HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն պայքարում է տարածաշրջանի աղետների դեմ

«Հետքի» հարցերին պատասխանում է ԵԱՀԿ Տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Հալիլ Յուրդակուլ Յիգիտգյուդենը (Halil Yurdakul Yigitguden): Հալիլ Յուրդակուլ Յիգիտգյուդենը թուրք է, զբաղեցնում է այս պաշտոնը 2013թ. փետրվարից: 1997-2003թթ. աշխատել է քարտուղարի տեղակալ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:

Ինչպե՞ս և ինչո՞ւ ԵԱՀԿ-ն սկսեց իրականացնել աղետների նվազեցման ծրագրեր տարածաշրջանում: Հրատապ խնդիր կա՞ր:

Մենք կարծում ենք, որ աղետները կարող են սպառնալ անվտանգությանը: Կլիմայի փոփությամբ պայմանավորված՝ մենք ավելի հաճախակի ենք աղետներ սպասում: Եվ սա կարող է դժվարություններ առաջացնել կառավարությունների համար, քանզի երբ մարդիկ կորցնում են իրենց առօրյան, վաստակը, տները և այլն, այդ ժամանակ դու այլևս չես կարող ֆունկցիոնալ հասարակություն ունենալ, ամբողջության մեջ գործող հասարակություն: Ահա թե ինչու մենք կարծում ենք, որ աղետների նկատմամբ պատրաստվածությունը և ռիսկերի կառավարումը պետք է հասցեագրվեն նրան, որ խուսափենք նման զարգացումներից: Կովկասի տարածաշրջանում, հատկապես Հայաստանում, մենք աշխատում ենք մեր «Շրջակա միջավայր և անվտանգության» նախաձեռնության (ENVSEC) միջոցով:

ENVSEC-ում ներառված կազամկերպությունները (ԵԱՀԿ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի Եվրոպական և տնտեսական հանձնաժողով, Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն, ՆԱՏՕ) օգտագործում են իրենց փորձառությունն այս ոլորտում: Սա ստեղծում է փոխգործակցություն, ուժեղ կողմեր, և մենք կարող ենք իրականացնել ծրագրեր ավելի քիչ ծախսերով, որովհետև բոլոր այս կազմակերպություններն աշխատում են միասին, ԵԱՀԿ-ն  «Շրջակա միջավայր և անվտանգության» նախաձեռնության ներկայացուցիչն է Հարավային Կովկասում, ուստի մենք նախաձեռնում ենք ծրագրեր այդ տարածաշրջանում:

Այս համատեքստում մենք ունենք երեք ծրագիր Հայաստանում:  Առաջինը Հարավային Կովկասում հրդեհների կառավարման և վայրի բնության աղետների նվազեցման նպատակով ազգային կարողությունների հզորացման ծրագիրն է: Այս ծրագրի նպատակն է հզորացնել երկրների ազգային կարողությունները՝ թրեյնինգների միջոցով միջգերատեսչական համագործակցությունը զարգացնելով: Մենք նաև ուզում ենք աջակցել տեղական օրենսդրությանը հրդեհների կառավարման քաղաքականություն նախապատրաստելով: Մենք այս պահին իրականացնում ենք ծրագրի երրորդ փուլը: Պատրաստում ենք նաև նոր փուլը, և հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի մասնակցել և մեծապես կաջակցի ծրագրին:

Երկրորդ ծրագիրը՝ «Կլիմայի փոփոխությունը և անվտանգությունը Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում», ֆինանսավորվում է Եվրոպակական Հանձնաժողովի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Սա ամենամեծ ծրագրերից մեկն է, որը ԵԱՀԿ-ն իրականացնում է տարածաշրջանում:

Երրորդ ծրագիրը նոր է և դեռևս չենք սկսել: Այն կբարձրացնի Օրհուս կենտրոնների կարողությունները աղետների նվազեցման ոլորտում: Այս համատեքստում Հայաստանի Օրհուս կենտրոնները շատ ակտիվ են: Այս կենտրոնների նպատակն է կիրառել Օրհուսի կոնվենցիան: Կոնվենցիայի իրականացումը թույլ կտա պետական գործակալություններին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին մասնակցել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Ծրագրի իրականացմանն առավելապես աջակցում է ԵԱՀԿ-ի Շվեյցարիայի առաքելությունը: Մենք ուզում ենք, որ երկրները լինեն լավ պատրաստված բնական աղետների նկատմամբ ոչ միայն կառավարության, այլև հանրային մակարդակով:

Եթե համեմատեք տարածաշրջանի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, որտեղ են աղետներին առնչվող խնդիրներն ավելի հրատապ:

Չեմ կարող հստակ ասել, քանի որ լավ ծանոթ չեմ երկրների հավետվություններին: Սակայն աշխարհում որևէ երկրում աղետները չեն կարող բացառվել: Բոլոր քաղաքները պետք է պատրաստ լինեն հաղթահարել բնական աղետների հետևանքները և պատրաստ լինեն աղետների դեմ պայքարելու համար: Մի քանի տարի առաջ ես այցելել էի Միացյալ Նահանգներ, տարափից երկու շաբաթ անց էր, և մայրաքաղաք Վաշինգտոնից 40 րոպե հեռավորությամբ գտնվող բնակավայրերը դեռ ջրի տակ էին, վերջին երկու շաբաթը նրանք չունեին էլեկտրականություն:

Ինչպե՞ս արդյունավետ իրականացնել համատեղ անդր-սահմանային ծրագրեր, եթե տարածաշրջանում կան հակամարտող կողմեր, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը, Վրաստանն ու Ռուսաստանը:

Կարծում եմ, որ մեր ներգրավվածությունն անհրաժեշտ է մշտապես, եթե կա անդրասահմանային համագործակցություն, երկկողմերի ներգրավվածություն: Մենք չենք կարող իրականացնել ծրագիրը առանց հարևան երկրների պարզ փոխըմբռնման:

Կարծում եք, որ Հայաստանի կառավարությունն ունի՞ բավական քաղաքական պատրաստակամություն՝ իրականացնելու ծրագրեր բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով, եթե մյուս կողմից կան քաղաքական և տնտեսական շահեր:

Ես չեմ կարող ինչ-որ առանձնահատուկ բան ասել Հայաստանի մասին: Բայց համոզված եմ, որ ԵԱՀԿ-ի անդամ տարածաշրջանային բոլոր երկրները և կառավարություններն ուզում են որևէ լավ բան անել իրենց քաղաքացիների և նրանց կյանքի բարելավման համար: Երբեմն ռեսուրսներ չկան, երբեմն փորձառության պակաս կա, բայց մենք, որպես ԵԱՀԿ, աշխատում ենք անել այն, ինչը մենք կարող ենք՝ համախմբելու պետության շահագրգիռ կողմերին, կրթել նրանց, տեղեկացնել, որպեսզի լինեն պատրաստված: Նրանք կարող են ստիպել իրենց կառավարություններին անհրաժեշտ որոշումներ կայացնելու հարցում:

Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր է նախատեսում ԵԱՀԿ-ն իրականացնել Հայաստանում:

Բացի իմ թվարկած ծրագրերից, մենք ունենք մի շատ հաջողված ծրագիր, որը կոչվում է ««Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի համար»: Ծրագրի հիմնական բաղադրիչը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոքր դրամաշնորհներ տարամադրելն է, որպեսզի նրանք իրականացնեն փոխկապակցված ծրագրեր շրջակա միջավայրի և անվտանգության ոլորտներում: Մենք այժմ թևակոխում ենք ծրագրի երկրորդ փուլ և ուզում ենք իրականացնել դա այլ տարածաշրջաններում՝ հիմնվելով Հարավային Կովկասի տարածաշրջանի հաջողության և դասերի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter