HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Պատմության լավագույն վոկալիստները. Ռոբերտ Փլանթ

Փլանթ և Led Zeppelin

«Երբ ես փոքր էի, Ծննդյան Տոներին սովորություն ունեի թաքնվելու վարագույրների հետևում, որտեղ ինձ Էլվիս էի երևակայում: Ես ընդամենը տասը տարեկան էի և այդ վարագույրների ու ֆրանսիական պատուհանների միջև ինձ համար որոշակի  մթնոլորտում և մի տեսակ ուրիշ ձայնով շրջապատված էի զգում. ես միշտ երազել եմ վարագույր լինել կամ գոնե մի քիչ դրան նման»,- այսպես էր դրսևորվում երաժշտության հանդեպ ունեցած ձգտումը ռոքի ապագա հսկաներից մեկի` Ռոբերտ Փլանթի կյանքում: Նրա անունը մի մեծ ու հարուստ ճանապարհ է ուղղորդում ռոք երաժշտության և նրա զարգացման պատմության մեջ եւ մինչ օրս շարունակում է սերունդներ ձևավորել այս ասպարեզում:

Անգլիացի երգիչ, երաժիշտ և երգահան Ռոբերտ Փլանթն ունեցավ փայլուն սոլո կարիերա, բայց երաժշտության պատմության մեջ նա առավելապես հայտնի կմնա որպես լեգենդար «Led Zeppelin» խմբի մեներգիչ:

Նրա ձայնի առանձնահատկությունը միայն հզորությունը չէր, այլ հնչողության տեսակը և այն անսահման հնարավորությունը, որով նա խաղում էր մեղեդու հետ: Ռոբերտ Փլանթի ձայնը այցեքարտային էր և՛ խմբի և՛ առհասարակ իր հինգ տասնամյակի հասնող գործունեության մեջ, որի համար նա համարվում է ռոքնռոլի պատմության լավագույն երգիչներից մեկը:

Շատ հանրահայտ արտիստներ են խոստովանել, որ Փլանթի ֆենոմենը և «Led Zeppelin» խմբի գործունեությունը անմիջական ազդեցություն են թողել իրենց վրա` ոգեշնչելով և որոշիչ դեր խաղալով սեփական ստեղծագործական ուղին հարթելիս: Նրանք են` Ֆրեդի Մերկուրին, Էքսըլ Ռոուզը, Քրիս Քորնելին, Սթիվեն Թայլերը, Ջեֆ Բեքլին, առավել երիտասարդներից և հենց մեր օրերում ծնված՝ Ասաֆ Ավիդանը և ուրիշներ:

«New Musical Express» ամսագրի տվյալներով՝ բոլոր ժամանակների լավագույն երգիչների ցանկում նա զբաղեցրել է 7-րդ տեղը:  

«Իմ կյանքի գերագույն հաճույքն է՝ դուրս գալ բեմ և ուղղակի երգել»

Մինչ հայրը մտածում էր որդուն` Էդուարդ 6-րդ Արքայի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Ռոբերտին, հաշվապահական ուղղությամբ մասնագիտացնել, տղան արդեն տարվել էր Էլվիս Փրեսլիի ռոքնռոլով և Ուիլլի Դիքսոնի, Ռոբերտ Ջոնսոնի, Սոնի Բոյ Ուիլիամսոնի բլյուզով։ Փլանթն ի վերջո որոշեց նվիրվել երաժշտությանը։ Նա կիսատ թողեց ուսումն ու դուրս եկավ դպրոցից․ «Կարծում եմ՝ ես ավելի շատ  հետաքրքրված էի նամականիշների իմ հավաքածուով և ռոմանո-բրիտանական պատմությամբ»,- այդ մասին հիշում է երգիչը։

Հայտնվելով ծննդավայրի` բիրմինգհեմյան երաժշտական միջավայրում՝ նա ծանոթացավ նոր անունների հետ և սկսեց անհագորեն կլանել երաժշտական նոր ժանրեր` ջազ, սոուլ և արևելյան մեղեդիներ` մասնավորապես հնդկական:

«Ես տնից հեռացա, երբ դեռ 16 տարեկան էի։ Սկսեցի զբաղվել իմ երաժշտական կրթությամբ`տեղափոխվելով խմբից խումբ, խորացնելով իմացությունս բլյուզի և բոլոր այն ժանրերի մեջ, որոնք կշիռ ունեին և արժեր լսել»,- հարցազրույցներից մեկում պատմում է Ռոբերտ Փլանթը: Տեղական մի քանի խմբերի հետ հանդես գալուց հետո (այդ թվում՝ «Crawling King Snakes»-ի, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացավ թմբկահար Ջոն Բոնհեմի հետ), Փլանթը վերջապես հայտնվեց «Band of Joy»  խմբում (որն ավելի կայացած էր այդ տարիների երաժշտական փոքր միջավայրում):

Երգչի կյանքում շրջադարձային եղավ 1968թ. ամառը, երբ 60-ականներին արդեն հայտնի կիթառահար Ջիմի Փեյջը և մենեջեր Պիտեր Գրանտը, «Yardbirds» լոնդոնյան խումբը կազմալուծվելուց փրկելու համար, նոր մեներգչի և թմբկահարի էին փնտրում: Նրանց տեսադաշտում Թերի Ռեյդն էր, ով պարզվեց երեք տարվա պայմանագիր էր արդեն կնքել մեկ այլ խմբի հետ: Մերժելով նրանց առաջարկը` հենց այս երգիչն էլ խորհուրդ տվեց լսել Փլանթին: Հետևելով Թերիի խորհրդին` Փեյջի և Գրանտի քայլերն ուղղվեցին դեպի Բիրմինգհեմի մանկավարժական քոլեջը, որտեղ այդ երեկո հանդես էր գալու Ռ. Փլանթը` «Obs-Tweedle» խմբի հետ:

Տպավորությունը ցնցող էր, և նոր վոկալիստն արդեն գտնվել էր։ Ճիշտ նույն երեկոյի ընթացքում, միմյանցից տպավորված, հիմք դրվեց ոչ միայն գործնական մի մեծ և խոստումնալից համաձայնության, այլև ռոքի ապագա երկու մեծությունների` Ջիմի Փեյջի և Ռոբերտ Փլանթի մտերիմ ընկերությանը:

«Երբ լսեցի՝ ինչպես է երգում, անմիջապես մտածեցի, որ այս մարդն անհատական խնդիրներ ունի կամ էլ չի աշխատել այս ուղղությամբ։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ (իհարկե հետո Փլանթը ասաց ինձ, որ ընդամենը մի քանի տարի էր, ինչ երգում էր), թե ինչու այսպիսի երգիչը դեռևս անհայտ անուն է»,- ասում է Ջիմի Փեյջը:

Ջիմին նրան իրենց մոտ հրավիրեց` պարզապես մի քանի հարց ճշտելու, որից հետո ընդհանուր համաձայնության եկան։ Փլանթն իր հերթին փնտրվող թմբկահարի դերում առաջարկեց Ջոն Բոնհեմին և նոր կազմով «The New Yardbird»-ի սկանդինավյան շրջագայությունից հետո ծնվեց խմբի նոր անունը` «Led Zeppelin»։ 1968թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ նրանց առաջին համերգը:

«Led Zeppelin»-ի կազմում Փլանթին մեծ հաջողություններ էին սպասվում: Որպես  առաջնորդ-մեներգիչ՝ նա նաև կարողացավ ձևավորել 1970-ականների  ռոքնռոլի խարիզմատիկ առաջնորդի կերպարը՝ համալրելով երաժշտական «երևույթների» շարքը, որտեղ իրենից առաջ հաստատված էին արդեն Միք Ջագերը` որպես «Rolling Stones»-ի, Ջիմ Մորիսոնը` «The Doors»-ի խորհրդանիշ:

Երկար, գանգուր ու շիկավուն մազերով, բաց կրծքով հագուստներ կրող այս երգիչն իր հայտնությամբ ստեղծեց նոր արքետիպային կերպար` «ռոքնռոլի արքա», «ռոքի արքա» բնորոշումներով: Բեմում Փլանթն աչքի էր ընկնում ոչ միայն արտաքինով, այլև իր ակտիվ ու կենդանի պահվածքով`մերթընդմերթ պարելով, երաժշտության տակտերին համահունչ  ցատկերով, խոսքի որևէ հատվածի կամ երաժշտության կարևոր մասի վրա ուշադրություն հրավիրող ժեստերով` որոնք բուռն էին, էմոցիոնալ և հաճախ շատ համարձակ:  

Ռ. Փլանթը խմբի մյուս անդամների հետ նաև հանդիսանում է 70-ականների բեմական արտաքինի ներկայացուցիչը` կրելով կոլորիտային, ավելի վառ գույներով ու տարբեր համադրումներով հագուստ, զարդեր, դրանով իսկ ձևավորելով ու ինչ-որ տեղ պայմանավորելով ժամանակի տեսքը:

«Led Zeppelin»-ի համերգներին, ինչպես նշեցի,  նա հաճախ էր հանդես գալիս մերկ կրծքով և դա երգչի վրա էժան չնստեց. 1974 թ. «Rock Scene» ամսագրի ընթերցողները նրան հեռակա կարգով արժանացրեցին «Ռոքի լավագույն կուրծքը» մրցանակին, ինչի առիթով Փլանթը ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը, բայց պետք է խոստովանեմ, որ իմ կրծքի թեմայի շուրջ ես այնքան էլ պերճախոս չեմ»:

Համերգները պարզապես ներծծված էին փլանթային անկրկնելի իմպրովիզացիաներով, ստեղծելով բոլորովին նոր, առանձին ծնված տողեր, հաճախ` վերածվելով երգի մեջ նոր երգի, դրանք անպայման զուգորդվում էին Փեյջի կիթառի երկխոսությամբ: Փլանթը անգերազանցելի վարպետ էր նաև կիթառի ձայնը նմանակելու մեջ, որով ուղեկցվում էին երաժշտական առանձին կտորները («How Many More Times», «Dazed and Confused», «You Shook Me», «Nobody's Fault But Mine», «Sick Again»):

   

Ռոբերտ Փլանթը հանդիսանում է նաև խմբի երգերի մեծ մասի հեղինակը, սակայն այս փաստը թույլ չի տալիս նրան վերագրել գլխավոր երգահանի դերը: Նրա հեղինակած «Thank You»-ն, որը թողարկվեց խմբի 2-րդ ալբոմում, նվիրված էր կնոջը` Մորինին:

Ջիմի Փեյջի վկայությամբ` ինքը հենց այդ երգից հետո վերջնականապես համոզվեց, որ այսուհետ «Led Zeppelin»-ը  նաև խոսքերի մասով խնդիր չի ունենալու:

Փլանթի տեքստերը հիմնականում լի էին միստիկ, փիլիսոփայական և հոգևոր ակնարկներով, դրանցում ակնհայտ էր նրա ազդեցությունը ժամանակակից և դասական  պոետներից, ինչպես նաև արձագանքները ժամանակի քաղաքական-մշակութային իրադարձությունների։

Շարունակությունը



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter