HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Ուորլիքի ուղերձի առաջին գլխավոր թիրախը. Մինսկի խմբի ձեւաչափում բանակցությունների վերսկսում Ղրիմի դիպաշարը կանխելու համար

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն իր մայիս 7-յան զեկույցում նախ հայտարարեց, որ «խաղաղությունը հասանելի է» եւ «կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բեւեռացված չեն»: Նա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին հիշեցրեց, որ «Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011թ.: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին»:

Դեսպանի կողմից այս հիշեցման իրական դրդապատճառը բացահայտում է նրա հայտնած մեկ այլ միտք. «Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»:

Ահա եւ հնչում է հարցի պատասխանը. «ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք», ասել է թե՝ չնայած կողմերի հիասթափություններին, լարվածության մեծացմանը, հռետորաբանության կարծրացմանը, բանակցությունների բացակայությանը՝ Երեւանը, Բաքուն եւ Ստեփանակերտը պաշտոնապես չեն հրաժարվել համաձայնության այդ շրջանակից, որը «տարբեր փուլերով» ու «կառուցվածքային տարրերով» անընդմեջ քննարկման առարկա է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Երեւանի ու Բաքվի կողմից այդ ձեւաչափը լքելու Վաշինգտոնի մտահոգության արմատները թաքնված են վերջին շրջանում հակամարտության կողմերի դիրքորոշումներում նկատվող տեղաշարժի մեջ: Եւ խնդիրը ոչ միայն վերջնական համաձայնությունների գալու հարցում դրանց ծայրահեղ բեւեռացվածությունն է, այլեւ՝ բանակցված լուծում գտնելու հանդեպ շահագրգռության նվազումը, ինչը հատկապես նկատելի դաձավ վերջին ամիսներին:

ԱՄՆ մտահոգությունը հայկական կողմից. Ղրիմը՝ գայթակղիչ նախադեպ Երեւանի ու Ստեփանակերտի համար

Ղրիմի անջատման նախաշեմին Երեւանի դիրքորոշման կարծրացման անուղղակի ապացույց էր մարտի 6-ին Դուբլինում կայացած ԵԺԿ համագումարի ժամանակ Հայաստանի նախագահի քննադատությունը Արեւմուտքի հասցեին՝ իր անվտանգության խնդիրների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության հանդեպ անհամաչափ վերաբերմունքի համար: Դրանում Սերժ Սարգսյանը ոչ միայն ակնկալիք հայտնեց, որպեսզի Արեւմուտքը եւ Բրյուսելը ձեռնամուխ լինեն «դեռեւս իր լուծումը պահանջող մի կարեւոր խնդրի՝ Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացմանը», այլեւ՝ վերջ տան հակամարտության կողմերի հանդեպ իրենց ավանդական «հավասարակշիռ» դիրքորոշմանը:

«Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, եւ հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսեւորման: «Այլեւս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձեւ կա` հիշել, դատապարտել եւ պահանջել: Մեզ համար անընդունելի եւ անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որեւէ դրսեւորում, երբ ձեւացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն եւ թշնամանք է քարոզում: Որպեսզի Արեւելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ եւ ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում»: 

Մարտի 16-ից սկսած հանրաքվեով Ուկրաինայից Ղրիմի անջատումն ու Ռուսաստանին միացումը լակմուսի կատարյալ թուղթ դարձան Երեւանի ու Բաքվի շահագրգռությունների տեղաշարժի միտումները գործնականում տեսնելու համար: Եթե նախկինում բացահայտ էր, որ պաշտոնական Բաքուն է ԵԱՀԿ Մինսկի խմբից ամենադժգոհ կողմը եւ խնդիրը ռազմական եղանակով լուծելու անթաքույց կողմնակիցը, ապա Ղրիմի «կամարտահայտությունից» հետո Երեւանը եւ Ստեփանակերտը նույնպես անուղղակի նշաններ ցույց տվեցին ստատուս-քվոյի փոփոխության մեջ իրենց շահագրգիռ լինելու հարցում:

Ռուսաստանին Ղրիմի միանալու օրը Ստեփանակերտում անցկացված տոնակատարությունը որպես պաշտոնական կամ կիսապաշտոնական միջոցառում չէր կարող վրիպել Արեւմուտքի ուշադրությունից: Այդ կերպ Ստեփանակերտը փաստացի ողջունում էր Ղրիմի միացումը «մայր հայրենիքի»՝ Ռուսաստանի հետ, ինքն էլ ունենալով Հայաստանի հետ միավորվելու մինչեւ վերջ չիրականացված որոշում:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում պաշտոնական Երեւանի «կողմ» քվեարկությունը ընկալվեց ոչ միայն իբրեւ հակամարտությունների կարգավորման հարցում ռուսական նոր քաղաքականությունը (2008թ. Աբխազիայի, Հարավային Օսիայի, 20014թ. էլ՝ Ղրիմի անջատումը) կամովին կամ պարտադրված ողջունելու դրսեւորում, այլեւ Ստեփանակերտի ցանկությանն ու Ղրիմի նախադեպին պաշտոնական Երեւանի ընդառաջ գնալու քայլ:

Եթե Երեւանը եւ Ստեփանակերտը բացահայտ չհայտարարեցին Մինսկի խմբից հրաժարվելու մասին, միեւնույնն է, նրանց փափագած լուծումը շրջանցում էր Մինսկի խմբի առաքելությունը: Նրանք իրենց հայտարարություններով, ակնարկներով ու խորհրդանշական քայլերով ցույց էին տալիս, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը ոչ միայն պայմանավորված է անվտանգության խնդիրներով, այլեւ նրանով, որ ի տարբերություն Մինսկի խմբի ձեւաչափի՝ Ղրիմի նախադեպի դաշտում լուծումներն ավելին են խոստանում. ԼՂ կարգավիճակի արագ, անարյուն եւ երաշխավորված ճանաչում:

Նախկինում պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտն էին միջազգային հանրությանը խնդրում կանխել միջազգային որեւէ հարթակում ղարաբաղյան խնդրի որեւէ քննարկում այն պատճառաբանությամբ, որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Մինչդեռ այժմ նրանք երկուսով նշաններ էին ցույց տալիս, որ գործնականում կա մի «ֆորմատ»՝ ռուսական նախադեպի դաշտը, որի՝ ղարաբաղյան խնդրի դեպքում անարյուն կրկնությանը իրենք դեմ չեն լինի, հատկապես, երբ առկա նախադրյալներն իրենց օգտին են (համատեղ զորքի առակայություն ԼՂ-ում, կայացած հանրաքվե, վերամիավորման դիմում եւ որոշում, ժողովրդի միաձայն ցանկություն):

Ավելին, Հայաստանի նախագահի նախկին ելույթներում նույն հարցերով Արեւմուտքին ուղղված հորդորների ու խնդրանքների հռետորաբանությունը այս անգամ արդեն փոխակերպվել էր մեղադրանքի ու քննադատության շեշտադրումների:

Ամենեւին պատահական չէ, որ Պուտին-Սարգսյան մարտի 19-ի հեռախոսազրույցի հաջորդ օրը՝ մարտի 20-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթաժողովի ընացքում համաեվրոպական կուսակցական այդ ընտանիքի նախագահի տեղակալը փորձեց վարչապետ Տիգրան Սարգսյանից պարզել թե’ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումների (այդ թվում՝ Ղրմիմի խնդրով) վրա ազդող ամենածանրակշիռ գործոնը, թե’ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրը լուծելու Երեւանի պատրաստակամությունը: Դրան ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը ասել էր. «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության եւ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»:

Ուշագրավ է, որ Հայստանի պաշտոնական ներկայացուցիչի կողմից հավատարմություն հայտնվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված երեք սկզբունքներին՝ ոչինչ չասելով այդ ձեւաչափում բանակցություններին կամ դրանց ընթացքում բազմիցս քննարկված շրջանակին հավատարիմ լինելու մասին:

Փաստ է, որ այդ հայտարությունից օրեր անց Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը շտապեց Հաագա, որտեղ Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից «սկզբունքային համաձայնություն» կորզեց առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում հանդիպելու մասին: Մարտի 23-ին Ոուրլիքը նախ ավետեց. «Այսօր Հաագայում եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ԱԳ նախարարների հետ հանդիպման ակնկալիքով: Մենք տեւական խաղաղություն ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղում»: Իսկ մարտի 24-ին այդ հանդիպումների վերաբերյալ հայտնեց. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հետ հանդիպումը դրական էր: Աշխատենք միասին, տեւական խաղաղությունը հնարավոր է»: Ապա քիչ անց տեղեկացրեց. «Հանդիպեցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու գագաթաժողովի սկզբունքային համաձայնություն: Ժամկետները կքննարկենք»: Թերեւս ուշագրավ է նաեւ մարտի 26-ին դեսպան Ուորլիկի մեկ այլ գրառում, որով ձեռնոց էր նետվում երկու երկրների ղեկավարներին. «Հաագայի Միջուկային անվտանգության գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսեցին միմյանց հետ: Նրանք իսկապե՞ս հավատարիմ են ԼՂ խաղաղության ուղի գտնելուն»: 

Իհարկե, հաջորդ օրը Հայաստանը «դեմ», իսկ Ադրբեջանը «կողմ» քվեարկեցին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ, որի արդյունքում Վաշինգթոնը հիասթափություն պետք է հայտներ Երեւանի քվեարկությունից: Ու խնդիրն ամենեւին ու բացառապես Ռուսաստանի հետ նույն լիգայում հայտնվելը չէր:

Մտահոգությունները մեծ չէին լինի, եթե դրա տակ թաքնված չլիներ ղրիմի նախադեպի պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հանդեպ Երեւանի ու Ստեփանակերտի նվազած շահագրգռությունը: Անգամ ապրիլի 24-ին Հայաստան ժամանած ԱՄՆ սենատորներն էին Բաքվում ու Երեւանում քննարկել այդ հարցը:

Բաքուն, ինչպես եւ պետք էր սպասել, ընդգծել էր, որ ինքը կողմ է քվեարկել տարածքային ամբողջականության սկզբունքին, իսկ Հայաստանին էլ ներկայացրել էր իբրեւ Ռուսաստանի գրպանային երկիր, որը գործում եւ քվեարկում է Մոսկվայի թելադրանքով:

Իսկ Երեւանում ԱՄՆ սենատորները բոլոր զրուցակիցներից փորձել էին պարզել, թե ինչո՞ւ Երեւանը առվազն «ձեռնպահ» չքվեարկեց այդ խնդրով, ինչը կարող էր ավելի հասկանալի լինել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար, եւ ի՞նչ շահեր են թաքնված Ղրիմի նախադեպը ողջունող քվեարկության տակ:

ԱՄՆ մտահոգությունը Ադրբեջանից. Ղրիմի «նախադեպը» ապակայունացնող գործոն

Այն ուղերձը, որ կարող էր Ադրբեջանը ստանալ Ղրիմի դեպքերից, միանգամայն ունակ էին ավելի կարծրացնել խնդրի լուծման ուղիների վերաբերյալ նրա ավանդական նախապատվությունը առ ռազմական լուծումը: Վերջին հաշվով Բաքուն տեսնում էր, որ միջազգային իրավունքը, որը նա համարում էր իր օգտին, գործնականում չի աշխատում, եւ աշխարհի աչքի առջեւ բացահայտ խախտվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Եւ դա այն դեպքում, երբ ի թիվս նախապատվություն վայելող միջազգային այդ սկզբունքի, Ուկրաինայի վերաբերյալ առկա էր նաեւ 1994թ. Բուդապեշտյան մեմորանդումը, որի կողմերից մեկը հենց Ռուսաստանն է: Բաքուն այդ «նախադեպից» նաեւ տեսնում էր, որ հաղթելու իրական գրավական հենց ռազմական ուժն է, ոչ թե միջազգային «անզոր» իրավունքը:

Հետեւաբար, Ղրիմ ռուսական զինուժի չպաշտոնականացված ներխուժումն ու նրանց հովանու ներքո հակամարտության հանգուցալուծումը «ապացուցելու» էին գալիս ռազմական եղանակով Ղարաբաղը ետ վերցնելու Ալիեւի թեզի կենսունակությունը: Իսկ դա ոչ միայն Ադրբեջանի վարչախմբին, այլ նաեւ նրա հասարակությանն էին ավելի հակված դարձնելու Մինսկի խմբի շրջանակում «անօգուտ» ու «անպտուղ» բանակցությունները մերժելուն:

Ղրիմյան հանրաքվեի ու դրա ճանաչման շրջանում հայկական կողմին գայթակղությունից ետ պահելու եւ իր կողմը գրավելու ամերիկյան ռազմավարությունը կատարյալ կատաղության հասցրեց Բաքվին: Մարտի 23-ին Ուորլիքը գրառում էր կատարել թվիթերի իր էջում. «Այսօր ինձ ուղղեցին. հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է: Նախկինի նման, մենք ցանկանում ենք խաղաղ լուծում ԼՂ բոլոր կողմերի համար»:

Եթե այս գրառումը ոգեւորող ու գայթակղիչ էր հայկական կողմի համար (հատկապես մինչեւ մարտի 27-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ղրիմի հարցով քվեարկությունը, երբ Արեւմուտքը կարող էր հույսեր փայփայել, թե Հայաստանը առնվազն «ձեռնպահ կքվեարկի»), ապա Բաքուն այն չափազանց ծանր տարավ, սակայն դրան պաշտոնապես ու կոշտ անդրադարձավ շաբաթներ անց, երբ Վաշինգթոնում ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների հետ հանդիպումից այլ տեղեկություններ էլ հասան Բաքու (դրա մասին մայիսի 1-ին վկայեց Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը):

Ապրիլի 10-ին Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը գրեթե վիրավորանքի անցավ, երբ ադրբեջանական ԶԼՄ-ները խնդրեցին մեկնաբանել Ուորլիքի հայտարարությունները. «Ջեյմս Ուորլքիը դեռեւս չի աճել այն մակարդակի, որպեսզի ես մեկնաբանեմ նրա սխալական մտքերը: Իմ կարծիքով, Ուորլիկը ավելի լավ է ծանոթանա Մինսկի խմբի փաստաթղթերին, նոր միայն դիսկուսիայի մեջ մտնի»:  Կամ՝ «ԵԱՀԿ Մինսկի համանախագահին անհրաժեշտ է ուսումնասիրել իր գործունեության առարկան մինչեւ հայտարարություններով հանդես գալը»՝ Ուրոլիկին մեղադրելով ոչ կոմպետենտության, կողմնակալ լինելու եւ Երեւանին հաճոյանալու մեջ:

Կրքերն ավելի թեժացան, երբ ապրիլի 15-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ղրիմյան զարգացումներից ամերիկյան մտահոգությունների համատեքստում խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապության մասին. «Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը մշտապես մեծ կարեւորություն է ներկայացրել, սակայն այդ հարցն այսօր հատուկ նշանակություն է ստացել: Մենք Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի ականատեսն ենք դարձել, եւ ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում ապակայունացնող դեր կատարող այդ հակամարտությունը մոտ ժամանակներս իր լուծումն ստանա, որպեսզի հարեւաններից ոչ մեկ չփորձի տարբեր պատրվակների ներքո չարաշահել ստեղծված իրավիճակը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրվել էին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ դեսպանի ասած մեկ այլ խոսք, որում նա իբր ասել էր. «Երկու երկրների նախագահները պետք է համատեղ կոնկրետ քայլեր ձեռնարկեն հակամարտության վերջնական լուծման համար, պետք է համաձայնության հասնեն, որի շրջանակում կներառվի Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ շրջանների ազատագրումն օկուպացումից»:

Այդպիսով, դեսպան Մորնինգսթարը «ամբողջ ԼՂՀ ստանալու» ախորժակը գրգռած Բաքվին հասկացրեց, որ բանակցված լուծում գտնելու հանդեպ իր անշահագրգռության կամ հնարավոր ռազմական արկածախնդրության պատճառով կարող է կանգնել «ամեն ամեն ինչ, կամ ոչինչ» երկընտրանքի առջեւ, եթե «Ղրիմի նախադեպին» թողնի սողալ դեպի տարածաշրջան. ասել է թե՝ Բաքուն կարող է բանակցություններով ստանալ գոնե ինչ-որ բան, օրինակ՝ 7 շրջանները, եթե չի ցանկանում կորցնել ամբողջը:

Ալիեւի վարչախմբի զայրույթը բազմապատկվեց ոչ միայն այդ ակնարկից, այլեւ այն բանից հետո, երբ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 17-ին հայկական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան էական ուղղում մտցրեց այս վերջին նախադասության մեջ. «երկու նախագահները պետք է նստեն եւ վերջնականապես որոշեն իրավիճակի կարգավորման կոնկրետ քայլեր, այդ թվում, իհարկե, նաեւ Ադրբեջանին յոթ շրջանները վերադարձնելու մասով»:

Այսինքն, ԱՄՆ դեսպանի ճշգրտված խոսքով՝ «Ադրբեջանի յոթ շրջաների վերադարձը» ոչ թե հակամարտության կարգավորման մյուս տարրերից առանձնացված, անքննելի, կատարման ենթակա խնդիր է, այլեւ փաթեթի այլ տարրերի հետ միասին իրավիճակի վերջնական որոշման ու կարգավորման հասնելու կապակցությամբ նախագահների քննարկումների մի մաս:

Ամերիկյան երկու դեսպանների՝ Ուորլիլիք եւ Մորնինգսթարի հայտարարությունների ու մեկնաբանությունների արդյունքում լարվածությունն այնքան մեծացավ, որ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը վերհիշելով թվիթերում ԱՄՆ համանախագահի՝ տարբեր վաղեմության բոլոր գրառումները Ղրիմից դասեր քաղելու ու ԼՂ խնդրով կարգավորման հասնելու մասին, նրա հանդիպումները ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ (թեպետ դեսպանը պարբերաբար հավասարապես հանդիպում է նաեւ ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին), ակնարկեց, որ Բաքուն կարող է բարձրացնել ԵԱՀՄ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի վստահության հարցը. «Բոլոր վերը թվարկվածները ադրբեջանական կողմին հիմք են տալիս անվստահություն հայտնելու Մինսկի խմբում ամերիկյան համանախագահին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ համանախագահի պաշտոնից պարոն Ուորլիքի ետկանչի մասին ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին այլ ընտրություն չի թողնում»:

Բաքվի դժգոհությունների առարկան ոչ միայն հայկական կողմի օգտին ԱՄՆ համանախագահի կողմնակալությունն էր, այլեւ նույնիսկ «ագրեսորի» ու «զոհի» միջեւ հավասարությունը, որը նույնպես անընդունելի էր համարվել Բաքվի կողմից:

Արազ Ազիմովի կողմից «վերը թվարկվածներից» հատկապես առանձնացնենք Ղրիմին վերաբերողը. «Ամերիկյան միջնորդի որոշ արտահայտություններ սադրիչ բնույթ են կրում: Այլապես, ինչպե՞ս սադրանք չանվանես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության էսկալացիայի հնարավորությայն մասին ասեկոսները միջնորդի կողմից տիրաժավորելը: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության համար Ուկրաինայի իրադարձություններից դասեր քաղելը դիտարկելու նրա առաջարկը ընդհանրապես ոչ մի քննադատության չի դիմանում»:

Թերեւս, այն, ինչը Ազիմովի ասելով ասեկոս է, այնքան էլ անլուրջ չէր կարող համարվել ԱՄՆ-ի համար: ԱՄՆ դեսպանի ակնարկը միայն այն մասին չէր, որ Ղրիմի նախադեպը կարող է կիրառել հայկական կողմը Մոսկվայի դրդմամբ: Խոսքը նաեւ այն վտանգի մասին էր, որ Ադրբեջանը ինքը կարող է ռազմական արկածախնդրության դիմել այլ «հարեւանների» դրդմամբ:

Այդպիսին կարող է լինել թե Ռուսաստանը, թե նաեւ Թուրքիան, որի վարչապետ Էրդողանը ապրիլին այցելեց Բաքու եւ պայմանագրով մեկ մակարդակ բարձրացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը: Ապա՝ դրան հաջորդեցին Նախիջեւանում զորավարժությունները շփման գծում չթուլացող լարվածության խորապատկերին:

Այդպիսով, Ղրիմի իրադարձությունները չափազանց տեսանելի ազդեցին Մինսկի խմբի ձեւաչափում բանակցված լուծում գտնելու կողմերի շահագրգռությունների վրա, ինչը չէր կարող չմտահոգել Արեւմուտքին եւ մասնավորապես՝ ամերիկյան համանախագահությանը: Հենց այդ մտահոգությամբ էլ դեսպան Ուորլիքը նախ փորձում է վերակենդանացնել երկու տարի շարունակ դադար արձանագրած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու հասնել ղարաբաղյան սամիթին:

Այդուհանդերձ, ամերիկյան համանախագահը գիտակցում է, որ դա թեպետ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Հարկավոր է, որպեսզի կողմերը վերահաստատեն իրենց հավատարմությունը «սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի ամբողջությանը, որն արդեն շրջանառվել է», եւ «ոչ ոք չի առաջարկել, դրանք մի կողմ դնել», ինչն էլ կբացառի կարգավորման այլ շրջանակի կամ եղանակի նախապատվություն տալը:

Ուստի դեսպան Ուորլիքը ձեւակերպում է. «Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են: <...> հստակ է, որ միայն նախագահներն են, որ ի զորու են իրենց երկրների համար նման փոխակերպող հետեւանքներ ունեցող համաձայնություն կնքել: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում եւ օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter