HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեմ եմ»-ի մասնակից. «Իշխանություններն ասում են՝ մի քիչ ձեզ, մի քիչ մեզ»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը

-Դավիթ, ծանո՞թ եք կուտակայինի մասին նոր նախագծին:   

-Այո, ծանոթ եմ:

-Այդ օրինագիծը բավարարո՞ւմ է «Դեմ եմ»-ի պահանջները:

-Այդ օրինագիծը մի քանի անգամ բնորոշել եմ հետևյալ կերպ. այդտեղ կան դրական բաներ, բայց, այնուամենայնիվ, այն ամբողջությամբ չի բավարարում մեր պահանջները:

Դրականն այն է, որ քաղաքացուն տրվել է կամարտահայտման հնարավորություն՝ դիմում գրելու միջոցով կամք հայտնել՝ կանխելով, որ գործատուն իր գումարից փոխանցի կուտակային հաշվիներին: Բայց նախ այդ ձևն իրավական առումով այդքան էլ գրագետ և ճիշտ չէ. ոչ թե պետք է դիմում գրել և ասել, որ չեմ ուզում մասնակցել այդ համակարգին, այլ հակառակը՝ դիմումը պետք է գրվեր մասնակցության ցանկության դեպքում: Մենք այդպես էինք ձևակերպել մեր պահանջը:

Մտահոգություններից մեկն այն է, որ, այնուամենայնիվ, շարունակվելու են պետբյուջեից փոխանցումներ կատարվել անձի համար, եթե անգամ նա դիմում է գրել և գործատուն նրա աշխատավարձից չի հաշվարկում և չի փոխանցում: Մենք կողմ չենք դրան:

Երկրորդը՝ իշխանություններն անկախ իմ կամքից՝ ինձ դարձնում են այս համակարգի մասնակիցը: Ես չեմ ուզում դառնալ այդ համակարգի մասնակիցը, դրա համար եմ դիմում գրում, որ իմ գործատուն փոխանցում չկատարի, այսինքն՝ ոչ թե իմ դիմում գրելու իմաստն այն է, որ ուղղակի իմ աշխատավարձից փոխանցումներ չկատարվեն, դա մակերեսային մոտեցում է, այլ ես չլինեմ այդ համակարգի մասնակիցը: Երբ պետությունն իմ մասնաբաժինը փոխանցում է ինձ համար, ակամա ինձ դարձնում է այդ համակարգի մասնակիցը: Սրան համաձայն չենք, և լուրջ մտավախություններ կան:

Դա պետական բյուջեի անհարկի վատնում է, և գուցե նաև ազդակ է մեզ համար, որ, փաստորեն, իշխանությունները շատ վստահ են, որ համակարգն այսպես թե այնպես, թեկուզ պարտադիր բնույթով կամ այլ ձևակերպումներով գործարկելու են և դրա համար պետբյուջեի միջոցները շռայլորեն ներդնում են: Երևի կա նաև ցանկություն հնարավորինս չնեղացնել արտասահամանյան ֆոնդերին և ֆոնդերի կառավարիչներին:

Այդ նախագիծը չի արծարծում նաև մեկ այլ պահանջ, որ մենք բարձրացրել ենք. դա գումարների վերադարձնելիությունն է: Նկատի ունեմ հունվար-փետրվար ամիսներին վճարած գումարները, որոնք արդեն գտնվում են ֆոնդերում:

Այս պահանջները չկան նախագծում, հետևաբար, այն մեր պահանջների բավարարումը չէ, բայց ինչ-որ դրական բան կա, քանի որ գոնե կա կամարտահայտման  հնարավորություն՝ ոչ այնքան գրագետ ու ճիշտ, բայց, այնուամենայնիվ, կա:

-Եթե պետբյուջեից են բոլոր վճարումներն արվելու քաղաքացիների համար, դա չի՞ ենթադրում, որ պարտադիր բաղադրիչը գործելու է քողարկված:

-Ենթադրվում է՝ այո: Ստացվում է այնպես, որ դու պարտադրված չես այդ վճարումներն անել քո աշխատավարձից, բայց ակամայից քեզ դարձնում են այդ համակարգի մասնակիցը, քանի որ պետբյուջեից փոխանցումներ են անում քեզ համար:

-«Դեմ եմ»-ը շարունակելո՞ւ է բողոքի ցույցերը:

-Այո, որովհետև այդ նախագիծը մեր պահանջների ամբողջական բավարարումը չէ, ավելին՝ դու դառնում ես այդ բաղադրիչի մասնակիցը, երբ պետբյուջեից փոխանցումներ են անում քեզ համար: Չնայած, էլի եմ ասում, դրականն այն է, ինչին մենք հասել ենք պայքարի շնորհիվ, որովհետև եթե չլիներ պայքարը, դրականն էլ չէր լինում: Հիմա գոնե որոշակիորեն կա կամարտահայտման հնարավորություն: Սա ամիսների պայքարի, քաղաքացիների պահանջատիրության ու հետևողականության արդյունքն է:

Մյուս կողմից, քանի որ պարտադիր բաղադրիչի հարցը դեռևս լուծված չէ, պայքարը շարունակվելու է: Արդեն նշեցի նաև այն հարցերը, որոնք ընդգրկված չեն օրինագծում, ինչպես օրինակ, գումարների վերադարձնելիությունը: Դրանց լուծմանը ևս պետք է հասնենք, և նոր մշակվող օրենքը պետք է լինի քաղաքացիների շահերին համապատասխան:

-Այսինքն՝ պայքարելու եք, որ նաև պետբյուջեից չանե՞ն այդ վճարումները:

-Այո՛, մենք դեմ ենք, որ այդ վճարումներն արվեն նաև պետբյուջեից, և այդ առումով այս պահի դրությամբ այդ խնդիրը մնում է չլուծված:

-Դավիթ, հակիրճ կձևակերպե՞ք, թե ինչպիսին է կուտակայինի նոր նախագիծը:

-Կարծում եմ՝ այդ նախագծով իշխանություններն ասում են՝  մի քիչ ձեզ, մի քիչ մեզ:

Լուս.՝ aravot.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter