HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հովիկ Աբրահամյանը վերցնում է իշխանությունը

Ընդամենը մեկ ամիս է, ինչ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, սակայն այնպիսի հետևողականությամբ է սկսել իր նախորդի գործունեության հետևանքների ու արդյունքների սրբագրումը, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե որդեգրել է բացարձակապես հակառակ քաղաքական ուղեգիծը:

Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փորձում է կայանալ առաջին հերթին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հաշվին և նկատի առնելով նրա թույլ տված տակտիկական սխալները: Վերջինս իր ոչ պոպուլյար որոշումներով ու քայլերով, որոնք պայթյունավտանգ ներհասարակական ու սոցիալական իրավիճակը բարելավելու փոխարեն ավելի էին խորացնում ճգնաժամը, այնպիսի բացասական իմիջ էր ձեռք բերել, որ իրենով մարմնավորում էր ողջ իշխանության նկատմամբ հանրային բացարձակ անվստահության և հակակրանքի խորությունն ու մասշտաբները: Նրա ֆոնին նոր վարչապետի ձեռնարկումները մատուցվում են որպես տիգրանսարգսյանական ճահճից դուրս գալուն ուղղված փրկարարական գործողություններ: Մինչդեռ դրանց մի զգալի մասը ոչ միայն բնույթով հետադիմական է, այլև նույնիսկ շատ ավելի վտանգավոր, քան այն, ինչ անում էր Տիգրան Սարգսյանը:

Իսկ ի՞նչ է անում այսօր Հովիկ Աբրահամյանը: Նշանակվելուց գրեթե անմիջապես հետո ԱԺ օլիգարխ պատգամավորների լոբբինգի ազդեցությամբ նա հրահանգեց վերացնել այսպես կոչված «շքեղության հարկը», որը մտցվել էր նախկին վարչապետի կողմից` իբրև պետության կողմից սոցիալական արդարության սկզբունքի պաշտպանության դրսևորում: Հիմնավորումը կարծես թե այն էր, որ այդ հարկատեսակն իր խնդիրը չէր լուծում ու որևէ արդյունք չէր տալիս: Եվ Հովիկ Աբրահամյանը որոշեց, որ այդ հարցի լավագույն լուծումը ոչ թե հարկատեսակի պրակտիկ կիրառության արդյունավետությունը մեծացնելու նոր մեխանիզմների ներդրումն է, այլ այն առհասարակ հանելը: Ուշադրություն դարձնենք` դրա պատվերն իջեցրեց ոչ թե հասարակությունը, պետությունը, այլ հայրենի օլիգարխիան:

Հաջորդ քայլը խոշոր կազմակերպությունների համար աուդիտը վերացնելու օրենսդրական նախաձեռնությունն էր, որով, փաստորեն, լիարժեք հնարավորությունններ ստեղծվեցին խոշոր ընկերությունների, կազմակերպությունների կողմից ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունների  հաշվառման պրոցեսն ավելի անվերահսկելի դարձնելու համար: Եվ քանի որ ստվերային ֆինանսական շրջանառությունները բնորոշ են հատկապես խոշոր բիզնեսին, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, փաստորեն, այս փոփոխությամբ ավելի թուլացրեց դրանց նկատմամբ պետության վերահսկողության սահմաններն ու լծակները: Գործադիրն այս դեպքում էլ առաջնորդվեց ցավող գլուխը այն կտրելով «բուժելու» տրամաբանությամբ: Իսկ թե ում էր դա ձեռնտու, թերևս, մեկնաբանության կարիք չունի:

Հաջորդ քայլը, որը ևս համարժեք հասարակական ընկալում չգտավ, արտահերթ և հապշտապ ռեժիմով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց, այսինքն` երկրի նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում ընդգրկելն էր, որով այդ պաշտոնատար անձանց հետ կապված պետական գրեթե ողջ գնումների մասին տեղեկատվությունը փասատցի դարձավ հասարակության համար անհասանելի: Կառավարությանը, հավանաբար, նյարդայնացնում էին մամուլում մերթընդմերթ հրապարակվող տեղեկությունները հատկապես մեկ անձից կատարված` ըստ էության անտրամաբանական թանկ գնումների մասին: Տվյալ դեպքում էականը ոչ այնքան մի քանի միլիոն դրամի ծախսումները հասարակության համար փակելն է, այլ հասարակական վերահսկողական գործառույթները սահմանափակելու ակնհայտ միտումը, որն օրինաչափություն դառնալու դեպքում կարող է շատ ավելի տխուր հետևանքների հանգեցնել: Օրինակ` մի գեղեցիկ օր Կառավարությունը կարող է որոշել «անվտանգության նկատառումներով» պետական գաղտնիք դարձնել նաև այդ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի գործունեության քիչ թե շատ չափելի դրական արդյունքներից մեկը հենց բյուջետային միջոցների շարժը, առհասարակ պետական փասատթղթաշրջանառությունը հնարավորինս թափանցիկ դարձնելն էր, որը, ահա, կարծես թե հայտնվել է նոր վարչապետի թիրախում: Ակնհայտ է, որ նման քայլերով մեծանում են կոռուպցիոն ռիսկերը թերևս ամենախոցելի ոլորտում`պետական գնումների համակարգում:

Սակայն Հովիկ Աբրահամյանի առայժմ հիմնական «գլուխգործոցը» օրերս այսպես կոչված գործարարների հավաքի անցկացումն էր, որտեղ վերջիններիս, ոչ ավել, ոչ պակաս` հրահանգեց հետայսու նորմալ վճարել հարկերը, այսինքն` ապրանքաշրջանառությունն ու դրամաշրջանառությունը զգալիորեն դուրս բերել ստվերից: Նա «գործարարներին» մեկուկես ամիս ժամանակ է տվել` գործերը, փաստաթղթերը կարգի բերելու, խաղի այս նոր կանոններով աշխատել սկսելու համար` սպառնալով հակառակ դեպքում լայնածավալ ստուգումներ անցկացնել նրանց պատկանող օբյեկտներում: Այսինքն` Հովիկ Աբրահամյանը, միմիայն գործարարների հետ հավաքային մակարդակով պայմանավորվածություններ ձեռք բերելով, ուզում է անել այն, ինչ չեն կարողացել անել պետությունն իր գոյության ողջ ընթացքում և բոլոր ժամանակների կառավարությունները: Ավելին, Հովիկ Աբրահամյանը համոզում է, որ իր խոսքը, փաստորեն, ավելի մեծ արժեք և ազդեցություն ունի, քան օրենքը, որին չենթարկվելը, փաստորեն, եղել էր նախկինում հաստատված և գործող խաղի կանոն: Մի կողմ թողնենք տնտեսական համաներում անցկացնելու վարչապետի մտադրությունը: Դա արդարացվում է այն ժամանակ, երբ պետությունը որոշում ամեն ինչ սկսել նոր էջից` հավասար սկզբունքներով: Մինչդեռ տվյալ դեպքում գործ ունենք բացառապես Հովիկ Աբրահամյան անձի և վարչապետի լծակներով օժտված օլիգարխի գործոնի հետ, ինչը նշանակում է, որ խոսքը ոչ թե առհասարակ ստվերային տնտեսությունը կրճատելու մասին է, այլ օլիգոպոլիաների կողմից թաքցվող, բյուջեն այսքան ժամանակ շրջանցած գումարների մի մասի հաշվին պետական դատարկ գանձարանը լցնելու, ինչն այլ կերպ, քան պարզապես ֆինանսական օգնություն կամ օլիգարխներից վերցվող պարտք չի կարելի համարել: Որովհետև եթե մի բան կարգավորվում է պարզագույն պայմանավորվածություններով ու հրահանգներով, այն կարող է նաև վերացվել նույն եղանակով, և որևէ երաշխիք չկա, որ եթե ոչ հենց Հովիկ Աբրահամյանը, ապա նրա հաջորդը կարող է նույն օլիգարխների հետ պայմանավորվել` մեծացնելու ստվերը, օրինակ` որպես այսօր վերցվող պարտքի վերադարձման տարբերակ: Հիմա պետք է ուղղակի հետևել, թե ինչպես են օլիգարխ-վարչապետն ու ֆինանսների օլիգարխ նախարարը մտնելու իրենց սեփական, ինչպես նաև` իրենց հետ փոխկապակցված անձանց` խնամի-զարմիկների գրպանները` դատարկված բյուջեն լցնելու ժամանակավոր խնդիրը լուծելու համար: Անկասկած, հետաքրքիր թատերական ներկայացում է սպասվում:

Ինչևէ, երբ այս միջոցառումներն ու գործողություննները դիտարկում ենք մեկ շղթայի շրջանակում, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Հրապարակային մակարդակով հնչում են ամբոխահաճո հայտարարություններ, սակայն դրանք ուղեկցվում են բացառապես հասարակության մեկ շերտի` օլիգարխիայի շահերը սպասարկող կոնկրետ ընթացակարգերով: Անգամ «գործարարներին» քամելու այս նախաձեռնության տակ հեշտությամբ կարելի է տեսնել ստվերային գործունեությունը լեգիտիմացնելու ակնհայտ միտում: Որովհետև որ չափով ստվերային միջոցները բերվեն հարկային դաշտ, մնացած չափով դրանք մնալու են գործարարներին, և պետությունն այդ մասով նրանց այլևս չի անհանգստացնելու:

Պետք է խոստովանել, որ այս գործողություններով Հովիկ Աբրահամյանն ապացուցում է իր` հեռատես քաղաքական ֆիգուր լինելու հանգամանքը: Որովհետև դրանք փաստացի ուղղված են օլիգարխիային, այսինքն` իշխանության վերարտադրման ամենալուրջ ռեսուրսն ունեցող շրջանակին ազատության, իշխանության վրա ներգործելու որոշակի քվոտաներ տրամադրելով իրեն ենթարկելուն: Իսկ սա այլ կերպ, քան աստիճանաբար իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելուն ուղղված գործնական քայլ չի կարելի անվանել: Իշխանությունը Հովիկ Աբրահամյանին ժառանգելու գործընթացը, այսպիսով, ընթանում է լայն թափով: Նոր վարչապետն ընդամենը ամիսների ընթացքում անում է այն, ինչ Տիգրան Սարգսյանը չկարողացավ պաշտոնավարման ամբողջ վեց տարիների ընթացքում. ստեղծել այնպիսի քաղաքական կապիտալ, որը թույլ չէր տա այդքան հեշտությամբ ազատվել վարչապետից և նրան վերածել քավության նոխազի:

 

 

Մեկնաբանություններ (1)

The Truth
owners of Luxury care like to have right of way always or extra street line (because we saw what happened shortly in central Yerevan ), a new hotel and cafe attached to Garni Temple and so on, most probably H.A. will take care of all these issues too - .. And the next steps would be a law allowing 10 or 12 year kids to drink vodka, new laws which would allow complete destroying of lack Sewan and environment - everything is possible since due to lack of a system of check and balance there is no control

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter