HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ մարցեցու՝ գողականները լռեցրել են հէկի կառուցման դեմ բողոքողներին

«Մարցէներջի» ՍՊԸ-ն Մարց գետի վրա արդեն կառուցում է «Մարցիգետ-1» հէկը, որը թվով 3-րդ հէկ-ն է գետի վրա: Թեև Համահայկական բնապահպանական ճակատի մեծ աջակցությանը՝ հէկ-ի կառուցումը խոչընդոտելու իրենց պայքարը մարցեցիները չկարողացան հասցնել մինչև վերջ: «Պայքարողներս քչացանք, չկարողացանք: Երկու գողական եկան գյուղ, ու վերջացավ: Գողականների ասածը օրենք ա, մեր ասածը` ոչ մի բան: Գյուղի ժողովուրդը միասնական չէ»,- «Հետքին» հայտնեց Մարց գյուղի բնակիչ Ջահան Ոսկանյանը: Ըստ վերջինիս՝ «Մարցէներջի» ՍՊԸ-ն նաև մարցեցիների համար գյուղից հեռու` անտառում, հաց է սարքել և դրանով փակել է գյուղացիների մեծ մասի բերանը: «Եկան, փոխանակ գյուղում ամեն ինչը լուծեն, գնացին հանդումը մի պատառով բոլորի բերանը փակեցին: Կանչեցին ստեղից-էնտեղից, էն լավ տղերանցը, էն ամեն ինչին, էդտեղ էլ գյուղի թասիբը վերացավ: Հիմա էլ թասիբ չկա, մնում է ուրիշ ձևի»,- ասաց տարեց մարցեցին:

Մայիսի 12-ին հէկի շինարական տարածքներում «Մարցէներջի»-ի որևէ աշխատողի չհանդիպեցիք, սակայն նկատեցիք, որ հէկի կառուցման շինարական աշխատանքների մոտ 50 տոկոսը կատարված է: Արդեն կառուցվել է հէկի արտադրական շենքը, տեղադրվել են էլեկտրասյուները, գետի վրա կառուցվել է ջրամաքրման կայանը: Մարց-Լորուտ ճանապարհահատվածի շուրջ 5 կմ երկայնքով, ճանապարհաեզրով փորված խրամատներում տեղադրված էին հատուկենտ խողովակներ:

Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանից տեղեկացանք, որ հէկի շինարական աշխատանքները այս պահին դադարեցված են հենց խողովակների պատճառով: «Այս պահին հէկի վրա չեն աշխատում, խողովակներ չունեն»,- հայտնեց գյուղապետը: «Այդ ինչպես պատահեց, որ անդրդվելի մարցեցիները, ովքեր նույնիսկ հէկի խողովակները գլորել էին գետը, հանկարծ համաձայնեցին հէկի կառուցմանը»,- հարցրի գյուղապետ Ռ. Գալստյանին: «Դե եսիմ, համաձայնեցին էլի»,- պատասխանեց նա: Գյուղապետ Գալստյանը նաև հայտնեց, որ «Մարցէներջի»-ն Մարցի համայնքի բյուջեին իր խոստացած 1,5 մլն դրամից դեռևս որևէ գումար չի փոխացել. «Ասում են՝ երբ հէկի շինարարությունը ավարտենք ու սկսենք աշխատել, այդ ժամանակ ենք վճարելու 1,5 մլն դրամը»: «Մարցէներջին» համայնքի բյուջեին չի վճարել նաև 18 հազար դրամ հողի վարձակալության իր վճարները: Մարց գետի չորացման համար մարցեցիները շարունակում են մեղադրել Ռոբերտ Գալստյանին:

«Գյուղացիների համար չի մտածում, միայն իր մասին է մտածում»,- ասաց մի մարցեցի: Մարց գյուղի տակ՝ գետի ափին, 7000 քմ հողատարծք է պարսպված: «Դա իմ որդու սեփականաշնորհած հողն է ձկնաբուծության համար»,- ասաց Ռոբերտ Գալստյանը: Գետի վիճակի հետ կապված Ջահան Ոսկանյանը մեղադրեց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, ում կառուցած հէկի պատճառով ցամաքել է գետի Մարց-Ձաղիձոր հատվածը: «Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը սկսեց էս ամենը, գետի զգալի հատվածը չորացրեց, գետին հարող տարածքներն առավ, ուրիշի վրա ծախեց ու գետի վրա սկսվեց էս ամեն ինչը: Այդ ամենը բոլորս էլ գիտենք»,- դժգոհեց գյուղացին: Ըստ վերջինիս՝ հէկեր կառուցելուց առաջ մինչև Իքատակ, մինչև Լորուտ գյուղի տակը ամեն ծառի տակ մի հանգստացող, մի հաց ուտող էր լինում: «Պանիրով ու հացով, բախչի կոտեմով, բոլոկով գալիս էին հանգստանում, հաց էին ուտում, գնում: Չեմ ասում՝ խորոված ուտեին»,- հիշում է Ջ. Ոսկանյանը: Հիմա գետն իր հմայքներով անմատչելի է մարցեցիներին:

Ջահան Ոսկանյանն ասում է, որ 10 ծոռ ունի: «Էդ 10 ծոռս, թոռներս չեմ հաշվում, մի էդքան էլ թոռներ ունեմ, մեծ աշխարհ են ինձ համար: Էսօրվա դրությամբ մենք երկու ծերունիներով ենք ապրում այստեղ` ես ու իմ պառավը: Նրանք` իմ ծոռներն ու թոռները, մեր գյուղը էս գետի ու բնության համար էին գալիս: Գետն ու էս բնությունը եթե չկա, նրանք որպես ինչ կգան գյուղ: Չեղավ: Չկարացինք: Մնացինք մի քանի հոգի: Գողականները մեծ գործ արին: Փոխվեցին, իսկականից փոխվեցին»,- դառնացած հայտնեց նա:

Մարց գետի վրա ստեղծված իրավիճակի հետ կապված Համայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը այսօր «Հետքին» հայտնեց. «Հէկերի խնդիրների վերաբերյալ մենք մեր առաջարկությունները ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը: Մեր առաջարկներին ֆորմալ պատասխաններ են ներկայացրել: Փոքր հէկերի կառուցումը գյուղացիների մոտ, բացի էկոլոգիական խնդիրներից, հոգեբանական ծանր վիճակ է առաջացնում իրենց բնության հետ կապված: Գետը նրանց ապրելակերպի մի մասնիկն է, իսկ գետը վերանում է: Մենք մեր ունեցած հնարավորությունների չափով աջակցեցինք Մարցի գյուղացիներին, սակայն պետք է ակտիվ լինեն տեղի բնակիչները: Գյուղացիները պետք է իրենց պահանջները ներկայացնեն: Երբ նրանք կբարձրացնեն իրենց պահանջները, մենք կմիանանք իրենց: Բայց նրանք ասում են` դուք պայքարենք, մենք ձեզ կմիանանք: Այդպես չի կարող լինել: Մյուս կողմից՝ մենք փորձում ենք ազդել կառավարման համակարգի վրա, որպեսզի փոխվի փոքր հէկերի նկատմամբ հայեցակարգային վերաբերմունքը»,- ասաց Լ. Գալստյանը:

Իսկ մինչ այդ Մարց գետի հոգեվարգի հետ կապված շարունակում է ծանր ապրումներ ունենալ իր համագյուղացիներից ու գողականններից դառնացած մարցեցի Ջահան Ոսկանյանը:

Մեկնաբանություններ (2)

գյուղական ինժիներ
Էդ գողացած հին ու ժանգոտ տրուբեքը ճնշման համար պիտանի չեն, դրանք տրաքելու են ու ճանապարհը քարուքանդ են անելու: (Ինչպես Արգիճի գետի վրա սարքածը տրաքեց:) Ագահ ու անգետ մարդիկ կքաշվեն անպայման:
Armen
Goxakan barqer@ mets verelq aprezin verjin tasnamyakum, shnorhiv petakan qaxaqakanutyan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter