HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդիկ հարստացել են Ջավախքի «անջատողականության» հաշվին. Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

«Ներդրումային ընկերությունները Ջավախքում իրենց պահում են այնպես, ինչպես բրիտանական կոլոնիստները Հարավային Աֆրիկայում 200 տարի առաջ»

Հունիսի 15-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ուղղակի քվեարկությամբ կընտրվեն շրջանային ժողովի պատգամավորները, քաղաքապետերը և շրջանային վարչության ղեկավարները: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով նոր դաշինք է ստեղծվել Վրաստանում՝ «Ոչխորհրդարանական ընդդիմություն» անվամբ: Դաշինքի մաս կազմած «Ազատ Վրաստան» կուսակցությունը սկսել է քարոզարշավը նաև Ջավախքում: Երկու օր առաջ դաշինքի ներկայացուցիչներն այցելել են շրջան:  Տեղի բնակիչների հետ հանդիպել է նաև դաշինքի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան, ում հետ զրուցեցինք թեմայի շուրջ: 

Ինչո՞ւ որոշեցիք այցելել Ջավախք և ի՞նչ տպավորություններ ունեք շրջանից:

Սամցխե-Ջավախքում այնպիսի իրավիճակ է, որ Վրաստանի հարավային շրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, էթնիկ ռեգիոն է եղել ռեզերվում, որին ստիպել են քվեարկել իշխող կառավարության օգտին: Այնտեղ այդպիսի ավանդույթ էր ձևավորվել: Ամեն անգամ մենք փորձում ենք ինչ-որ կերպ ակտիվացնել հայկական փոքրամասնությանը, որպեսզի ստիպենք նրանց ինտեգրվել վրացական քաղաքականություն: Եթե որևէ մեկը ուզում է քվեարկել իշխանության օգտին, թող քվեարկի նրանց օգտին, իսկ ով կուզենա քվեարկել ընդդիմության օգտին, ձայն տա ընդդիմությանը:

Այսինքն՝ ուզում եք Ջավախքում ընդդիմադիր ուժերի դիրքերն ամրացնե՞լ:

Հիմա մեր բլոկը հաջողություն է գրանցել Ախալքալաքում, նաև Նինոծմինդայում, բայց Ախալքալաքում ավելի շատ: Այնտեղ մեր բլոկը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը: Նա նաև ղեկավարել է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբը մինչև հոկտեմբեր: Այնտեղ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «Վրացական երազանքի» ակտիվիստները հիմա իրենց ձայները մեզ են տալիս: Արդեն ունենք շրջանի ղեկավարի պաշտոնի մեր թեկնածուն՝ Արտաշես Փալանջյանը (Արտաշես Փալանջյանը Ախալքալաքի սոցիալական օգնության գործակալության բաժանմունքի պետ-Ք.Ա.): Մենք հույս ունենք, որ նա մեծ շանսեր ունի շրջանի ղեկավար ընտրվելու հարցում: Սա նորություն է, քանի որ մինչ այդ շրջանի ղեկավարին նշանակում էին կենտրոնից՝ Թբիլիսիից, որը մի շարք հոգեբանական ու քաղաքական խնդիրներ էր առաջացնում տեղի բնակչության և կենտրոնական իշխանությունների միջև: Իսկ այժմ հնարավորություն է ստեղծվել, որ տեղի բնակչությունն ինքը ընտրի իր ղեկավարին, և կարծում եմ, որ դա լավ քայլ է տեղի խնդիրները լուծելու համար:

Ովքե՞ր են ձեր մրցակիցները:

Ախալքալաքում ներկայացված են մեր բլոկը, իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» և Մ. Սահակաշվիլու կուսակցությունը՝ «Ազգային շարժումը»: Սակայն կարծում եմ, որ մրցակցությունը կլինի մեր թեկնածուի և իշխող կուսակցության թեկնածուի միջև, որովհետև դա սպեցիֆիկ ռեգիոն է, և ոչ բոլոր կուսակցությունները կարող են ուժեղ շտաբ ունենալ:

Դուք հանդիպել եք նաև տեղի բնակիչների հետ, ի՞նչ խնդիրներ են անհանգստացնում նրանց, և ընդհանրապես ի՞նչ խնդիրներ եք տեսնում Ջավախքում:

Առաջին հերթին գործազրկության խնդիրն է, որը ստեղծվել է նոր նախագծի՝ Կարս-Ախալքալաք երկաթգծի պատճառով: Ջավախքի բնակչության գլխավոր գործատուն մինչև 2007թ. ռուսական զինվորական բազան էր, և Վրաստանի շահերից ելնելով բազան այստեղից հանեցինք: Սակայն այն ժամանակ Վրաստանի իշխանությունները խոստացան, որ ինչ-որ աջակցության ծրագրեր կլինեն, որոնք կօգնեն գյուղատնտեսությունը զարգացնելուն կամ այլ ոլորտներում, որտեղ կարելի էր նոր աշխատատեղեր ստեղծել: Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց: Հիմա երկաթգծի այդ մեգանախագիծը, որը երեք երկիր է միացնում, և հենց Ջավախքում են գլխավոր շինարարություններն ընթանում, բերել է աշխատողներ հարևան երկրներից, իսկ տեղացի բնակչությունից՝ և հայերից, և վրացիներից որևէ մեկն այդ շինարարություններում չի աշխատում: Դա ուղղակի խտրականություն է, տարանջատում, դրա մասին հայտարարել է նաև տեղի բնակչությունը, դա, մինչդեռ, ոչ թե տեղի բնակչության խնդիրն է, այլ Վրաստանի: Ներդրումային ընկերությունները այստեղ իրենց պահում են այնպես, ինչպես բրիտանական կոլոնիստները Հարավային Աֆրիկայում 200 տարի առաջ: Դա ընդունելի չէ, երբ էթնիկ պատկանելիության կամ այլ չափանիշների հիման վրա վերցնեն կամ չվերցնեն աշխատանքի: Մենք, իհարկե, ողջունում ենք որևէ տեսակի ներդրում Վրաստանում այն պատճառով, որ դրանք Վրաստանում պիտի ստեղծեն աշխատատեղեր տեղի բնակչության համար: Սակայն եթե նրանք աշխատատեղ չեն ստեղծում տեղաբնակների համար, ուրեմն մենք չենք հասկանում, թե որն է այդ ներդրման էությունը:

Երկրորդը՝ ինչպես գիտեք Ջավախքը Վրաստանի ամենահարուստ գյուղատնտեսական շրջանն է, որտեղ բարձր որակի գյուղատնտեսական արտադրանք է ստեղծվում: Օրինակ՝ մսամթերք, կաթնամթերք, կարտոֆիլ և այլն: Ցավոք, Վրաստանում գործում է այնպիսի օրենսդրությունը, որը նրանք մեկնաբանում են որպես Եվրամիություն մուտք գործելու կարգավորման մեխանիզմներ, որոնք պահպանելու դեպքում ստացվում է, որ տեղի մսամթերքը ավելի թանկ է վաճառվում Վրաստանի տեղական շուկայում, քան սառեցված ներկրված միսը Բրազիլիայից կամ Հնդկաստանից: Եվ սա վերջին տարիներին գրեթե սպանել է մեր գյուղատնտեսության արդյունաբերությունը: Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել այդ կարգավորումները, որոնք արհեստական խոչընդոտներ են ստեղծում տեղացի արտադրողների համար, որպեսզի սեփական երկրի շուկա դուրս գան: Պետք է հին համակարգը վերականգնել, որպեսզի գյուղացին կարողանա իրացնել իր մսամթերքը իր կամ հարևան գյուղի շուկայում: Իսկ հիմա, որպեսզի գրանցի իր արտադրանքը, պետք է հարյուրավոր կիլոմետրեր կտրի, վճարումներ կատարի, փաստաթղթեր ձեռք բերի, կարծես թե ոչ թե միս, այլ օդանավ է արտադրում:

Ջավախքում նաև այլ խնիդրներ կան, որոնք հատուկ չեն միայն այս շրջանին, այլ հատուկ են նաև Վրաստանի այլ շրջաններին: Դրանք են՝ կոռուպցիան, բյուջեի ոչ արդյունավետ ծախսումը, այնտեղ երկու կամ երեք կլան կան, այդ թվում Սամվել Պետրոսյանի կլանը, որոնք ղեկավարում են շրջանը արդեն տասնյակ տարիներ: Պետք է այդ անձանց փոխել: Այնտեղ էթնիկ խնդիրները ստեղծվել են նաև արհեստականորեն: Օրինակ՝ Ախալքալաքում կա հակահետախուզական ծառայություն: Նրանք են կենտրոնական կառավարությանը հայտնում, որ Ջավախում անջատողականություն կա, ինչ-որ բան են նախատեսում և այլն: Դրա հիման վրա այնտեղ շատ խիստ ռեժիմ է դրված: Իսկ իրականում այդ անձինք, ովքեր «պայքարել են» այդ անջատողականության դեմ, հարստացել են: Քանի որ կենտրոնական իշխանությունը վախենում էր դրանից և ուզում էր արմատախիլ անել անջատողականությունը Ջավախքում, նրանք հակահետախուզությանը լրիվ մանդատ են տվել, որոնք այդ մանդատն օգտագործել են ֆինանսական մղումներով: Այդ մարդիկ մի քանի տարում միլիոնատեր են դարձել:

Իսկ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այդ հարցում՝ Ջավախքում կա՞ անջատողականություն, թե՞ ոչ:

Անջատողականությունը ֆիզիկական իր չէ, դա տրամադրություն է, որը գուցե և կա մասնակիորեն բնակչության որոշ շերտերում: Եվ հարց է, թե մենք ինչն ենք անվանում անջատողականություն: Եթե կան որոշ խմբեր, որոնք պահանջում են քաղաքական ինքնավարություն, ապա, իհարկե, վրացական քաղաքական դաշտը չի ողջունում: Բայց եթե կան խմբեր, որոնք պահանջում են պահպանել հայոց լեզուն, հայ մշակույթը, զարգացնել դա տեղի դպրոցներում, ապա դա նորմալ է: Կարևորը մոտեցումն է, կոնցեպցիան: Մինչև վերջերս Վրաստանի կառավարությունը կարծում էր, որ անջատողականության հետ պայքարի արդյունավետ միջոցը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, հակահետախուզությունը, հատուկ ջոկատայինները և այլն: Գուցե կարճաժամկետ հատվածում դա աշխատում է, բայց երկարաժամկետի դեպքում դա հակառակն է ազդում: Հյուսիսային Կովկասը դրա օրինակն է: Մենք կարծում ենք, որ այնտեղ ոչ թե ուժային կառույցներով, այլ ինքնակառավարման և տնտեսական մեթոդներով պետք է կարգավորել բոլոր հարցերը և փարատել լարվածությունը:  Եթե դու նշանակում ես այնտեղ ղեկավար այլ շրջանից որևէ մեկին և նրան տալիս ես լիարժեք մանդատ, ապա դա իհարկե տեղում կստեղծի լարվածություն, որը հետո կարող է զարգանալ և դառնալ քաղաքական միտում: Բայց եթե մենք տանք տեղացիներին հնարավորություն ինքնուրույն ընտրել իրենց վարչության ղեկավարին, և իրենք էլ լուծեն խնդիրները տեղում, կարծում եմ, դրանից կշահի թե տեղի բնակչությունը, թե Վրաստանի պետության շահերը:

Նշեցիք լեզվի մասին: Ջավախքցիները պահանջում են հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ: Պատրաստվո՞ւմ եք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Լեզուների մասին խարտիան նախատեսում է լեզուների տարբեր կարգավիճակ: Եթե խոսում ենք այն մասին, որ հայոց լեզուն կիրառվի հայկական դպրոցներում կամ կրթական ու մշակութային հաստատություններում, ես դրան կողմ եմ: Բայց հայոց լեզուն օգտագործել նաև պետական կառույցներում, այդ գաղափարին ես չեմ աջակցում, որովհետև դա քայլ է դեպի ետ: 20 տարի առաջ այդ խնդիրը կար, և տեղի բնակչությունը չէր հասկանում պետական լեզուն, այդ պատճառով հաղորդակցվելու հետ առնչվող բազմաթիվ խնդիրներ էին առաջացել: Այժմ քիչ թե շատ այդ հարցը լուծվում է, նոր սերունդը սովորում է պետական լեզուն: Այդ պատճառով ես կարծում եմ, որ պետական լեզուն իր տեղն ունի, իսկ  տեղի բնակչության մայրենի լեզուն՝ իր տեղը: Եվրոպական երկրներում նույնպես կա այդ փորձը, երբ պետությունը պաշտպանում է այդ էթնոսի լեզուն, սակայն նրանց լեզուն չի փոխարինում պետական լեզվին:

Սահակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ Ջավախքում զարգացել է ինֆրաստրուկտուրան և ներդրումներ են կատարվել: Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ շարունակում արտագաղթել:

Հակառակը: Ես երկար ժամանակ չէի եղել Ջավախքում, և ինձ զարմացրեց այն, որ գուցե տեղի բնակչությունը Վրաստանի հարուստ բնակչության թվին է պատկանում, որովհետև նրանք իրապես եկամուտ են ստանում իրենց գյուղատնտեսական արտադրանքից՝ հատկապես կարտոֆիլից, բայց նայում ես Ախալքալաք քաղաքին, դա չես զգում: Դա Վրաստանի ամենաաղքատ կամ ավելի ճիշտ կլինի ասել չկառուցված քաղաքներից է, և չկա քաղաքում բազմաբնակարան շենքեր: Այնքան էլ հաճելի չէ տեսնել միայն  մեկհարկանի տներ՝ մեկհարկանի Ամերիկայի նման մեկհարկանի Ախալքալաք ես տեսնում: Ուզեցա որևէ մշակութային հաստատություն այցելել՝ թանգարան կամ այլ տեղ, պարզվեց՝ ոչինչ այնտեղ չի գործում: Այնպես որ, ինֆրաստրուկտուրան այնքան էլ զարգացած չէ:

Իսկ ձեր դաշինքը ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել, որպեսզի Ախալքալաքը զարգանա:

Լավագույն մոտեցումը այդ հարցին, որը նաև մեր կուսակցության ծրագրում կա, այն է, որ վերադարձվեն ինքնակառավարման մարմիններին հարկային մուտքերը, որը հիմա վերցնում է կենտրոնական բյուջեն: Ոչ մեր կուսակցությունը, ոչ այլ կուսակցություն, ոչ էլ որևէ լիդեր, ինչպես Սահակաշվիլին, չպետք է որոշի ինչ կառուցել Ախալքալաքում: Եկեք վերադարձնենք հարկային մուտքերը, որոնք վերցրել էին 2005-ին, և թող իրենք որոշեն՝ իրենց համար թանգարանն է կարևոր, կամուրջը, թե այլ կառույցը: Դա արդի եվրոպական մոտեցում է, որ գումարները մնան տեղում, և տեղաբնակները որոշեն իրենց ճակատագիրը: 

Լուսանկարը՝ Կախա Կուկավայի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter