Հինգշաբթի, 17 օգոստոսի

Նելլիին գյուղից ցանկանում են վտարել



Նելլիին գյուղից վտարելու մասին խոսակցությունները սկսվել են նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին լուրերի տարածումից հետո: Երբեւէ մարմնավաճառությամբ չզբաղված կինը Թուրքիայում թրաֆիքինգի ենթարկվելուց հետո, վերադառանալով եւ ապրուստի միջոց հայթայթելու այլ տարբերակ չգտնելով, որոշել է զբաղվել մարմնավաճառությամբ: 

«Ես ըստեղ հեչ մարդու հետ չեմ շփվի, ընձի դաժե գուզեն գյուղից վտարեն, կըսեն՝ անբարոյական եմ, փչացած եմ»,- կնոջ ձայնը հանգիստ է, աչքերում` զայրույթի ոչ մի նշույլ: Կանգնած ենք գյուղամիջյան ճանապարհին: Քամուց ծածանվող մազափունջը Նելլին (անունը փոխված է) տանում է ականջի հետեւ՝ աչքի պոչով հետեւելով անցնող մեքենային: Նրան եւ եւս երկու կնոջ Գյումրի քաղաքից 2010թ. սեռական շահագործման էին ենթարկել Թուրքիայի Կոնյա քաղաքում: Նրանց վերադարձից հետո քրեական գործ էր հարուցվել (Քր. օրենսգրքի 132-1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերով, 132-1հոդ. 2-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաեւ` 262 հոդվածի 1-ին մասով): Դատարանը ամբաստանյալներից մեկին դատապարտել էր 7, մյուսին՝ 8 տարի ժամկետով ազատազրկման:

«Բայց որքան գիտեմ, Թուրքիայում քո հետ տեղի ունեցածի մասին գյուղում տեղյակ չեն»,- դիմում եմ Նելլիին: «Դե հա, էդ մասին չիմացվավ, բայց դե՜, եսի՜մ…»,- Նելլին խոսքը չի ավարտում, ես էլ չեմ պնդում, մանավանդ, որ արդեն հասցրել էի տեղեկանալ նրա նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի իրական պատճառներին: 

Թրաֆիքինգի զոհ ճանաչվելուց հետո Նելլին հոգեբանական եւ նյութական աջակցություն էր ստացել «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպությունից: «Հոգեբան է իմ հետ աշխատել, հետո տիկին Նորայենք օգնեցին կարտոֆիլի սերմով: Գյուղ եկան, ուրիշ օգնություն էլ բերեցին, բայց իմ համար դժվար է հողագործությամբ տուն պահելը»,- խոստովանում է Նելլին: Մի քանի վայրկյան լռելուց հետո, ձայնը ցածրացնելով, հայտնում է. «Գիտես, ընձի էլի գուզեին տանել Թուրքիա, կըսեին` արի էրթանք, լավ կեղնի, բայց դե անձնագրիս հետ պրոբլեմ կար»: 

Նման «գայթակղիչ» առաջարկ Նելլին ստացել էր մի քանի ամիս առաջ: Նույն հանգստությամբ, ինչ հանգստությամբ խոսում էր գյուղից իրեն վտարելու մասին, հայտնում է, թե այսպես կոչված «բարերարները» երկու հոգի են եղել՝ մեկը` Գյումրիից, մյուսը՝ Վարդենիսից: Նրա խոսքերից հասկանում եմ, որ Թուրքիա չմեկնելու որոշումը կայացրել է ոչ թե օտար երկրում շահագործվելու վախից, այլ՝ անձնագրային խնդիրների պատճառով: Նելլիի ուշքն ու միտքը տան կիսաքանդ կտուրի համար գումար ճարելն է:

Մի՞թե այդքան արագ են մոռացվում շահագործման սարսափները: Հոգեբաններն ասում են, որ դա ընդամենը մարդկային մտածողության հետեւանք է՝ «մեզ հետ դա չի պատահի, այն էլ` երկրորդ անգամ», բայց դա թյուր պատկերացում է: Սեռական թրաֆիքինգի զոհերի մի մասը կրկնակի շահագործման է ենթարկվում: Փոխվում են միայն շահագործման նպատակակետ հանդիսացող երկիրը, տրվող խոստումները, առաջարկվող աշխատանքի բնույթը:

Դուբայում մատուցող աշխատելու, Թուրքիայում դայակություն անելու փոխարեն՝ սեքս- ստրուկի կարգավիճակ

Մի կերպ հաղթահարելով փողոցի ողջ լայնքով փռված ցեխափոսը՝ հասնում եմ նպատակակետ շենքին ու դեռ հեռվից նկատում հավաքված մարդկանց մի ոչ մեծ խումբ: Թաղման թափորի մասնակիցներ են, որ անշտապ տեղավորվում են բակում շարված մեքենաներում եւ դեղին գույնի «Պազ» ավտոբուսում: Ավելի հարմար զրուցակից չգտնելով՝ դիմում եմ հացի փոքրիկ կրպակի մոտ կանգնած միջին տարիքի կնոջը: «Սա՞ է թիվ «X» շենքը»: Ստանալով դրական պատասխան՝ շարունակում եմ. «Իսկ չէի՞ք ասի, թե «Z» բնակարանը շենքի որ մուտքում է, այսինչ մարդուն եմ ցանկանում տեսնել»: 

Կինը ձեռքով անորոշ շարժում է անում հեռացող ավտոբուսի կողմը: «Քանիմ վայրկյան շուտ գայիր: Քո ուզած մարդը հենց նոր գնաց, բայց աղջիկը տունն է, տիյա բալկոնից ցած կաշե, եթե գուզես` կանչեմ գա»: Առանց պատասխանի սպասելու` ձեռքով է անում պատշգամբից ներքեւ նայող աղջկան. «Թե կռնաս` վար իջի, էս ընկերուհին ձեզի կհարցնե»,- շտապում է տեղեկացնել զրուցակիցս՝ միաժամանակ սաստելով ձեռքից քաշող թոռանը: Մինչեւ դեռատի աղջիկը կիջներ բակ, կինը փորձում է տեղեկանալ, թե որն է այցիս նպատակը: «Մենք նույն հարկում կապրինք, եթե դուք մեծ քրոջը կհարցնեք, ինքն ըստեղ չէ: Մամային դե տեսաք, օր գնաց, էս իջնողն էլ տան փոքրն է: Ի՞նչ հարց կար, ինչի՞ կհարցնեք իրանց»:

Հարցը թողնում եմ անպատասխան: Աղջիկն արդեն բակում է, կլինի մոտ 15-16 տարեկան, սպորտային հագուստով է ու տնային հողաթափերով: Բարեւում եմ, ներկայանում, ասում, որ կցանկանայի զրուցել մեծ քրոջ հետ: «Քույրիկս Ռուսաստան է գնացել,- տեղեկացնում է աղջիկն ու զգուշանալով ավելացնում,- համ էլ լավ կեղներ մամայիս հետ խոսայիք»: Հեռախոսահամար եմ խնդրում ու խոստանում երեկոյան զանգահարել, սակայն հեռանալ չի հաջողվում: Հետաքրքրությունն աղջնակի մոտ հաղթում է զգուշավորությանն, ու նա է արդեն սկսում հարցուփորձը: Առավել անկեղծանում է, երբ պարզում է, որ ճանաչում եմ «Հույս եւ օգնություն» կազմակերպության աշխատակիցներին:

«Հա՜, իրանք քրոջս շատ են օգնել, բայց հաշվապահի սերտիֆիկատը ըդպես էլ տեղ չհասավ: Տաքսու շոֆեռի հետ էին ղրգել, բայց մեզի չի տվել: Օր կտեսնիք, ըսեգ` թող նորից ղրգեն կամ էդ շոֆեռին գտնին»,- աղջիկը շեշտակի նայում է դեմքիս՝ դրական խոստում կորզելու ակնկալիքով: Գլխով եմ անում՝ խոստանալով փոխանցել խնդրանքը: Երեկոյան արդեն զրուցում եմ Կառայի մոր՝ տիկին Վ.-ի հետ: Վերջինս հավատացնում է, որ ինքն անձամբ է կազմակերպել աղջկա մեկնումը ՌԴ: «Մեր բարեկամի մոտ կաշխատի, մատուցող է, բայց կըսե, թե շատ կհոգնի, շատ ծանրաբեռնված է, վայթե չդիմանա, ետ գա: Աղջիկս, գիտես էլի, ողնաշարի խնդիր ունի, նորմալ չի բուժվել, բայց մեզի պահող չկա: Օր տունն ուրիշ աշխատող ունենայինք, հիվանդ աղջկաս չէի թողնի քաղաքից էրթար»,- ասում է զրուցակիցս:

Կառան (անունը փոխված է) սեռական թրաֆիքինգի կրկնակի զոհ էր ճանաչվել 2012-ին: Առաջին անգամ աղջիկը սեռական շահագործման էր ենթարկվել ԱՄԷ-ում, որտեղ կավատը նրան դուրս էր նետել երկրորդ հարկից: Կառան վնասել էր ողնաշարը: Առանց անձնագրի նրան տեղափոխել էին Ղազախստան, որտեղ մնացել էր 5 տարի: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ ապրել ու աշխատել էր Գյումրիում, մանավանդ, որ արդեն փոքրիկ բալիկ ուներ: Սոցիալական վիճակը բարելավելու, կուտակված պարտքերը փակելու նպատակով 2011-ին համաձայնվել էր մեկնել Թուրքիա՝ դայակություն անելու, սակայն տեղ հասնելուց հետո աշխատանքի բնույթը փոխվել էր: 

«Ձեր աղջիկն արդեն երկու անգամ անցել է նույն փորձության միջով, ինչու՞ եք համաձայնվել, որ նա երրորդ անգամ լքի երկիրը»,- հարցնում եմ տիկին Վ.-ին: «Չէ, էս ձեր մտածածը չէ, բարեկամս է տանողը, մենք ամեն իրիգուն աղջկաս հետ կխոսանք սկայպով: Էնքան բան, օր լիքը պարտք ունինք, իսկ միակ աշխատողն ինքն է: Ըստեղ Լեննագանի մեջ կաշխատի, բայց փողը քիչ է, ընտեղ էլ շատ կուտան՝ գործն է ծանր, շատ կհոգնի»,- տիկնոջ ձայնը մտահոգ է թվում: 

Նա հայտնում է, որ Կառան Թուրքիայից վերադառնալուց եւ թրաֆիքինգի զոհ ճանաչվելուց հետո որոշ ժամանակ մնացել է Երեւանում: «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպությունը ապաստան է տրամադրել, հոգեբանի աջակցություն, ինչպես նաեւ հոգացել ողնաշարի բուժման ծախսերը: Կառան վեցամսյա հաշվապահական դասընթացներ է անցել նույն կազմակերպության աջակցությամբ:

«Բայց աղջիկս բուժումը կիսատ է թողել, հաշվապահի դիպլոմն էլ ղրգել էին Երեւանից, տեղ չի հասել: Կառան երեւի մի ամսից հետ գա, գոնե մե տեղմ տեղավորեն, հաշվապահ աշխատի, աֆիցանտի գործից շատ կհոգնի»: Տիկին Վ.-ն ասում է, որ աղջիկը բավական մեկուսի կյանք է վարում, ընկերուհիներ չունի, գերադասում է մարդկանց հետ չշփվել: 

«Մենակ գործի տեղի մարդկանց հետ կշփվի: Էդ դատի ժամանակ, օր ընձի չնկարեին, խայտառակ չէղնեինք, աղջկաս անունը չտային, հնարավոր է ավելի քիչ պրոբլեմ ունենայինք: Ես խաբար չէի եղել, օր ընձի կնկարեին դատարանում: Իրիգունը ցույց տվին, հաջորդ օրը սաղ հարեւանությունն ընձի էդ հարցը կուտար, թե ընչի էի հասել դատարան, թե աղջկաս հետ էդ ինչ է եղել»: Հարցնում եմ, թե հարեւաններն ինչպես են վերաբերվում իր ընտանիքի անդամներին: «Նորմալ,- շուտասելուկի նման պատասխանում է զրուցակիցս՝ չցանկանալով ավելին ասել,- մենք մեր համար կապրինք, հեչ մարդու նեղություն չենք տա»:

Շահագործման ենթարկված անձանց մեծ մասը գերադասում է հեռանալ իր ծննդավայրից 

«Երբ մարդ արարածը հայտնվում է այդ օղակներում, ենթարկվում է շահագործման սեքսուալ կամ աշխատանքային, ապրում է ստրկական պայմաններում, երկար տարիներ են պետք, որ նրանց խեղված հոգեբանությունը վերականգնվի: Շրջապատի կողմից մերժումը միշտ կա, ինչքան էլ փորձենք պնդել, որ դա այդպես չէ: Լիարժեք ինտեգրումը մեր երկրի նման փոքր երկրում անհնար է: Հարազատների աջակցությունն էլ է շատ կարեւոր: Շատ դեպքերում նրանք էլ են զգում հոգեբանի կարիք, բայց միշտ չէ, որ դիմում են»,- ասում է Գյումրիում գործող «Համայնքային զարգացման» կենտրոնի սոցիալական ոլորտի փորձագետ Գեղանուշ Գյունաշյանը:

Նա հիշում է մի պատմություն, որի հերոսուհին, լինելով երեք երեխաների մայր, շահագործման նպատակով 2007-ին առաջին անգամ տարվել էր Դուբայ: Կինն այնտեղից վերադարձել էր հոգեկան խնդիրներով: Նրան Դուբայից, որպես արդեն «ոչ պիտանի ապրանք», կավատն ուղարկել էր Սոչի, որտեղ հայտնվել էր հոգեբուժարանում: Կնոջը Հայաստան էին տեղափոխել հարազատները: Սկզբնական շրջանում ապրել էր սկեսրոջ եւ երեխաների հետ: Վերադարձից հետո ցուցաբերել էր ոչ ադեկվատ վարքագիծ, բռնություն էր գործադրել երեխաների նկատմամբ, ալկոհոլ էր օգտագործել եւ ծխել: Սկեսուրը եւ երեխաները մերժողական կեցվածք էին ընդունել: 

Վերադարձել էր տարբեր հիվանդություններով, այդ թվում` մաշկային: «Համայնքային զարգացման» կենտրոնի հոգեբանը, իրավաբանն ու բժիշկը բավական ժամանակ աշխատել են նրա հետ, սակայն չեն կարողացել զերծ պահել 2-րդ անգամ թրաֆիքինգի ենթարկվելուց: Երեխաների մերժողական վարքագիծը պատճառ է դարձել, որպեսզի կնոջ մայրը նրան տանի Ստեփանավան: Ահա այդ ժամանակ էլ կենտրոնը տեղեկություն է ստացել, որ նրան կրկին տարել են Դուբայ: Դա 2008-ի մարտին էր, նրա համար նոր անձնագիր էին հանել ու տեղափոխել: Կինը վերջնականապես Հայաստան էր վերադարձվել 2009-ին: 

Գեղանուշ Գյունաշյանը հիշում է մեկ այլ դեպք, երբ խորթ մայրը որոշակի գումարի դիմաց աղջկան ուղարկել էր Դուբայ: Վերջինս մտավոր խնդիրներ էր ունեցել եւ նրան Դուբայից հետ էին ուղարկել՝ մի փոքրիկ գրությամբ. «Վատ ապրանք եք ճամփել»:  «Այս պատմության մեջ միակ դրականն այն էր, որ թեեւ աղջիկն ուներ մտավոր խնդիրներ, սակայն նրան հնարավոր եղավ զոհ ճանաչել: Սովորաբար դժվար է աշխատել նման խնդիրներ ունեցող անձանց հետ, շատ հաճախ նրանք զոհ չեն ճանաչվում»,- ասում է Գեղանուշ Գյունաշյանը: 

Զրուցակիցս հիշում է, որ տարիներ առաջ բացահայտել էին ներքին աշխատանքային թրաֆիքինգի դեպք, եւ անձը, ով շահագործման էր ենթարկվել, հետագայում ինչ-ինչ պատճառներով պաշտոնապես զոհ չէր չճանաչվել: 

«Ֆերմա ունեցող մեկն այդ մարդուն պահել էր իր մոտ, աշխատացրել էր ուղղակի մի փոր հացով, չէր վճարել: Անձը ուներ հոգեկան խնդիրներ եւ, որքան հիշում եմ, նաեւ փաստը հաստատող թղթեր: Նկատենք, որ ամենահեշտը շահագործվում են հենց նման խնդիրներ ունեցող մարդիկ: Ի վերջո, գործատուն կարող է ասել, որ անձն ինչ որ խոսում է, զառանցանքի կամ երեւակայության արդյունք է: Եվ այդ դեպքերն էլ բացահայտելը դժվար է: Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ հարմար թիրախ են շահագործողների համար՝ նրանց հեշտ է շահագործելը, իսկ փաստը հաստատելը՝ շատ դժվար: Մասնագետներն էլ են դժվարանում այդ տիպի մարդկանց հետ աշխատելիս, որովհետեւ նրանք մի օր մի բան կասեն, մյուս օրն՝ ուրիշ բան»,-ասում է Գեղանուշ Գյունաշյանը:

Զրուցակիցս նկատում է, որ հասարակության մերժողական կեցվածքը թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նկատմամբ երբեմն այնքան ակնառու է լինում, որ նրանք պարզապես գերադասում են հեռանալ երկրից: «Հասարակությունը, որ պիտակավորելու սովորություն ունի, խարանելու, այդ հասարակությունն իր դիրքորոշումով թույլ չի տալիս, որ մարդը փորձի փոխվել, զբաղվի այլ աշխատանքով, վերադառնա բնականոն կյանք,- ասում է փորձագետը,- մենք փորձել ենք աշխատանք գտնել նրանց համար, սակայն ցածր վարձատրվող աշխատանքը նրանց գրեթե չի գոհացնում, ու զարմանալի չէ, որ նրանցից շատերը սկսում են մարմնավաճառությամբ զբաղվել, մի բան, որ չէին արել մինչեւ սեռական շահագործումը: Իսկ ավելի հաճախ լքում են երկիրը, ու դժվար է ասել, թե արդեն օտարության մեջ նրանք ինչ կյանք են վարում»:

Լուս․՝ www.theguardian.com-ից։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)07:03 - 11 մայիսի, 2014
Սա բոլորը մեծիմասամբ հայ տղամարդու կերպարից է գալիս. հայ տղամարդու կերպարն է խորքային պատճառը. այն է՝ իրենից ուժեղին քծնող, իրենից թույլին՝հոշոտող:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ