HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեխան մնացել է մեն-մենակ իր խնդիրների հետ»

«Հետքի» զրուցակիցն է երեխաների իրավունքների օրենսդրության փորձագետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քրեական դատավարության իրավունքի դասախոս Աննա Կուրդովան:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում անչափահասների արդարադատության ոլորտում:

-Անչափահասների արդարադատության ոլորտում Հայաստանն ունի մեկ համակարգային խնդիր, որից ածանցում են մի քանի ենթախնդիրներ: Համակարգային խնդիրն այն է, որ մենք չունենք անչափահասների արդարադատության այնպիսի համակարգ, որը կհամապատասխաներ լավագույն միջազգային փորձին ու միջազգային ակտերին, որոնց միացել է մեր պետությունը:

-Շատ պատասխանատու հայտարարություն է:

-Այո՛, բայց ես ասացի նաև շարունակությունը. չունենք անչափահասների այնպիսի արդարադատություն, որը կբխեր Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերից: Անչափահասների արդարադատության որոշ էլեմենտներ, որոնք այսօր գոյություն ունեն Հայստանում, մեզ ժառանգություն են հասել խորհրդային օրենսդրությունից: Մեր անչափահասը լիարժեք պաշտպանված չէ, որպես հատուկ պաշտպանության սուբյեկտ: Օրինակ՝ անչափահաս հանցագործն այնպիսի պատժին, ինչպիսին է ազատազրկումը, պետք է ենթարկվի բացառիկ դեպքերում, ինչը ենթադրում է  նրա նկատմամբ ավելի հաճախ կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ, հարկադրանքի միջոցներ: Սակայն գործող քրեական դատավարության օրենսգրքում սահմանված չեն այն ենթամեխանիզմները, որոնք պետք է ապահովեն դրանց կիրառումը: Օրինակ՝ անչափահասին հանձնել ՏԻՄ-ի հսկողության տակ հարկադրանքի միջոցը դատարանները խուսափում են կիրառել այն պարզ պատճառով, որ օրենսգիրքը չի նախատեսում հսկողության կարգը, ֆորմատը, արդյունքների ֆիքսելու ձևը, դրանց ազդեցությունն անչափահասի գործի հետագա ընթացքի վրա և այլն:

-Իսկ որո՞նք են ենթախնդիրները:

-Երեք ուղղություն կառանձնացնեի՝ ի՞նչ համակարգ ենք ստեղծել քրեական դատավարության ներքո, ի՞նչ սոցիալական երաշխիքներ ենք ստեղծել (զարգացած երկրներում քրեական դատավարությունում տեղ են գտել նաև սոցիլական երաշխիքներ), երրորդ` քրեակատարողական համակարգը ինչքանո՞վ է պատրաստ յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել անչափահասների նկատմամբ: Այս երեք ուղղություններով էլ կան և՛ տեխնիկական խնդիրներ, և՛ պրոֆեսիոնալ ռեսուրսի պակաս (մենք չունենք բուհական համակարգում հենց անչափահաս իրավախախտների հետ աշխատողի մասնագիտացում): Հարկ է նաև ստեղծել համապատասխան օրենսդրական բազա: Իսկ բոլոր բաղադրիչներից, թերևս, ամենակարևորը հանրային պահանջմունքն է, որը, ցավոք, ձևավորված չէ Հայաստանում: Հաճախ հեռուստատեսությամբ լսում եմ մասնագետների կարծիքներ, որ սա Եվրոպայից հերթական անիմաստ ներմուծումն է: Որոշ մասնագետներ անգամ ասում են, որ դա ուղղված է հայկական ընտանիքի դեմ: Մոտավորապես հնչում են կարծիքներ, որ երեխաների պաշտպանությունը կբերի նրան, որ նրանց իրավունքների ամեն խախտման դեպքում երեխան իր ծնողների դեմ բողոք կներկայացնի պետական մարմիններին, որոնք նրան կվերցնեն ընտանիքից: Այսինքն՝ հանրության մեջ կարող է տեսակետ ձևավորվել, որ անչափահասների արդարադատությունը ոչ թե առողջ մանկության երաշխիք է, այլ հակառակը: Այդ իսկ պատճառով պետությունը պիտի շահագրգռված լինի իրազեկելու իր քաղաքացիներին, որ երեխան հատուկ պաշտպանության սուբյեկտ է, որ Հայաստանը միացել է մի շարք միջազգային ակտերի, որով պարտավորվել է ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ քրեական հետապնդման ոլորտում:

-Պատանեկան, դեռահասության տարիքը այս առումով ամենախոցելի՞ն է:

-Այո՛: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ իր երեխան կարող է քրեական հետապնդման չենթարկվել: Սա մի փորձանք է, որ կարող է յուրաքանչյուրի դուռը թակել և անչափահասների արդարադատության նպատասկն է ստեղծել հատուկ մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն անչափահասի իրական վերադաստիարակումը, հասարակությունում իր տեղը գտնելը և ճիշտ դրսևորելը: Դրան հասնելու տարբեր ճանապարհներ կան: Օրինակ՝ ԱՄՆ-ում,  որտեղ ծնվել է անչափահասների արդարադատությունը, դատարանը կատարում է բազմապիսի ֆունկցիա: Նախ ուսումնասիրվում է անչափահասի կրիմինալիզացված լինելու աստիճանը, պատճառները: Եվրոպական մի շարք երկրներում առանձին դատարաններ չեն ստեղծվել, այլ դատարաններում գործում են դեպարտամենտներ, կան դատավորներ, որոնք մասնագիտացած են անչափահասների արդարադատության ոլորտում: Վերջինս ոչ միայն իրավաբան է, ով ճիշտ կիրառում է օրենքներն, այդ թվում միջազգային նորմերը, այլ նաև պետք է իմանա, թե կոնկրետ երեխայի համար որն է լավագույն շահը այս կամ այն իրավիճակում, այսինքն՝ ունենա մանկավարժի, հոգեբանի հմտություններ, տիրապետի պետությունում առաջարկվող սոցիալական աջակցության մեխանիզմների իմացությանը:

-Իսկ մեզ մոտ ինչպի՞սի մոդել է գործում:

-Ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը: Արդեն ասացի, որ մենք Սովետական Միության օրենսդրության ժառանգն ենք: Իմ կարծիքով՝ մեկ հարցում մենք չենք կարող քննադատել Սովետական միությունն, այն է՝ սոցիալական լինելու. ստեղծված էին մարդկանց սոցիալական պահանջմունքները բավարարելու մի շարք հաստատություններ, որոնք այսօր չեն գործում: Մենք չունենք այն սոցիալական հենքը, որը կապահովեր ներկայիս օրենսդրության իրականացումն անչափահաս իրավախախտների խնդիրների լուծման հարցում: Արդյունքում, ես կարող եմ վստահ ասել, քրեական հետապնդման ոլորտում խնդիրներ ունեցող երեխան մնացել է մեն մենակ իր խնդիրների հետ:

-Չե՞ն գտնվի մարդիկ, ովքեր կքննադատեն Ձեզ պատկերը սև գույներով ներկայացնելու համար:

-Միգուցե, բայց ես պետք է հիշեցնեմ, որ անչափահասների հատուկ արդարադատության կիրառման անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ երեխան ունի բազմատիվ խնդիրներ՝ սոցիալական, հոգեբանական, ընտանիքում հաճախ բռնության հետ կապված խնդիրներ և, ի վերջո, քրեական հետապնդման ենթարկվելու հետ կապված խնդիրը, քանի որ խոսքը գնում է անչափահաս իրավախախտի մասին: Երբ ի հայտ են գալիս այդ խնդիրներն երեխան չգիտի, թե որ մարմնին պիտի դիմի: Անչափահասների արդարադատության նպատակն, ի տարբերություն չափահասների, փորձ է լուծել երեխայի խնդիրները, որն ինքն ինքնուրույն չի կարողացել լուծել, ավելին՝ նրա կողքին եղած մեծերը նույնպես չեն կարողացել նրան օգնել կամ այնքան էլ հաջող չի եղել իրենց աջակցությունը, ինչի հետևանքով երեխան ընտրել է խնդիրները լուծելու հանցավոր ճանապարհը: Մեծ մասամբ, նրանք այնպիսի երեխաներ են, ովքեր դպրոց չեն հաճախում: Հարց է ծագում, թե ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը, սկզբում ծնողները, հետո՝ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային մարմինները: Արդյո՞ք մեր երեխաները ընդհանրապես տեղեկացված են իրենց իրավունքների մասին, պետությունում իրենց պաշտպանելու նպատակով գործող մարմինների մասին, կամ ընտանիքներում ինչպիսի՞ վերաբերմունք է ձևավորվել այդ մարմինների նկատմամբ, կա՞ արդյոք վստահություն, որ դրանք աջակցող են, խնդիրները լուծելուն նպաստող, այլ ոչ թե քննադատող, պատժող և այլն: Իմ կարծիքով, պատասխանը ակնհայտ է՝ այո՛ Հայաստանում օրենսդրորեն նախատեսված է երեխաների իրավունքները պաշտպանող համակարգ, սակայն դա դեռ բավարար չէ, որպեսզի երեխան լինի լիարժեք պաշտպանված: Կան դեռ լուրջ անելիքներ այս ոլորտում:

-Ինչո՞վ է համակարգը օգնում իրավախախտ երեխաներին:

-Անչափահասների արդարադատությունը հենց պիտի օգնի իրավախախտ երեխաներին: Այն իր մեջ պետք է ընդգրկի իրավախախտ անչափահասների նկատմամբ կիրառվող սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորություն: Օրինակ՝ երկու միջազգային կազմակերպությունների (“Wold Vision” և “Project Harmony”) ֆինանսավորմամբ 10 տարուց ավելի Հայաստանում գործում են մանկական կենտրոններ՝ Ոստիկանության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, որոնք աշխատում են քրեական պատասխանատվության տարիքի չհասած անչափահաս իրավախախտների հետ: Բայց ժամանակն է, որպիսզի մանկական կենտրոնների ֆինանսավորումը իր վրա վերցնի մեր պետությունը: Ի վերջո, սա պետության սոցիալական բեռն է: Եթե մենք հարկեր ենք վճարում, ապա այդ գումարները պիտի ուղղվեն նաև այս հարցերի լուծմանը: Մանկական կենտրոնները որոշ չափով պետության խնդիրները վերցրել են իրենց վրա: Իրենց պետք է շնորհակալություն ասել: Նրանք անում են այն, ինչ որևէ պետական կառույց երբևիցե չի կատարել՝ ուղղում են երեխային, նպաստում են, որ տուժողն ու իրավախախտ երեխան հաշտվեն և այլն:

-Ինչո՞ւմ է Հայաստանում առանձնահատուկ մոտեցումը անչափահաս իրավախախտի նկատմամբ:

-Ոչ մի բանում: Միայն սահմանված է, որ մինչև 18 տարեկան անձինք պետք է պատիժը կրեն համապատասխան ՔԿՀ-ում և ազատազրկման տարիները չեն կարող 10 տարուց առավել լինել:

-Նոր Քրեական օրենսգրքի նախագծով լինելու է նաև երիտասարդների արդարադատություն անունով գլուխ: Ծանո՞թ եք այդ նորմերին:

-Ինչքանով ծանոթ եմ՝ նախագծով երիտասարդները 18-21 տարեկան անձինք են, անչափահասից չափահասության նոր անցած քաղաքացիները, որոնց հանդեպ ևս առանձնահատուկ նորմեր են կիրառվում՝ հաճախ անչափահասների արդարադատությանը բնորոշ: Սոցիալական ոլորտում հայկական օրենսդրության մեջ ունենք նման մոտեցում երիտասարդների հարցում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հավասարեցված անձանց օրինակը, երբ մինչև 21 տարեկանը նրանք դեռ նպաստ են ստանում:

-Լավ օրենսդրություն ունենալն արդյո՞ք բավարար է, որ դրանք աշխատեն:

-Օրենսդրությունում այս կամ այն դրույթը կարգավորելը խնդրի լուծման դեռ մի հատվածն է: Հարկավոր է ստեղծել օրենքն աշխատացնելու իրական մեխանիզմներ: Սակայն, ինձ համար, որպես իրավաբանի, պարզ է՝ այս կամ այն ոլորտում եթե գործնականում առկա են խնդիրներ, ուրեմն դրանց առաջացման սկզբնաղբյուրը պետք է փնտրել օրենքում: Ոլորտի հաջող զարգացման մյուս նախապայմանը կնշեի մասնագետների պատրաստվածությունը, որակավորումը: Շատ եմ կարևորում նաև Հայաստանում գործող երեխաների իրավունքերը պաշտպանելու լիազորություն ունեցող մարմինների միատեսակ աշխատանքային ձևաչափեր, ձևաթղթեր ունենալու գաղափարն, օրինակ՝ անչափահաս իրավախախտի կյանքի պայմանների հետազոտման, դատարան դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու հարցում և այլն: Սա նույնպես չլուծված խնդիր է: Վերջին տարիներին այս հարցի շուրջ կատարվել է լուրջ աշխատանք "World Vision" կազմակերպության ծրագրի շրջանակներում, որը, ցավոք, դեռ մնում է միայն թղթի վրա: Հուսամ, որ մի օր այս հարցի կարգավորումն էլ կարժանանա մեր օրենսդիր և գործադիր իշխանությունների ուշադրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter