HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու գործարանի գոյատևումը պայմանավորված է պղնձի համաշխարհային շուկայի զարգացումներով

Հարցազրույց «Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ

- Ինչպե՞ս եք գնահատում Ալավերդու ներկայիս բնապահպանական վիճակը:

- Նախորդ 2-3 տարիների ընթացքում էապես բարելավվել է Ալավերդու բնապահպանական վիճակը, ինչպես դա հավաստում են պետական մարմինների կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունքները, սակայն, իհարկե, այն, ինչ ունենք, դեռևս հեռու է ցանկալի լինելուց: Այս առումով դեռևս անելիքներ ունենք` բոլորս:

- Պարոն Արզումանյան, շրջակա միջավայրի աղտոտման համար Ձեր ղեկավարած ընկերությունը ներկայումս պետբյուջե է վճարում տարեկան 100 մլն դրամ բնապահպանական վճար: Մի՞թե  Ալավերդու պղնձաձուլական  գործարանի արտանետումներն ընդամենը 100 մլն դրամի վնաս են պատճառում Ալավերդու և հարակից համայնքների շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը:

- Այն ժամանակ, երբ ընկերությունը վճարում էր մի քանի հարյուր միլիոն դրամ բնապահպանական վճար, դուք երբևէ չնախաձեռնեցիք հարցազրույց,  որպեսզի շնորհակալություն հայտնեք այն բանի համար, որ ընկերությունը  հարյուրապատկել է իր կողմից վճարվող բնապահպանական վճարները: Հետևաբար, Ձեր այս հարցը ես համարում եմ ժամանակավրեպ:

- Ի՞նչ կասեք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող   Մադան գետի ափին գտնվող պոչամբարի մասին:  

- Պոչամբարը, որի մասին Դուք ասացիք, չնայած դրա հետ կապված բնապահպանական խնդիրներին, Դեբեդ գետի համար ամենալուրջ վտանգը ներկայացնող խնդիրը չէ:

- Մասնագետները զգուշացնում են, որ ուժեղ սելավների դեպքում դրանք կարող են թափվել Մադան գետակ, այնտեղից էլ` Դեբեդ:

- Մեր մասնագետներն այդպիսի ռիսկերը բացառում են: Եթե կան մասնագետներ, ովքեր կարծում են, որ կան այդպիսի ռիսկեր, խնդրեմ, թող տան ռիսկերի իրենց գանահատականները, մեր մասնագետների հետ կնայենք: Երաշխավորում եմ, որ կկատարվեն բոլոր կանխարգելիչ միջոցները:

- Դեռ երկու տարի առաջ «Վալլեքսի» սեփականատեր Վալերի Մեջլումյանը  հայտարարեց, թե պատրաստվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերազինել նորագույն տեխնոլոգիաներով: Մեկ տարի անց «Հետքին» տված Ձեր հարցազրույցում Դուք բացառեցիք դա: Ի՞նչ է սպասվում Ալավերդու պղնձաձուլական գործարանին Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո:  

- Խնդրում եմ մեր ցանկությունը պլանների հետ չխառնել: Դա մեր երազանքն է, որպեսզի Ալավերդիում լինի գերժամանակակից պղնձաձուլարան: Այս պահին այդ երազանքի իրականացման իրատեսական հեռանկար չկա, որովհետև այս պահին գերժամանակակից գործարան ունենալու սահմանափակումներից որևէ մեկը վերացված չի: Այսինքն` Հայաստանում չկա այն ծավալի պղնձի արտադրություն, որը կարդարացներ հզոր պղնձաձուլարանի կառուցումը: Հայաստանում չկա ծծմբաթթվի սպառման կայուն շուկա: Բացակայում են նաև  տրանսպորտային հնարավորությունները: Հետևաբար, խոսել այն մասին, որ անցած մեկ-երկու տարվա ընթացքում մեր երազանքն արդեն իրականություն դառնալու հիմքեր ունի`դեռ վաղ է: Այն պահին, երբ համաշխարհային շուկայում և Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներում  իրավիճակը փոխվի, մենք գտնենք հնարավորություններ հանրապետությունում ծծմբաթթվի հսկայական կիրառություն ապահովելու և Հայաստանում ունենանք պղնձի բավարար զանգված, այդ դեպքում կարող ենք խոսել այն մասին, որ ունենք իրատեսական ծրագիր, որը կարող է նաև որոշակի վերլուծությունների առարկա հանդիսանալ` արդեն ներդրումային գրավչության առումով:

՞նչ կասեք գործարանը փակելու մասին:

- Ցավոք սրտի, պղնձաձուլարանի գոյությունը պայմանավորող ոչ բոլոր գործոններն են մեր վերահսկողության տակ: Ալավերդու պղնձաձուլարանն իր արտադրանքը 100 տոկոսով արտահանում է: Հետևաբար, պղնձաձուլարանի արտադրանքի գնագոյացման պայմանները թելադրում է համաշխարհային շուկան: Այդտեղ մենք ունենք զրո ազդեցություն և լծակ: Ինչպիսին կլինեն համաշխարհային շուկայի զարգացումները, կարել է ասելի դրանցով պայմանավորված կլինի Ալավերդու գործարանի գոյատևումը:

Վերջին երկու տարիներին այդ պայմաններն էապես փոխվել են: Եթե երկու տարի առաջ  համաշխարհային և եվրոպական շուկաներում չինական, ամերիկյան, ֆրանսիական և այլ պղնձաձուլարանների խտանյութի վերամշակման դեպքում գանձվող գումարը գտնվում էր որոշակի մակարդակի վրա, վերջին երկու տարիների ընթացքում այդ գումարն էապես ավելացել է: Այսինքն, եթե նախկինում Ալավերդու պղնձաձուլարանը հնարավորություն չուներ Թեղուտի խտանյութի համար առաջարկել մրցունակ պայմաններ, այժմ այդպիսի նախադրյալներ կան, որ Ալավերդու պղնձաձուլարանը կարող է նաև մրցել  եվրոպական գնորդների հետ: Դա նշանակում է, որ եթե եվրոպական շուկաներում պղնձի խտանյութի վերամշակման պայմանները շարունակեն լինել այնպիսին, ինչպիսին հիմա են, ես ուզում եմ նորից շեշտել, որ դրանք անհամեմատ ավելի նպաստավոր են, քան երկու տարի առաջ, ապա  Ալավերդու պղնձաձուլարանը կկարողանա գնել Թեղուտից խտանյութը և վերամշակել տեղում:

- Դա նշանակու՞մ է, արդյոք, գործարանի հզորությունների ավելացում:

– Ոչ, մենք չենք ենթադրում, որ այդ դեպքում Ալավերդու  պղնձաձուլարանը հզորությունների ավելացում է ունենալու, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ սահմանափակումները բնապահպանական են: Ալավերդու պղնձաձուլարանը կմշակի Թեղուտի այնքան խտանյութ, որքան իր այսօրվա հզորությունները թույլ են տալիս: Մնացած խտանյութը Թեղուտը կարտահանի, եթե, նորից եմ կրկնում, պայմանները եվրոպական շուկաներում մնան այնպիսին, ինչպիսին այսօր են: Հնարավոր է` 5 ամիս հետո, երբ Թեղուտը ունենա խտանյութ, պայմաններն էապես փոխվեն, և Ալավերդու պղնձաձուլարանը չկարողնա Թեղուտի խտանյութը գնել և ձուլել: Դա չի նշանակում, որ Դուք պետք է գաք եւ հարցնեք, թե բա էդ ինչպե՞ս եղավ` 5 ամիս առաջ ասում էիք կկարողանա, այսօր չի կարողանում: Պայմանները փոխվում են ամեն ամիս, ամեն շաբաթ:  

 

 

 

Մեկնաբանություններ (2)

թոշակառու
Գլխներից մեծ գործ են բռնել ու երեւում է պիտի քաշվեն վերջնական: Ավելի բնական կլիներ չափավոր ախորժակ ունենային ու հանեին այնքան, ինչքան գործարանին էր հարկավոր, նախապես լուծելով նաեւ ուղեկից ծծմբական թթվի սպառման հարցը: Եթե երկաթուղիով բենզին է մտնում, ապա կարող էր նաեւ ծծմբական թթու արտահանվեր, որը պահանջարկ ունի գրեթե ցանկացած քիմ- արտադրության մեջ: Սակայն գերադասվեց պարզունակ տեխնոլոգիայով, բնությունն ավերելով, ընդերքի արագացված թալանը - քանդիր՝ լվա, ծախիր սկզբունքով, ինչքան շուտ եւ շատ, այնքան լավ (թալանողի համար, իհարկե)
Երկրաբան
Այդ ամենը պետք է մտածեիք Հանքավայրը բացելուց և շրջակա միջավայրը ավերելուց առաջ :Բոլորն էլ հայտնի է ,որ Թեղուտի հանքավյրում պղնձի և մոլիբդենի պարունակությունները այնքան ցածր են որ այդ պաշարները պարզապես արտաբալանսային են և նրանց արդյունահանումը ոչձեռրնատու է :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter