HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ

Անահիտ Բաղդասարյան 

Այս տարվա մայիսի 1-ից Գորիսի նախակրթական ուսումնական (ՆՈՒՀ) 7 հաստատություններ հաճախող երեխաների վարձավճարները կփոխանցի «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամը: Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանի խոսքով՝ այդ մասին գրավոր տեղեկացրել է հիմնադրամը, եւ ինքը համապատասխան շրջաբերականներով արդեն տեղյակ է պահել Գորիսի նախակրթարաններին: «Տնօրենները պետք է հաշվառեն նախակրթարան հաճախող երեխաներին եւ ըստ ամիսների հաճախելիության ներկայացնելու դեպքում հիմնադրամը կփոխանցի համապատասխան գումարը»,- նշեց Ն. Ոսկանյանը:

Այդ բարեգործությունը, Գորիս համայնքի ղեկավարի ասելով՝ կտեւի մինչեւ տարեվերջ, իսկ «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լյովա Մեժլումյանի խոսքով՝ դա կախված է հովանավորների ֆինանսավորումից: Թե ինչու որոշվեց, որ հենց նախակրթարաններին պետք է ֆինանսավորել, այն էլ այն ժամանակ, երբ Գորիսի քաղաքապետի ընտրություններին 20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել Լ. Մեժլումյանն ասաց. «Նախակրթարանների տնօրեններն են դիմել հիմնադրամի խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանին, նա էլ խորհրդի որոշմամբ որոշել է աջակցել» (խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին է-խմբ.):

Հիմնադրամի տնօրենը, մեկնաբանելով այն խոսակցությունները, ըստ որի այս աջակցությունը պայմանավորված է հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններով, նշեց, թե չի կարծում, որ դրանք կապ ունեն իրար հետ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է սոցիալական խնդիրներով: «Հիմնադրամը 2004թ.-ից մինչ այսօր բազմաթիվ աշխատանքներ է կատարել Սյունիքի մարզում, և սա հերթական բարեգործությունն է»,- մեկնաբանեց հիմնադրամի տնօրենը:

Գորիս քաղաքում ՆՈՒՀ հաճախող երեխաների թիվը մոտ 1000 է, իսկ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներից գանձվող ամսական վարձավճարի չափը 4000 դրամ է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղական հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ դիմում էր ներկայացվել համայնքի ղեկավարին` նախակրթարան հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների վարձը զեղչելու համար,  սակայն հովանավորներ, այդպես էլ չգտնվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter