HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջությունը Հաղպատում աշխատատեղեր բացելու հնարավորություն է ստեղծել, մինչդեռ …

«Տարեկան մոտավոր հաշվարկով 200 հազար զբոսաշրջիկ է այցելում Հաղպատավանք»,- ասում է Հաղպատի համայնքապետ Վահրամ Քառյանը: Թե որքանով է իրատեսական այս թիվը, չենք կարող ասել, սակայն անժխտելի է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Հաղպատ: Զբոսաշրջությունը 800 բնակիչ ունեցող Հաղպատում աշխատատեղեր բացելու հնարավորություն է ստեղծել, մինչդեռ հաղպատցիներն ընձեռված բացառիկ հնարավորությունը թողած` դրամ վաստակելու համար մեկնում են Ռուսաստան:

«Մթոմ գյուղում ջահե՞լ ա մնացել, բոլորը գնացել են: Կարում չենք ապրենք: Տղաս էստեղ չի կարողանում աշխատել: Երեխես փողի է ման գալի, որ Ռուսաստան գնա, կարում չի ճարի»,- ասաց տարեց հաղպատցի Ռուբեն Քառյանը:

Հաղպատի «Քեֆո» հյուրանոցը անցյալ տարի է բացվել եւ արդեն լուրջ հաջողություններ է արձանագրում իր բիզնեսում: «Քեֆոյի» տնօրեն Լիանա Գալստյանը «Հետքին» հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի հյուրանոց այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց զգան ինչպես տանը»,- ասում է տնօրենը: «Քեֆո» հյուրանոցը ընտանեկան բիզնես է: Լիանա Գալստյանն ասում է, որ հյուրանոցը կառուցելու համար իր ամուսինը` գործարար Արմեն Քեֆիլյանը բանկից 48 մլն դրամ վարկ է վերցրել: Հյուրանոցի տերերն այս տարի ավելացրել են ննջասենյակների թիվը եւ զբոսաշրջիկների ճաշելու համար հյուրանոցի այգում կառուցել են ամառային գեղեցիկ ու հարմարավետ տաղավար, որը կշահգործվի հուլիսից: 

Հյուրանոցում առայժմ չորս հաղպատցիներ են աշխատում: «Մենք զբոսաշրջիկներին կերակրելու համար էկոլոգիապես մաքուր սննդամթերքը` հավը, ձուն, կաթը, բանջարեղենը, միսը գնում ենք հենց հաղպատցիներից»,- ասում է հյուրանոցի տնօրենը: Մայիսի 19-ին, մեր այցելության պահին «Քեֆոյում» հյուրընկալվել էր Ճապոնիայի Տոկիո, Նագոա եւ Ուսագա քաղաքներից ժամանած զբոսաշրջիկների հերթական խումբը: Խումբը նոր էր եկել Հաղպատ, առաջին տպավորությունն ստանալու էր «Քեֆո» հյուրանոցից:

«Այստեղ կարծես տանը լինենք»,- ասաց խմբի ճապոնացի ղեկավարը: Ու մինչ «Քեֆոյի» աշխատակազմը ոչինչ չէր խնայում զբոսաշրջիկներին գոհացնելու համար, Ալավերդու ՃՇՇ-ի ասֆալտագործներն անորակ փոսալցումներ էին իրականացնում կենտրոնական մայրուղուց դեպի Հաղպատ գնացող ճանապարհին: Ակնհայտ էր, որ մի քանի հորդառատ անձրեւներից հետո ճանապարհի վտանգավոր փոսերում ասֆալտ չի մնալու: «Փոսալցումները մենք չենք անում, Հաղպատ եկող ճանապարհը միջպետական ճանապարհ է, ամեն տարի այնտեղ փոսանորոգումներ է անում Ալավերդու ՃՇՇ-ն»,- հայտնեց համայնքապետը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի վանական համալիրը եւ Հաղպատ համայնքը Կառավարության 2009 թ. հոկտեմբերի 1-ի թիվ N 1222-Ն որոշումով ընդգրկվել են «Հյուսիսային դարպաս» անվանված զբոսաշրջության կենտրոն ծրագրում: Ըստ Վահրամ Քառյանի` Կառավարության որոշումից հետո Հաղպատում ընդամենը երկու հյուրանոց է ավելացել (երրորդը եկեղեցամերձ հրապարակում կառուցում է համայնքապետի ընտանիքը), 5-6 հյուրատուն, իսկ վանքի մերձակա հրապարակում տեղացիները վաճառում են իրենց ձեռագործ աշխատանքները: Հաղպատում, ինչպես եւ Սանահինում, իշխում է այն կարծիքը, որ զբոսաշրջության բարիքներից օգտվելու միակ վայրը հենց եկեղեցամերձ հրապարակն է:

Այսուհանդերձ, հազարավոր զբոսաշրջիկների դեպի Հաղպատ ձգողը գեղատեսիլ, ճարտարապետական բազում հմայնքներով օժտված վանքն է: «Հոյակապ շինություն, հոյակապ կառույց, տպավորություններս հոյակապ են»,- վանքի մասին ասաց զբոսաշրջիկ Դը Յոնգը: Խնդրեցի պարոն Դը Յոնգի կարծիքը նաեւ եկեղեցամերձ հրապարակում կազմակերպված առեւտրի վերաբերյալ: «Մեկ-մեկ առնում են, եթե շատ չեն կանգնած առեւտրականները, եթե մեկ-երկու հոգի են, ինչո՞ւ չէ, կարող են կանգնել»,- ասաց Դը Յոնգը:

«Առեւտուր չի լինում: Զբոսաշրջիկներն առանձնապես գնումներ չեն անում»,- դժգոհեց առեւտրական Լուսիկ Աբելյանը: Համայնքապետ Վահրամ Քառյանն ասում է, որ եկեղեցամերձ հրապարակում զբոսաշրջիկների հետ նախատեսված առեւտուրը կանոնակարգելու գործում իրեն կաշկանդում է գյուղացիների աղքատությունը: «Եթե օրը մի գուլպա են ծախում, 4 հազար դրամը նրանց համար հացի խնդիր է լուծում: Նրանցից մեկին եթե ասեմ` էդտեղ չկանգնես, թշնամության հավասար բան ա»,- բացատրեց Վ. Քառյանը:

Բացի հյուրանոցային բիզնեսը, Հաղպատում զբոսաշրջային այլ բիզնես չի իրականացվում: Սեփականատիրական զգացողությունը դեռեւս խորթ է խորհրդային մտածողությամբ ապրող հաղպատցիներին: Հաղպատ համայնքն ունի 22,76 հա վարելահող, 150 հա արոտավայր, 13,06 հա խոտհարք եւ 176,45 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողեր: «Գյուղում հիմնականում մշակվում են միայն տնամերձերը, մոտ 90 հա»,- ասում է համայնքապետը: Հողը չմշակող գյուղացիներին օգնելու համար Հաղպատի համայնքապետարանը վերջին տարիներին համայնքի բյուջեին պետբյուջեից վճարվող 27 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից 6,5 մլն դրամ հատկացնում է գյուղի յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով 35 կգ բարձր որակի անվճար ալյուր տալու համար:

Հաղպատի համայնքապետարանը գյուղացիներին հաց արտադրողներից դարձրել է սպառողներ: Բնականաբար համայնքապետի նման «հոգատարության» պայմաններում գյուղացիներին չի ձգում հողը: Այսուհանդերձ հաղպատցիների հողից կտրվելուն Վահրամ Քառյանը տալիս է իր մեկնաբանությունը: «Գյուղը երկար տարիներ գյուղտեխնիկա չի ունեցել, լիզինգային ծրագրով շուտով տրակտոր ենք ստանում, իր բոլոր տեխնիկայով` շարքացան, գութան եւ այլն, որպեսզի ժողովուրդն սկսի հողը մշակել, ահագին վարելահողեր ունենք, ժողովուրդը ոչ մի բան չի անում»:

Հաղպատի համայնքապետարանում շուրջ 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է գրանցված: Համայնքապետ Վահրամ Քառյանն ասում է, որ դրանց արտադրած կաթնամթերքով որոշել է Հաղպատում, համայնքապետարանի ենթակայությամբ կաթի վերամշակման եւ պանիրի արտադրության գործարան ստեղծել: «Համ էլ դրանով գյուղացիների համար աշխատատեղ կստեղծենք»,-հայտնեց Վահրամ Քառյանը:

Մեկնաբանություններ (1)

vache
turizm@ shat lurj ev ekamtaber tntesajyux e ete nranov zbaxvum en hamapatasxan giteliqner ev porc unecox mardiq. gaxtniq che, vor Hayastanum turizmi volord@ mexm asac hamarvum e erkrordakan biznes, qani vor ayntex chi aknkalvum aysropeakan ekamutner. lurj ekamutner kareli e aknkalel mimiayn turizmi infrastrukturan stexceluc heto. ayn nerarum e barcr canitarahigienik paymannerov hyuranocayin canc,,bayc voch 4 kam 5 asxani. bazmzzan ev matcheli gnerov snund, jamanakakic maqur transportayin mijocner hamapatasxan patrastutyun unecox varordnerov, normal janaparhayin cauc. ev iharke amenakarevor naxapayman@ matcheli gnerov aviatomser. karevor naxapayman e naev Hayastani ankrkneli bnutyan hangsti resursneri ogtagorcum@ turizmi npataknerov. miayn patma-jartarapetakan hushacanneri nergravum@turizmi volord ,shat qich e liarjeq turizmi zargacman hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter