HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հանքավայրերի շահագործումից հետո Հայաստանի տնտեսությունը կգոյատեւի կենսաթոշակային բարեփոխումների հաշվին

Հայաստանի պատվիրակությունն այս պահին գտնվում է Վարշավայում տեղի ունեցող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը, որը ֆինանսավորում է հանքարդյունաբերության, էներգետիկայի եւ այլ ոլորտներին վերաբերող նախագծեր։ Պատվիրակության անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը պատասխանեց «Հետքի» հարցերին՝ Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին Եվրոպական բանկի գնահատականի վերաբերյալ։ 

-Ի՞նչ նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցիք Վերակառուցման եւ զարգացման բանկի հետ բանակցությունների արդյունքում։

-Մենք շեշտեցինք, որ փոքր երկրների դեպքում՝ բանկն ավելի շատ ոչ թե ներդնի պետության միջոցով, քանի որ պետությունն ունի սահմանափակվածություն, այլ այդ ռեսուրսները մուտք գործեն կապիտալի մասնակցության ձեւով։ Սա շատ դրական կարող է ազդել, քանի որ երբ կապիտալ ձեռնարկությունների միջոցով է մտնում, դա արդեն կապիտալ ներհոսք է, ոչ թե պարտք։ Բացի այդ՝ բանկն արդեն դառնում է ստրատեգիական ներդրող, կորպորատիվ կառավարման սկզբունքներն իր մանդատի մեջ է մտնում։ Այն ձեռնարկություններում, որտեղ Եվրոպական բանկը մասնակցություն ունի, որակապես տարբերվում են մյուս ընկերություններից։   

Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում ահագին օգնելու են մեզ, որ մուտք գործենք կապիտալի շուկաներ՝ նրանով, որ գումար է գոյանալու, որով կկարողանանք բոնդեր գնել։ 

-Բայց երեկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետն իր զեկույցում նշել էր, որ Հայաստանի կառավարության նոր կազմը եւ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կարող են նվազեցնել մասնավոր ներդրողի վստահությունը երկրում։ 

-Ես ճիշտն ասած՝ չեմ կարդացել այդ զեկույցը։ Ոչ մի տնտեսագետ ու միջազգային կառույց երբեք չի հակազդել այն բանին, որ կապիտալի շուկաները եւ խնայողության ձեւավորումը չի նպաստելու տնտնեսության զարգացմանը։ 

-Բանկը ներդրողի անվստահությունը կապում է ոչ թե տնտեսական իրավիճակի, այլ Հայաստանում քաղաքական անորոշության հետ։ 

-Դե, տեսեք, քաղաքական երեւույթները միշտ էլ ազդում են տնտեսության վրա. դա անվիճելի հարց է։ Ներդրողներն իրենց տնտեսական վարքագիծը կառուցում են տեղեկատվությունների հիման վրա։ Ռուս-ուկրաինական իրադարձությունները մեր վրա չէին կարող չանդրադառնալ։ Առնվազն երկու ուղղությամբ Ռուսաստանի տնտեսությունը մեզ վրա կարող է անդրադառնալ. մեկը որ մեր պատրաստի արտադրանքի հիմնական մասը գնում է Ռուսաստան, իսկ արտաքին փոխանցումները կարող է ազդել, կարող է՝ ոչ։

-Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետի զեկույցում նշվում էր նաեւ, որ Ռուսաստանից եկող արտաքին դրամական փոխանցումները 2012-ից հետո նվազում են։

-Ես համաձայն չեմ, թվերն այլ բան են ասում։ Նայեք Կենտրոնական բանկի հրապարակած թվերը, դեռեւս արտաքին տրանսֆերների աճի տեմպերի էական նվազում չկա։ 

-Այսինքն՝ Կենտրոնական բանկի թվերը տարբերվո՞ւմ են Եվրոպական բանկի թվերից։

-Ես չգիտեմ, որպեսզի կարողանամ մեկնաբանություն տալ, պետք է զեկույցը կարդամ։ Դեռ չկարդացած այդ զեկույցը՝ չեմ կարող մեկնաբանել։

-Հայաստանի հանքավայրերը մոտ 25 տարվա կյանք ունեն, իսկ դրամական փոխանցումները նվազում են. ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի տնտեսական հեռանկարները։

-Այ հենց կենսաթոշակային բարեփոխումների հաշվին, որը խնայողություններ կձեւավորի, որն այդ միջոցները կտանի ավելի մրցունակ միջավայր։ 

-Այսինքն՝ հանքավայրերը շահագործելուց հետո պետք է անցում կատարեք մարդկայի՞ն ռեսուրսի շահագործմանը։ 

-Մենք ապրում ենք, որպեսզի մեր սպառումը մաքսիմալացնենք, ավելի պարզ՝ մենք ապրում ենք, որպեսզի կյանքից հաճույք ստանանք։ Իսկ հաճույք ստանալու մեջ ամեն ինչ մտնում է։

-Բացի կենսաթոշակայինը՝ այլ գաղափարներ չկա՞ն։

-Մենք հիմա ձեւավորել ենք նոր կառավարություն եւ քանի դեռ կառավարությունը որեւէ այլ նախագիծ չի ներկայացրել, ես որեւէ բան հայտարարել չեմ կարող։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter