Հետքի» հայցադիմում ներկայացնելուց հետո, տրամադրել է արտասահմանցի լրագրողներին, երբ նրանք այցելել էին Հայաստան կենդանիների առևտրի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով:  

«Եթե առեւտրային գաղտնիք է, ապա ինչպե՞ս է այն տրամադրվել այլ լրատվամիջոցի, իսկ «Հետաքննող լրագրողներին» չի տրամադրվել: Սա ոչ այլ ինչ է, քան կամայական վերաբերմունք»,-ասաց «Հետքի» ներկայացուցիչը:

Վերջինս հաջորդ նիստին ներկայացնելու է այն տեսանյութը, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են բնապահպանության նախարարության աշխատակիցները GITES-ների պատճենները տրամադրում արտասահմանցի լրագրողներին:

Նախարարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց տեսանյութին ծանոթանալու համար: Նախագահող դատավոր Սամվել Հովակիմյանը այս հիմքով հետաձգեց նիստը: 

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Աչքիս թեթեւ չեն պրծնելու, աստված «հետքից» հեռու պահի՝ որ բռնեցին էլ բաց թողնել չկա: Մի խորհուրդ կարելի է տալ բնասերներին, թող ասեն - փորձել ենք էդ խեղճ կենդանիների զարգացման համար ավելի բարենպաստ վայրեր գտնել, այսինքն՝ գիտափորձ է եղել: Մեր դատարանը կարող է արդարացնել ու նույնիսկ գրանտի ներկայացնել՝ կախված ով որի բարեկամը դուրս կգա:
Արամ
Hima Bulki Arami nshanakac mardik amen inch anelu en vor Bnapahpanutian naxararutian vichak@ aveli vat lini vor apacucen te yani Bulku jamanak aveli lav er. Paron Aramais Grigoryan AZATVEQ BULKI ARAMI NSHANAKC BOLOR BOLOR KADRERIC. Virahatakan metodnerov kardain popoxutiun e petq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter