HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարի Լոռ Դոզե. «Սա արդարադատություն չէ, այլ վրեժխնդրություն»

Ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզենը  դատարանում պաշտպանում է Վարդան Պետրոսյանի շահերը: «Հետքի» զրույցը փաստաբանի հետ Վարդան Պետրոսյանի գործի, ֆրանսիական ու հայկական արդարադատության, օրենսդրության նմանությունների ու տարբերությունների մասին է:

-Դատավարության ժամանակ ասացիք, որ հայկական ու ֆրանսիական օրենսդրությունը՝ խափանման միջոցների չափորոշիչների առումով նույնն է: Կմանրամասնե՞ք:

-Մարդուն ազատությունից զրկել՝ կալանավորել կամ երկարացնել կալանքը, կարելի է միայն հստակ չափորոշիչների առկայության դեպքում, միայն բացառիկ դեպքերում: Դրանք են՝ տուժողների վրա ճնշում գործադրելու, կրկնահանցագործության, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափելու և փախուստի ռիսկերը: Հայաստանում էլ, մեզ մոտ էլ այս չափորոշիչները նույնն են:

-Ֆրանսիական օրենսդրությունում նույնպես կալանքի այլընտրանքը գրա՞վն է:

-Այո՛, երաշխիքի ու գումարի դիմաց, մարդը չի կալանավորվում: Գրավը մեզ մոտ հաճախ կիրառվող խափանման միջոց է:

-Հետևելով Վարդան Պետրոսյանի գործին՝ ի՞նչ կարծիք ունեք նախաքննության ու դատավարության մասին:

-Կալանքի կիրառման օրենսդրական չափորոշիչներից ելնելով՝ Վարդան Պետրոսյանի կալանավորումը միանշանակ անօրիանական է: Նա ալկոհոլ օգտագործած չի եղել: Դա հաստատվել է արձանագրությամբ: Նա չի գերազանցել թույլատրելի արագությունը, հեռախոսով չի խոսել, ուրեմն նա մեղավոր չէ: Եվ արդեն 2 ամիս է՝ դատավորը չի ասում, թե ինչու է իմ պաշտպանյալը շարունակում կալանքի տակ մնալ, որովհետև ինքն էլ չգիտի հիմքը: Այդ հիմքը պարզապես չկա: Ընդհանուր հաշվով, Վարդանն արդեն 6 ամիս է՝ անազատության մեջ է: Եթե Դուք ինձ ասեք, որ նրան կալանքի տակ են պահում, որովհետև երկու զոհ կա, ես էլ կասեմ, որ դա այլևս ժողովրդավարություն չէ, դա արդարադատություն չէ, սա ավելի շուտ վրեժխնդրություն է: Մադա՛մ, հարցը նրանում չէ, որ կա երկու զոհ, որ քրեական գործ է հարուցվել: Դժբախտ պատահար է, որը կարող է և որևէ անձի մեղավորությամբ չլինել: Սա ուղղակի դրամա է, իսկ դրաման ոճրագործություն չէ: Դրամայում մեղավորներ փնտրելը ճիշտ չէ:

-Այսինքն՝ կարծո՞ւմ եք, որ արդարացման դատավճիռ պիտի լինի:

-Նախ Վարդան Պետրոսյանին պիտի առհասարակ չկալանավորեին, քանի որ դրա հիմքերը, կրկնում եմ, բացակայում էին և հիմա էլ չկան: Նախաքննության ձեռք բերած նյութերը արդեն բավարար էին, որ կալանքը որպես խափանման միջոց չկիրառվեր: Ինքն արդեն անմեղ է, Դուք չե՞ք տեսնում, որ այդպես է:

-Ֆրանսիայում ի՞նչ արձագանք է գտել Վարդան Պետրոսյանի գործը:

-Ֆրանսիայում մամուլում, ազգային հեռուստատեսությամբ ու ռադիոյով մեկնաբանվում է Վարդան Պետրոսյանի գործը, քանի որ նա հանրային դեմք է: Ազդեցիկ պարբերականներում ու ամսագրերում տասնյակ հրապարակումներ են տպագրվել այս գործի մասին:

-Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով դատավարությունների մասնակցելու փորձ ունե՞ք:

-Այո՛, Ֆրանսիայում էլ, Հայաստանում էլ ամեն օր նման դատեր են լինում: Բայց այն, ինչ տեսնում եմ այստեղ... զոհերի հիշատակը հարգել է պետք, բայց դա արդարադատության հետ կապել, սխալ է:

-Հայկական դատավարությունը նմա՞ն է նրան, ինչ ամեն օր տեսնում եք ֆրանսիական դատարաններում:

-Ո՛չ, սա, կարծես, լրատվության համար կրկես լինի: Այստեղ արդարադատությունը դիտվում է որպես բեմադրություն: Ֆրանսիայում հարգում են արդարադատությունը, այստեղ կեղտոտում են այն: Իմ տպավորությունն այդպիսին է:

Փաստաբան Մարի Լոռ Դոզեն 15 տարի Ֆրանսիայում զբաղվում է քրեական գործերով: Հայաստանում Վարդան Պետրոսյանի ու նրա ընտանիքի հրավերով դատարանում պաշտպանում է Պետրոսյանի շահերը:

 

Մեր զրույցը թարգմանում էր  Հասմիկ Խաչատրյանը:

Մեկնաբանություններ (5)

mrk
Մտածենք այսպես՝ ենթադրենք հարվածի ենթարկվող մեքենան ոչ թե «Նիվա» էր այլ վիթխարի «Կրազ»: Պարզ է որ այդ մեքանայում գտնվողներին ոչինչ չեր պատահի եւ կվնասվեին միայն Վարդանն ու նրա հետ եղողները: Հետաքրքիր է՝ ըստ հայկական արդարադատության՝ Վարդանի հետ ճիշտ նույն կերպ պիտի վարվեին?
Հ.Շ.
Նկատի ունենալով մահացած պատանիների ընտանիքի կեցուածքն ու վերաբերմունքը, եւ նաեւ՝ հանրային որոշ - նոյն տիպի - տրամադրութիւններ, արդեօք կարելի չէ՞ մտածել թէ Վարդան Պետրոսեան բանտում պահելու որոշումը կը միտի նաեւ ապահովելու անոր մարմնային անվտանգութիւնը... Մինչեւ որ վերջնական եւ ըստ էութեան վճիռը արձակուի, որմէ ետք, ամէն պարագայի, բանտից դուրս գալով ան անմիջապէս եւ օրինապէս կարող է մեկնիլ ուրիշ երկիր: Մինչեւ որ Հայաստանում, գոնէ այս խնդրում, կիրքերը հանդարտին... Քանզի ժամանակը կը բուժի ամէն բան... Ի դէպ, այս վերլուծման լոյսին տակ՝ իր դաստեարակչական բարձրաթիռ ելոյթների ընթացքում, Յարգելի Մեթր Մարի Լոռ Դոզեն կը թուի մոռցած ըլլալ ֆրանսական օրէնքի մի այլ տուեալ, ըստ որու, «ժամանակաւոր կալանք»ը կարող է որ հիմնուի «հանրային կարգի» խախտման վտանգի կամ մտահոգութեան վերաբերերող նկատողութիւնների վրայ: --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա:
Артур
Пока в Армении невозможно найти в суде справедливость будут происходить две вещи: иностранных инвестиций практически не будет, ибо вложение беззащитно перед местными жуликами, а так же будет продолжаться исход населения - по причине бедности, незанятности а оба фактора зависят от инвестиций, и также по причине незащищенности перед законом. Сегодня ведь любой богатый или депутат выграет в суде у бедного. А это уже рабство. И люди уезжают туда где чуствуют себя свободнее. Без честной судебной системы у Армении нет шансов сохраниться, в крайнем случае станет придатоком Росси или Ирана. Через 20 лет не будет достаточно уже людей и для армии.... Сегодня в Армении практически нет промышленности, нет замечательного образования, население уменьшается и очень маленькое. Ну, кто с такой страной будет считаться?
Հ.Շ.
Ասուլիսի ընթացքում, Մարի Տոզէ ասել է ՝«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»: --- Մեթր Մարի Տոզէյի օրերէ ի վեր Հայաստանում սարքած թատրոնն ալ կարող էր ծիծաղ առաջացնել, եթէ խնդրիրը չվերաբերեր մահացած պատանիների: --- Իսկ Ֆրանսայում «Օրէնքի Գերակայութեան» վիճակը շատ աւելի վիճելի է քան այդ փառապա՜նծ եւ իտէալական պատկերը զորս Տոզէ շողշողացնում է դուրսի աշխարհով հիացած եւ հմայուած Հայաստանի բնակչութեան մի մասի երազկոտ աչքերի առաջ: --- Բառացիօրէն առաջին օրից սկսեալ, Վարդանի Պաշտպան Կողմը ինք է որ, ցարդ, ուշացնում է դատի ըստ էութեան քննարկումը եւ հետեւաբար աւարտումը: --- Այս ֆրանսացի փաստաբանուհիի զաւեշտային միջադէպը նորագոյն առիթը եղաւ դարձեալ ապարդիւն կերպով դանդաղացնելու դատի ըստ խորքի առաջացումը: --- Պարզ էր թէ կալանքի վերաբերեալ որոշումը, այս անգամ եւս, մնալու էր անփոփոխ: Օտար ու արտաքին ճնշումը ոչ թէ բան չէր փոխելու այդ ուղղութեամբ, այլ անոր հակառակ ազդեցութիւնը աւելի հաւանական էր... --- Նպատակը ի՞նչ էր, ուրեմն: Արդեօք, հիմնականօրէն, ա՞յս [Տոզեյի իսկ խօսքերով]՝ «այսպիսի որոշման համար Հայաստանը կդատապարտվի ՄԻ Եվրոպական դատարանի կողմից. լինի 5-6 տարի հետո, բայց Հայաստանն անպայման կունենա «Վարդան Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» հաղթած գործ:».... --- Դատը ընդմիջող ու երկարաձգող այս կրկնական եւ ապարդիւն դիմումի ճամբով, Եւրոդատարանի միջոցառո՞ւմը պատրաստուեցաւ ուրեմն: Որ տեղի է ունենալու... «5-6 տարի հետո»... Իսկ մինչ այդ, բանտում նստած վերջնական վճիռ - եւ հետեւաբար խնդրի օրինական յանգում - սպասողը՝ Վարդանն է... --- Հ.Շ.
Gayane
Hamamit em! Sa yndameny batsahayt VREJKHNDRUTYUN E!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter