HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիեւի ո՞ր նյարդին կպավ Բաքվում ԱՄՆ դեսպանը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ադրբեջանում կրքերը չեն մարում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի՝ մայիսի 17-ի հարցազրույցում կատարած հայտարարությունների կապակցությամբ: Չեն դադարում նաեւ քննարկումներն ու վերլուծությունները դրանց պատճառը դարձած խնդիրներով:

Իշխող վարչախմբի ներկայացուցիչները դեսպանին շարունակում են բացահայտ ու կոպիտ մեղադրել Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները սադրելու մեջ, քանի որ առավել լավ են հասկանում, թե ինչի մասին է ակնարկել Վաշինգտոնը եւ ինչի մասին է նախազգուշացրել:  

Ադրբեջան-ԱՄՆ ծավալվող դրաման. Վաշինգտոնի մտահոգությունները վերլուծության մեջ առավելապես կենտրոնացել էինք ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Ադրբեջանի՝ ապագայում «ներխուժման ենթարկվելու» մասին դեսպան Մորնինգսթարի հայտարարության վրա:

Որքան էլ դեսպանը տեսականորեն իրավացի լինի այդպիսի հնարավոր վտանգի մասին խոսելիս, ի նկատի ունենալով, որ ռուսական զորքերն այլեւս որւեէ պատրվակով թե անպատրվակ մտնում են հետխորհրդային ցանկացած տարածք, ներկայումս Մոսկվայի «ավելի խաղաղ» ներխուժումն այդ երկիր արդեն տեղի է ունենում միանգամայն այլ խողովակներով: Իսկ դրա արդյունքում փուլ առ փուլ դուրս են մղվում ԱՄՆ շահերը:

Դեսպանը չի էլ կարող այլ եզրակացություն անել վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներից, որոնք հստակ քաղաքական ուղղվածությամբ գիծ են պայմանավորում, եւ նրա հարցազրույցի մտահոգություններից անդին առկա են դա վկայող բազում փաստերը: Ասել է թե՝ այսբերգի տեսանելի մասից զատ կան նաեւ չերեւացող՝ ավելի հսկա մասը:  Եւ որ ամենահետաքրքիրն է, այդ ամենը նա կապում է անցած տարի աշնանը՝ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները, Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցի եւ դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այս համատեքստում ավելի մանրամասն անդրադառնանք նրան, ինչ ասել էր դեսպան Մորնինգսթարը:  

Նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը երբեմն կատարում է ԱՄՆ-ին անհասկանալի քայլեր, նա ասել էր. «Ես փորձում եմ ելնել ադրբեջանական կառավարության տրամաբանությունից եւ հասկանալ նրա դիրքորոշումը: Նրանք բերում են այնպիսի փաստարկ, թե հարկադրված են նման քայլեր ձեռնարկել հանուն երկրում կայունության: Ասում են, թե Ադրբեջանը գտնվում է շատ վտանգավոր տարածաշրջանում: Դա իրավամբ այդպես է: Եթե երեք ժամվա ընթացքում գնաս հարավ, ապա կհայտնվես Իրանում, եթե հյուսիս՝ ապա Ռուսաստանում: Սակայն մենք այլ դիրքորոշում ունենք, մենք համարում ենք, որ որքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ամուր կլինի կայունությունը: Դա բխում է թե երկրի բուն հասարակության, թե կառավարության շահերից: Սակայն, երբեմն նա ձեռնարկում է անհասկանալի եւ անհարկի քայլեր, մասնավորապես տանջում է քաղաքացիներին: Սակայն երկրի կառավարության հետ մենք միշտ խոսել ենք ու կխոսենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին»:

Դեսպանը փաստացի պատասխանում է Իլհամ Ալիեւի այն արդարացումներին, թե չի հավատում, որ այդ ամենը նա անում է երկրում կայունությունը պահպանելու նպատակով ու այն պատճառով, որ երկու հարեւանները՝ Ռուսաստանը եւ Իրանը փորձում են ապակայունացնել իրենց ազդեցության գործակալների միջոցով: Նրա ասած՝ «ես փորձում եմ ելնել ադրբեջանական կառավարության տրամաբանությունից» ձեւակերպումը նշանակում է, որ տեղի ունեցողը բացատրելի չէ անգամ վարչախմբի հիմնական մտահոգությունից՝ Ալիեւի իշխանությունը պահելու շահից:

Մորնինգսթարը իրավացի է. Ալիեւը անցած աշնանը արդեն իսկ լուծել է իր վերընտրության խնդիրը, ինչն անգամ նրա իշխանությունը սասանող լուրջ հետընտրական զարգացումների չի հանգեցրել:  Հետեւաբար «քաղաքացիներին տանջելը», այն էլ այս շրջանում, չի կարող մեկնաբանվել ո’չ որպես Ալիեւի աթոռին սպառնացող վտանգների չեզոքացում, ո’չ էլ երկրի կայունության շահից բխող: Հարկ է հասկանալ, թե ո՞ւմ շահերն է սպասարկում Ալիեւի վարչախումբը Վաշինգտոնին «անհասկանալի» քայլերի ներքո եւ ի՞նչ է ակնարկում դեսպան Մորնինգսթարը...

Ալիեւի վարչախմբի գրոհը «արեւմտամետների խմբի» վրա

Հայ հանրությունը թերեւս, կհիշի վերջին տարիներին Ադրբեջանում թե’ բլոգերների ազատազրկումը, թե’ լրագրողների, թե’ ընդդիմադիր «Մուսավաթի» հետանդումներն ու բանտախցերում գտնվողների խոշտանգումները: Սակայն, ապրիլից այս կողմ Ալիեւի վարչախումբը դիպավ նաեւ այլ մարդկանց՝ «Զեկալո» թերթի հեղինակավոր մեկնաբան եւ քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովին՝ նրա դեմ քրեական գործ հարուցելով պետական դավաճանության մեղադրանքով եւ այդ գործի շրջանակներում հետապնդումներ սկսելով «Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի, նրա ամուսին, կրկին հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսի դեմ:

Տակավին վերջերս էլ, երբ Ադրբեջանը ստանձնեց Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, ադրբեջանական դատարանն ութ տարվա ազատազրկման դատապարտեց լրագրող Փարվիզ Հաշիմլիին հենց այդ օրը: Երբ լրագրողը ԱՄՆ դեսպանին հարց է ուղղում այդ մասին, նշելով, թե նույն ճակատագիրն է սպասվում նաեւ մյուս քաղբանտարկյալներին, նա ուսերն է թոթովում. «Ի՞նչ կարող եմ ասել: Ես միայն կարող եմ հուսալ, որ իրավիճակը կբարելավվի: Տեսնենք, թե ինչ կլինի: Հասկանալի է, որ խնդիրներ կան: Սակայն, կան երկրներ, որտեղ իրավիճակն ավելի վատ է: Հավատացեք, սա ամենավատ երկիրը չէ»: 

Եթե հիշատակված ու չհիշատակված անձինք ընդդիմադիր կամ քաղաքացիական դաշտում են, որի ուժեղացմամբ ու կայացմամբ շահագրգիռ են ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը, ապա մարտ ամսին պաշտոններից ազատված կամ թիրախի տակ վերցվածները իշխանության դաշտում են, բարձրագույն մակարդակում ազդում էին եւ են որոշումների ընդունման վրա եւ կազմում են այսպես կոչված «արեւմտամետների» կամ «ամերիկամետների» խումբը (մենք այս բոլորին հանգամանորեն կանդրադառնանք առանձին վերլուծությամբ):

Անշուշտ, քաղաքացիականները, քաղաքական ընդդիմադիրները եւ պետական պաշտոնյաները միմյանց հետ ունեցել են ու ունեն տարաձայնություններ, քննադատել ու քննադատում են միմյանց, սակայն, նրանք նույն խճանկարի ցրված ֆրագմենտներն են, որոնք որեւէ պահի կարող են ամբողջանալ ու նկար դառնալ: 

Այս համատեքստում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը դեսպանին հարց է ուղղել այն մասին, թե Ադրբեջանի կառավարությունը նշանառության տալ է վերցրել «արեւմտամետների խմբին», ինչին Մորնինգսթարը պատասխանում է, որ «կառավարությունն իր կոնֆիգուրացիայով մոնոլիտ ու համասեռ չէ, եւ այնտեղ կան ուժեր, որոնք ձգտում են փչացնել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները եւ խնդիրներ են ստեղծում արեւմտյան կազմակերպությունների աշխատանքի համար»: Դեսպանը նաեւ հավելել է, թե կառավարությունում կա «արեւմտամետների» մեծաթիվ խումբ:

Ուշագրավ է, որ դեսպան Մորնինգսթարը դիվանագիտորեն խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ինքը երբեւէ Իլհամ Ալիեւին բողոքել է իշխանության մեջ գտնվող այդպիսի մարդկանցից, ովքեր ձգտում են փչացնել երկու երկրների հարաբերությունները:  Մինչդեռ երբ լրագրողը դիտարկում է կատարում, թե ինքը՝ Իլհամ Ալիեւն էլ է դեմ տրամադրված Արեւմուտքին, այս մի դեպքում դեսպանը կատեգորիկ հերքում է, ասելով, թե ինքը Ադրբեջանի նախագահին ճանաչում է 19 տարի եւ նրա հետ կարող է անկեղծորեն խոսել ցանկացած թեմայով: 

Այդպիսով, բացահայտ հայտարարելով, որ Բաքվի «անհասկանալի» քայլերը չեն բխում ո’չ իշխանության, ո’չ երկրի շահերից, ձեռնարկվում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները փչացնելու հարցում շահագրգիռ ուժերի կողմից կամ միջոցով, եւ դրանց արդյունքում տուժում են ԱՄՆ բարեկամները, դեսպանը ակնարկում է, որ հիշյալ ուժերը սպասարկում են այլ երկրի շահեր եւ Ալիեւի թողտվությամբ հենց նրանք են ակտիվացել ու ավելի մեծ իշխանություն ստացել:

Հարցազրույցում քիչ հետո ռուսական ներխուժման վտանգն ու Պուտինի 2013թ. Բաքու կատարած այցը հիշատակող ԱՄՆ դեսպանն այդ ակնարկի ներքո ակնհայտորեն դնում է հենց Ռուսաստանին ու իշխանության մեջ գտնվող նրա ազդեցության գործակալներին:

Վաշինգտոնն ու նրա հատուկ ծառայություններն արդեն մի քանի երկրում դառը փորձ ունեն ու տեսնում են, թե ինչպե՞ս եւ ի՞նչ խողովակներով է Մոսկվան ազդում այդ երկրների վրա՝ սկսած նրանց ազգային պետական շահերի ու անվտանգության խնդիրների շանտաժից, վերջացրած ազդեցության գործակալներով ու իշխանության մեջ գտնվող յուրային շրջանակներով: Այս առումով խոսուն է այն փաստը, որ դեսպանը դժվարանում է ասել, թե ուկրաինական իրադարձություններից հետո մեծացե՞լ, թե՞ նվազել է Ադրբեջանի անկախությունը:

Դա նշանակում է, որ նա առնվազն կասկածներ ունի Բաքվի ինքնուրույնության նվազելու կապակցությամբ, նշելով, թե Ադրբեջանը գնահատել է իր տարածք Ռուսաստանի ներխուժման հավանականությունը: Նա նաեւ հասկացնում է, թե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը համարվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը, եւ եթե վաղը ԱՄՆ-ը «դուռը շրխկացնելով» հեռանա տարածաշրջանից, ապա Ադրբեջանի համար շատ վատ կլինի ու նա կբախվի ներխուժման վտանգին:

Իսկ ղարաբաղյան խնդրով ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ Մինկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս հրապարակած կետերի մասին խոսելիս էլ Մորնինգսթարը մտահոգություն է հայտնում, որ եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական պայմանավորվածություն ձեռք բերեն խաղաղության շուրջ, ապա Ռուսաստանը դրան կխոչընդոտի, որպեսզի իր ազդեցության լծակները պահի երկու երկրների վրա: Դրան էլ գումարվում է իշխանության մեջ գտնվող շրջանակների կողմից Վաշինգտոնի շահերի ու բարեկամների նկատմամբ ոտնձգություններն ու մարտահրավերները: Արդ, դեսպանին պատկերանում է Ուկրաինան վերցնելու ռուսական ռազմավարությունը (Հայաստանի եվրասիականացման փորձն էլ վրադիր):

Ուստի պատահական չէ, որ Վաշինգտոնն այլեւս սկսել է չհասկանալ Բաքվի քայլերը եւ քաղաքացիական հասարակության վրա ճնշումների շարունակականության համատեքստում Մորնինգսթարը սպառնում է, որ Ադրբեջանում էլ կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները. «Եթե կառավարությունը ավելի կոշտ գիծ վարի քաղաքացիական հասարակության առնչությամբ, ապա Բաքվում կարող են կրկնվել այնպիսի իրադարձություններ, ինչպես Մայդանում: Եթե ոչ հիմա, ապա 5-10 տարի անց: Եթե քաղաքացիական հասարակության հնարավորություններն ավելի սահմանափակվեն, ապա դա կմեծացնի այդպիսի իրադարձությունների կրկնության վտանգը»:  

Իհարկե, դեսպանը փորձում է նաեւ մասամբ մեղմել այս պառնալիքը՝ «գովելով» թե Ադրբեջանի կառավարությունը պայքարում է Ուկրաինայում Մայդան ծնած գլխավոր պատճառներից մեկի՝ կոռուպցիայի դեմ, այդ առումով հիշատակելով ASAN ծրագիրը, եւ նշելով, թե այդ գործում մեծ բեկում է արձանագրվել: Սակայն ոչ պատահականորեն դեսպան Մորնինգսթարը սլաքներ է ուղղում դեպի կրթության եւ առողջապահության ոլորտը (պատճառներին կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ):

Նա խոսում է նաեւ մենաշնորհների դեմ Ալիեւի վարչախմբի պայքարի մասին, սակայն այն անվանում է հատվածական: Բայցեւ՝ դեսպանը բացահայտ հասկացնում է, որ եթե Իլհամ Ալիեւը շարունակի քաղաքական-քաղաքացիական ու կառավարական դաշտերում դուրս մղել արեւմտամետերի խմբին եւ սահմանափակել նրանց գործունեության դաշտը, ապա մոտ ապագայում Մայդանը անխուսափելի կլինի:

Վերջին օրերին Բաքվի արձագանքն այս ամենին անպատկերացնելի կոշտ էր: Այն ոչ միայն ուղղված էր երեք ամսից իր դիվանագիտական առաքելությունը ավարտող դեսպանի, այլեւ նրա երկրի դեմ: Աշխարհում ու տարածաշրջանում ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ նրանց տրված գնահատականներն էլ կարծես Մոսկվայում պատրաստված լինեին, այնքան չէին տարբերվում ռուսական պիտակումներից:

Դա զարմանլի չէր. դեսպանին արձագանքողների մեջ նաեւ նրանք էին, ովքեր դուրս են մղում ԱՄՆ շահերը Ադրբեջանից: Ավելի ստույգ՝ Իլհամ Ալիեւի թողտվությամբ նրանք էին համակարգում, թելադրում ու գրգռում բոլոր արձագանքները:

Շարունակելի 

Մեկնաբանություններ (1)

Cevorg
Երեւում է Ամն -ը կորցրել է բաքվի թելը ու խիստ շփոթված է: Կարելի է փաստել որ երկու կողմերն էլ ձգտում են բավարարել ինքնափքված բաքվին ղարաբաղի հաշվին, այս կամ այն կերպ: Տարբերությունը սակայն կարելի է հասկանալ: Ամն-ին ձեռնտու է վերջնականորեն լուծել այդ հարցը (ադրբջ-ի օգտին իհարկե) մեկընդմիշտ զրկելով ռուսներին խաղաքարտից ու դուրս մղել նրանց տարածաշրջանից: Ռուսներին առայժմ ձեռնտու է կախված (ներկա) վիճակը՝ որպես զորեղ գործիքի: Բաքվին տալիս են զենք հուսադրելու համար, թե բիզնեսի համար, թե հայերին վախի մեջ պահելու համար (քանի որ լուրջ կասկածներ ունեն!) Իսկ հարցը նրանք կարող են վերջնականորեն լուծել արեւմուտքին լիակատար չեզոքացնելուց հետո միայն՝ ինչպես իրենք հարմար կնկատեն: Այս դեպքում կարելի է հուսալ որ լուծումը կարող է դեպի այս կողմը լինել՝ քանի որ նավթի ու գազի տեր քմահաճ բաքուն, հասկանալի պատճառով բոլորովին նրանց սրտով չէ, ճիշտ կլինի բզկտել այն: Իմ համեստ կարծիքով, Հայերը պիտի փորձեն այս սխեմայից ելնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter