Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Բնապահպան. կրպակների տակ բարձր ճնշման խողովակը ռիսկային է



Կապանի միջով անցնող Հայաստան-Իրան միջպետական մայրուղու ձախ մայթին՝ Դավթի Բեկի արձանից մինչեւ քաղաքի շուկա, ձգվում է կրպակների շարքը: Դրանք կառուցված են անմիջապես Ողջի գետի հարեւանությամբ: Կրպակների տակով անցնում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի (նախկին «Դինո Գոլդ Մայնինգ») տեխնիկական ջրի խողովակը: Բնապահպան Արմեն Փարսադանյանն ասում է, որ կրպակների ու 600 մմ տրամագծով բարձր ճնշման խողովակի այդպիսի մերձ հարեւանությունը ռիսկային է, քանի որ եթե հանկարծ վթար լինի, եւ խողովակը պայթի, վնասները մեծ կլինեն:

Կապանցիների մի մասը նույնպես կարծում է, որ կրպակների դիրքն անվտանգ չէ: Նրանցից մեկը հիշում է անցյալ տարի տեղի ունեցած մի դեպք, երբ նմանատիպ խողովակ էր պայթել քաղաքի ծայրամասում ու վնաս հասցրել բնակիչներից մեկի ունեցվածքին:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանն էլ ասում է, որ եթե կրպակատերերին կառուցապատման թույլտվություն է տրված, չի կարծում, թե կարող է վտանգ լինել. «Եթե քաղաքապետարանը տվել է, նշանակում է` օրենքին համապատասխան է»: Հարցին, թե բացառում եք, որ կարող է թույլտվությունն օրենքի խախտմամբ տրված լինել, Թանգյանն ասում է, թե չի մտածում, որ օրենքի խախտումով շինարարություն կկատարեն:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հավաստմամբ՝ կրպակներից համայնքապետարանը ուղղակի գրեթե ոչինչ չի շահում: Անուղղակի շահն էլ այն է, որ մարդիկ ապահովվում են եկամտի աղբյուրով: Ըստ Հայրապետյանի՝ «տաղավարները կառուցելիս քաղաքապետի, ավագանու որոշումներով համաձայնեցվել են քաղաքաշինության, կապի եւ տրանսպորտի եւ այլ նախարարությունների հետ: Նպատակը եղել է նախկինում տեղադրված կրպակների արդիականացումը եւ քաղաքացիների՝ եկամտով ապահովումը»: Համայնքի ղեկավարն ասում է, որ մեկ տաղավարի դիմաց իրենք տարեկան ստանում են 8000 դրամ վարձավճար: 15 քմ մակերեսով եւ 50 տարով վարձակալման հանձնված յուրաքանչյուր տարածքի համար (այդպիսիք, ըստ Հայրապետյանի, շուրջ 100-ն են) համայնքը ընդհանուր ստանալու է 1.640.000 դրամ:  

Հանրային շահը՝ երկրորդ պլանում

Մեր զրուցակիցը նշում է, որ քաղաքապետարանն այսօր ձգտում է տարածքները ոչ թե օտարել, այլ վարձակալման հանձնել: Նա համաձայնում է այն դիտարկմանը, որ մարզկենտրոնում շատ հողակտորներ ու կառույցներ այսօրվա դրությամբ սեփականաշնորհված են, եւ հանրային շահը, ըստ էության, երկրորդ պլանում է հայտնվել: Նշում է, որ սեփականաշնորհված շատ բաներ էլ աչքի համար տեսանելի չեն: Դրանցից մեկը Կապանի քաղաքային մարզադաշտն է: «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը, պարզվում է, երկու տեր ունի: Խոտածածկը՝ խաղադաշտը, պատկանում է համայնքին եւ ակումբին տրվել է վարձակալման իրավունքով, իսկ տրիբունաները եւ ստադիոնի մյուս կառույցները մասնավոր սեփականություն են եւ պատկանում են Գառնիկ Օհանջանյանին: 

Առաջիկայում «Գանձասարը» սեփական մարզադպրոցն ու խաղադաշտը կունենա քաղաքի սկզբնամասում՝ Գործարանային թաղամասում, որտեղ անհատույց օգտագործման իրավունքով հողակտոր է ստացել համայնքից:

«Աշխատանք չունեցող մարդը չարանում է»

2012-ի նոյեմբերից Կապանը ղեկավարող Աշոտ Հայրապետյանն իր գործունեության մեջ մի քանի կարեւոր կետ է առանձնացնում: Դրանցից մեկը համայնքի 13 մանկապարտեզների վերանորոգումն է, որը, սակայն, չի եղել կապիտալ մակարդակով: Համայնքային բյուջեից, դոնոր կազմակերպություններից («Դանդի Փրիշս Մեթալս Կապան», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «World Vision»), պետբյուջեից եւ այլ հովանավորների կողմից 100 մլն դրամ է հատկացվել տարբեր խնդիրների լուծման համար. խմբասենյակների, խոհանոցային բլոկների, տանիքների նորոգում եւ այլ աշխատանքներ:

Մեկ այլ ձեռքբերում, ըստ Հայրապետյանի, եղել է Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, որն իրականացվել է «Counterpart International»-ի աջակցությամբ. կատարվել է ավելի քան 20 մլն դրամի շինարարական աշխատանք, շուրջ 5 մլն-ով էլ գույք է ձեռք բերվել:

Քաղաքապետարանում ներդրվել է մեկ պատուհան ծառայությունը. այսուհետ բնակիչները կարող են իրենց հուզող հարցերով դիմել մեկ տեղ եւ նույն տեղից էլ ստանալ պատասխաններ: Միաժամանակ հնարավորություն կա առցանց հետեւել գրության ընթացքին, ցանկության դեպքում էլ՝ ստանալ էլեկտրոնային պատասխան: Ըստ համայնքի ղեկավարի՝ մինչ այս աշխատակիցների գրեթե ամբողջ ժամանակը ծախսվում էր քաղաքացիների ընդունելության վրա, իսկ հիմա այդ հարցը լուծվել է:    

Ամենամեծ անելիքը Ա. Հայրապետյանը համարում է ժողովրդի վերաբերմունքը, մտածելակերպը շրջապատի, բնության, պետական գույքի վերաբերյալ փոխելը, քանի որ շատերը սրտացավ չեն քաղաքի մաքրության, շենքի, բակի տեսքի հանդեպ: Երկրորդ ցավոտ հարցը աշխատատեղ ստեղծելն է: «Աշխատանք չունեցող մարդը չարանում է»,- ասում է համայնքի ղեկավարը, իսկ հարցին, թե ինչպես պիտի քաղաքապետարանը աշխատատեղ հիմնի, նշում է, որ իրենց մասնակցությունն այդ գործում անուղղակի է. ստեղծել առողջ մթնոլորտ բոլոր իմաստներով: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ