HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ի՞նչ էր երեկ երկնքում, և որտե՞ղ էր դա. քվազիգիտական հաշվարկ

Երեկ` ժամը 21:10-ին, բազմաթիվ երևանցիներ ականատես եղան մի հետաքրքիր տեսարանի: Արագ զարգացան տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք:

Փորձենք նախ պարզել, թե դա իրականում որտեղ էր, ինչ բարձրության վրա էր, ապա հասկանալ, թե ինչ էր:

Վայրը

Աջափնյակից, Արաբկիրից, Կենտրոնից, Նորք-Մարաշից ու Քանաքեռից երևույթը տեսած ականատեսների կողմից կատարված ֆոտո և վիդեո նկարահանումները և վերջիններիս պատմածները վկայում են այն մասին, որ երևույթը տեղի է ունեցել Դավթաշենից դեպի հյուսիս ուղության վրա:

Առավել հեռու գտնվող (Կենտրոն և Նորք-Մարաշ) ականատեսները հիմնականում ասում են, որ երևույթը տեսել են հորիզոնի նկատմամբ մոտ 25 աստիճան անկյան տակ, իսկ առավել մոտիկները (Աջափնյակ և Քանաքեռ)` 30-35 աստիճան անկյան տակ:

Եռանկյունաչափական հաշվարկը ցույց է տալիս, որ այդ դեպքում մեր տեսածը եղել է Դավթաշենից մոտ 8-9 կմ դեպի հյուսիս և մակերևույթից միջև 8-10 կմ բարձրության վրա:

Թռիչքի բարձրության այս վարկածը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Երևանում մայրամուտից հետո անցել էր ընդհամենը 45 րոպե և մթնոլորտի ավելի բարձր շերտերը դեռ լուսավորված էին արեգակի ցրված լույսով:

Իսկ խնդրո առարկա օբյեկտի վառվելուց հետո բարձրացած ծուխը իր լուսավորվածությամբ շատ թույլ էր տարբերվում ամպերի լուսավորությունից (որոնք, իմիջայլոց, ավելի ցածր էին):

Բացի այդ, իր թռիչքի վերջում օբյեկտը պայթում է, որից տարածվում է ձայնային ալիք, որի արագությունը հայտնի է` մոտ 300 մետր/վ:

Նաև այդ ալիքի չափսերն ու տարածման տեսանյութերում երևացող արագությունը վկայում են, որ հեռավորության մասին մեր վարկածը բավականին մոտիկ է իրականությանը:

Չափը և արագությունը

Թեև ինքը՝ թռչող և վառվող մարմինը եղել է փոքր, սակայն նրա թողած ամպը բավականին մեծ է եղել: Սակայն, նման եռանկյունիների մեթոդով կարելի է ասել, որ դրա այրումից մնացած ամպը վերջում հասնում է մոտ 2 կիլոմետրի:

Մի քիչ ավելի դժվար է օբյեկտի արագությունը որոշելը: Սակայն եթե համեմատենք դրա արագությունը ձայնի (պայթյունի տարածման) արագության հետ, ապա կարելի է ասել, որ թռիչքի վերջում մեր անհայտ թռչող մարմինն ուներ 400-600 կմ/ժ արագություն:

Վարկածները

Տեսարանը բավականին նման է բալիստիկ հրթիռի աստիճաններից մեկի վառվելուն, սակայն ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան այդ շրջանում Հայաստանի զինված ուժերը հռթիռների կիրառմամբ զորավարժություններ չեն արել, և խնդրո առառկա երևույթից տեղյակ չէ, ինչը միանգամից դուրս թողեց երևույթի ռազմական ծագման վարկածը (նկատենք նաև, որ մեր օբյեկտի արագությունը շատ փոքր էր բալիստիկ հրթիռների համար):

Եթե հավելենք, որ արհեստական արբանյակներ ունեցող պետություններից և որևէ մեկը չի հայտարարել, որ իր արբանյակը ընկել է, կարելի է նաև բացառել նաև այդ վարկածը:

Այսպիսով թողնելով այլմոլորակայինների վարկածը գիտաֆանտաստիկայի սիրահարներին՝ քննարկենք ընկնող մետեորիտի վարկածը:

Երկիր մոլորակի վրա օրական միջինում ընկնում է 5 տոննա գումարային զանգված ունեցող մետեորիտներ: Սովորաբար, մետեորիտները փոքր են լինում և այլրվում եմ մթնոլորտի ավելի բարձր շերտերում (30-50 կմ), սակայն կախված չափից, արագությունից և բաղկացուցիչ նյութերից դրանք կարող են այրվել ավելի ուշ, կամ, անգամ հասնել երկրի մակերևույթին:

Մեր դեպքում ենթադրվում է, որ գործ ունենք բավականին կամաց թռչող մետեորիտի հետ, որի սկզբնական արագությունը մթնոլորտ մտնելուց եղել է 10-15 կմ/վ:

Հավանաբար, դրա չափը չէր գերազանցում մի քանի դեցիմետրը, քանի որ հակառակ դեպքում այն 20 վարկյանում չէր այրվի: Ըստ ամենայնի, այն սկսել է մեծ ծուխով այրվել միայն մթնոլորտի առավել խիտ շերտերում, ինչի շնորհիվ մենք չենք տեսել դրա այրման սկիզբը:

Այսինքն, հասնելով որոշակի վայրի, մետեորի շփումը մթնոլորտի հետ որակապես փոխվեց և վերածվեց ակտիվ այրման, ինչը և մենք տեսնում էինք մոտ 20 վարկյան:

Հ.Գ. Այստեղ հարկ է հաշվի առնել, որ հաշվարկները կատարվել են ականատես քաղաքացիների բավականին տարամիտող վկայությունների շուրջ և չեն կարող ունենալ գիտական ճշտություն: Բացի այդ, հարկ է նկատել, որ բավականին եզակի է լինում, որ մետեորիտն այդքան կամաց վառվի տրոպոսֆերայում, սակայն չերևա դրա հետքը ստատոսֆերայում: Ուստի չի կարելի բացառել, որ օբյեկտն իրականում ռուսական բալիստիկ հրթիռի մաս է… Սակայն այս դեպքում ծագում է բնական հարց` ի՞նչ է անում այդ հրթիռը Հայաստանի օդային տարածքում և ինչու՞ մեր ՊՆ-ն դրանից տեղյակ չէ:

Մեկնաբանություններ (4)

Sak
http://www.aif.ru/society/safety/1172868
Գեւորգ
Դանիել ջան, մի 2 օր առաջ Չինաստանում միանգամից 3 հատ ՉԹՕ ներ ընկան գյուղացիների բոստանը: (տես լուսանկարը: http://news.am/rus/news/210162.html) Այո, դա կապ ունի Ռուսների հետ, բայց այն չէ, ինչ ենթադրվում է - դա պարզապես վթարված «Պրոտոնի» բեկորներն են այրվելով թափվում տարբեր տեղերում:
Դանիել Իոաննիսյան
Չբացառելով Topol-M-ի վարկածը հարկ է նկատել, որ անկախ իմ հաշվարկների ճտությունից, օբեկտը գտնվում էր Երևանից դեպի հյուսիս և թռնում էր արևմուտքից դեպի արևելք: Իսկ Ռուսական Topol-M-ը թռել է Աստռախանից Ղաախստան, ուստի միշտ եղել է Երևանից հյուսիս-արևելքում: Հարգելի Sak, հաշվարկները մասնագիտական են, մեթոդիկան նշված է: Եզրակացության մի մասը իրոք քաղաքական է, քանի որ ռուսական հրթիռը որևէ անելիք չուներ մեր օդային տարածքում (առանց թույլտվության):
hayk
hodvacagir@ petq e tar nshvac erevuyti qich te shat havanakan gitakan meknabanutyun@. sakayn da chi arvum, poxaren@ bervum e antramabanakan hashvarkner kam bnutagrer. inchpes misht verjum hangelov razmakan kam qaxaqakan bambasanqneri. zarmanali e xmbagrutyan dirqoroshum@, nman nyuter hraparakelu gorcum. mite hnaravor cher dimel hamapatasxan masnagetneri. gone gitakan bacadrutyan kam varkaci aknkaliqov.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter