HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Կարճեւանում մեծացրել է բնապահպանական ռիսկերը

Մեղրիի տարածաշրջանի Կարճեւան գյուղում անցյալ տարի հանկարծամահ եղած 14-ամյա երեխայի մահվան հանգամանքներն այսօր էլ քննարկվում են գյուղում: Բժիշկները երեխայի մոտ ինֆարկտ էին ախտորոշել, որին կարճեւանցիները չեն հավատում:

Վերջին տարիներին Կարճեւանում ավելի ու ավելի հաճախ են մարդիկ դժգոհում ինքնազգացողությունից, 2013թ. 90 տուն ունեցող գյուղում մահվան 10 դեպք է գրանցվել, որը տեղացիների խոսքով` մեծ թիվ է: «Մահը ահել ու ջահել չի հարցրել, որովհետեւ օդն ամբողջովին աղտոտված է»,- ասում են նրանք: 

«Երեխան առավոտյան արթնանում է ու բողոքում թուլությունից, վատ ինքնազգացողությունից,  գլխացավից,  մեծերը` արյան բարձր ճնշումից: Գյուղից որքան հեռանում ես, սկսում ես քեզ ավելի լավ զգալ,- ասում է Կարճեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Օհանյանը, ում կարծիքով` այս ամենի պատճառը գյուղի տարածքում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման ընթացքում առաջացած բնապահպանական ռիսկերն են:

Նրա ասածը հաստատում է նաեւ համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը: «Ագարակի հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունը, որի կազմի մեջ է մտնում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: «Գյուղացիների առողջությունը տարեցտարի վատանում է, այսպես շարունակվելու դեպքում ստիպված կինենք լրատվամիջոցներով ահազանգել այդ մասին, բնապահպաններին ներգրավել, մինչեւ կոմբինատը կոնկրետ քայլեր ձեռնարկի վնասները կրճատելու համար»,- ասում է Կարճեւանի համայնքապետը: 

Արմեն Ավետիսյանի խոսքով` երբեւէ որեւէ իրավասու կազմակերպություն հետազոտություն չի իրականացնում ճառագայթման մակարդակն ուսումնասիրելու համար: «Ամբողջ օրը փոշու մեջ ենք, էկոլոգիական առումով շատ ենք տուժում, հանքերը գտնվում են գյուղի տարածքում, թույները, կեղտաջրերը թափվում են շրջակա տարածք, փոշին տարածվում է, ճիշտ է երբեմն ջրցաններով լվանում են շրջակայքը, բայց դա պարբերական բնույթ չի կրում»,- շարունակում է համայնքի ղեկավարը:

Խնդրի լուծման համար երբեմն հանդիպում են, բանակցում, որոշ ժամանակ կարծես թե ինչ- որ բան փոխվում է, սակայն շատ շուտով պատկերը կրկնվում է: Կարճեւանում չեն ժխտում, որ թե՛ իրենց գյուղի, թե՛ Ագարակի հույսը կոմբինատն է, որտեղ Կարճեւանից 40-ից ավելի մարդ է աշխատում, միաժամանակ մտահոգվում են երեխաների առողջության համար: Նրանք վստահ չեն, որ բնապահպանական ակցիաներ նախաձեռնելու դեպքում կոմբինատի աշխատողները կմիանան իրենց: «Նրանց էլ մեղադրելու չի, էդպիսի մարդ չկա, որ վարկ չունենա, հանկարծ ու գործից հանեն, ինչով պիտի փակեն էդ վարկերը»,- իր մտահոգությունն է հայտնում Արմինեն:

Բնապահպանության նախարարությունն այս տարի Կարճեւան համայնքին 2,5 մլն դրամ է հատկացրել, որով գյուղի մանկապարտեզ հաճախող երեխաների համար հավելյալ սնունդ են ձեռք բերելու, ինչպես նաեւ խաղահրապարակի հարեւանությամբ փոքր զբոսայգի պետք է  հիմնեն: Կոմբինատը տարեկան 12 մլն դրամ հողի հարկ եւ գույքահարկ է վճարում համայնքային բյուջե, սակայն համայնքապետը չի պատրաստվում հանուն գումարի վտանգել մարդկանց առողջությունը: «Դա կապ չունի, մեկ ա տալու են, մեզ լավություն չեն անում, բայց մարդիկ անհանգիստ են, ես պարտավոր եմ նրանց շահերը պաշտպանել»,- ասում է Արմեն Ավետիսյանը:

Կարճեւանը Մեղրիի տարածաշրջանի այն համայնքներից է, որտեղ մարդիկ համեմատաբար բարեկեցիկ են ապրում: Կոմբինատում աշխատելուց բացի` նաեւ այգեգործությամբ են զբաղվում, մեղվաբուծությամբ: Համայնքային իշխանությունն էլ փորձում է տարբեր նախաձեռնությունների շրջանակում լուծել տեղական խնդիրները: Դրանցից ամենակարեւորն ամռանը մարդկանց ոռոգման ջրով ապահովելն է, ջրհավաք ջրամբարի կառուցումը: Մոտ 25 մլն դրամ է անհրաժեշտ գյուղի կոյուղու հարցը լուծելու համար:

Վերջապես հիմնովին բարեկարգվել է Կարճեւան-Ագարակ տանող միջհամայնքային ճանապարհը: Երկար տարիներ է, ինչ գյուղում աղբահանություն է իրականացվում, կենտրոնական փողոցներում աղբամաններ են տեղադրել, իսկ մասնավոր տներից աղբը հեռացվում է ձիերով: 

Համայնքի ղեկավարը նշում է, որ համայնքի նախորդ քառամյա ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր աշխատանքներն արվել են: Ըտ նրա` տարիների ընթացքում համայնքային իշխանությանը հաջողվել է աշխատանքների կազմակերպման այնպիսի մեխանիզմներ ձեւավորել, որի միջոցով վստահություն է ձեռք բերել համայնքի բնակիչների շրջանում: Սակայն մտահոգություն ունի, որ համայնքների խոշորացման արդյունքում այս ավանդույթներն այլեւս չեն լինի: «Փորձում եմ հասկանալ, որ խոշորացումը հիմնված է տնտհաշվարկի վրա, հնարավոր է, որ նախատեսվող օպտիմալացումն օգնի, որպեսզի կրճատվեն առանձին համայնքների վարչական ծախսերը, եւ խնայողությունները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը: Սակայն համոզված եմ, որ փոքր համայնքները տուժելու են»,- համայնքի ղեկավարի խոսքը շարունակում է Արմինե Օհանյանը:

Վերջինիս ասելով` առանց այն էլ տարեցտարի առանձին համայնքների ղեկավարների միջեւ գործընկերային հարաբերությունները չեն ակտիվանում, քանի որ մի կողմից` առանձին խնդիրներն են ավելանում, մյուս կողմից` դրանց լուծման համար ակնկալվող միջոցների, մասնավորապես` դոնորների ներգրավման ներքին անհամաձայնություն է հասունացել: «Չեմ ժխտում, որ եթե այսօր մենք տարեկան 4 մլն դրամ ենք ծախսում 25 երեխա ունեցող մանկապարտեզի համար, խոշորացումից հետո այդ երեխաներին հարեւան գյուղ տեղափոխելու համար կարող ենք վճարել ընդամենը 400 հազար դրամ, բայց որեւէ մեկը հաշվարկե՞լ է, թե ամենօրյա տեղաշարժն ինչպես է ազդելու այդ երեխաների առողջության վրա: Նույն կերպ, հանքավայրը գործում է գյուղի տարածքում, կարծես թե օգուտը փոքր չի, բայց մարդկանց առողջությունը երկրոդ պլանի է մղված, հանքօգտագործողները բնապահպանական առումով հաշվետվու չեն մեզ, արդյունքում մնում ենք նրանց տված հարկի պատանդը»,- ասում է համայնքապետը եւ մեկ անգամ եւս շեշտում, որ կոմբինատի տվածին չեն նայելու, քայլեր չձեռնարկելու դեպքում մեծ աղմուկ կբարձրացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter