HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուրենավանում առաջինն են ծիրանն ըմբոշխնում

Հանրապետությունում ծիրանն առաջինը հասունանում է Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Այդ պատճառով այստեղ առանձնակի են կարեւորում ծիրանի այգիները. ծիրանը թանկ են վաճառում` անկախ քանակից, բերքի իրացման խնդիր էլ չեն ունենում: «Ովքեր ուզում են ծիրանի այգի հիմնել, նրանք են հողի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում, մյուսները հետաքրքրված չեն»,- ասում է Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը` ցուցադրելով վերջին տարիներին գյուղում հիմնված տասնյակ հա ծիրանի այգիները: Քարքարոտ, անջրդի հողակտորներում ներդրումներ կատարելու մտքից սեփականատերերը չեն խորշել, վստահ են, որ կարճ ժամանակամիջոցում ծիրանի այգիները կվերադարձնեն ներդրված գումարը:

Համայնքի ղեկավարի ասելով` ծիրանի մշակությունն ու իրացումը սուրենավանցիների հիմնական զբաղմունքն է, գյուղից արտագաղթողներ չկան: Սակայն, այս տարվա մարտի 29-31-ի ցրտահարությունն ամբողջությամբ ոչնչացրել է բերքը, որը նույնն է թե` ապրուստի հնարավորությունը: Մարզպետարանի հաշվառումով` Սուրենավանում ցրտահարվել է 261,8 հա ծիրանի այգի: Կառավարությունը, որպես օգնություն, 100%-ով զիջել է հողի հարկը, 50%-ով՝ ոռոգման ջրի վարձավճարները, սակայն գյուղացիների կրած վնասն անդառնալի է: Դա է պատճառը, որ այս տարի գյուղից 120 տղամարդ մեկնել է արտագնա աշխատանքի:

Չնայած ծիրանի այգիների նկատմամբ տեղացիների եւ քաղաքաբնակների ունեցած մեծ հետաքրքրությանը, Սուրենավան գյուղում մայիսի 20-ին հայտարարված աճուրդին մասնակիցներ չկային: Օտարվելու էր 5 հա եւ 11 հա լոտերով գյուղնշանակության երկու եւ մեկ բնակելի կառուցապատման հողամաս: Համայնքապետ Կարո Կարապետյանն ասաց, որ աճուրդը չի կայանալու, քանի որ լոտերից մեկի համար ընդամենը մեկ հայտ է ներկայացվել: Այսպիսով, բանավոր աճուրդը համարվեց չկայացած: Այդ փաստը, սակայն, չարձանագրվեց, ինչպես պահանջում է գործող օրենքը:

Թեեւ համայնքապետը հավաստիացնում էր, որ գյուղացիները տեղեկացվում են աճուրդների մասին, սակայն համայնքապետարանի ցուցատախտակին այդ մասին հայտարարություն չկար: Կարո Կարապետյանի ասելով` մարդիկ «Հայաստանի Հանրապետություն» թերթից են տեղեկանում հայտարարության մասին: Աճուրդի համար հայտեր չլինելը նա իրազեկման պակասով չի պայմանավորում, իրական պատճառը օտարվող հողերի որակն է համարում` 5-րդ կարգի հողեր են: Գյուղի հողերի մեծ մասը 5-րդ կարգի է, քարքարոտ, անհարթ եւ մեծ ներդրում է պահանջում: Հող մշակելու ցանկություն ունեցողները նախ պետք է հարթեցնեն այն, նոր միայն մտածեն այգի հիմնելու մասին, ինչը լուրջ ծախսեր է ենթադրում: Կարո Կարապետյանը նշեց, որ Սուրենավանում անջրդի հողամասի 1 հա-ի կադաստրային արժեքը 222 հազար դրամ է, ոռոգվող հողամասինը՝ 285 հազար:

Անցյալ տարի Սուրենավանում գյուղնշանակության 9 հողակտոր է աճուրդով վաճառվել, երկուսն էլ` այս տարի: Ինչպես շատ համայնքներում, այստեղ էլ իրական մրցակցություն չի եղել: Բոլոր լոտերով մասնակիցները երկուսն են եղել, իսկ հողատարածքները վաճառվել են մեկնարկային գնին առավելագույնը 10.000 դրամ ավելացնելով:

Սուրենավանում դեռեւս ամբողջովին չի լուծվել ոռոգման ջրի հարցը: Ասիական բանկի աջակցությամբ եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ գյուղում ոռոգման նոր ջրագիծ է անցկացվել, սակայն դրանով հարցը չի լուծվել: Ավելի քան 400 հա հող դեռեւս չի մշակվում: Անմխիթար վիճակում է նաեւ խմելու ջրի ներքին ցանցը, որը կառուցվել է 1970-ական թվականներին: Կարո Կարապետյանը տեղեկացրեց, որ վերջին չորս տարիներին մոտ 16 մլն դրամի ներդրում են կատարել, որոշ հատվածներում փոխել են ջրագծերը, ինչն էականորեն բարելավել է վիճակը, սակայն խմելաջրի ամբողջ ցանցը փոխելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:

Սուրենավան համայնքը 66 մլն դրամ բյուջե ունի, որից 28 մլն-ը սեփական եկամուտներն են, իսկ 38 մլն-ը՝ դոտացիան: Համայնքապետն ասում է, որ շատ դժվարությամբ են կարողանում հողի հարկը հավաքել: Այս պահի դրությամբ 26 մլն դրամի ապառք է գոյացել:  «Մարդիկ սովոր չեն հարկ վճարելու: Իհարկե, ամեն տարի 100%-ով կարողանում ենք հարկերը հավաքագրել, բայց երեսի զոռով, մեկին համոզելով, մյուսին խնդրելով, բա էլ ո՞նց անենք, եթե մարդն ի վիճակի չի տալու, հո դատի չե՞նք տալու»,- ասում է համայնքապետը:

Սուրենավանում թիվ մեկ խնդիրը գազիֆիկացումն է: Գտնվելով մայրուղու վրա` գյուղը խորհրդային տարիներից ի վեր զրկված է եղել կապույտ վառելիքից: Գազիֆիկացված չեն նաեւ Արմաշ եւ Երասխ գյուղերը: Կ. Կարապետյանն ասաց, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, վերջիններս «հազար ու մի պատճառ» են բերել: Համայնքապետարանում դժվարացան պատասխանել, թե երբ գյուղը կգազիֆիկացվի:

Համայնքապետը թվարկեց նաեւ այն աշխատանքները, որ նախատեսում են առաջիկայում: Այս տարի որոշել են ամբողջությամբ լուծել գյուղի լուսավորության հարցը, աջակցություն ստանալու դեպքում կվերանորոգեն նաեւ մշակույթի տունը: Նախահաշիվն արդեն պատրաստ է` 12 մլն դրամ է անհրաժեշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter