HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Qnac es?», «Du tesar?? Sax uxel em u texadrel, nayel es». բռնաբարության մեջ կասկածվողի ու քննիչի sms հաղորդագրությունները միմյանց

28-ամյա Հասմիկը «Мой Мир» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանում է 32-ամյա Արմենի հետ եւ մի քանի անգամ հանդիպում: Հասմիկը մտածում է լուրջ հարաբերություններ սկսելու մասին (անունները փոխված են):

«Արմենը առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ, երբ մերժում եմ նրան, տեսանկարահանում է կիսամերկ վիճակում, հետո ինձնից գումար պահանջում եւ, ի վերջո, բռնաբարում է ինձ: Ինքն ինձ սկզբում լավ էր վերաբերվում, լուրջ տպավորություն էր թողնում, մտածեցի` շփվեմ: Մի անգամ ասաց՝ ուզում եմ հանդիպենք, բայց իմ ուզած ձեւով պիտի հագնվես, գաս: Իր ուզած ձեւն էլ շրջազգեստ հագնելն էր: Քանի որ ես աշխատում էի, չհասցրեցի փոխվել, գնացի սովորական հագուստով: Կասկադի աստիճանների մոտ դեռ չէի հասել, ինքն ինձ հեռվից տեսավ, զանգեց, ասաց՝ հետ գնա: Ես հասկացա, որ խնդիրը իմ շորի մեջ է: Ես շատ զարմացա, քանի որ ինձ համար անհասկանալի էր անծանոթի ասածներին ենթարկվելը: Հետ գնացի ու որոշել էի այլեւս չշփվել: Հետո ինքը զանգեց, հետ կանչեց ինձ՝ թե խոսենք: Սկսեց գոռալ փողոցում. «Ինքն էլ էր տենց անում, դրա համար էդպես եղավ»: Ես հարցրի, թե «ինքն» ով է, ում մասին է խոսում: Հետո նոր խոստովանեց, թե ամուսնացած-բաժանված է: Կնոջից բաժանվել է, որովհետեւ իրեն չէր ենթարկվում: Դրանից հետո մենք ահագին ժամանակ չհանդիպեցինք: Մի օր զանգեց, խնդրեց հանդիպել: Ես իրենից ոչ մի վտանգ դեռ չէի զգում: Ասաց` գնանք խոսելու, ու մենք խոսելու համար, չգիտես ինչու, հայտնվեցինք «Վալենսիա» հյուրանոցային համալիրում»,- պատմում է Հասմիկը:

Հյուրանոցի սենյակում Արմենը, Հասմիկի պատմելով, ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ: Մերժում ստանալուց հետո բռնի կերպով փորձել է քաշել, հանել աղջկա հագուստը, որից հետո տեսանկարահանել է նրան կիսամերկ վիճակում՝ անկողնում նստած: Այդ օրը որեւէ սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Տեսանկարահանելուց հետո Արմենը հեռացել է, սակայն բազմիցս զանգել, գումար եւ հանդիպում է պահանջել՝ սպառնալով տեսանյութը հրապարակել եւ ցույց տալ աղջկա ընտանիքի անդամներին:

Շանտաժի, ֆիզիկական բռնության եւ սպառնալիքի միջոցով Արմենը 3 անգամ աղջկան ստիպել է մեքենայի մեջ սեռական բնույթի գործողություններ կատարել: «Խփում էր, մազերիցս էր քաշում, սպառնում էր, որ տեսագրությունը բոլորին ցույց կտա, չէր թողնում մեքենայից դուրս գամ»,- ասում է Հասմիկը:

«Հյուրանոցի տեսագրության մեջ երեւում է, որ Հասմիկը կիսամերկ՝ ներքնազգեստով նստած է մահճակալին՝ գլուխը ձեռքերի մեջ: Նա էլ ասում է՝ գլուխդ բարձրացրու, ֆոտո անեմ: Հասմիկը մի քանի րոպե ձայն չի հանում, հետո բարձրացնում է գլուխն ու ասում. «Մամայիս արեւ քո վերջը…», ու այդտեղ ավարտվում է տեսագրությունը: Երբ հարցաքնության ընթացքում քննիչը Արմենին հարցրել է, թե ինչու է տեսանկարահանել կիսամերկ Հասմիկին, պատասխանել է, թե որպեսզի հետո բռնաբարության մեջ ինձ չմեղադրեր: Բայց իրական բռնաբարությունը տեղի է ունեցել տեսանկարահանումից 4 ամիս անց: Այսինքն՝ նա որտեղի՞ց գիտեր, որ հետագայում տեղի է ունենալու բռնաբարություն: Սա խոսում է այն մասին, որ Արմենը մտադրված տեսանկարահանել է կիսամերկ աղջկան, որ հետագայում, շանտաժի ենթարկելով, բռնաբարի նրան, հետո այդ տեսագրությամբ փորձի ապացուցել, որ չի բռնաբարել»,- ասում է Հասմիկի փաստաբան Նոնա Գալստյանը:

Տեսանկարահանումից ամիսներ անց՝ 2012-ի մայիսի 9-ին, Արմենը կրկին զանգահարել եւ sms հաղորդագրություններ է ուղարկել Հասմիկին՝ պահանջելով 5000 ԱՄՆ դոլար: Հասմիկը անջատել է հեռախոսը: Արմենը զանգահարել է ցերեկը եւ հանդիպում պահանջել, այլապես սպառնացել է զանգահարել աղջկա հորը եւ ասել, որ Հասմիկն իրեն անհանգստացնում է: Վերջինս շարունակել է չպատասխանել զանգերին: Արմենը զանգահարել է Հասմիկի հորը եւ ասել. «Ես ամուսնացած տղամարդ եմ, ձեր աղջիկն անհանգստացնում է ինձ, ուզում է ընտանիքս քայքայել»:

«Հայրս զանգեց ինձ, ասաց՝ ինձ զանգել է ինչ-որ Արմեն ու ասում է, որ անհանգստացնում ես իրեն, կա՞ նման բան: Դրանից հետո ես զանգեցի իրեն, ասացի՝ ինչու ես զանգել հորս: Ասաց` եթե չհանդիպես հետս, հաջորդը եղբայրդ ա, հետո` մայրդ, հետո` բոլորը: Ես արդեն չգիտեի՝ ինչ անել: Վախից ու խուճապից` ստիպված տաքսիով գնացի Սայաթ-Նովա փողոց՝ իրեն հանդիպելու: Մտածեցի` կխոսեմ հետը, կհամոզեմ: Ինքը նստեց նույն տաքսիի մեջ, մի քանի մետր գնացինք, մեքենան կանգնեցրեց, իջանք: Ես հարցրի՝ ուր պիտի գնանք ու ինչու իջանք տաքսիից: Ասաց՝ միգուցե տաքսու վարորդը ձեր բարեկամն է, դրա համար չենք շարունակում նույն մեքենայով: Ձեռքիցս քաշեց, թե` հետս գալիս ես, անում ես էն, ինչ ես եմ ասում, ձայնս փողոցում չես բարձրացնում: Նորից տաքսի կանգնեցրեց, ինձ քաշելով մտցրեց մեքենան: Մեքենայի մեջ ինձ ասաց, որ գնում ենք «Վալենսիա», սեռական հարաբերություն պիտի ունենանք: Ես իրեն խնդրեցի, բացատրեցի, որ ես ամսեկան օրերի մեջ եմ, ոչինչ չի կարող լինել: Ասաց՝ ոչինչ, ուրեմն կգնանք հյուրանոց, կխոսենք: Ես ամեն կերպ ընդդիմացա, ինքն ինձ տաքսու մեջ խփեց, վարորդը մեծ մարդ էր, ասաց՝ քշի, շարունակում ենք»,- պատմում է Հասմիկը:

«Վալենսիա» հյուրանոցային համալիրի 519 սենյակում էլ Արմենը, Հասմիկի պատմելով, քաշել է նրա մազերից, հարվածել դեմքին, հետո բռնաբարել: «Ես հիշում եմ, որ մազերիցս քաշեց, գցեց անկողնու վրա, ուժեղ խփեց դեմքիս, աչքերիս առաջ սեւացավ ու արդեն բռնաբարեց ինձ»,- ասում է Հասմիկը: Բռնաբարությունից հետո Հասմիկը դեպքի մասին պատմել է ընտանիքի անդամներին եւ 5 օր անց՝ մայիսի 14-ին դիմել ոստիկանություն:

Քննիչ Ա. Կավեյանի եւ կասկածյալ Արմենի անհասկանալի մտերմությունը

Տուժող Հասմիկի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Կավեյանին: Վերջինս անձնական մտերմություն է ունեցել բռնաբարության մեջ կասկածվող Արմենի հետ եւ բացատրություններ վերցնելիս Հասմիկի նկատմամբ կիրառել է հոգեբանական ճնշումներ, նրան արժանացրել նվաստացուցիչ վերաբերմունքի եւ փորձել ուղղորդել: Տուժող Հասմիկը 2014-ի մայիսի 15-ին դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, որտեղ պատմել է իր գործով ամբողջ քննչական պրոցեսի ապօրինությունների մասին: Դիմումում նշված է, որ քննիչ Կավեյանին բացատրություն տալու պահին նրա աշխատասենյակում է գտնվել նաեւ անծանոթ մի անձ, որի ներկայությամբ ինքն ընկճվել է եւ չի ցանկացել բացատրություն տալ: Հասմիկի երկրորդ փաստաբանը` Ավագ Լալայանը, փորձել է ճշտել, թե ինչու է անհայտ անձը ներկա հարցաքննությանը, որից քննիչ Կավեյանը բորբոքվել է եւ գոռգոռալով հայտնել, թե փաստաբանն ո՞վ է, որ իրեն նման բաներ ասի:

Քննիչի կողմից ճնշումների է ենթարկվել նաեւ Հասմիկի` որպես վկա ներգրավված եղբայրը՝ Հ. Ժ.-ն: Հարցաքննության ժամանակ Արմեն Կավեյանը սեղանի տակից իբր պատահմամբ մի քանի անգամ հարվածել է Հ.Ժ-ի ոտքերին, այնուհետեւ համակարգչով երաժշտություն է միացրել, բարձրացրել ձայնը եւ փորձել խանգարել վկային:

«Քննիչ Կավեյանի վերաբերմունքն ուրիշ բառով, քան փողոցային, չեմ կարող նկարագրել: Թուղթը վերջացել էր, ես իրենից թուղթ ուզեցի, թուղթը գցեց իմ առաջ, թե` գրի, արա, առ, ինչքան ուզում ես գրի: Փորձում էր ամեն կերպ խանգարել կամ կռիվ հրահրել: Տեսնելով, որ ես ադեկվատ եմ ու շարունակում եմ գրել եղելությունը, սկսեց սեղանի տակից ոտքերիս հարվածել, հետո նոթբուքով երաժշտություն միացրեց ու ձայնը բարձրացրեց: Ես ստիպված եղա իրեն հասկացնել, որ դու քննիչ ես ընդամենը եւ ոչ թե խուժան, քեզ խուժանի պես մի պահիր: Դրանից ինքը շատ ոգեւորվեց, սկսեց սպառնալ, թե ես դեռ չգիտեմ, որ այս ամենի համար քույրս է պատասխան տալու»,- պատմում է Հասմիկի եղբայրը:

Տուժողի հարցաքննություններից մեկի ժամանակ Հ. Ժ.-ն ուղեկցել է քրոջը քննչական բաժին: Հարցաքննության ընթացքում վերջինս նստած է եղել ոստիկանության բակում տեղադրված տաղավարում, երբ մի քանի ոստիկան, այդ թվում` քննիչ Կավեյանի «ստաժոր» ներկայացածը, նույնպես մտել են տաղավար: Նրանք սկսել են հայհոյախառն արտահայտություններով քննարկել Հասմիկի բռնաբարության գործը՝ նշելով. «Տենց ա լինում, էլի, երբ աղջիկները ման են գալիս, հետո անմեղ մարդկանց գլխին սարքում»:

Այս դեպքից հետո Հ. Ժ.-ն, ով նախկինում ծառայել է ռազմական ոստիկանությունում, դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով պարզել, թե ովքեր են հայհոյախառն արտահայտություններ անում տուժող քաղաքացու հասցեին եւ պատասխանատվության ենթարկել նրանց:

«Ես դիմում-բողոք եմ ուղարկել ոստիկանապետին, շեշտել եմ, որ ես ձեր զինվորն եմ, օգնեք ինձ օրինական քննություն տանել: Պատասխան եմ ստացել, թե իմ դիմումն ուղարկվել է դատախազություն, իսկ դատախազությունից պատասխանեցին, որ նման բան չի եղել: Եթե ոստիկանապետն ու գլխավոր դատախազը, ինչպես հեռուստացույցով են հայտարարում, ցանկանային մաքրել ոստիկանությունը խուժաններից, նրանք կհանձնարարեին շենքի տեսախցիկներից մեկը նայել ու պարզել, թե ովքեր են: Իսկ հեռուստատեսության հայտարարությունները բացարձակ զրոյական արժեք ունեն: Իրականում ամենաանմակարդակ խուժանները գտնվում են ոստիկանությունում ու, մաքրելու փոխարեն, նրանց պաշտոնների բարձրացում է լինում»,- ասում է Հ. Ժ.-ն:

Քրեական գործի նյութերը քննող երկրորդ քննիչը՝ Կ. Հակոբյանը, նույնպես փորձել է հոգեբանական ճնշում գործադրել տուժողի եղբոր վրա՝ նրան հայտնելով գործի հետ կապված խիստ ինտիմ մանրամասներ, որոնց մասին Հ. Ժ.-ն մինչ այդ չի իմացել:

«Նա նախ ինձ գործին որեւէ կերպ չառնչվող հարցեր էր տալիս: Օրինակ՝ հարցնում էր, որ եթե ես շուտ իմանայի դեպքի մասին, ի՞նչ կանեի: Ես խնդրեցի, որ հարցը հստակեցնի: Ինքն ասում է՝ ես իմ հարցը հստակ տվեցի, գրի: Այսինքն՝ ամեն կերպ ինձանից փորձում էր պոկել մի պատասխան, որը գործի հետ կապ չունի: Երբ հասկացավ, որ ես շարունակում եմ ադեկվատ մնալ, հարցրեց, թե քույրդ կիսվո՞ւմ է քեզ հետ: Պատասխանեցի, որ այո, կիսվում է: Չի կիսվի միայն այնպիսի հարցերի շուրջ, որոնք խիստ անձնական են: Ինքն ինձ այնքան նյարդայնացրեց, որ ասացի՝ չկա այնպիսի բան, որ քույրս ինձնից կթաքցներ: Ինքը շատ ոգեւորված սկսեց պատմել, թե դու գիտե՞ս, որ այսպիսի բաներ են եղել՝ պատմելով որոշ մանրամասներ, որոնց մասին ես տեղյակ չէի: Ես արդեն տրվեցի զգացմունքներին: Ինքն էլ, օգտվելով առիթից, թեւը գցեց ուսիս, թե «ախպերս, դե հիմի խաբել, արել ա. խաբելու համար ես չեմ կարա մարդուն դատեմ»»,- պատմում է Հասմիկի եղբայրը:

Դեպքից հետո տուժող Հասմիկը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որն արձանագրել է, որ դեպքի օրը տուժողին պատճառվել է կապտուկի ձեւով վնասվածք՝ աչքի ստորին հատվածում: Քննիչ Արմեն Կավեյանը կապտուկի վերաբերյալ հարցաքննել է Արմենին, վերջինս ասել է, թե միգուցե կապտուկը պատճառվել է սեռական հարաբերությունների ժամանակ անզգուշությամբ:

«Քննիչը կապտուկի վերաբերյալ Արմենի ասածն ընդունել է հիմք, արձանագրել որոշման մեջ, որ կապտուկն առաջացել է սեռական հարաբերությունների ժամանակ Արմենի կողմից անզգուշության հետեւանքով: Այնուամենայնիվ, սեռական ակտը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Այսինքն՝ դատաբժշկի եզրակացության փոխարեն հիմք է ընդունվել կասկածյալի ցուցմունքը»,- նշում է տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը:

2012-ի հունիսի 11-ին տուժող Հասմիկը բացարկ է ներկայացրել քննիչին` նշելով, որ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա. Կավեյանը, ինչպես նաեւ այդ բաժնի ցանկացած այլ քննիչ սույն քրեական գործով ի վիճակի չեն իրականացնել օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ նախաքննություն: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Մկրտչյանը մերժել է տուժողի բացարկը: Հասմիկը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ բացարկը մերժելու մասին որոշման դեմ: Այդ բողոքը նույնպես մերժվել է, եւ, ի վերջո, 2012թ. օգոստոսի 8-ին քննիչ Ա. Կավեյանը կայացրել է որոշում քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Հասմիկը օգոստոսի 17-ին դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչ Կավեյանի որոշման դեմ: Դատարանը, 2013թ. փետրվարի 13-ի որոշմամբ, վերացրել է քրեական գործով վարույթը կարճելու մասին կայացված որոշումը: Ավելին՝ դատարանն արձանագրել է, որ նախաքննությունը կատարվել է թերի եւ միակողմանի:

Դատարանի որոշումից հետո տուժող Հասմիկը  2013թ. փետրվարի 20-ին կրկին դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Երեւան քաղաքի դատախազին եւ ՀՀ ոստիկանապետին՝ խնդրելով քրեական գործը վերցնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնից եւ հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի: Երեւան քաղաքի դատախազությունը քրեական գործը Նոր Նորքի քննչական բաժնից ուղարկել է ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Այստեղ գործը հանձնարարվել է ավագ քննիչ Կ. Հակոբյանին:

Քննիչ Հակոբյանը համակարգչատեխնիկական փորձաքննության է ենթարկել կասկածյալ Արմենի հեռախոսը, որի արդյունքում պարզվել է, որ նախորդ քննիչ Կավեյանը sms հաղորդագրություններով մտերիմ կապի մեջ է եղել բռնաբարության մեջ կասկածվող Արմենի հետ այն ժամանակ, երբ դեռ քննում էր վերջինիս վերաբերյալ քրեական գործը:

Արմենը զբաղվում է ավտոպահեստամասերի առքուվաճառքով: Քննիչը հաղորդագրությամբ վերջինիս է ուղարկել «Ֆոլցվագեն տուառեգ» ամենագնաց մեքենայի նույնականացման համարը: Հասմիկը նշում է, որ Կավեյանի մոտ հարցաքննությունների գնալիս բազմիցս նկատել է քննիչին այդ մակնիշի ավտոմեքենան վարելիս:

Փորձաքննության արդյունքում sms հաղորդագրությունների դուրս բերված պարունակությունը ներկայացնում ենք ստորեւ.

Քննիչ Ա. Կավեյանի պաշտոնի բարձրացումն ու հետագա ազդեցությունը քրեական գործի քննության վրա

Բռնաբարության վերաբերյալ քրեական գործի՝ Նոր Նորքից Երեւան քաղաքի քննչական վարչություն տեղափոխվելուց մեկ ամիս անց քննիչ Ա. Կավեյանը նույնպես Նոր Նորքի քննչականից տեղափոխվում է Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ նշանակվելով քննիչ:

«Միակողմանի եւ թերի քննություն իրականացնելու համար քննիչին պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ բարձրացնում են նրա պաշտոնը: Իմ ակնկալիքները, որ այսուհետ կիրականացվի պատշաճ քննություն, չարդարացվեցին նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչությունում: Այդ վարչության քննիչ Կ. Հակոբյանը շարունակեց քննիչ Կավեյանի գործելաոճը: Նա ոչ միայն չէր իրականացնում գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, այլեւ բացահայտ խախտում էր նախաքննության գաղտնիության պահանջը եւ երրորդ անձանց անկաշկանդ հրապարակում իմ անձնական (ինտիմ) կյանքի վերաբերյալ տեղեկություններ: Չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները՝ քննիչ Հակոբյանը հեռախոսազանգերով հարցաքննության է հրավիրել դեպքից անտեղյակ իմ համակուրսեցիներին եւ բարեկամներին, ում «անկեղծորեն» պատմել է քրեական գործի բոլոր հանգամանքները: Ավելին, գործի քննությունը չավարտված` քննիչը դիրքորոշում է հայտնում այն մասին, որ իմ ասածները չեն հիմնավորվել, այլ հիմնավորվել են Արմենի հայտնած տեղեկությունները, որ ես իմ զանգերով «զզվեցրել եմ» Արմենին, իսկ քրեական գործը շուտով կարճվելու է»,- նշում է Հասմիկը գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին ուղղված իր դիմում-բողոքում:

Տուժողը գլխավոր դատախազին խնդրել էր ձեռնարկել միջոցներ՝ պարզելու, թե ինչ շահագրգռվածությունից ելնելով կամ ում հանձնարարությամբ է քննիչ Կ. Հակոբյանը փորձում կոծկել հանցագործությունը: Գլխավոր դատախազն ընդամենը քրեական գործը հանձնել է մեկ այլ քննիչի՝ Վ. Մանուկյանին, ով մի քանի հարցաքննություններից հետո 2013թ. հոկտեմբերի 21-ին կայացրել է որոշում՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու մասին:

Այս որոշումը բողոքարկվել եւ վերացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2014թ. որոշմամբ:

Դատարանի որոշման պատճառաբանությունները.

«SMS հաղորդագրությունների փորձաքննությունից հետո մենք քննիչների դեմ հաղորդում ենք ներկայացրել, որ քրեական գործ հարուցվի նրանց նկատմամբ: Կարծում եմ՝ դատախազությունը, տեսնելով, որ հաղորդում ենք ներկայացրել, ուշացմամբ բողոքով դիմել է վերաքննիչ դատարան՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը, որոշել է բավարարել դատախազության բողոքը: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, բողոք ենք ներկայացնելու ՀՀ վճռաբեկ դատարան, որ վերաքննիչ դատարանի որոշումը վերացնեն: Հետամուտ ենք լինելու, որ Հասմիկի նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտվի, եւ մեղավորը պատժվի, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկվեն հանցագործությունը քողարկող քննիչները»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Հասմիկի փաստաբան Ավագ Լալայանը:

Վերջինս կարծում է, որ այս գործի ետեւում դատախազներ են, ովքեր էլ հովանավորել են քննիչների ապօրինի գործողությունները. «Երեք քննիչներն էլ նույն ոճով քննություն են իրականացրել, ինչից հետեւում է, որ նրանց ցուցում է տվել իրենց վերահսկող դատախազը՝ անտեսելով դատարանների որոշումները»,- ավելացնում է Լալայանը:

Մեկնաբանություններ (7)

tert
ay qez ban. 4 amis araj kisamerka nkarel e.? is inch eir anum kisamerk? incha nshanakum chgitem inchpes haytnveci valensia hyranocum? inch e nshanakum asec ete shrjazgestov ches gna? inch es dranic heto handipum? sranq en amenamec harcery axjik jan
Sona
ayc gorcum shat parz u hstak en erevum qnnichi sxalnnern ubactoxumner..da naranic e vor nor-norqi bajnum shat kan qnnichner voronq irakanum irenc texum chen(naxapes neroxutyun em xndrum ayn vostikanneric ovqer barexxchoren en katarum irenc ashxatanq@)
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նման դեպքերում 2 ոսկե կանոն՝ ա) անմիջապե՛ս դադարեցնել բոլո՛ր շփումները տվյալ անձի հետ՝անկախ բոլոր սպառնալիքներից, բ) անմիջապե՛ս դիմել օրինապահ մարմիններին, համապատասխան ՀԿ-ների, (վստահելի) ընկեր-բարեկամ-հարազատների: ԱՄՈԹԸ այսպիսի դեպքերում շա՜տ թանկ կարող է նստել: Եվ սա էլ՝ (այսպիսի անձի հետ) ԵՐԲԵՔ վայր A-ից մի գնացեք վայր B:
ara
Xexch axchik, amot@ taqznelu patcharov haytnvel e srikayi takardum.
Hay_Axjik
սարքած բանա, ես աղջիկն էլ աղջիկ չի... եթե աղջիկը մտել էր զուգարան, կարար դուռը ներսից փակեր,,,, էդ տղեն հո դոըռտ չէր ջարդելու.....? Ես աղջկա ձայնը,,, խոսալու ձեվը.... ուղղակի երեվի աղջկան պետք էր դա,,, տենցա եղել. Նորմալ աղջիկը Վալենսիա Հյուրանոցի տեղը սկի չի իմանում,,,, ինքը էդքանից հետո ինքնուրույն տաքսիա կանչել,,, մի խոսքով սաղ սուտ էր. Էս աղջկա խոսելը հենց նորմալ աղջկա խոսելաձեվ չէր.
Հասմիկ
այն, որ կիսամերկ նկարել էր և սպառնում էր ցույց տար հարազատներին, աղջիկը պետք էր համարձակություն գտներ իր մեջ և հայտներ ծնողներին, այլ ոչ թե բռնաբարությունից հետո...համ էլ հենց սկզբից նկատել էր տարօրինակությունը, պետք էր ցանկացած տեսակի շփումներ, ոչ թե դեռ մի հատ էլ հետը գնար հյուրանոց... վերջիվերջո արդեն 28 տարեկան էր, երեխա չէր...ես տականքին չեմ արդարացնում, անկասկած պետք է պատժվի, բայց աղջիկներ, դուք էլ խոհեմ եղեք...
ես
ինչա նշանակում չգիտես ինչու?? կներեք, բայց ես գտնում եմ, որ աղջիկը թույլ չտար այդքան բանը չէր լինի... ու հետո մի հարց ինչի 5 օր անց դիմեց ոստիկանություն տարօրինակ չի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter