Շաբաթ, 22 սեպտեմբերի

Բռնություն, էթիկա, գաղտնի ձայնագրություն. պատմում են ամերիկացի լրագրողները



Ամերիկացի լրագրող Բրենդան Լայընսն (Brendan J. Lyons) ասում է, որ իրենց համար սովորական երեւույթ է սպառնալիքներ ստանալը, ինչը կապված է լրագրողական հետաքննությունների հետ: Նա 24 տարվա լրագրող է, աշխատում է Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիի «The Times Union» օրաթերթի հետաքննական բաժնում իբրեւ խմբագիր եւ հայտնի է մասնավորապես ոստիկանության ոլորտում առկա կոռուպցիայի լուսաբանմամբ, ինչի համար արժանացել է մրցանակների: Բայց եթե ոմանք դրա համար Լայընսին մրցանակ են տվել, ապա նույն ոստիկաններից մի քանիսը չեն խորշել անձամբ սպառնալ լրագրողին:

Պատմում է, որ ինքը նման սպառնալիքներ ստացել է 2-3 անգամ: Ընդ որում, մի անգամ լրագրողին վախեցնել փորձած ոստիկանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին ցանկացել են ձերբակալել հենց իրենք՝ ոստիկանները, սակայն Լայընսը միջամտել է: Հետաքննական բաժնի ղեկավարը պատմում է, որ իրենց հանդեպ բռնություններն արտահայտվում են հիմնականում բանավոր սպառնալիքների տեսքով, սակայն եղել է նա ֆիզիկական հաշվեհարդար նույն թերթի երիտասարդ լրագրողներից մեկի հանդեպ, ով գրել էր տեղի ռեստորաններից մեկում թմրամիջոցների տարածման մասին, ինչի վրա աչք էր փակում ոստիկանությունը: Ըստ լուրերի՝ ռեստորանը դրա համար կաշառում էր ոստիկաններին: Ապօրինի թմրաշրջանառության մասին գրած լրագրողին ռեստորանի ղեկավարության պատվերով մի քանի «ջահելներ» ծեծել էին, սակայն հետո բռնվել:

Սպառնալիքներ ստանալու փորձ ունի նաեւ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում լույս տեսնող «The Independent News» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Ռիկ Օուտզենը (Rick Outzen): Վերջինիս հոդվածներից հետո չարագործները կոտրել են խմբագրության ապակին, ծակել Ռիկի մեքենայի անվադողերը, սակայն հիմա խմբագիրը ժպիտով է հիշում այդ ամենը:

49 նահանգից եւ 1 շրջանից կազմված ԱՄՆ-ում, որտեղ գործում է դաշնային համակարգը, նահանգները բավականին մեծ անկախություն ունեն ֆեդերալ կառավարությունից, ինչը հին պատմություն է: Ընդհանրապես, ամերիկացիների մեջ կենտրոնախույս, անկախական միտումները խոր արմատներ ունեն: Նահանգային ինքնիշխանության դրսեւորումներից մեկն էլ սեփական օրենսդրություն եւ ընտրովի մարմիններ ունենալն է: Ստացվում է, որ ամեն տեղ տարբեր տեսակի օրենքներ են գործում, որոնք սակայն չեն կարող ավելի բարձր լինել ֆեդերալ օրենսդրությունից:

Օրինակ՝ Նյու Յորք նահանգում գաղտնի ձայնագրությունը  եւ նկարահանումը լրագրողի կողմից միանգամայն թույլատրելի է: Օրենքի իմաստը հետեւյալն է. եթե զրույցի մասնակիցներից մեկը (տվյալ դեպքում՝ լրագրողը) գիտի ձայնագրության մասին, այն համարվում է օրինական: Նույն պատկերն է նաեւ Վիսկոնսին նահանգում: Իսկ ահա Ֆլորիդայում կամ Տեխասում գաղտնի տեսաձայնագրումն անօրինական է:

Տարբեր է նաեւ լրագրողների վերաբերմունքը գաղտնի մեթոդներով աշխատելու հանդեպ: Բրենդան Լայընսն ասում է, որ «The Times Union» օրաթերթի էթիկայի կանոնագրով ամրագրված է. եթե լրագրողին հարցնում են ինքնության մասին, պետք է բացահայտի լրագրող լինելը, իսկ «Wisconsin State Journal»-ից Դի Հոլը նշում է, որ թերթի էթիկայի կանոնագիրն արգելում է լրագրողներին իբրեւ այլ անձ ներկայանալը: Ըստ նրա եւ Վիսկոնսինի հետաքննական լրագրության կենտրոնի անդամ Բիլ Լյուդերսի (Bill Lueders)՝ չնայած նահանգի օրենսդրությունը թույլատրում է գաղտնի ձայնագրությունը, իրենք երբեւէ չեն կիրառի դա: Վիսկոնսինի համալսարանի դասախոս Ռոբերտ Դրեչսելն (Robert E. Drechsel) էլ պատմում է, որ մի անգամ ինչ-որ բլորգեր գաղտնի ձայնագրել էր նահանգային խորհրդարանի սենատորներից մեկին, որի մասին գրել էին նաեւ տեղական թերթերը: Վարկաբեկված սենատորը որոշել էր այլեւս չմասնակցել գալիք ընտրություններին: Ըստ Դրեչսելի՝ ձայնագրողը գործել է օրենքով, սակայն լրագրողական էթիկայից դուրս, ինչն անընդունելի է իր համար:

Մեր հարցին, թե եթե կշեռքի նժարներին դնելու լինենք հանրային շահն ու էթիկան, որը կընտրեն իրենք, Դին, Բիլն ու Ռոբերտը նախապատվությունը տալիս են էթիկային: Իսկ ահա ֆլորիդական «The Independent News»-ի խմբագիր Ռիկ Օուտզենը, բազմանշանակ ժպտալով ասում է, որ չնայած տեղի օրենքներով գաղտնի ձայնագրությունն արգելվում է, ինքը չի ընդունի թե օրենք է խախտել, ասել է թե՝ հանուն հանրային շահի դեմ կգնա օրենքին:

Բիլ Լյուդերսը նշում է, որ կան թերթեր, որոնք աչք են փակում լրագրողի կողմից ինքնությունը փոխելու հանգամանքի վրա, սակայն իր բոսը դա թույլ չի տա: Ըստ նրա՝ մեծ թերթերում «լրագրողը փոխում է մասնագիտությունը» երեւույթը ներկայում հազվադեպ է հանդիպում, այնինչ նախկինում պատկերն այլ էր:    

Հետաքրքիր է նաեւ աղբյուրի գաղտնիությունն ապահովելու պրակտիկան ամերիկյան լրագրության մեջ: Ֆլորիդացի Օուտզենն ասում է, որ իր նահանգում նման օրենք չկա, սակայն դատավորները հազվադեպ են դատարանում հայտնված լրագրողներին ստիպում բացահայտել աղբյուրը: Օլբանիի «The Times Union» օրաթերթի գործադիր խմբագիր (մեր չափանիշներով գլխավոր խմբագիրն է) Ռեքս Սմիթն (Rex Smith) էլ պատմում է, որ դեպքեր են եղել, երբ լրագրողները նախընտրել են չբացահայտել աղբյուրը, եւ իրենք են կրել պատասխանատվությունը, այդ թվում՝ ազատազրկման տեսքով: Սակայն, նրա փոխանցմամբ, շատ դեպքերում դատախազը ճնշում չի գործադրում լրագրողների վրա՝ աղբյուրը բացահայտելու համար: Սմիթն ասում է, որ ԱՄՆ-ում բարձր մակարդակի վրա է ներքին պատասխանատվությունը: Եթե լրագրողը որեւէ բան հնարի, շատ շուտով սուտը կբացահայտվի, իսկ նա պարզապես կվարկաբեկվի՝ զրկվելով աշխատանքից: Թերթի ղեկավարն ասում է, որ անուն առ անուն կարող է թվարկել այդ լրագրողներին. ինքը հիշում է միայն 3 դեպք, որոնք բոլորն էլ բացասական ավարտ են ունեցել լրագրողների կարիերայի համար:

Բրենդան Լայընսը, հավելելով իր խմբագրին, նշում է, որ իրենք գաղտնիություն են խոստանում միայն այն մարդկանց, ովքեր անվանապես ներկայանալիս կհետապնդվեն: Բայց միաժամանակ ճշտում են նաեւ տրամադրված տեղեկատվության իրական լինելը:

Լրատվամիջոցի ներքին ինքնագրաքննությունը կարեւորում է նաեւ 30 տարվա լրագրող Դի Հոլը, որը միեւնույն ժամանակ բացառում է կառավարության կողմից որեւէ միջամտություն լրագրողների աշխատանքին: Ըստ նրա՝ մասնավորապես Վիսկոնսինում պետական պաշտոնյաները պարտավոր են գիտակցել, որ հանրային դեմք են ու պետք է ավելի հասանելի լինեն հասարակությանը: Նրանք ավելի հանդուժող պիտի լինեն հանրային եւ լրագրողական քննադատության հանդեպ, ինչին ըմբռնումով են մոտենում նաեւ դատարանները: Ավելին՝ Հոլի ասելով, Վիսկոնսին նահանգում լրագրողի կողմից պաշտոնյայի հասցեին անվանարկումը, վիրավորանքը չի պատժվում որեւէ կերպ, ինչը չի կարելի ասել զրպարտության դեպքում: Պատճառը, ինչպես ԱՄՆ-ում շատ այլ երեւույթներ, պատմական արմատներ ունի. քանի որ ԱՄՆ սահմանադրությամբ եւ բազմաթիվ այլ իրավական ակտերով ամրագրված է ժողովրդի իշխանությունը, որը նաեւ գործնական արտահայտություն է ստանում, թե ընտրվող, թե նշանակվող պաշտոնյաները խուսափում են լրատվամիջոցներում եւ ապա հասարակական շրջանակներում թիրախ դառնալուց, ինչի համար էլ լոյալ վերաբերմունք է ձեւավորվել չորրորդ իշխանություն հանդիսացող մամուլի հանդեպ:  

Լուսանկարում՝ Ռ. Սմիթը եւ Բ. Լայընսը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ