HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների ինքնահաստատման սինդրոմ-2

Սկիզբը

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Տողերիս հեղինակը տարիներ առաջ ոստիկանության համակարգում ծառայության մեջ գտնվելու ընթացքում փորձում էր հասկանալ ոստիկանության համակարգ ընդունվող քաղաքացիների մոտիվացիաները: Այդ տարիներին ղեկավարելով մի փոքր ստորաբաժանում` հնարավորություն էր լինում թե՛ անմիջական ծառայության ընթացքում եւ թե՛ բնակավայրեր այցելելով` ուսումնասիրել ոստիկանների ներաշխարհն ու միջանձնային հարաբերությունների բնույթը:

Կատարված կարեւոր եզրահանգումներից մեկն այն էր, որ մեծ թվով ոստիկաններ ոստիկանության կրտսեր պաշտոններում ծառայության էին անցնում` իրենց ու իրենց ընտանիքների «անվտանգության դեֆիցիտից» ելնելով: Կաշկանդված լինելով պետության վարչական մարմիններից ու երբեմն նաեւ միջավայրից, մեծանալով երկրում ուժային կառույցների, հարկային ու մաքսային ստորաբաժանումների լիակատար ամենաթողության պայմաններում` շատ երիտասարդների նպատակն էր դառնում ձեռք բերել որոշակի դիրք ու անվտանգություն` ոստիկանի բաղձալի վկայականի միջոցով: Այդ էին վկայում նաեւ ոստիկանների` օրենքով երաշխավորված նյութական ապահովության խնդիրը սեփական միջոցներով լուծելու հակվածությունն ու իրենց դրամային ապահովման գործում եղած վերադասների մեքենայություններին մատների արանքով նայելը (այսօր միգուցե տարօրինակ հնչի, բայց տաս տարի առաջ Հայաստանում կային սեփական դրամով համազգեստ գնող եւ մի քանի ամիս աշխատավարձ չստացող հարյուրավոր ոստիկաններ, ովքեր ամեն դեպքում չէին ուզում լքել ոստիկանության համակարգը):

Ընդհանրապես պաշտպանվածության պակասորդը նշված ոստիկանները ծառայության ընթացքում լրացնում էին իրենց գործառնական պարտականությունների կատարման նկատմամբ ունեցած երկու տարբեր վերաբերմունքների միջոցով: Սոցիալական որոշ դիրք ու կարգավիճակ ունեցող, բայց պետական մարմինների հետ խնդրահարույց փոխհարաբերություններում գտնված անձինք առավելապես բավարարվում էին իրենց նոր` ոստիկանի կարգավիճակի արդյունքում ձեռք բերած անվտանգության որոշակի երաշխիքներով: Գրպանում ոստիկանի վկայականի առկայությունը նրանց հնարավորություն էր տալիս ինչ-որ չափով կարգավորել վարչական մարմինների հետ ունեցած փոխհարաբերությունները: Ոստիկանության բուն գործառույթների կատարման նկատմամբ ոստիկանների այդ շերտը բավական իներտ էր, որն արտահայտվում էր նաեւ քաղաքացիների հետ ամենօրյա շփումներում նրանց գլխավորապես չեզոք վերաբերմունքով: Նրանց ուշադրությունն առավելապես սեւեռված էր մնում համակարգից դուրս անձնական կյանքն ու տնտեսությունը կարգավորելու վրա:

Մի քիչ այլ էր վարչական մարմինների ճնշման տակ եղած, բայց եւ սոցիալական միջավայրերին չադապտացած, համայնքում կամ թաղում իրենց սոցիալական կարգավիճակի հետ պայքարի մեջ մտած երիտասարդների ծառայության անցնելու հանգամանքը: Մեծանալով ուժային կառույցների իրական կամ միֆականացված ազդեցության տակ, բայց առավելապես շրջապատի հետ ունենալով միջանձնային խնդիրներ, ինչպես նաեւ սեփական դիրքերը բարձրացնելու մոտիվացված վարք` ոստիկանության համակարգ ընդունվելու հետո, այդ մարդկանց ողջ ուշադրությունը կենտրոնանում էր ոստիկանության համակարգի ներսում իրենց կյանքը կառուցելու վրա: Նրանց մոտ շատ շուտ ձեւավորվում (ընդօրինակվում) էր սոցիումը իբրեւ յուրայինների (ոստիկաններ) եւ օտարների (քաղաքացիներ) գնահատելու սանդղակը: Իսկ պետական մարմիններից ճնշվածության վիճակն ու այդ արատավոր երեւույթի նկատմամբ սեփական վերաբերմունքը փոփոխության էր ենթարկվում ու վերափոխվում` տիրոջը ծառայելու կոչված, բայցեւ` երբեմն գանահարվող, արտոնյալ «շան» կարգավիճակով:

Ինքնահաստատվելու մղումը նման ոստիկանների մոտ կոնկրետ իրացվելու պահանջ ուներ: Սակայն մի շարք հանգամանքներ, ինչպիսիք էին սպայի կարիերա անելու հնարավորության բացակայությունը կամ չնչին հավանականությունը, մյուս ծառայակիցների համեմատ մարգինալ դիրքերում գտնվելը, բարդույթավորված լինելը, «յուրային-օտար» արժեքային սանդղակի կրողը դառնալը եւ այլն, այդ մղման իրացման դաշտը նեղացնում էին: Այդուհետ փորձ էր արվում ինքնահաստատվել ոստիկանության համակարգից դուրս գտնվող բոլոր այն քաղաքացիների միջոցով, ովքեր թույլ էին, կամ, որն ավելի ճիշտ է, ինչ-ինչ պատճառներով կախվածության մեջ էին հայտնվում իրենցից (նման ոստիկանների մոտ ծառայակիցների շրջանում անգամ հպարտանալու առարկա էր դառնում դաշտում վար անելուց հետո տուն վերադարձող տրակտորավարից ճանապարհային-երթեւեկության կանոնների «խախտման» համար հազար դրամ «պոկելը», կամ փողոցում գյուղատնտեսական արտադրանք վաճառող «կարգազանց» տատիկների բնամթերքը կոխկրտելը):

Ծառայության բերումով քաղաքական աստառ ունեցող գործընթացներին ներգրավվելու դեպքում, ոստիկանության նկարագրվող շերտի մոտ փոխհարաբերությունների դաշտում հայտնված քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը երկակի էր: Այն դեպքերում, երբ վտանգ կար երբեւէ ականատեսը լինել «տիրոջ» փոփոխության, ապա տվյալ ոստիկանները դառնում էին զգուշավոր: Սակայն, մնացած դեպքերում  լայն դաշտ էր բացվում սեփական ինքնահաստատման մղումը ռեալիզացնելու եւ դիմացինի նկատմամբ իր գերիշխող դիրքը ցուցանելու համար: Ուստի ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը, վիրավորանքը դառնում էին այդ ոստիկանների վարքի անբաժան ուղեկիցը:

Վերադառնալով մեր օրերին, հարկ է նկատել, որ քաղաքացիական պայքարում ներգրավված պահանջատեր քաղաքացիների վարքը լիովին տարբերվում է վարչական կարգ «խախտած» գյուղացու, առեւտրականի եւ մյուսների խնդրանքի վրա հիմնված վարքից: Ուստի հանդիպելով քաղաքացիական անհնազանդության դրսեւորումների` այդ ոստիկանները, հետեւելով ղեկավար սպաների նախնական հրահանգավորումներին` ամեն կերպ հրաժարվել հրապարակային բռնությունից, ստիպված են լինում իրենց ողջ ագրեսիան թաքցնել ու պարպել միայն այն իրավիճակներում, երբ չկան ականատեսներ:

 Բերման ենթարկելու գործընթացում ավտոմեքենայի մեջ գտնվելու րոպեներն այն միակ ժամանակահատվածն են, որի ընթացքում ինքնահաստատման մեջ գտնվող ու բռնության դիմելու ներքին պահանջմունք ունեցող ոստիկանները րոպեներ առաջ փողոցում կուտակած, բայց չիրացրած ագրեսիան կարողանում են լիարժեք իրացնել: Եւ քանի որ բաժին հասնելուն պես պայքարի ելած քաղաքացիների հետ շփումներում նրանց վերապահվելու է միայն բերման ենթարկելու արձանագրությունների կազմումը (իրականում` ինչ-որ նախօրինակից արտագրելը կամ այլոց կազմած արձանագրությունները ստորագրելը), այդ իսկ պատճառով ավտոմեքենաների մեջ մենք «ականատեսն» ենք լինում բառի իսկական իմաստով քաղաքացի խեղդող ոստիկանների:

Հարկ է նկատել, որ նկարագրված դեպքերում իրենց նկատմամբ կատարված բռնությունը քրեաիրավական գնահատականի ենթարկելու համար քաղաքացիների հետեւողական գործողությունները ոստիկանության համար լրացուցիչ գլխացավանք են դառնում: Աշխատակիցների ռեպրեսիաների դիմելու փաստը թաքցնելու նպատակով ոստիկանությունը ստիպված է լինում բողոք բերած ու փաստը հրապարակայնացրած քաղաքացու նկատմամբ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կեղծ մեղադրանքով քրեական հետապնդում հարուցել: Այստեղ գործում է այն հոգեբանությունը, որ առավել մեծ վտանգից զերծ մնալու համար քաղաքացին կընդունի նախաքննության փուլում ոստիկանության առաջարկած գործարքը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց կհրաժարվի իր նկատմամբ բռնության փաստը հրապարակայնացնելուց ու բողոքից:

Այս ամենը ներկայացնելուց հետո հանրության համար կարեւոր խնդիր է դառնում իրենց գիշատիչ կոմպլեքսներով աչքի ընկնող նման ոստիկաններին կարգի հրավիրելը: Անշուշտ, ոստիկանության ղեկավար օղակները որքան էլ ուղղակի մասնակցություն չունեն նման ոստիկանների քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու գործին, այնուամենայնիվ նրանց կողմից շարքային ոստիկանների հանցանքների կոծկումը, իսկ հարկ եղած դեպքում բռնաճնշումներ իրականացնելու` վերադասության կարգով իջեցված գերատեսչական կամ քաղաքական պատվերները հենց այդ շերտի միջոցով կյանքի կոչելը, բոլորովին անհնար են դարձնում ոստիկանության միջոցով նման երեւույթների դեմ պայքարելու ճանապարհը: Այս դեպքում լավագույն լուծումը պետք է փնտրել սոցիալական այն միջավայրում, որից կախում ունեն ինքնահաստատման մոլուցքով տառապող այդ ոստիկանները:

Մշտապես կաշկանդված լինելով իրենց բնակության վայրի հանրային կարծիքից` նրանց հանցավոր արարքների ինտենսիվ հրապարակայնացումը իրենց իսկ թաղերում ու համայնքներում այդ աշխատակիցներին կվերադարձնի «դառը իրականություն»: Նման քայլը կապացուցի, որ որքան էլ ոստիկանության համակարգը ծառայեցվի որպես սեփական սոցիալական կարգավիճակն ու դիրքը բարձրացնելու միջոց, հանրության նկատմամբ ցուցաբերած ոստիկանական ագրեսիան ու բռնությունը հենց այն պարամետրերն են, որոնք վկայում են տվյալ անձանց հանրության կողմից մերժված լինելու եւ իրենց տեղը չգտնելու մասին: Ժամանակն է եկել հենց ոստիկանների ընտանիքներում ու հարազատ միջավայրում սերմանել այն գիտակցումը, որ միմիայն քաղաքացիներին (եւ ոչ երբեք` հանցավոր վարչախմբին) մատուցած ծառայությամբ է հնարավոր հանրային դրական կարծիք ձեւավորել ոստիկանի անձի ու գործի վերաբերյալ: Դա է ճանապարհը դեպի նրանց անձի իրական ինքնագնահատական ու այլոց հետ բնական համակեցություն:                                                                                                  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter