HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայաստանում հեռուստակայանները խնամքով վերահսկվում են

Հարցազրույց մշակութաբան Հրաչ Բայադյանի հետ

- Հայաստանում կա՞ խոսքի ազատություն, ԶԼՄ ասպարեզում ի՞նչ տեղ են զբաղեցնում էլեկտրոնային լրատվամիջոցները, հանրային հեռուստատեսությունը:

- Խոսքի ազատություն ինչ-որ իմաստով կա, ինչ-որ իմաստով՝ ոչ. ընդդիմադիր մամուլը շատ հարցերում ավելի ազատ է, հեռուստակայանները խնամքով վերահսկվում են… Յուրաքանչյուր որոշակի իրադրության դեպքում մենք կարող ենք դատողություն անել խոսքի ազատության վերաբերյալ՝ նայած, թե որ տեղեկատվամիջոցի մասին է խոսքը… Այո, խոսքի ազատության չափը կարող է փոխվել որոշ իրավիճակներում: Եթե մենք արտահայտվելու ազատության առումով համեմատենք հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, ապա հստակ տարբերություն կգտնենք նրանց միջեւ. հանրային ռադիոն ավելի ազատ է քննադատություններ հնչեցնելու մեջ, քան հեռուստատեսությունը: Մանավանդ, որ հանրային ռադիոյով հեռարձակվում են «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները, որը նման սահմանափակումներ չունի եւ իշխանությունների վերահսկողությունից դուրս է: Պատճառը հասկանալի է. ռադիոյի ազդեցության չափն անհամեմատ փոքր է։

Ես հիշում եմ, որ վերջին նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ցույցերը եւ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները լուսաբանելիս «Ռադիոլուրի» դեռեւս անփորձ լրագրողները ինձ՝ ռադիոլսողիս համար անհարմար զգալու չափ ստում էին: Դա նաեւ զավեշտական էր, քանի որ այդ լրատվությանը հաջորդում էր «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը, որից մենք իմանում էինք ճիշտ հակառակ բաները: Հիմա «Ռադիոլուրում» ավելի ազատ են արտահայտվում, թեպետ սահմանափակումներ էլի կան: Չեմ բացառում, որ, քաղաքական իրադրության սրվելու դեպքում, իշխանությունների վերհասկողությունն ավելի կմեծանա, եւ խոսքի ազատությունը կպակասի:

Այն ժամանակից ի վեր, երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից եւ մինչ օրս չունի հեռարձակելու հնարավորություն, իշխանություններն ամեն գնով փորձում են էլեկտրոնային լրատվամիջոցները, եւ առաջին հերթին՝ Հանրային հեռուստատեսությունը, որն ամենամեծ լսարանն ունի, պահել իրենց հսկողության ներքո: Ուստի, Հանրայինում խոսքի ազատությունը տխուր վիճակում է: Հատուկ բծախնդրությամբ վերահսկվում է «Հայլուր» լրատվական ծրագիրը, որն աչքի է ընկնում իրադարձությունների մեկնաբանության միտումնավորությամբ։ Այս միտումնավորությունը դրսեւորվում է ամենատարբեր ձեւերով, եւ ձեռք է բերվում ամենատարբեր միջոցների օգտագործմամբ. ինչ-որ բաներ լռության մատնելուց ու թերասացությունից մինչեւ ապատեղեկատվություն, լավ կատարված մոնտաժից մինչեւ հեգնանք: Այս կամ այն գործչի հասցեին արվող թափանցիկ ակնարկների եւ այլ հնարքների հետ զուգորդվող հեգնանքն, օրինակ, լսարանի համար ստանում է որոշակի մեկնաբանող եւ ուղղորդող եւ, ի վերջո, գնահատող նշանակություն։

Հանրային հեռուստատեսությունում արտահայտության ազատությունը սահմանափակվում է նաեւ աններելի չափով կոմերցիալացված եւ ժամանցային, զվարճալի ծրագրերով հագեցած լինելու պատճառով։ Տարիների ընթացքում այս մոտեցումը ձեւավորել է մի «պրո ֆիլ» կամ պատկեր , որը, իմ կարծիքով, բոլորովին հարիր չէ հանրային հեռուստակայանին, որը կոչված է բավարարելու հասարակության տարբեր խավերի պահանջները։

Էլեկտրոնային տեղեկատվամիջոցները վերահսկելու իշխանության ջանքերի միակ դրական հետեւանքն այն եղավ, որ, ազատ արտահայտվելու հնարավորություն ունենալու համար, բազմաթիվ տեղեկատվամիջոցներ ստեղծվեցին Ինտերնետում: Իհարկե, ինտերնետային տարբերակներ ունեն նաեւ շատ էլեկտրոնային եւ տպագիր տեղեկատվամիջոցներ։ Հավաստի վիճակագրական տեղեկությունների բացակայության պայմաններում կարելի է միայն պնդել, որ սրանց հասարակական-սոցիալական նշանակությունը չնչին է, որի հիմնական պատճառը Ինտերնետի սահմանափակ մատչելիությունն է:

Գուցե պարադոքսային հնչի, բայց արտահայտության եւ հավաստի տեղեկություն ստանալու ազատությունը սահմանափակող հանգամանք կարող են լինել լրագրողի անբավարար գրագիտությունն ու տեղեկացվածությունը։ Լրագրողի լեզվի եւ տրվող որակումների պարզունակությունը կարող է հասնել ծայրահեղ չափի։ Լրագիրը կարող է ունենալ իր «ոճը» եւ ստերեոտիպերը, լրագրողը՝ իր «ակնոցը», որը նրան թույլ է տալիս տեսնել ինչ-որ բաներ եւ չտեսնել ուրիշ բաներ, բայց անհրաժեշտ արագությամբ նյութ պատրաստել…

Չմոռանանք, սակայն, որ տեղեկատվամիջոցների ազդեցությունը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ եւ ինչպես է հաղորդվում, այլեւ նրանից, թե լսարանն ինչպես է ընկալում այդ ամենը։ Այսինքն՝ չպետք է չափազանցնել ընկալողի անմիջականությունը, որ, իբրեւ թե, նա ընկալում է հենց այն, ինչ հաղորդվում է: Հիմա մեդիայի տեսություններում եւ ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացվում ընկալման գործոնին, տեղեկատվական, մշակութային արտադրանքի սպառման ձեւերին։ Լսարանի ընկալման մեջ, կրթության եւ սոցիալական պատկանելության, ինչպես նաեւ այլ հանգամանքներով պայմանավորված` կարող են բազմաթիվ երկիմաստություններ ավելանալ: Այդ առումով չպետք է գերագնահատել մարդկանց մտածողությունը կամ կարծիքները ձեւավորելու` որեւէ տեղեկատվամիջոցի կարողությունները: Տեղեկատվամիջոցները գործում են բարդ սոցիալական համատեքստում, որը դրանց «մեսիջի», ուղերձի վրա կարող է ավելացնել հարցական նշաններ, ներմուծել անորոշություններ, երկիմաստություններ եւ թյուրըմբռնումներ:

- Ինչպիսի՞ն է հարաբերակցությունը էլեկտրոնային եւ տպագիր, իշխանամետ, ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցների միջեւ:

- Մի բան է, երբ խոսում ենք իշխանամետ մամուլի մասին, որտեղ խոսքի ազատությունը սահմանափակում են իշխանությունները կամ իշխանամիտության հանգամանքը, այլ բան է, երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցներին: Այստեղ նույնպես սահմանափակող գործոններ կան: Ընդդիմադիր լինել՝ չի նշանակում ունենալ ազատ խոսք: Իհարկե, իշխանության վերահսկողությունից դուրս լինելը լրացուցիչ ազատության հնարավորություն տալիս է՝ երբեմն շատ, երբեմն քիչ: Ես վստահ եմ, որ իրեն ազատ կամ անկախ համարող ցանկացած տեղեկատվամիջոցի լրագրողի համար նույնպես կան տաբու թեմաներ՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով. տնտեսական ճնշումներ, քաղաքական համակրանք ու հակակրանք եւ այլն: Դրանք կարող են բացահայտ չերեւալ, բայց եթե ուզենաս, օրինակ, թերթը մի քիչ երկար ժամանակ կարդալով կարող ես գտնել նրա համակրանքներն ու հակակրանքները: Երբեմն ազատությունը կարող է իշխանություններին կամ ուրիշ մեկին հայհոյելու ազատություն լինել, ոչ թե խոսքի ազատություն:

Եթե տպագիր մամուլի, գոնե ոչ պետական տեղեկատվամիջոցների նկատմամբ, իշխանությունը վերահսկողություն չունի, ապա պատճառն այն է, որ տպագիր լրատվամիջոցների լսարանը եւ հնարավոր ազդեցությունը շատ ավելի փոքր է։ Այդպես է ամեն տեղ, պարզապես Հայաստանում դա ծայրահեղ չափերի է հասնում: Նույնիսկ զարգացած երկրներում, անգամ ամենամեծ տպաքանակների դեպքում, մամուլը համեմատություն չի բռնում հեռուստակայանների հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ռադիոկայաններին, ապա դրանք գրեթե ամբողջովին կոմերցիալացված են կամ ունեն մշակութային բնույթ։ Ուստի, այս դեպքում այնքան էլ իմաստ չունի քննարկել խոսքի ազատության հարցը։

Ես արդեն անդրադարձա ինտերնետային տեղեկատվամիջոցների զարգացման փաստին։ Արժե ավելացնել, թերեւս, որ դրանք հրապարակվում են նաեւ օտար լեզուներով եւ ավելի մեծ լսարան ունեն արտերկրում՝ այդպիսով ավելի բազմազան եւ հավաստի տեղեկատվություն հասցնելով ոչ միայն օտարերկրացիներին, այլեւ մեծաքանակ հայկական սփյուռքին, ինչը կարող է եւ ազդեցություն ունենալ ներքին քաղաքական կյանքի վրա։

- Ներկայումս խոսքի ազատությունը սահմանափակելու առումով ճնշում գործադրելու ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում լրագրողների, խոսքի ազատության նկատմամբ:

- Էլեկտրոնային լրատվամիջոցների դեպքում վերահսկողություն իրականացվում է լուսաբանվող թեմաների, հրավիրվող մարդկանց ընտրության եւ այլ հարցերում: Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, որտեղ կան ընդդիմադիր կուսակցությունների լրատվամիջոցներ, թերթեր, այստեղ իշխանությունների վերահսկողությունը կամ ճնշումը կարող է իրականացվել տարբեր ձեւերով: Վերահսկողությունը կարող է իրականացվել լրագրողին կաշառելու միջոցով, որպեսզի նա չգրի այսինչի մասին կամ հարցազրույց անի այնինչի հետ եւ կամ էլ գրի պահանջվող տիպի հոդված տվյալ թեմայով։ Բնականաբար, կան ավելի կոշտ մեթոդներ՝ վախեցնելուց մինչեւ ամենակոպիտ բռնությունների կիրառումը: Տարատեսակ ճնշումներ կարող են կիրառվել ոչ միայն լրագրողի, այլեւ լրատվամիջոցի նկատմամբ:

Ինչպես հասարակության բոլոր խավերում, այնպես էլ լրագրողների մեջ կարող են լինել ե՛ւ կաշառվողներ, ե՛ւ պատեհապաշտներ: Իր հերթին, տեղեկատվական դաշտը բազմաշերտ է. տեղեկատվամիջոցների սեփականատերեր, լրագրողական վերնախավ, «պրոլետարիատ» եւ այլն։ Չպետք է լրագրողներին պատկերացնել ազատ խոսքի լուսապսակով պսակված, ինչպես չպետք է մոռանալ, որ խոսքի ազատությունը արեւմտյան գաղափարախոսություն է, որի հետեւում կանգնած են որոշակի ուժեր եւ շահեր։ Դրա տեղական նշանակությունը միշտ չէ, որ միարժեք է, քանի որ ձեւավորվում է շատ ավելի լայն դաշտում, քան իշխանություն-հասարակություն, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների ազգային շրջանակն է։

Արտահայտության ազատության նկատմամբ վերահսկումը իրականացվում է առավելապես վարչական եւ տնտեսական միջոցներով։ Անհնազանդ ռադիո եւ հեռուստակայանները կարող են զրկվել հաճախականությունից։ Ընդհակառակը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կարող է փոխհատուցել նվիրվածությունը՝ աչք փակելով տվյալ տեղեկատվամիջոցի կատարած խախտումների վրա (ասենք` գովազդի ծավալի եւ թեմաների հետ կապված)։

Քանի որ հեռուստակայանների տերերը սովորաբար ունենում են նաեւ ուրիշ բիզնես (մասնավոր հեռուստակայանների մեծ մասը, հավանաբար, շահութաբեր չէ), ապա հեռուստակայանը վերահսկվում է տվյալ բիզնեսը վերահսկելու միջոցով։ Մի խոսքով, վերահսկման եղանակները շատ են։

- Կարծիք կա, որ մեր երկրում, ըստ էության, լրատվամիջոցները հասարակական կարծիք չեն ձեւավորում: Եթե դա այդպես է, ուրեմն ինչո՞ւ են իշխանությունները, քաղաքական ուժերը լրատվամիջոցների` իրենց հասցեին արված քննադատական նյութերը հիվանդագին ընդունում:

- Սոցիոլոգ Պիեռ Բուրդյոն մի հոդված ունի այս մասին, որի հենց վերնագիրը պնդում է. «Հասարակական կածիք գոյություն չունի»։ Նրա պնդումներից մեկը կարելի է վերաշարադրել այսպես. այն, ինչ մենք համարում ենք հասարակական կարծիք, մի բան է, որ իշխանությունը կամ որեւէ այլ ուժ ձեւավորում եւ տարածում է, որպեսզի արդարացնի իր հետագա գործողությունները։ Հայաստանում ավելի շատ ընդունված է խոսել եւ գործել ժողովրդի անունից։ Ամեն դեպքում, ասվածից հասկանալի է, որ հասարակական կարծիք կոչվածը չի կարող գոյություն ունենալ առանց տեղեկատվամիջոցների։

Ակնհայտ է, որ առանց տեղեկատվամիջոցների օգնության հասարակությունը կազմող հազարավոր մարդիկ հնարավորություն չունեն նախ՝ ունենալու կարծիք մի բանի մասին, որի ականատեսը չեն եղել, ապա՝ ունենալու միասնական կարծիք։ Ավելին, հասարակությունն ինքը որպես այդպիսին աներեւակայելի է առանց տեղեկատվամիջոցների։ Այսպիսով, միայն լրատվամիջոցների օգնությամբ է, որ մենք կարող ենք կարծիք ունենալ ինչ-որ բանի մասին, որ չի նշանակում, ինչպես արդեն ասվեց, թե մենք անպայման կունենանք հենց այն կարծիքը, ինչ լրատվամիջոցը կուզենար: Այդ իմաստով, իհարկե, հասարակական կարծիք գոյություն ունի այնքանով, ինչքանով տեղեկատվամիջոցները փորձում են այս կամ այն իրողության վերաբերյալ ձեւավորել որոշակի գնահատականներ, ակնկալիքներ, եւ այս առումով իշխանություններն ունեն զգուշանալու բավարար հիմքեր։

Հարցի մյուս կողմն էլ այն է, որ մեր հասարակությունը շարունակում է մնալ նահապետական, որտեղ տան կամ երկրի ղեկավարի խոսքը պետք է լինի անառարկելի, որտեղ անհամաձայնությունը կամ առավել եւս քննադատությունը ընկալվում է որպես ոտնձգություն նրա հեղինակության նկատմամբ:

- Ինչպիսի՞ն է կապը լրատվամիջոցների ու հասարակության միջեւ:

- Ինչպես արդեն ասվեց, հնարավոր չէ հասարակությունն ու տեղեկատվամիջոցներն իրարից բաժանել: Առանց տեղեկատվամիջոցների հասարակություն գոյություն չունի: Առանց տեղեկատվամիջոցների գոյություն չունեն իշխանություն ու քաղաքականություն, եւ հակառակը: Պատկերացրեք մի օրաթերթ, որը չի գրում կառավարության նախորդ օրվա նիստի մասին, մի հեռուստակայն, որը չի լուսաբանում Ազգային ժողովի նիստը (մի կողմ թողնենք մասնագիտացված լրատվամիջոցները): Մյուս կողմից՝ քաղաքական որոշումների մատուցումն ու մեկնաբանությունները, պետական եւ կուսակցական գործիչների պահվածքը նույնպես հարմարեցվում են այն հեռանկարին, որը տրամադրում է տեղեկատվամիջոցների դաշտը: Իրադարձությունների նշանակությունը եւ հետագա ընթացքը կարող է կախված լինել նրանից, թե այն ինչպես կներկայացվի հեռուստատեսությամբ։

Նույնիսկ ամենաընդդիմադիր թերթն իր քննադատությամբ ինչ-որ իմաստով նպաստում է իշխանության լեգիտիմացմանը: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ընդդիմադիր թերթերը հեգնում Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին՝ նրանց որակելով «թաղային հեղինակություններ» եւ այլ պիտակներով։ Բայց հեգնողներն այսօր մեկ էջանոց հարցազրույցներ են անում նրանց հետ` այդպիսով նպաստելով նրանց՝ որպես քաղաքական գործիչների լեգիտիմացմանը: Քաղաքականությունը եւ քաղաքական դաշտը մեծ հաշվով ձեւավորվում են նաեւ տեղեկատվամիջոցների օգնությամբ, եւ մենք չենք կարող դրանք իրարից անջատել:

Հենց լրագրողներն են այդ «թաղային հեղինակություններին» սովորեցնում խոսել քաղաքական հարցերի մասին։ Ընդհանուր առմամբ, քաղաքական եւ լրագրողական դաշտերի լեզուները փոխկապակցված են։ Եթե նկատել եք, նույնիսկ ամենափորձառու, այդ թվում ընդդիմադիր, լրագրողներից ոմանց բանավոր խոսքի մեջ հայտնվել են բարբառային կամ ժարգոնային երանգներ (ասենք՝ շեշտը դրվում է ոչ թե բառի վերջին, այլ նախավերջին վանկի վրա)։ Մտածում ես՝ որտեղի՞ց։ Մի քիչ կատակով, իհարկե, բայց ես սա համարում եմ քաղաքական եւ լրագրողական դաշտերի համերաշխության դրսեւորում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter