HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վոլոդյա Ավետիսյանի գործով երեք վկաներն էլ Հայաստանում չեն

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօր պիտի հացաքննվեին երեք վկաներ: Սակայն նիստը նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ նրանց բերման ենթարկելու որոշում էր կայացրել դատարանը, բայց երեք վկաներն էլ՝ Վարդան Կարապետյանը (Վոլոդյա Ավետիսյանի նախկին ծառայակիցը), Ծովինար Եղոյանը (Վոլոդյա Ավետիսյանի հորաքրոջ աղջիկը) և Օվսաննա Հարոյանը (Հենրիկ Հարոյանի մորաքույրը) գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Դատական նիստերի քարտուղարն ասաց, որ երկու վկաները գտնվում են Ռուսաստանում, մեկը՝ Վրաստանում: Վկաներից Վարդան Կարապետյանի կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը մեկնել է Ռուսաստան. նա դիմում է ներկայացրել դատարան, որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքները:

Դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել 3 վկաների ցուցմունքները, ինչպես նաև ավելի վաղ հարցաքննված վկա Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը:

Հիշեցնենք, որ Հենրիկ Հարոյանն այն անձն է, ում գործով, ըստ նախաքննության, 2000 ԱՄՆ դոլարի դիմաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը պիտի միջնորդեր, որ բանակից ազատվեր կամ զորակոչման համար տարկետում ձևակերպվեր (Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից հետո Հարոյանի տարկետման հարցը, ի դեպ, լուծվել է):

Նախորդ նիստերից մեկի ժամանակ Հենրիկը ներկայացել էր դատարան: Դեպքի հետ կապված դատարանում ասել, որ ոչինչ չի հիշում, հետո հեռացել էր Հայաստանից:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը առարկեց՝ նշելով, որ պաշտպանական կողմը այդպիսով հնարավորություն չի ունենալու հարցեր ուղղել վկաներին:

Դատավոր Լևոն Ավետիսյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները վկաների ներկայությունն ապահովելու համար:

Դատախազը հրապարակեց Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինը հայտնել էր, որ հայրը պապին է տվել Վոլոդյա անունով մի մարդու հեռախոսահամար՝ ասելով, որ հանդիպի նրան ու խոսի իր՝ բանակ զորակոչվելու հետ կապված խնդրները 5000 դոլարով լուծելու մասին: Հենրիկ Հարոյանը պատմել էր, որ ինքը, պապն ու եղբայրը հանդիպել են Վոլոդյա Ավետիսյանի հետ: Պապը Վոլոդյային, ըստ Հ.Հարոյանի նախաքննական ցուցմունքի, 2000 դոլար է տվել:

«Հոգեկան հիվանդի ցուցմունք է, մեկ՝ ոչինչ չէր հիշում, մեկ էլ՝ մանրամասն պատմում է»,- դահլիճից ասում էին Վոլոդյայի մարտական ընկերները:

Դատարանը մի քանի անգամ նախազգուշացում կիրառեց տեղից ռեպլիկներ անելու համար, բայց դահլիճում կրքերը չէին հանդարտվում: «Սցենարիստ Խաչիկյանն է գրել ցուցմունքը»,-քննիչ Խաչիկյանին նկատի ունենալով՝ ասում էին ազատամարտիկները, երբ դատախազը հրապարակում էր մյուս 3 վկաների ցուցմունքները:

Ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել չորս վկաների նախաքննական ցուցմունքերը: Փաստաբանը վկայակոչեց ՄԻ Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի շուրջ, այն է՝ ցուցմունքը չի կարող թույլատրելի համարվել, եթե պաշտպանական կողմը կամ անձը, ում մեղադրում են, իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու հնարավորություն չեն ունեցել:

Այս անգամ էլ առարկեց մեղադրողը՝ նշելով, որ վկաներին հարցեր տալու հնարավորություն ունեցել է պաշտպանական կողմը, սակայն Վոլոդյա Ավետիսյանը չի ցանկացել առերես հարցաքննվել իր նախկին կոլեգա Վարդան Կարապետյանի հետ: «Վկա Հենրիկ Հարոյանը եղել է դատարանում, ուստի պաշտպանության կողմը նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեցել է, վկա Ծովինար Եղոյանը ամբաստանյալի հարազատն է, ուստի Վոլոդյա Ավետիսյանի հարազատները կարող են միջոցներ ձեռնարկել, որ նա դատարան ներկայանա, իսկ վկա Օվսաննա Զաքարյանին դատարան հրավիրելու համար դատարանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ»,- այսպես առարկեց դատախազ Պապիկյանը:

Արա Զաքարյանն էլ նշեց, որ առերեսման ժամանակ ձևական հարցաքննություն է տեղի ունենում, չէ՞ որ պաշտպանական կողմը չի տիրապետում, թե կոնկրետ անձը ինչ ցուցմունք է տվել իր կամ իր պաշտպանյալի դեմ: «Անհրաժեշտ է, որպեսզի դատարանում հարց ու պատասխան լինի, որպեսզի պաշտպանական կողմը նրա ցուցմունքի շուրջ հարցեր տա»,-ասաց Արա Զաքարյանը:

Դատավոր Լևոն Ավետիսյանը միջնորդության քննարկման ավարտին հանկարծ որոշեց հետաձգել նիստը:

«Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով եք հետաձգում նիստը»,- զարմացավ փաստաբան Արա Զաքարյանը: Ի պատասխան՝ դատավորն ասաց. «Դատարանն այդպես է հարմար գտնում»:

Դահլիճը սկսեց աղմկել, ոտքերով հարվածել հատակին: «Պահանջում ենք արդար դատ», «Պատվեր մի՛ կատարեք, պարո՛ն դատավոր», «Հրաման եք կատարում». այսպիսի արտահայտություններով ազատամարտիկները ճանապարհեցին դատավոր Ավետիսյանին:

Դատարանի դիմաց ազատամարտիկները նշեցին, որ «եթե Վոլոդյա Ավետիսյանը բանակի հարց լուծող լիներ, իր հիվանդ որդին այսօր չէր գտնվի Երևանի հոսպիտալում: Նա ունի ստամոքսի խոց, զոբն է մեծացել, ունի լուրջ առողջական խնդիրներ»:

Ազատամարտիկները համոզված են, որ իրենց ընկերոջը կալանավորել են կեղծ, սարքովի մեղադրանքով՝ ազատամարտիկների ուշադրությունը իրենց խնդիրներից ուրիշ ուղղությամբ շեղելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter