HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Թատրոն՝ բուն եւ իր ամենաազնիվ իմաստով, չունենք»․ Սերժ Մելիք- Հովսեփյան

Ունենք ներկայացումների շարան․․․ Ունենք, ինչպես Բրուքն է ասում, «մեռած թատրոն»:

Երկար տարիներ Թեհրանում եւ Փարիզում ստեղծագործող ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը (ով նաեւ եղել է Փիթեր Բրուքի ասիստենտը) մի խումբ դերասանների հետ միասին մի քանի տարի առաջ հիմնեց «Ագորա» թատերախումբը, որի առաջնային նպատակը միջազգային ժամանակակից դրամատուրգիան Հայաստանում ներկայանցելն է։ Արդյունքում՝ թարգմանվում եւ մինչ օրս ներկայացվում են ժամանակակից հայտնի երիտասարդ ստեղծագործողների գործերը, ինչպես օրինակ, Ֆլորյան Զելլերի  (ֆրանսիացի դրամատուրգ, ծնվել է 1979թ․-ին) «Մայր» պիեսը։

Հատկանշական է, որ մինչ այսօր Սերժ Մելիք- Հովսեփյանի թարգմանած 12 պիեսներից միայն մեկն է դասական՝ Արթուր Շնիցլերի «Շուրջպարը», մնացածի հեղինակները մեր ժամանակակիցներն են։ Ի դեպ, ժամանակակիցների պիեսների բեմադրությունները Հայաստանում առաջինը ներկայացրել է հենց «Ագորա» թատերախումբը։

-Մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ստեղծագործական միջավայրի աշխուժացման համար շատ բան հարկավոր չէ. ընդամենը ցանկություն է պետք: Եթե դա եղավ, փողն ինքնաբերաբար կգտնվի: Մեր միջավայրում նույն կանոններով ստեղծագործել եւ ստեղծածը մատուցել ստացվու՞մ է։

 

-Ուղղորդվելով նման հայացքներով՝ արդեն 10 տարի է աշխատում եւ ստեղծագործում եմ Հայաստանում, բայց երեւի ուրիշ կերպ կձեւակերպեի հիմա․ ոչ թե ցանկություն, կամ ավելի ճիշտ, ոչ միայն ցանկություն է պետք, այլ դրան կից նպատակ, տեսլական։ Ցանկությունը, խոչընդոտների հանդիպելով, կարող է կորցնել իր ուժգնությունը, բայց մյուս երկուսը արգելքների հանդիպելիս ավելի ու ավելի են ամրապնդվում եւ աճում: Ճիշտ է՝ այստեղ էլ են լինում հուսահատության պահեր, բայց չես լքում ասպարեզը: Իսկ փողը, թույլ տվեք ասեմ, այդքան էլ ինքնաբերաբար չի գտնվում, բայց և այնպէս դրա պակասը մինչ օրս մեզ համար արգելք չի հանդիսացել : Դա ուրիշ հարց է, որ երեւի պետքէ առանձին քննարկել:

-«Ագորա»-ի բեմադրությունների հիմքում ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներն են։ Ժամանակակից ստեղծագործողի եւ իր ժամանակակցի միջեւ ինչպիսի՞ հարցադրումներ կան։ Բեմադրությունները փորձու՞մ են համապատասխան պատասխաններ տալ։

 

-Ճիշտն ասած՝ ես շատ էլ  չգիտեմ՝ «ժամանակակից» արվեստ ասելով ինչ ենք հասկանում, կամ արդյոք բոլորս նույն բանն ենք հասկանում: Հաճախ այդ բառը գործածելով, արվեստագետը, իրեն ժամանակակից հռչակելով, պարզապես արդարացնում է ինքն իրեն: Եթե նրան հարցնես՝ «ոչ ժամանակակիցը» որն է, վստահ չեմ, որ հստակ պատասխան կստանաս։

Ինչ վերաբերում է «ժամանակակից ստեղծագործողին»,  կարծում եմ՝ եթե նա իր ժամանակի հետ է ապրում եւ ստեղծագործելիս միայն իր երազներով կամ գաափարաբանություններով չի ուղղորդվում, ապա ուզի-չուզի ժամանակակից է։

Բեմադրություններս մասամբ պատասխանում են իմ մեջ գոյացած հարցումներին, որոնք ուղղակի կամ անուղղակի, հենց ժամանակի և հասարակության հարցադրումների մաս են կազմում: Դասական գործերը այսօր միայն իրենց ընդհանրության մեջ կարող են իմաստ ստանալ, բայց ժամանակի հարցերին չեն կարող անդրադառնալ:

-Շուտով Ձեր բեմադրությամբ հնարավորություն կլինի դիտելու Մատեի Վիշնիեկի «Պանդա արջերի պատմությունըըստ սաքսաֆոնիստի, ով Ֆրանկֆուրտում մի ընկերուհի ունի» ներկայացումը։ Վիշնիեկը հայտնի է իր կարճ պիեսներով, գրաքննադատներց շատերը նրան Իոնեսկոյի շարունակողն են համարում։ 

Օրեր առաջ Մոսկվայի Երիտասարդական թատրոնում տեղի ունեցավ բեմադրության պրեմիերան։ Բեմադրող-ռեժիսորին հարց էր ուղղվել՝ «Արդյոք հանդիսատեսը կհասկանա ներկայացումը»։ «Հասկանալ պետք է գրադարանում, թատրոնում պետք է զգալ» պատասխանել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար-ռեժիսորը։ 

-Շատ դիպուկ պատասխան է տվել, եւ ես երկրորդում եմ նրա ասածը: Մեր հանդիսատեսի մեծամասնությունը, «հասկանալ» ասելով, սպասում է, որ ներկայացումը անպայման մի պատգամ ունենա, և դու պետք է, այսպես ասած, ամեն ինչ «ծամես, դնես բերանը»:

Ես կարծում եմ, որ, եթե հանդիսատեսը գալիս է թատրոն մի բան «հասկանալու» կամ իմաստ փնտրելու, ուրեմն հենց սկզբից փակված է այն ամեն ինչի հանդեպ, ինչ ներկայացումը կարող է տալ իրեն կամ ավելի ճիշտ արթնացնել իր մեջ։

Իսկ եթե նա դահլիճ մտնի այդ երեկոյի փորձարկությանը մասնակից դառնալու համար, վստահ  եմ՝ ներկայացման վերջում նույն մարդը չի լինելու՝ ինքն էլ է անցնելու այն ամենի միջով, ինչով որ անցնելու են դերասանները։ Ներկայացման վերջում նա հաստատ փոխված կլինի:

Եթե հանդիսատեսը այս փորձառությունով անցնի, նրա կյանքը կշարունակվի ուրիշ թափով՝ անտեսանելին տեսանելի լինելու հետեւանքով:

-Ինչո՞վ էր պայմանավորված հենց Վիշնիեկի այս պիեսը ընտրելու, թարգմանելու եւ բեմադրելու հանգամանքը։

-Այս պիեսը ընտրել եմ ես եւ առաջին հերթին, ուրեմն, այն ինձ է դուր եկել։ Չեմ մտածել առանձնահատկությունների եւ մեր հասարակության հետ ունեցած առնչությունների մասին։

Հարցին հստակ պատասխան տալ չեմ կարող, քանի դեռ ես եւ դերասաններս կամաց-կամաց հասկանում ենք պիեսի տարբեր շերտերը եւ դրանց իմաստը։ Ամեն դեպքում՝ քայլ առաջ գնալով՝ համոզվում ենք, որ լավ ընտրություն ենք արել (շերտեր ասելով՝ նկատի ունեմ սիրո, կյանքի և մահվան իմաստի, հաղորդակցության ձևերի (խոսքով և լռությամբ) մասին հարցադրումներ)։ Արդյո՞ք սրանք խնդիրներ չեն, որոնք նաեւ մեզ համար են էական: 

-Հետեւու՞մ եք հայ ժամանակակից ռեժիսորների բեմադրություններին։ Վերջին մի քանի տարվա ընթացքում եղե՞լ է ներկայացում, որը տպավորվել, արժեւորվել է։

-Իհարկե, եղել են: Ես, հակառակ մեր շատ բեմադրիչների, քաղաքում բեմադրված ներկայացումներն հաճախ տեսնում եմ:

Այսպեսս կոչված «հին սերնդի» «ընտրած» պիեսների և իրենց հին ներկայացումների վերականգնումները տեսնելով՝ արդեն պարզ է, որ թատրոնում այլեւս շատ ասելիք կամ անելիք չունեն: Բավական է՝ տարբեր թատրոնների խաղացանկերին ուշադրություն դարձնենք, հասկանալի է դառնում, թե նպատակը որն է:

Իսկ «նոր սերնդի» մեծամասնությունը անհամարձակ է եւ ահավոր կոնֆորմիստ: Նրանց անհամարձակությանն ու կոնֆորմիզմին ավելացրեք «ավագ սերնդի» անտեղի  միջամտությունները (աջակցության քողի տակ), ստացվում է, որ երբեմն մեր երիտասարդները «ավագ սերնդից» ավելի «հին» են մտածում: Իհարկե, կան երիտասարդ բեմադրիչներ, որոնց գործերին հետաքրքրությամբ հետեւում եմ։ Դրանք ոչ միշտ են իմ ճաշակին համապատսախանում, բայց կարեւորում եմ նրանց գոյությունը մեր թատրոնում, եւ նրանց որոշ բեմադրությունների գոյությունը՝ նմանապես։

Ամենից խանգարող տարրը փոխադարձ կապի եւ հետաքրքրության պակասն է: Ամեն մարդ իր անկյունում իր գործն է անում եւ  բոլորովին հետաքրքրված չի, թե ուրիշները ինչ են անում: Օրինակ, հազվադեպ է լինում, որ մեր ներկայացումներին բեմադիչ լինի հանդիսատեսի շարքերում։

-Փոքր պետությունները, որոնք գլոբալ մեծ շուկայի մեջ մարտահրավերներ նետելուց առաջ նախ ներսային հարցեր են քննում եւ հաճախ չեն կարողանում դուրս գալ իրենց գծած «սահմաններից» եւ ստերիոտիպային մեկնաբանություններից, ի՞նչ ուղղությամբ պետք է առաջնորդվեն արվեստի եւ վերջինս ռեպրեզենտացնելու առումով։

 

-Հաճախ ինձ հարցնում են․ «Բա չե՞ս ուզում արտասահման տանես այս կամ այն ներկայացումը»։ Իմ պատասխանը միշտ նույնն է եղել՝ ոչ: Սրա պատճառը համեստությունը չէ միայն: Ես արտասահմանում եմ առնչվել թատրոնին, թատերարվեստն այնտեղից եմ սովորել, հարյուրավոր ներկայացումներ եմ տեսել եւ գիտեմ՝ ինչ արժեքներ կան այնտեղ: Ես նաև գիտեմ իմ ներկայացումների արժանիքներն ու թերությունները, ինքնախաբեությամբ չեմ առաջնորդվում:

Եթե մի օր ես գտնեի այնպիսի հայկական պիես, որ ինձ դուր գար եւ զգայի, որ դրանով կկարողանանք միջազգային մշակութային ֆոնին թատերական արժեքավոր բան ներկայացնել, ամեն ջանք կթափեի, որ ներկայացումը բեմադրվի եւ երկրի սահմաններից դուրս գա։

«Փոքր ազգեր» ասելով՝ մեզ միայն մխիթարում ենք: Տեղն ընկած ժամանակ շատ էլ մեծ- մեծ ենք «փռթում», եւ դասում մեզ «մեծերի» շարքին։

«Ռեպրեզենտացնելու» հարցը ինձ համար երկրորդական է, և կարծում եմ բոլորի համար նույնը պիտի լինի: Նախ պետք է հասնես մի տեղ, որ «ռեպրեզենտացնելու» բան ունենաս: Իսկ մեր թատրոնը դեռ շատ հեռու է դրանից:

Առաջին հերթին պետք է մեզ փոխենք, զարգացնենք եւ էքսպերիմենտներ անենք, հետո խոսենք դուրս գալու մասին։ Թատրոն՝ բուն եւ իր ամենաազնիվ իմաստով, չունենք։ Ունենք ներկայացումների շարան, ունենք, ինչպես Բրուքն է ասում, «մեռած թատրոն»:

Նախկին սովետական երկրներ հրավիրվելով, այն էլ «հին եղբայրական» հարաբերությունների եւ «թայֆայական» կապերի շնորհիվ, փառատոններ գնալը  կամ փառատոններ կազմակերպելը, դեռ «ռեպրեզենտացվել» չի նշանակում։

-Իսկ հայ ժամանակակից գրողնե՞րը ․․․Կարծես թե գրականության դաշտում էքսպերիմենտներ, այնուամենայնիվ, արվում են։

-Միայն այն ժամանակ կարող է առաջխաղացում լինել գրողական միջավայրում (խոսքը վերաբերում է հատկապես դրամատուրգիային), երբ տեքստը չմնա թղթի վրա։

Մեր դրամատուրգները գանգատվում են, որ ռեժիսորները նրանց գործերով չենք հետաքրքրվում և դրանք չեն բեմադրում: Թերևս ճիշտ են ասում: Բայց երբևէ փորձու՞մ են պատճառները իրենց աշխատանքների մեջ փնտրել: Բոլորն էլ իրենց զոհի տեղ են դնում եւ կարծում են գլուխգործոցներ են գրել, իսկ «չար» ռեժիսորները նրանց անտեսում են:

Ես համարձակ կարող եմ ասել, որ մեր դրամատուրգների մեծ մասը նույնիսկ ծանոթ չէ միջազգային դրամատուրգային, ինչ մնաց՝ նոր հեղինակներին ու նոր նվաճումներին:

Իզոլացումը այստեղ էլ է ամեն ինչ փչացնում: Նրանք իրենց պիեսներն են գրում՝ իրենց սենյակի մի անկյունում, մենք էլ մեր բեմադրություններն ենք անում՝ մեր անկյունում: Հաղորդակցության պակասը այստեղ էլ է ավերներ տալիս: Ընդհանուր առմամբ պետք է հավաքական աշխատանք տանել իրար հետ։

Սրա պակասն է, որ կա Հայաստանում, որն ամեն օր զգում եմ սեփական մաշկիս վրա։

-Եվ, կրկին անդրադառնալով Վիշնիեկի պիեսին, թերեւս վերջին դիտարկում-հարցը. «Խուճապի ախտանիշը կրակե քաղաքում» (‘Sindromul de panică în oraşul Luminilor”) գրքում գրում է «Հայրենիքն անընդունակ է սիրել։ Այն, ինչ կարողանում է անել այդ հայրենիքը՝ սեր պահանջելն է (իրականում նրան ոչ ոք չի սիրում): «Հայրենիք» բառը դեմագոգիկ եւ վնասակար է, անամոթ եւ սադիստական այն բավարարում է իր կիրքը՝ պարբերաբար ուրիշներին ուղարկելով դեպի մահը ու նաեւ պահանջում, որ գնացողները օրգազմ ապրեն այն պահին, երբ մեռնում են»։ Հանդիսատեսին՝ Վիշնիեկին Ձեր սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց առաջ, կուզեի ընթերցողը կարդա մեջբերածի մասին Ձեր մեկնաբանությունը։

-Վիշնիեկի բոլոր ասածների ոչ պաշտպանն եմ, ոչ էլ մեկնաբանողը: Առավել եւս նրա բոլոր պիեսները և վեպերը չեմ կարդացել: Ձեր մեջբերումը նրա համանուն վեպից եք քաղել:

Ես նրա պիեսներից երկուսն եմ թարգմանել՝ «Պանդա արջերի պատմությունը» եւ «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենալու»։ Առաջինը, հուսամ, կբեմադրվի հունիսի վերջին, իսկ երկրորդը պետք է բեմադրվեր դեռ անցած տարի, հուսամ՝ դա էլ այս տարվա վերջում կհաջողվի բեմադրել: Երկու միանգամայն տարբեր գործեր: Ես միայն սրանց մասին կարող եմ խոսել:

Իհարկե չէի ուզենա այս մեջբերմանը անդրադառնալ, քանի որ գործին ծանոթ չեմ  եւ չեմ կարող մեկնաբանել, բայց որպեսզի «հարցից փախուստ» չդիտարկվի, ասեմ՝ մեջբերածի մեծ մասի հետ համամիտ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter