HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբուժարանի աշխատակիցները հեռախոսով նկարահանել են հիվանդի մահը

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ՝ Գեւորգ Կոստանյանին 

Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով

Էդգար Շաթիրյանը այս տարվա մայիսի 5-ին, ժամը 15.00-ի ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն», ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է:

Էդգարը ընդամենը 33 տարեկան էր, ուներ երկու 8 և 10 տարեկան անչափահաս երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:

Մայիսի 5-ին, ժամը 12.00-ին Էդգարը եղբայրների՝ Նազարեթ և Արման Շաթիրյանների ուղեկցությամբ հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսեր, որտեղ բուժման համար նրանից պահանջել են 80.000 ՀՀ դրամ, իսկ չգրանցելու պայմանով՝120.000 ՀՀ դրամ: Չունենալով այդ միջոցները՝ Էդգարը, անտեսելով եղբայրների առարկությունները, հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսերի հարևանությամբ գտնվող հոգեբուժարան, որտեղ, իր կարծիքով, նույն բուժումը կիրականացվեր անվճար:

Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով: Էդգարին ուղեկցած Նազարեթը Ավանի հոգեբուժարանի տեղամասային հոգեբույժ Բագրատ Բերբերյանին հայտնել է, որ եղբայրը, հոգեկան հիվանդ չէ, պարզապես շատ հարբած է, ուզում է բուժվել, որ ալկոհոլ չօգտագործի: Սակայն տեղամասային հոգեբույժը, անտեսելով եղբոր ասածները, ուղեգրել է Էդգարին ստացիոնար բուժման:

Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝գլխի և սրտի ցավ:

Ժամը 18.00 սահմաններում Արման Շաթիրյանին արգելել են տեսակցել Էդգարին՝ պատճառաբանելով, թե քնած է: Անհասկանալի պատճառներով մահվան լուրը մեզ՝ հարազատներիս հայտնել են մահանալուց հետո երեք ժամ անց՝ 23.20-ին: Իսկ Էդգարի մահվան համգամանքների վերաբերյալ հարցերին ի պատասխան, հայտնել են, որ նկարել են Էդգարի մահանալու ողջ պրոցեսը հեռախոսով և իրենք անմեղ են:

Փաստորեն, մահացող Էդգարին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, Ավան հոգեբուժական կենտրոնի բժշկական անձնակազմը զբաղվել է իրենց դիմած քաղաքացու մահը հեռախոսով նկարելով: Արդյո՞ք ցինիզմի նման ատիճանը համահունչ է Հիպոկրատի երդմանը:

Ըստ մեր տեղեկությունների, Էդգար Շաթիրյանին ներարկել են ուժեղ հոգեմետ դեղ՝ Տիզերցին: Մասնագետների կարծիքով, Էդգարի ալկոհոլ օգտագործած լինելու, գլխուղեղի վնասվածք ու սրտային խնդիրներ ունենալու փաստը պետք է ահազանգ հանդիսանար բժիշկներին հոգեմետ դեղեր ներարկելիս:

Կարծում ենք, եթե հոգեբուժարանի տնօրենը, բաժանմունքի վարիչը, տեղամասային բժիշկը, հերթապահ բժիշկը պատշաճ կատարեին իրենց աշխատանքը, ապա այսօր Էդգարը կլիներ իր ընտանիքի կողքին: ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու առողջության պահպանման իրավունք:

Արդյո՞ք Ավանի հոգեբուժարանի բուժանձնակազմը համալրված է ՀՀ կառավարության որոշման հանաձայն, մրցութային կարգով ընտրված արժանի բժիշկներով, մասնավորապես խոսքը սկսնակ բժիշկ Բագրատ Բերբերյանի մասին է: Մեր խորին համոզմամբ, բժիշկների անբարեխիղճ լինելու, անփույթ գործելաոճի և սխալ բուժման պատճառով է մահացել Էդգար Շաթիրյանը՝թողնելով երկու անչափահաս երեխա:

Սույն նամակը խնդրում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը դիտարկել Ավանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանի, բաժանմունքի վարիչ Զառա Պետրոսյանի, հերթապահ բժիշկ Արամ Հովսեփյանի, տեղամասային բժիշկ Բագրատ Բերբերյանի նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու, իսկ ՀՀ ոստիկանությանը և գլխավոր դատախազությանը՝ անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում:

Էդգար Յուրիկի Շաթիրյանի քույր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Սաթենիկ Շաթիրյան, Էդգար Յուրիկի Շաթիրյանի կին՝ Անահիտ Հայրոյան, Էդգար Յուրիկի Շաթիրյանի եղբայր՝ Արման Շաթիրյան

Մեկնաբանություններ (3)

ara
Inchqan himar en, nkarel en vor inch?, apazuzen vor chen spanel? Spanel@ el vonz e linum? avelord doza nerarkel@ spanutyan mi dzev e.
Karapet
Բժիշկների հերթական զոհն այս անգամ ընկերս դարձավ,հրաշալի անձնավորություն էր,լավ ընկեր.......Հուսանք մեղավորները կստանան իրենց արժանի հատուցումը:
Անահիտ
Իսկ ինչպես կարելի է գտնել ընտանիքի անդամներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter