HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիրացու» Ջիվանը. պատերազմից 20 տարի անց

Երևանի Հարավարևմտյան թաղամասում գտնվող սբ. Երրորդություն եկեղեցու բակում լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հետ սպասում ենք եկեղեցու ատենապետ, ազատամարտիկ Ջիվան Հակոբյանին: Չնայած եկեղեցական ծառայության անցել է պատերազմից հետո, բայց դեռ կռվի տարիներին նրան «տեր հայր» կամ «վարժապետ» էին անվանում:

Մի քանի րոպե անց բարձրահասակ, նիհար կազմվածքով ու խոշոր աչքերով տղամարդ է բարևում Հակոբին: Ծանոթանում ենք՝ ազատամարտիկ-տեր հայրն է: Եկեղեցու բակում բարևում է իր ծանոթներին: Աչքից բան չի վրիպում: Եկեղեցու շենքի՝ աստիճանի նմանվող մեծ սալիկին նստած երկու տղաներին խնդրում է չնստել այդտեղ: Խնդրանքի մեջ հոգատարություն կա: Տղաներն անմիջապես իջնում են, նկատելի ժպտում ու քայլում դեպի բակի նստարանները: Զրուցելու համար տեղ ենք փնտրում: Հասնում ենք մանկական սրճարանի մոտ, երեքս էլ ժպտում ենք: Ներս ենք մտնում: Մանկական սրճարանում երեխաների, խաղային սարքերի ձայների ու գույների մեջ սկսում ենք խոսել պատերազմից:

Պատերազմից 20 տարի անց

Ջիվան Հակոբյանը ուլունքների շարանի պես հիշողություններն է «թելում»: Սկզբից դժվար է խոսում, ասում է՝ կռվի դաշտ գնացածներից շատերը չգիտեին, թե պատերազմն ինչ է, իսկ դրա գիտակցությունը կռվի դաշտում է գալիս:

Պատերազմի մասին լսել էր Գյումրիում, որտեղ երկրաշարժից տուժածներին օգնություն էր տարել, Գյումրուց տուն է եկել, վերցրել է ֆինկան (դանակ) ու հրացանը և ճանապարհ ընկել դեպի Վայոց ձորի Խաչիկ գյուղ: Տնեցիներին էլ ասել է, թե Սպիտակ պիտի գնա՝ օգնություն հասցնելու համար: Այդ ժամանակ արդեն կամավորագրվել էր «Հայոց ազգային բանակին» (ՀԱԲ), որտեղից էլ հետագայում տեղափոխվեց «Արաբո» ջոկատ:

«Այդ կռիվն ավելի շատ հավատքի կռիվ էր: Ես գնացել եմ առաջին հերթին հավատքի համար, հետո նոր հայրենիքի: Կարող ա զարմանալու լինի, բայց էդպես ա»,- ասում է նա: Մարտական ուղին էլ կարճ է ներկայացնում. Հայաստանում՝ բացի Նոյեմբերյանից և Մեղրիից, Արցախում՝ Ջաբրաիլից ու Ֆիզուլուց, եղել է մնացած բոլոր կետերում:

Պատերազմի մասին ավելի շատ նախընտրում է լռել: Թեև օրագրություն չի արել, դեպքերը չի գրանցել, բայց դրանք իր մտքում են:

«Մենք կալենդարով չենք կռիվ գնացել, որ կարողանամ ասել, թե քանի օր եմ տանը եղել էդ ընթացքում: Մի անգամ, հիշում եմ, էն ցուրտ ու մութ տարիներն էին, տուն էի եկել, որոշել էի, որ բալկոնի շուշաբանդը սարքեի, հենց ապարատը միացրի, երկու հատ տոչկա տվեցի, զանգին, ասացին՝ շուտ արեք, կռիվը սկսել է: Էդ ձևի թողեցինք, չֆայմեցինք էլ ապարատն անջատեինք, թողեցինք, գնացինք Գետաշեն»,- պատմում է նա:

«Տիրացու» անվան մասին խոսելիս սկսում է ծիծաղել: Մինչ 1989 թ. աշխատում էր Երևանի թիվ 11 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: «Արաբո» ջոկատում էլ տղաներ կային, որոնց դասավանդել էր: Դրա համար նախ «վարժապետ» կնքեցին, հետո՝ «տեր հայր»:

«Էն ժամանակ շատ քիչ մարդիկ գիտեին «Հայր մերը», ես էլ դա տպած տանում էի գյուղեր, նաև փոքր խաչեր էի տանում: Դրանք տալիս էի և՛ կռվող տղաներին, և՛ գյուղացիներին: Օրինակ, Խաչիկ գյուղում եմ բաժանել: Մի անգամ էլ արճիճե 200 խաչ սարքել տվեցի ու էդ խաչ սարքողին խնդրեցի՝ էլ չսարքի էդ խաչերից, հետո բերեցի էդ խաչերը սաղ արաբոյականներին բաժանեցի»,- ժպտում է: Երկու մականուներից էլ գոհ է:

Կռվից հետո էլ՝ իրիկունները, մեկ-մեկ Աստվածաշնչից հատվածներ էր կարդում, չնայած ասում է, գիտեր, որ իր ազատամարտիկ ընկերների մեջ աթեիստներ կային:

«Անընդհատ երազում էի, որ մի օր կարող ա շապիկ էլ հագնեի: Արդեն 6-7 տարի է՝ շապիկ եմ հագնում, դպիր էի, հիմա արդեն ատենապետ եմ: Ինձ համար ամենակարևորը եկեղեցական ծառայությունն է»,- ավելացնում է ազատամարտիկը:

20 տարիներին եղան նաև տխուր դեպքեր իր կյանքում: Այս մասին հպանցիկ է խոսում: Հետո իմանում եմ, որ տարիներ առաջ նա կորցրել է որդուն ավտովթարի հետևանքով:

Լռության «գինը»

Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է Հայաստանի անկախությունը: Իսկ կորցրածի մասին ասում է՝ «կորցրած ահագին բան կա՝ հարազատներ, ընկերներ»: Մասամբ է գնահատված զգում իրեն: Ասում է՝ տեղեր կան, որ շատ-շատ են գնահատում կռված տղերքին, տեղեր էլ կան, որ հարցնում են՝ ո՞ւմ համար ենք գնացել կռվելու, ինչի՞ համար, պաշտոն ստանալո՞ւ համար: Այդ տեղերից ուզում է թողնել-փախչել, որովհետև պատասխանելու դեպքում վատ կլինի այդ ասողների համար:

Մեր զրույցի մի քանի կետերում նա անընդհատ շեշտում է, թե «փառք Աստծո, ազատ, անկախ Հայաստան ունենք, բայց սա էն երկիրը չէ, որն ուզում էինք տեսնել, փախչելու, բողոքելու տեղ ունենք, բայց պետք չէ»: Այն ժամանակ իրենք պատկերացնում էին, որ բարեկեցիկ երկիր կունենան, ինչն այդպես էլ մնաց երևակայության ուղեծրում:

«Հիշում եմ՝ թոշակիս համար դիմեցի վարչապետին, վարչապետն էլ էկոնոմիկայի նախարարին է ուղարկում դիմումս... Հիմա 60 տարեկան եմ, բայց ոչ մի ձևի թոշակ չեմ ստանում, ասում են՝ աշխատանքային 20 օր չի հերիքում, որ թոշակը ձևակերպենք… Ցավալի է, որովհետև եթե ինքը կռված տղա լիներ, կհասկանար»,- այս ասելուն պես հայացքը թաքցնում է:

Լռում ենք: Սրահում լսվում է երեխաների ծիծաղ: «Հենց նեղն ենք ընկնում, մարդկային չափանիշները, գաղափարախոսությունը բարձր հիմքի վրա է հասնում: Հենց խաղաղություն է, մեկը պաշտոն է ստանում, մյուսը՝ փող: Հիմա էդ մարդկային չափանիշները, այդ ամեն ինչը սառում են: Դրա համար առիթների ժամանակ ասում եմ՝ ոչ մեկը չի ցանկանա, որ կռիվ լինի՝ բացի իմ նմանից: Եթե ուզում են, որ էս ազգի ոգին միշտ տեղը լինի, ամուր լինի, մի քիչ հայ մնա, ուրեմն 20 տարին մեկ պիտի կռիվ լինի: Գիտեմ, շատ դաժան բան եմ ասում, բայց ազգը փրկելու համար պիտի էդպես անենք»,- առանց կոպերը թարթելու՝ շարունակում է ազատամարտիկը:

Խոր հոգոց է հանում: Իր զգուշությամբ ասվող խոսքերի տողատակերում երկրի ապագայի մասին մտահոգությունը թաքնվում է, որովհետև գիտի, որ իր պատասխանը բոլոր նրանց համար, որոնցից երբեմն լսում է՝ «ում և ինչի համար են գնացել կռվելու», ավելի վատ կլինի: Դրա համար էլ արդեն 20 տարի է՝ լռում է և միայն մի բանում է վստահ. մարդը, որ մի անգամ կռվի դաշտում է եղել, հանգիստ չի կարող նստել, երբ կռիվ լինի: Ինքն էլ նախկին քաջությունը չունի, բայց մեկ է, ասում է, եթե պատերազմ լինի, կռվի դաշտում է լինելու:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter