HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատակազմի ղեկավարը մեկնաբանում է «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գիտի` ի՞նչ նկատի ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ հայտարարում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը կլինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Ըստ նրա` այդ բառերի մեջ կա տարբերություն, բայց կա նաև նմանություն: 

«Իմ խորին համոզմամբ` վարչապետը նկատի ունի հետևյալը. բանն այն է, որ մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի հետագայում, երբ ժողովրդագրական պատկերը մեր երկրում փոխվի, կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին: Պարզ է, որ մենք ունենալու ենք նման շրջաններ: «Պարտադիր» նշանակում է, որ պետք է պարտադիր գտնվեն լուծումներ, «ոչ պարտադրված» նշանակում է` պետք է գտնվեն լուծումներ, որ երիտասարդը տեսնի` իր համար ճանապարհը դա է: Երիտասարդների գերակշիռ մասը պետք է համոզված լինեն, որ դա է ողջամիտ ճանապարհը: Կարծում եմ, որ վարչապետը հենց այս երկու կոմպոնենտների մասին է խոսում, երբ ասում է` պարտադիր, բայց ոչ պարտադրված»,- բացատրեց նա:

Դավիթ Հարությունյանն ասաց, թե ինքը պատրաստ չէ առայժմ ասել` վերջնական ինչ տեսք կունենա կուտակային կենսաթոշակային համակարգը` նշելով, որ իրենք քննարկել են օրենքի տարբեր մոդելներ: Ամեն դեպքում, աշխատակազմի ղեկավարը նշեց. «Մենք հիմա փորձում ենք այնպիսի մոդել գտնել, որ մի կողմից՝ հետ չկանգնենք այն քայլից, որի մասին հայտարարված է, մյուս կողմից` կարողանանք իրականացնել այն: Օրենքի բուն նպատակը հետևյալն է` փորձ է արվելու հասնել այնպիսի մոդելի, երբ բոլորին պարզ կլինի, որ այս մոդելը այն մոդելն է, որը ուղղված է կոնկրետ շահերի պաշտպանությանը»:

Հարցին, թե արդյոք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէ՞, երբ ասում է, որ կառավարությունն այս հարցում բառախաղ է կիրառում, երբ հայտարարում է, որ օրենքը կլինի պարտադիր բայց ոչ պարտադրված, Հարությունյանն արձագանքեց այսպես. «Ես չեմ տիրապետում նման հմտության, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Երբ խոսքը վերաբերում է լուրջ ծրագրերի, բառախաղը չէ լավագույն միջոցը արտահայտելու սեփական դիրքորոշումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter