HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Որպեսզի աճուրդը կատարյալ լիներ

Մասիսի քաղաքապետարանում այսօր մեկ ամիս առաջ հայտարարված 100 լոտ հողերի վաճառքն իրականացնելու օրն էր, ավելի ճիշտ, հողատարածքների վաճառքը ձեւակերպելու օրը, որն օրենսդրորեն աճուրդ են անվանել: Հայտարարված ժամին 15 րոպե կար, սակայն աճուրդն արդեն մեկնարկել էր: Այնուամենայնիվ, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը մի քանի րոպեով ընդհատեց վաճառքը եւ հարակից սենյակում ընդունեց ինձ: Քաղաքապետին հայտնեցի աճուրդին մասնակցելու իմ ցանկության մասին, իսկ նա ինձ հիշեցրեց, որ օրենքով աճուրդը փակ է եւ ոչ ոք իրավունք չունի սրահում լինելու, եթե հայտ չի ներկայացրել:

Հիմնավորումներս չհարգվեց, քաղաքապետն առաջարկեց հանդիպել երկու շաբաթից, միաժամանակ իմ ով լինելու հարցում հավաստիանալու համար պահանջեց ոչ թե լրագրողական վկայականը, այլ կազմակերպության գրացման վկայականը: Բնականաբար, ես անպատրաստ էի, մանավանդ որ իմ տասնամյակների գործունեության ընթացքում առաջին անգամ էր ինձ նման պահանջ ներկայացվում:

Քաղաքապետին հիշեցրի, որ երկու ամիս առաջ գրություն եմ ուղարկել աճուրդներին ծանոթանալու նպատակով, որն անպատասխան է թողնվել: Պրն Հակոբյանը մեր զրույցը սրանով ավարտված համարեց, սակայն աճուրդը դիտարկելու իմ ցանկությունը, քաղաքապետից անկախ, փորձեցի իրականացնել:

Ինձ ամենից շատ հետաքրքրողը միջանցքում խմբված մարդիկ էին` մի քիչ հուզված, մի քիչ ուրախ: Անհանգստություն չունեին, որովհետեւ «հաղթող» կամ «պարտվող» չէին, նույն տնից էին, հարազատներ, ընկերներ, մտերիմներ: Միասին գալիս էին, միասին հեռանում, գիտեին, թե ով ումից հետո է ներս մտնելու եւ ամենակարեւորը` ում հետ է ներս մտնելու: Ընդամենը պետք էր ներկայանալ քաղաքապետին, տվյալ դեպքում` աճուրդավարին: Ամեն 2-3 րոպեն մեկ մարդկանց խմբին քաղաքապետարանում հավաքած այրերը, անձնագրերի տրցակը ձեռքին ներկայանում էին հաշվապահություն, վճարում բոլորի մուտքավճարները, այնուհետեւ առաջնորդում քաղաքապետի մոտ: Մյուսներն անխռով սպասում էին քարտուղարուհու` «մտեքին»:

Աճուրդը միայն մեզ` լրագրողներիս համար էր փակ, քաղաքապետարանի աշխատակիցների եւ այլ անձանց ազատ ելք ու մուտքը չէր սահմանափակվում:

Քաղաքապետի քարտուղարուհուն հանկարծակիի բերեց մասնակցիներից մեկին ուղղված իմ հարցը. «Որտեղից ե՞ք տեղեկացել, որ աճուրդ է լինելու»: Երիտասարդ տիկինը զարմանքով լի հայացքն ինձ ուղղելով պատասխանեց` «քաղաքապետարանից են զգուշացրել»: Մեր կարճատեւ հարց ու պատասխանից քարտուղարուհին կորցրեց հանգիստը,  նա բոլորին դուրս հրավիրեց ընդունարանից, սակայն մեր ներկայությունն արդեն խախտել էր նրա անդորրը, ու նա անհանգստությունը փոխանցեց ներկաներին: Միջանցքում ու ընդունարանում խմբված մարդիկ զգուշացվեցին եւ սկսեցին անթաքույց զննել մեզ: 

Դրանից հետո, թերեւս աճուրդին օրինական տեսք տալու համար, մարդիկ ավելի երկար էին մնում քաղաքապետի աշխատասենյակում, սակայն առաջվա պես շարունակում էին մտնել խմբերով, անձնագրերի ու մուտքի վճարման անդորրագրերը ձեռքում հավաքած անձի գլխավորությամբ ու հեռանում նրա հետ միասին: Մոտ մեկուկես ժամ հետո սրահը դատարակվեց: Մեկ աշխատանքային օրում 100 լոտի ուղղիղ վաճառք կատարելն անգամ չափազանց ծանր աշխատանք էր եւ դժվար էր պատկերացնելը, ուր մնաց թե աճուրդ իրականացնելը:

Մեր ներկայությունն անբարենպաստ էր միայն մասնակիցներից մեկի համար, ով մյուսների նման  ինքնավստահ էր, որ «գումարը» մուծել էր, ու իր գործարքը կասկածի տակ չպետք է դրվեր, բայց չգիտես ինչու, քաղաքապետը պահանջել էր ապահովել նույն լոտի մյուս հայտատուի ներկայությունը: Տղամարդն իր մտերիմի հետ զրուցելով հեռացավ շենքից` վրդովված հայտնելով, որ «մեքենա պիտի բռնի գնա Արտաշատ «հայտատուին» բերելու, «թե չէ չի ձեւակերպում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter