HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վարչապետի ընտանիքը 1500 ընտանիքից մեկն է

Ի՞նչ է կառուցվում Ազատի կիրճում 

Այս տարվա գարունը Գառնիի համար փորձությունների ժամանակաշրջան է. «Գառնի արգելոց-թանգարանում» սրճարան կառուցելու աղմկոտ պատմությանը հաջորդեց մեկ այլ նախաձեռնություն` Ազատի կիրճում մարդիկ են հայտնվել եւ չափագրումներ են կատարում: Աշխատանքները, պարզվեց, իրականացնում է տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30 մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով: Հայաստանի կառավարությունը ծրագիրը համաֆինանսավորել է 7,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (ընդհանուր` 37,5 մլն ԱՄՆ դոլար): Համաձայն նշված ծրագրի`Ազատ գետը պետք է ինքնահոս ջուր ապահովի Քաղցրաշենի եւ Նարեկ գյուղերի համար: Ինչպե՞ս. այդ մասին է «Հետքի» զրույցը «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի հետ:

-Պրն Ղազարյան, գյուղացիները շրջանառվող խոսակցություններից տեղեկացել են, որ Ազատ գետը պատրաստվում են խողովակաշարի մեջ վերցնել եւ ջուրը տեղափոխել Արտաշատ: Գառնեցիներն ու քաղաքացիական ակտիվիստներն ընդվզեցին կիրճի ամբողջականությունը խախտելու դեմ ու սպասում են արձագանքների: Ի՞նչ է իրականում տեղի ունենում Ազատի կիրճում: 

-«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը» ոռոգման բարելավան ծրագիր է իրականացնում: Մենք այս ծրագրում ոռոգման համակարգերի օգտագործման այնպիսի կառույցներ ենք ստեղծելու, որը բերելու է էլեկտրաէներգիայի կրճատման, իսկ դա բերելու է ինքնարժեքի նվազեցման: Մենք խնդիր ենք դրել՝ հնարավորինս էժանացնել ոռոգման ջրի ինքնարժեքը: Ջրի սակագինը 11 դրամ է, բայց արժեքն անհամեմատ բարձր է, եւ տարբերությունը, որպես սուբսիդա, համաֆինանսավորում է պետությունը: Մեխանիկական ջուրը թանկ է, շատ էլեկտրաէներգիա ենք ծախսում, պոմպերը ֆիզիկապես ու բարոյապես մաշված են, վերջին նոր պոմպը 25-30 տարի առաջ է Հայաստան մտել, գյուղացիներին կանոնավոր ջուր չենք կարողանում մատակարարել: Այս ծրագիրն սկսել ենք իրականցնել եւ շարունակում ենք իրականացնել, որպեսզի որտեղ հնարավոր է ինքնահոս ոռոգման ջրով ապահովենք գործող համակարգով սպասարկվող հողերը: Չորս խոշոր ծրագիր ենք մտադիր իրականացնել այս վարկով` Մեղրի, Քաղցրաշեն, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ: Մենք  արդեն մի քանի լավ օրինակներ ունենք՝ Եղեգնաձորն ու Վայքն ամբողջովին անցել են ինքնահոս ոռոգման:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը չորս ծրագրերից մեկն է: Նպատակ ունենք Ազատ գետի ջուրն ինքնահոս օգտագործել այն տարածքներում, որոնք ներկայում ոռոգվում են Քաղցրաշենի պոմպակայանով (Արտաշատի տարածաշրջանում): Ի՞նչ ջուր է դա, որ մղվում է Քաղցրաշենի պոմպակայան. Ազատ գետի ջուրը լցնում ենք Ազատի ջրամբար, հետո իջեցնում ենք Արտաշատի մայր կանալ, հետո գալիս է Քաղցրաշենի պոմպակայան, հետո բարձրացնում ենք 180 մ, որպեսզի ոռոգենք Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերի մոտ 1000 հեկատար հողատարածքները: Այդ հողատարածքները ոռոգելու համար տարեկան ծախսվում է 11,7 մլն կվտ էլեկտրաէներգիա: Հասկանալի է, միայն էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան 1 մլն դոլարից ավել է կազմում, էլ չեմ ասում, որ ամեն տարի պոմպերը նորոգվում են, աշխատակազմն է վարձատրվում եւ այլն:

Իհարկե, մեր մեղքը չէ, որ այս պոմպակայանը կառուցվել է, խորհրդային միության ժամանակ էներգիան էժան է եղել, խորը չեն մտածել կամ հակառակը՝ գուցե մեզնից էլ լավ եմ մտածել, բաց աշխատատեղ են ստեղծել: Հիմա մեզ  համար դա շռայլություն է, դրա համար էլ հիմա Գառնի գյուղից, որտեղով ջուրն իջնում է, բաց խողովակով վերցնելու ենք ու Ազատի ջրամբարի կողքով հասցնենք Արտաշատ:

-Ձեր ծրագրում գրված է, որ Ազատի ջրամբարից վերեւ 9 կմ տարածքի վրա ջրընդունիչ է կառուցվելու, որտեղից ջուրը բերվելու է Քաղցրաշեն: Ի՞նչ է իրենից ներկայացնում ջրընդունիչ կառույցը:

-Պատվար է, ընդամենը բետոնային կառույց է, որ խողովակի մեջ ջուր լցվի:

-Անպայմա՞ն է, որ դրա համար գետը խողովակաշարի մեջ վերցվի:

-Գետը խողովակի մեջ չի վերցվելու, գետի հունը չի շեղվելու, ընդամենը 900 լ/վրկ ջուր է վերցվելու գետից եւ խողովակը գետի կողքով, պատվարների վրա հասցվելու է Քաղցրաշեն: Գետով, եթե 4-5 խմ ջուր է հոսում, դրանից 1 խմ-ը խողովակով վերցնում, տանում ենք, իսկ մնացածը հոսում է գետով: Գետում, եթե ջրի քանակությունը բավարար չէ, քիչ ջուր է լինում՝ բնապահպանական օրենքով այդ քանակությունը միշտ պետք է պահպանվի, մենք չենք վերցնելու:

-Այդ դեպքում ինչո՞վ է արդարացված միլիոնավոր դոլարների ծախսը, երբ կարող է իսկապես նման խնդիր առաջանալ:

-Մենք ընդամենն սկսել ենք այս ծրագրի նախագծային փուլը, որի համար մրցույթ ենք անցկացրել եւ հաղթել է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտը, նրանք նոր սկսել են նախագծել: Դա առաջինը ենթադրում է ուսումնասիրություն, ջրային բալանս, թե ամեն ամիս, ամեն տասը օրը մեկ ի՞նչ քանակի ջուր է անցնում այդտեղով, որպեսզի կարողանան հաշվել՝ մեր ուզած ջուրը կարո՞ղ ենք վերցնել, թե՝ ոչ: Երկրորդ` այդ հեկտարները եւ դրա համար արված ծախսը տնտեսապես հիմնավորվո՞ւմ է այս երկրի համար, թե՝ ոչ: Այսինքն, կա` հող, ջուր, հիմնավորում, որը պետք է բերի երկրի համար լուրջ տնտեսական հարցերի լուծման: Այդ բոլորը, եթե լուծվում է՝ նոր սկսվում  են  նախագծային աշխատանքները:

-Այդ խողովակը Գառնիի տաճարի մոտ հասնո՞ւմ է:

-Չեմ կարող ասել` մինչեւ նախագծողը մեզ չներկայացնի նախնական գծագիրը: Ինձ թվում է` չի հասնի, մենք դեռ չգիտենք գլխամասային կետը որտեղ կընկնի, այն կսկսվի 1230 մ մակարդակից եւ կվերջանա 1131 մ բարձրության վրա, բայց առաջիկա օրերին պարզ կդառնա: Հիմա մեր մասնագետներն էլ նախագծողների հետ երեւակում են տարածքը, հետո կորոշեն, թե խողովակը որտեղով են տանելու եւ գլխամասը որտեղ են դնելու: Պարզ է, որ գլխամասը պետք է ընտրվի այնտեղ, որ ճնշումը բարձր լինի, եւ ջուրը տեղ հասցնի: 9,5 կմ-ը վերցնում ենք Ազատի ջրաբարից վերեւ, ջրամբարը խողովակաշարով շրջանցում ենք ու հասցնում Քաղցրաշեն, նախնական տվյալներով խողովակաշարի ընդհանուր երկարությունը կլինի 23,5 կմ: Այս տարածքի համար բավականին լավ հողեր կան այդտեղ, հիմա կիսատ-պռատ նորոգում ենք եւ պետք է օգտագործվեն: Շատ լավ պատկերացնում ենք, որ ձորում մարդիկ  հողեր են գրավել, վարձակալությամբ են վերցրել, նաեւ սեփականաշնորհված տարածքներ ունեն: Սակայն, եթե նայենք, թե որ հողը ումն է` Հայաստանում ոչինչ չենք կարողանա անել, բայց իհարկե չենք անտեսելու նրանց:

Ինձ ամենաշատը մտահոգում է Ազատի կիրճի բնապահպանական վիճակը եւ կիրճը` որպես մշակութային արժեք: Ազատի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների մեջ է ընդգրկված, եթե այդպես է, ուրեմն պետք է անձեռնմխելի լինի: Դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք կունենա կիրճը, եթե ջուրը խողովակի մեջ վերցվի: Ազատ գետն առանձնակի գեղեցկություն է հաղորդում կիրճին, իսկ ջրի սակավության պատճառով կիրճը կդառնա անհրապույր տարածք ու մենք այն որպես մշակութային արժեք կկորցնենք: Քննարկվե՞լ են այդ հարցերը:

-Նախագծումը նոր է սկսվել, բայց տարբերակ չկա, որ դա չքննարկվի: Նախ՝ Համաշխարհային բանկի ծրագրերը բավականին խիստ ծրագրեր են, մենք Մեղրիի նախագիծն արել ենք 4 ամսում, 9 ամիս տեւել է բնապահպանական փորձաքննության համաձայնեցումը գյուղացիների, բնապահպանների, Համաշխարհային բանկի տարբեր մասնագետների հետ: Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծն ընդամենը մեկ շաբաթ առաջ են հաստատել:

-Քննարկումները պետք է լինեն նախագիծը պատրաստ լինելուց հետո՞:

-Մինչեւ նախագիծը, երբ խողովակների ուղին որոշվեց, արդեն սկսելու ենք գյուղացիների ու բնապահպանների հետ խոսել: Սա պետք է բնապահպանական փորձաքննություն անցնի, իհարկե, բայց առաջին անգամ եմ լսում ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված լինելու մասին:

-Գառնիում շրջանառվում են խոսակցություններ, որ Ազատ գետի ջուրը նշված երկու գյուղեր հասցնելու պատճառն այն է, որ դրանով պետք է ոռոգվեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի այգիները: Նա Նարեկ գյուղում 120 հա հող ունի:

-Ես գիտեմ, որ վարչապետն այնտեղ հողեր ունի, բայց մենք այս ինքնահոս ոռոգման համակարգը կառուցում ենք 1500 ընտանիքի համար: 1500 ընտանիքի մեջ մեկն էլ ինքն է: Նա տեղյակ էլ չէր, որ մենք նման ծրագիր ենք որոշել անել: Սա լուրջ ծրագիր է, իրոք, ժողովրդի համար, ճիշտ չէ այն անձերով պայմանավորելը:

-Ուզում եմ ընդունել, որ անձով չի պայմանավորված, բայց պայմանավորված է Ազատի կիրճի էկոլոգիական վիճակով եւ կիրճի` որպես մշակութային արժեքի պահպանությամբ: Այս ծրագրով ընդամենը 413 հա ոռոգովի հողատարածք պետք է ավելանա, այդ դեպքում, կարծում եմ, պետք է մտածել` կորցրա՞ծն է ավելի մեծ, թե՞ ձեռքբերումը:

-Համաձայն եմ, հարցերի պատասխանները կտա նախագիծը եւ ժողովրդի հետ շփումը: Հիմա պետք է քննարկել բոլորի հետ, որպեսզի խնդիր չլինի ոչ մեկի հետ:

-Ազատ գետը վարարած է լինում մայիս եւ հունիս ամիսներին, հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, այսինքն` ջրի ամենապահանջված շրջանում գետը գրեթե ցամաքում է: Մայիս-հունիս ամիսներին, եթե բավարար է ջրի քանակությունը, ապա հաջորդ երեք ամիսներին ի՞նչ է արվելու:

-Դրա համար հաշվելու են ջրատնտեսական հավասարակշռությունը, եթե օգոստոսին չի ապահովում այդ ջուրը, ապա սրա կառուցելը խիստ կասկածելի է դառնում այն առումով, որ եթե 3 ամիս ջուրը ինքնահոս տվիր, 3 ամիս էլ պետք է պոմպը աշխատեցնես: Արդյոք պե՞տք է, թե՞ պետք չի, ես հիմա 100%-ով պատրաստ չեմ այդ հարցերին պատասխանելու մինչեւ չունենամ ջրատնտեսական հավասարակշռությունը, կիրճի բնապահպանական խնդիրների պատկերը: Ժողովուրդն ամենաշատը անհանգիստ է դրանից, որովհետեւ վստահություն չունի, եթե ամբողջական ինֆորմացիա ունենա` իրեն ավելի լավ կզգա: Այստեղ, կարծում եմ, նախագծողի սխալը կա, եթե նա տեղից չի շարժվել եւ գեոդեզիստին տվել է ձողաքանոն (ռեյկա), եւ նա գնացել է ուղեգիծը նկարելու, մարդիկ էլ ամեն ինչից անտեղյակ տեսել են, որ ինչ-որ մեկը չափումներ է անում, ամեն ինչ էլ կարող են մտածել:

Գառնիի համայնքապետարանն արդեն հողատարածք հատկացրե՞լ է դրա համար:

-Դեռեւս ոչ, ամեն ինչ նոր է արվելու, ավագանին որոշում պետք է կայացնի, հողատարածք պետք է հատկացվի, համայնքի թույլտվությունը պետք է լինի, մասնավոր անձանց եթե վնաս ենք պատճառում, դրա համար պետք է փոխհատուցել: Դա կարող է 8 ամիս տեւել:

Մեկնաբանություններ (1)

Արուսյակ
Սրբապիղծ, թուրքացած բարբարոսների պիղծ թաթերն, իրենց որկրամոլ երախներին հագուրդ տալու համար, անդառնալիորեն պղծեցին Գառնիի կիրճում Ազատ գետի վրա 11-րդ դարում կառուցված գեղահրաշ կամուրջը: Գառնիի հեթանոսական վեհաշուք տաճարն ու ամրոցը մի կերպ փրկեցինք այդ պիղծ բարբարոսներից, եթե իրոք վերջնականապես կարողացել ենք փրկել: Այժմ էլ նմանատիպ այլանդակ պիղծ թաթեր ուզում են պղծել մեր Ազատ գետը, Գառնիի կիրճը: Ձեր կեղտոտ, ամենուրեք ապականություն սփռող, պիղծ թաթերն ու այլանդակ որկրամոլ երախներն հեռացրե'ք Գառնիից, մեր Ազատ գետից ու այն ամեն գեղեցիկից, ինչը պատկանում է մեր ամբողջ ազգին, ինչը մեր ազգի հարստությունն է: Ձեր թրքաբարո, մահաբեր շունչը հեռացրե'ք մեզնից, մեր բնությունից: Բավական է հոշոտեք մեր բնությունն ու մեր ազգի առանց այն էլ բզկտված նյարդերը: Հանգի'ստ թողեք մեզ, մեր բնությանը: ՀԵՌԱՑԵ'Ք ... ՀԵՌԱՑԵ'Ք ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter