HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե դու լինեիր Վոլոդյայի տեղը՝ բանտում, նիստը չէիր ձգի» (տեսանյութ)

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօրվա դատական նիստն սկսեց, ընթացավ ու ավարտվեց հայրենասիրական երգերով: Երգում էին բոլորը՝ ազատամարտիկները, Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած քաղաքացիները՝ մարզերից եկած ազատամարտիկներ, քաղաքացիական ակտիվիստներ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը։ Իսկ դատարանի բակում, նաև դահլիճում շատ էին դատական կարգադրիչներն ու ոստիկանները։

«Մենք էլ գիտեինք նորից կրկես ենք գալու, փաստորեն լավ համերգ է»,-ասաց Վոլոդյայի մարտական ընկերներից մեկը:

«Անցած դատական նիստին, հարգելի պաշտպան, Դուք լքեցիք դահլիճը՝ չենթարկվելով իմ կարգադրությանը: Լավ գիտեք, թե ինչ սանկցիաներ կարող է կիրառել դատարանը նման դեպքերում»,-ասաց դատավոր Լևոն Ավետիսյանը:

«Բարձր խոսեք, պարո՛ն դատավոր, մենք կանտուզիա տարած մարդիկ ենք, լավ չենք լսում»,-ասում էին ազատամարտիկները, որոնցից շատերը միանման շապիկներով էին՝ «Ռեժի՛մ, սպանի՛ր ինձ, ես հայ եմ» գրությամբ:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը շեշտեց. «Հարգելի դատարան, Դուք պետք է ավելացնեիք օրինական բառը: Ես կենթարկվեմ դատարանի միայն օրինական պահանջներին: Եվ եթե դարձյալ պաշտպանական իրավունքը խախտվի, ես ստիպված կլինեմ դարձյալ լքել դահլիճը: Ինչ վերաբերում է սանկցիաներին, եթե ցանկանում եք, կարող եք դիմել Փաստաբանների պալատ, բայց համոզված եմ, որ պալատն ինձ կարդարացնի: Իսկ դահլիճը ինդիկատորն է նրա, թե ինչ է կատարվում դատարանում: Հավատացած եմ, եթե դատարանը իրավունքները չխախտի, գործի օրենքի դաշտում, դահլիճը այսպես չի արձագանքի»,-ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբան Արա Զաքարյանը, ինչպես և ծրագրել էր նախորդ նիստին, ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավորի անաչառությունը կասկածի տակ դնելով: Փաստաբանը հենվել էր նախորդ նիստում դատավորի կողմից իր պաշտպանյալի կալանքը վերացնելու միջնորդությունն առանց պատշաճ պատճառաբանության մերժելու հանգամանքի վրա: Արա Զաքարյանը նշեց, որ Վոլոդյային կալանքի տակ պահելու դատավորի որոշումը անօրինական և կամայական է:  Նա տեղեկացրեց, որ դատավոր Լևոն Ավետիսյանի գործողությունների վերաբերյալ ինքը դիմում է պատրաստվում ներկայացնել «Արդարադատության խորհուրդ»։

Դատախազ Վարդան Պապիկյանն առարկեց ինքնաբացարկի միջորդության դեմ՝ միայն ասելով՝ առարկում եմ:

«Դատախազի կեցվածքը և՛ հասկանալի է, և՛ ծիծաղելի: Գոնե մի հիմք բերեիք առարկելու համար: Ախր, հիմք չկա, որտեղից բերեք: Ուրեմն ավելի լավ է ձայն չհանի, կամ 5-10 րոպե ընդմիջում խնդրի, որ գոնե մտածի՝ ինչ ասի»,-նշեց պաշտպանը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ հրապարակելով միայն եզրափակիչ մասը: Դահլիճից լսվեց «ամոթ» վանկարկումը:

Փաստաբանը պահանջեց որոշման օրինակը, որպեսզի ծանոթանա մերժման հիմքերին: Միաժամանակ ներկայացրեց հաջորդ միջնորդությունը՝ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը գրավով փոխարինելու մասին:

Միջնորդությունը լսելուն պես, դատավորը շտապեց հետաձգել նիստը:

«Ինչո՞ւ, դեռ 1 ժամ կա աշխատանքային օրվա ավարտին: Դուք կհասցնեք քննարկել գրավի միջնորդությունը»,-զարմացավ Արա Զաքարյանը: Դատավորն, այնուամենայնիվ, հետաձգեց նիստը մինչև հունիսի 6-ը:

«Մարդը բանտում ա, դու, հա՛, նիստ ես հետաձգում», «Դատավորներին էլ չէր խանգարի մի քանի օր նստեին, որ հասկանային՝ ինչ ա նիստը ծամոն սարքելը», «Եթե դու լինեիր Վոլոդյայի տեղը՝ բանտում, նիստը չէիր ձգի», «5 էրեխա ունի, հասկանո՞ւմ ես». դահլիճից դուրս գալով ասում էին ազատամարտիկները:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter