HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եվրոպական փակուղին

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծին միանալու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո Հայաստանի համար ստեղծված փակուղին վերանալու նշաններ ցույց չի տալիս: Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի երկարամյա շրջափակումն աշխարհագրական է, ապա այժմ ստեղծված իրավիճակը թերեւս կարելի է անվանել միջազգային հարաբերություններ հաստատելու փակուղի:

Այդ փակուղու ստեղծման մեջ իրենց պատասխանատվության բաժինն ունեն հարաբերությունների բոլոր կողմերը.

  • Եվրոպական Միությունը, որը նախ սխալ հաշվարկեց Ռուսաստանի ռեակցիան Արեւելյան գործընկերության ծավալմանը, ապա՝ ուղղակի-անուղղակի նպաստեց, որ այն անհարկի աշխարհաքաղաքական առճակատման բնույթ ստանա ու դրանով մեծացրեց Ռուսաստանի վախերը, այնուհետեւ՝ ընտրության առջեւ կանգնեցրեց Ռուսաստանին դիմադրելու անունակ, ավելին՝ նրանից մեծապես կախված երկրներին, վերջապես՝ հանուն ասոցացման համաձայնագրերի բանակցման ու ստորագրման՝ աչք փակեց իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպի, ընտրությունների կեղծման վրա, որոնք ռեժիմների վրա ճնշումներ գործադրելու հավելյալ լծակ դարձան Կրեմլի համար:
  • Ռուսաստանը, ով ազգային շահերի շանտաժով ոչ միայն լրջագույն խնդիր ստեղծեց ԱլԳ անդամ երկրների համար ու մեծացրեց իր հանդեպ թշնամանքն ու հակառուսական տրամադրությունները, ինչը կարող է երկարաժամկետ կտրվածքով կուտակվել ու ժայթքել ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, այլեւ սկզբունքորեն նույնիսկ դեմ է դարձել ԵՄ-ի հետ մաքուր տնտեսական հարաբերություններին (նախկինում նա դեմ չէր ԵՄ-ի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորանալուն) եւ նրանցից շատերին դրդում է ավելի արագ ընթանալ դեպի ՆԱՏՕ: Իր իսկ համար Ռուսաստանի ստեղծած լրջագույն խնդիրների (պատժամիջոցներ տնտեսության տարբեր ճյուղերում, կապիտալի սպասվող արտահոսք երկրից ու տնտեսական անկման վտանգ եւ այլն) խոսելն ավելորդ է:
  • Հայաստանը, որի կեղծված ընտրություններն ու բոլոր նախագահությունների ժողովրդավարական դեֆիցիտը ավելի շատ են խժռել նրա անկախության եւ անվտանգության ռեսուրսները, քան թե անգամ ղարաբաղյան չլուծված հակամարտությունը. Հայաստանի ռազմակավարական ակտիվները (հեռուստահաղորդակցություն, էներգետիկ կարողություններ, երկաթուղի, ռազմավարական նշանակության ձեռարկություններ) հանձնվել են «դրսին»՝ հիմնականում ռուսական կողմին իշխանության վերատադրության կամ պահպանության, քան թե այդ ոլորտները զարգացնելու կամ ԼՂ-ի հարցում ռազմա-քաղաքական աջակցություն ստանալու դիմաց: Չլիներ Հայաստանի ժողովրդի խայտառակ չափերի հասնող արտագաղթը կամ գործազրկությունը, իրավազուրկ վիճակը, Մոսկվան ճնշման այսքան մեծ լծակներ չէր ունենա Հայաստանի վրա: ԱլԳ մյուս անդամ երկրների սխալների մասին չխոսենք, քանի որ թեման բացառապես Հայաստանին է վերաբերում: 

Եւ այժմ ստեղծվել է անհեթեթ վիճակ, երբ Հայաստանի հարաբերությունները պարզապես խցանվել են:

Ո՞վ ստեղծեց Հայաստանի փակուղին եւ ինչո՞ւ

Երեւանի հետ իր հարաբերությունները շարունակելու համար Բրյուսելը ինը ամիս է, ինչ սպասում է պատասխանի, թե նա ի՞նչ ծավալով, խորությամբ եւ ո՞ր ոլորտներում է նոր պարտավորություններ ստանձնելու Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը միանալու արդյունքում: Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիայի առաջին մակարդակին՝ Մաքսային միությանն բազմիցս առկախվեց. նախ Բելառուսն ու Ղազախստանը տարբեր հերթականությամբ առարկեցին ղարաբաղյան հակամարտության կամ Հայաստանի պարտավորությունները ամբողջությամբ կատարած չլինելու պատճառաբանությամբ: Ապա, Երեւանն ինքը սկսեց գիտակցել, որ դա կարող է ավելի շատ տնտեսական ու քաղաքական վտանգներ բերել իր համար, քան թե անվտանգություն (այս մասին շատ ենք գրել):

Նույն կերպ առկախված է նաեւ եվրասիական ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակին Հայաստանի միանալու հարցը. Տրոյկան՝ Ռուսաստանը,Ղազախստանը, Բելառուսը իրենք են դժվար համաձայնությունների գալիս այդ միության բնույթի (քաղաքական, թե՞ տնտեսական), վերպետական կառույցի լիազորությունների, իրենց համար կարեւոր ապրանքատեսակների մաքսադրույքների սահմանման հետ կապված: Արդյունքում, ինչպիսին էլ լինեն պատճառները, չեն ուրվագծվում ոչ Մաքսային միության շրջանակներում, ոչ էլ ստեղծվելիք Եվրասիական միության կազմում Հայաստանի ստանձնելիք պարտավորությունների թե’ բնույթը, թե’ խորությունը, թե’ ծավալը:

Կարելի է ենթադրել, որ այս ամենը ինչ-որ առումով ձեռնտու է Ռուսաստանին. Հայաստանին ներգրավված պահելով եվրասիական ինտեգրացիոն նախագծում՝ առանց հասանելի դարձնելու վերջնանպատակը, կանխվում է ԵՄ-ի հետ նոր հարաբերությունների մեջ մտնելու նրա հեռանկարը: Հնարավոր է, որ Ղազախստանի ու Բելառուսի՝ միմյանց հաջորդող առարկությունները Հայաստանի անդամակցության վերաբերյալ կա’մ Ռուսաստանի խաղն են, կա’մ նրա հաշվարկը:  

Հավասարապես բացառելի չէ նաեւ այն, որ որքան էլ Ռուսաստանը ցանկանա կատարել Հայաստանին տված իր խոստումը (արագացնել նրա միանալը եվրասիական ինտեգրացիային), այդուհանդերձ այդ առումով լուծման կարոտ խնդիրները բարդ են եւ ինչ-որ տեղ վեր նրա ուժերից, կամ էլ՝ այս պահին ոչ ամենեւին առաջնահերթություն:

Ինչ էլ որ լինի պատճառը, որքան էլ դրա ստույգ պարզաբանումը կարեւոր լինի, արդյունքը միանգամայն գոհացուցիչ է Կրեմլի համար. Հայաստանի հայացքը հառած է դեպի հյուսիս, որի հետ հարաբերությունների որոշակիացումից էլ կախված կլինի Արեւմուտքի հետ իր հետագա հարաբերությունների որոշակիացումը: Հետեւաբար, ստեղծվել է մի արատավոր շղթա, որից Հայաստանը չի կարողանում դուրս գալ:

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով Երեւանի հետ համագործակցության ռիսկերը Բրյուսելի համար

Անցած տարի նոյեմբերին Վիլնյուսում ԱլԳ գագաթաժողովում հնարավոր դարձավ ընդամենը թվարկել այն ոլորտները, որտեղ ԵՄ-ը եւ Հայաստանը կարող են մտածել համագործակցության նոր պայմանագիր մշակելու մասին: Թվում է, թե գոնե այդ ոլորտների հիշատակումը կարող էր առաջ շարժվելու հնարավորություն ստեղծել: Դրանք նաեւ հիշատակեց մայիսի 12-13-ին Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Օլանդը` Սերժ Սարգսյանի հետ միասին ցանկություն հայտնելով տեսնել «Հայաստան-ԵՄ ասոցացման» հատուկ մոդելը, որի ուղղությունները կլինեն մարդու իրավունքները, քաղաքական երկխոսությունը եւ ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցությունը:

Սակայն, անգամ այս ոլորտներում իրավիճակը պարզ չէ: Ավելի ստույգ՝ ԵՄ-ը վստահ չէ, որ եվրասիական նախագծի շրջանակներում ինտեգրացիայի խորացման դեպքում Եվրասիական միության վերպետական կառույցը չի ներխուժի այդտեղ: Վերջին հաշվով, այդ միության մաս են կազմում երեք այնպիսի երկրներ, որոնք լրջագույն խնդիրներ ունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում եւ հաճախ են դառնում կոշտ քննադատության թիրախ Արեւմուտքի համար:

Դրան ի պատասխան՝ Բելառուսն ու Ռուսաստանը ոչ միայն ավելի ու ավելի շատ են խոսում եւ մեղադրում Արեւմուտքին՝ այդ խնդիրների քողի տակ իրենց երկրներ «սադրիչ ներթափանցման», «մայդաններ ու գունավոր հեղափոխություններ կազմակերպելու» մեջ, այլեւ դիմում են կոնկրետ հակաքայլերի: Արժե նշել, որ վերջին տարիներին այդ դաշտում տեղի ունեցած օրենսդրական ու գործնական զարգացումների միտումները չեն կարող չմտահոգել Արեւմուտքին եւ հաշվի չառնվել նրա կողմից՝ Երեւանի հետ հարաբերությունները վերսկսելու առումով:

Այսպես՝ Ռուսաստանը 2012թ. վերանայել է «Ոչ առեւտրային կազմակերությունների մասին» օրենքը, եւ ըստ կատարված փոփոխության՝ «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն ՀԿ-ները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» եւ ֆինանսավորվում են դրսից: Ռուսաստանյան եւ միջազգային հատկապես իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները սուր քննադատության ենթարկեցին Կրեմլի այդ օրենսդրական նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն ուղղված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ:

2014թ. ապրիլի 12-ին Երեւանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, թե Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին: Իսկ այս ամսվա սկզբին Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, մասնավորապես հայտարարեց. «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»: 

Եթե սրան էլ հավելենք այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի միջեւ 2013թ. նոյեմբերի 6-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով էլ Հայաստանը պարտավորվել է «պահպանել Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք դեմ կլինեն Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի շահերին», ապա պատկերն ամբողջական է դառնում:

Ստացվում է, որ ժողովրդավարության կարեւոր ինստիտուտները՝ քաղաքացիական շարժումները, հասարակական կազմակերպությունները, անգամ՝ քաղաքական կուսակցությունները, նաեւ՝ քաղաքական ու քաղաքացիական հիմնարար իրավունքները կարող են կասկածի տակ դրվել, եթե դրանք դուր չգան Մոսկվայի, ընդհուպ՝ Երեւանի իշխանություններին:    

Հնչեցված հայտարարությունները բոլորի համար ակնհայտ են դարձնում, որ անգամ մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառներում երկարաժամկետ ցանկացած հարաբերություն Բրյուսելի ու Երեւանի միջեւ, այդ թվում այդպիսի լուրջ ծրագրերի ֆինանսավորում կարող է ապարդյուն լինել, քանի որ Մոսկվան կարող է մեկ օրում ուղղակի զրոյացնել այդ ծրագիրն ու նրա ձեռբերումները, օրինակ, պարտադրելով փոխել հասարակական եւ ոչ առեւտրային կազմակերպությունների օրենսդրությունը, ինչպես այժմ ակնարկվում է: Բացառել չի կարելի, որ ռուսական կողմի այս հայտարարությունները ոչ միայն նախազգուշացում են Երեւանին՝ նրան պարտադրելով անցում կատարել հակաժողովրդավարական գործելակերպի դաշտ, այլեւ հերթական հնարք՝ վախեցնելու Բրյուսելին վերսկսել իր բանակցությունները Հայաստանի հետ այդ բնագավառում:

Քաղաքական երկխոսության ու տնտեսության բնագավառում Երեւանի հետ համագործակցության ռիսկերը Բրյուսելի համար

Քաղաքական երկխոսության մասով իրավիճակը նույնպես խրթին է: Պաշտոնական Երեւանը, որ ամիսներով պնդել է Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու թեզի վրա եւ այժմ էլ ցանկություն է հայտնում ստանալ նման հատուկ առաջարկ, արդեն ինքն է շատ լուրջ ազդանշաններ ուղղարկել Բրյուսելին, որ իր հետ հույսեր չեն կարող կապվել նաեւ այդ բնագավառում: Թերեւս, Ղրիմի ճգնաժամն ու դրա կապակցությամբ Հայաստանի որդեգրած դիրքորոշումը դրա վառ ապացույցն են:

Այս առումով չափազանց խոսուն է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեփան Ֆյուլլեի մարտի 24-ին գնահատականը. «Ասոցացման համաձայնագիրը մի շարք ոլորտներում դիրքորոշումների քաղաքական նույնության եւ մերձավորության յուօրինակ ազդանշան է: Բայց մենք տեսնում ենք, որ, օրինակ, Հայաստանը այժմ պաշտպանել է Ղրիմում ռուսական քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այդ երկիրը դժվար թե ապավինի, թե կդասվի Ուկրաինայի հետ նույն շարքում»:

Քաղաքական երկխոսության ծրագրերի նպատակներից մեկը երկուստեք կարեւոր հարցերում ընդհանուր դիրքորոշումների ձեւավորումն ու միասնաբար հանդես գալն է: Եւ եթե նման խնդրով Հայաստանն արդեն այլ ազդանշան է ուղարկում Բրյուսելին, ապա պատահական չէ Շտեֆան Ֆյուլլեի գնահատականը Հայաստանի մասին որպես «այլ լիգայում խաղացող»: Ավելին, Բրյուսելը տեսնում է, որ վերջին տարիներին Մոսկվան է Երեւանին ստիպում իր հետ համաձայնեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումները ու հաջողության է հասնում այդ «երկխոսության» մեջ: Դրա վերաբերյալ 2011թ. աշնանը թե’ միջպետական պայմանագիր է ստորագրվել  Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, թե նաեւ պարբերաբար հաստատվում են այդ ոլորտում համագործակցության միջնաժամկետ ծրագրեր: Վերջերս նման մի ծարգիր էլ հաստատվեց Բելառուսի ու Հայաստանի միջեւ, երբ ՀՀ ԱԳ նախարարը այցելեց Մինսկ:

Ճիշտ է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանի բազում ելույթներում ինքն էլ սկսեց անուղղակի մեղադրել, որ ԱլԳ անդամ երկրները միասնական չեն եղել իր համար կենսական կարեւորության խդիրներով, եւ նրանք էլ Հայաստանի հանդեպ գործել են նույն մեղքը, դրանից իրավիճակը չի փոխվում: Փաստացի, հնչող փոխադարձ մեղադրանքները ոչ մի կերպ կանաչ լույս չեն վառում «քաղաքական եկխոսության» բաղադրիչի համար:

Տնտեսական ոլորտում համագործակցության մասին խոսելն ավելորդ է: Այն բանից հետո, երբ Բրյուսելը Երեւանին բազմիցս հստակ հասկացրեց, որ Հայաստանը միաժամանակ չի կարող գտնվել երկու տարբեր մաքսային ռեժիմներում ու ազատ առեւտուր ունենալ իր հետ, Հայաստանն էլ նրան հստակ «ազդանշան» ուղարկեց, որ այդ դեպքում իրեն հետաքրքրում է միայն ասոցացման «քաղաքական մասը»: Դրան գումարվում է նաեւ այն, որ Հայաստանը դեռեւս ինքը չգիտի, թե ինչպես է անցում կատարելու ավելի բարձր (2-3 անգամ) մաքսադրույքներով Մաքսային միության պրոտեկցիոնիստական շուկա եւ ի՞նչ է լինելու, երբ շեղվի ազատական տնտեսության եվրոպական ստանդարտներից:

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը փորձեց նաեւ տնտեսական շահագրգռություններ ստեղծել եվրոպական կողմի համար, ասելով, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը պատուհան կստեղծի օտարերկրյա ընկերությունների համար իր միջոցով 200 միլիոնանոց շուկա մուտք գործելու համար, ինչպես նաեւ օգտվելու այն զեղչերից (30 տոկոս), որոնք ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է վառելիքի, գազի, բենզինի եւ այլն hումքի համար. «Մաքսային միության հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանը՝ որպես ներդրումային միջավայր, ավելի գրավիչ է դարձնում: <...> Այսօր Հայաստանը օգտվում է նաեւ արտոնությունների ընդհանուր համակարգից, GSP+-ը, եւ ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանն օգտվելու 700 միլիոնանոց շուկայից, իսկ սա, կարծում եմ, կարեւոր հանգամանք է: <...> Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել ու նաեւ մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: Մաքսային միությանն անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում»:    

Սակայն, արդյո՞ք միամիտ է եվրոպական կողմը, որ հավատա, թե դեպի Մաքսային միության 200 միլիոնանոց շուկա օտարերկրյա ընկերությունների մուտքի թույլտվություն որոշողը Երեւանն է: Այն էլ՝ այնպիսի շրջանում, երբ Արեւմուտքը եւ նույն Ֆրանսիան են պատժամիջոցները խստացնում ռուսական տնտեսության տարբեր ճյուղերի ու ընկերությունների համար: Ինչո՞վ կարող է եվրոպական կողմը վստահ լինել, որ համարժեք սանկցիաներ չի կիրառի իր ընկերությունների համար, եթե անգամ հավատա ՀՀ նախագահի այս առաջարկին, որ Երեւանով կապվելու է ռուսական, բելառուսական ու ղազախական շուկաներին:

Թերեւս Ֆրանսիայի նախագահի այցը եւ նրա արած հայտարարություններն ավելի շատ Ֆրանսիա-Հայաստան երկկողմ տնտեսական գործարքներ կնքելու նպատակ էին հետապնդում, քան թե արտացոլում ԵՄ դիրքորոշումը եւ ռեալ հնարավորություններն այդ հարցում: Դա փաստարկելու համար շատ ծանրակշիռ ապացույցներ պետք չեն ու բավական է նայել, թե նախագահ Օլանդն ինչ պայմանագրեր է կնքել Բաքվում, Երեւանում եւ Վրաստանում: 

Ամփոփելով վերլուծվածը, թերեւս պետք է արձանագրենք, որ Հայաստանի համար ստեղծվել են բարդագույն խնդիրներ եւ անորոշություններ բոլոր առանցքներով: Մի կողմից Ռուսաստանի խաղը, մյուս կողմից Երեւանի համար օբյեկտիվ խնդիրների ու մտահոգությունների բարդությունը թույլ չեն տալիս Հայաստանին հասկանալու իր նոր պարտավորությունների ծավալն ու խորությունը Մաքսային միության, ապագայում նաեւ Եվրասիական միության առջեւ:  Անգամ այն ոլորտներում, որոնք չեն ընկնում Մաքսային միության տիրույթի մեջ (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլն), որոշակիացումներ մտցնելու մարտահրավերներ կան. ռուսական կողմի հայտարարություններն ու թափանցիկ ակնարկները ստիպում են եվրոպական կողմին զգուշանալ նաեւ այդ ոլոտներում համագործակցության հաստատումից:

Գործել սպասելու փոխարեն

Բրյուսելը իր սպասելու մասին հերթական անգամ հիշեցրեց մայիսի 15-ին: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին ասաց. «Մենք սպասում են մեր հայ գործընկերներին, որոնք պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի մենք կարողանանք անցնել հաջորդ փուլ եւ քննարկել հարաբերությունների նոր իրավական հիմքերը»,»

Տպավորություն է, որ Սերժ Սագսյանն այնքան է հոգնել այս ամենից, որ արդեն իր համար միեւնույնն է, թե ինչ անվանումով փաստաթուղթ կստորագրվի ԵՄ-ի հետ եւ ի՞նչ խորությամբ համագործակցության մասին: Թերեւս նրա քայլերից եվրոպական դիվանագետների ունեցած տպավորության ապացույց է դառնում մայիսի 16-ին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հայտարարությունը. «Պետք է որոշակիացնել, թե ի՞նչ է պետք Հայաստանին ու ԵՄ-ին ՝ միայն փաստաթո՞ւղթ, թե՞ պարունակությունն ու ասոցացումը: <...> Խնդիրն այն էր, Հայաստանը դեռ ՄՄ անդամ չէ ու չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է համագործակցել եւ որ կետերն են իր համար ընդունելի»:

Դեսպանը նաեւ անուղղակի անդրադարձել էր հակաեվրոպական տրամադրություններ հրահրողներին, նշելով թե Արեւելյան գործընկերության դեմ խոսում են նրանք, ովքեր ցանկանում են, որ Արեւելյան պետությունների գործակցությունը ԵՄ հետ կասեցվի՝ «Դա ակնհայտ է»: Նա նաեւ փորձեց նվազեցնել ԱլԳ-ի աշխահաքաղաքական ուղղվածության մասին մտահոգությունները. «Արեւելյան գործընկերությունը մի առաջարկ էր, որը պետք է սերտացներ ԵՄ եւ Արեւելյան երկրների հարեւանների համագործակցությունը: Նախկինում Եվրամիությունը ոչ մի անգամ նման ամբիցիոզ ծրագիր չի ներկայացրել իր հարեւաններին: Արեւելյան գործընկերության նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունները չէին: Այդ նախաձեռնության հիմնական նպատակն այն էր՝ ԵՄ-ն Արեւելյան գործընկերներին ցանկանում է հրավիրել սերտ համագործակցության, դրանով նաեւ խթանել ներքին մոդեռնիզացիան: Այդ առաջարկից տարբեր երկրներ տարբեր կերպ օգտվեցին՝ ելնելով իրենց ներքին պահանջարկից եւ այն պատկերացումներից, որ ունեին ԵՄ հարաբերությունների հետ կապված»:

Հունիսը խոստանում է վճռորոշ ամիս լինել: Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հստակություններ կմտնեն նախ Եվրասիական տնտեսական միության հետ կապված, քանի որ ենթադրվում է ստորագրել հիմնադիր պայմանագիրը: Դրանից պարզ կլինի նաեւ, թե ինչի՞ն կարող է միանալ կամ չի կարող միանալ Հայաստանը, եւ միանալու դեպքում ինչ պարտավորություններ նա կստանձնի այդ կառույցի առջեւ: Մասնավորապես պարզ կդառնա, թե որքանո՞վ է այդ կառույցը քաղաքական, եւ որքանո՞վ՝ տնտեսական: Թերեւս շատերի հույսը Ղազախստանի նախագահի դիրքորոշումն է, ով պնդում է դրա բացարձակապես տնտեսական բնույթի վրա: Թե ի՞նչ կստացվի՝ ցույց կտա ապագան: Մի բան հստակ է. եթե Ռուսաստանին հաջողվի դրան տալ նաեւ քաղաքական բնույթ, ապա Հայաստանի խնդիրներն ավելի կմեծանան:

Հունիսին տեղի ունեցած կլինեն նաեւ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները եւ որոշակիություններ կլինեն Բրյուսելում: Ինչպես ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Ռայլնել Մորելը նշեց. «Հիմա ողջ Եվրոպայում խորհրդարանական ընտրություններ են եւ ավարտից հետո, երբ կձեւավորվի նոր խորհրդարանը, կապ կհաստատենք Հայաստանի ներկայացուցիչների հետ եւ կորոշենք, թե ինչպես աշխատենք: Այո, իրոք Հայաստանն ընտրել է ՄՄ մտնելու ճանապարհը, բայց այլ ուղիները չի բացառում: Համոզված եմ, որ մի մոդել կգտնենք, որի միջոցով կկարողանանք համագործակցել Հայաստանի հետ: ՄՄ-ն առեւտրային գոտի է, դուք կարող եք համագործակցել այլ երկրների հետ, այլ կերպ ասած՝ երկիրը դեռ կարող է ազատորեն պարել նաեւ այլ աղջիկների հետ»:

Այդուհանդերձ, որքան էլ ժամանակային առումով մոտենում է որոշակիացումներ մտցնելու պահը, դա դեռեւս չի նշանակում, թե անգամ քաղաքական մասով ԵՄ-ի հետ նոր իրավապայմանագրային բազա ստեղծելու ռիսկերը վերացած կլինեն: Թերեւս, ԵՄ-ը այլեւս հապաղելու իրավունք չունի: Եթե նա սպասի, թե երբ են Մոսկվան ու Երեւանը սեփական նախաձեռնությամբ որոշակիացնելու անորոշությունները, ապա ուղղակի կբախվի ավելի մեծ խնդիրների եւ կայացած փաստերի:

Հետեւաբար, հունիսից Երեւանի հետ կառուցողական քննարկումները, եւ հատկապես՝ քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությամբ, ուղղակի հրամայական են: Երեւանը եւ Բրյուսելը դեռեւս կարող են ապահովագրել այն ուղղություններն ու խողովակները, որոնցով կարող են առաջ շարժվել:

Եւ խոսքն ամենեւին Հայաստանի Եվրոպա սլանալու մասին չէ, այլ՝ Հայաստանի համար անվտանգության նշանակություն ունեցող եվրոպական առանցքը պահպանելու մասին, այն էլ՝ ղարաբաղյան հակամարտության հարցով լարվածության ու ակտիվության ներկայիս աճի պայմաններում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter