HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի «ոսկե» այծերը

Խաչիկ Մարտիրոսյանը «Գոլդեն գոութ» ՓԲԸ-ի հիմնադիրն ու ղեկավարն է: Ասում է՝ ընկերությունը Հայաստանում առաջին և դեռևս միակ այծի պանիր արտադրողն է: Խորհրդային Միության փլուզումից հետո իրեն համարում է առաջին արտահանողը: 1989-ից մինչ 2004 թ. Հայաստանից այծի պանիր չէր արտահանվել. վստահեցնում է նա: Խորհրդային Միության տարիներին այծաբուծությունը զարգացած չէր, իսկ այծն էլ չէր ընդունվում գյուղացիների կողմից: «Հիշում եմ՝ Եղեգնաձորի սովխոզը, որ ճանաչված է եղել, մեծ գլխաքանակով ոչխար էր պահում, և ամեն սովխոզ մի 10-20 այծ էր պահում, որ հոտը ֆռռացնի: Այծը առաջնորդի դեր էր խաղում»,- նկատում է այծաբույծը:

Մինչ 2000 թ. Վայոց ձորի Գողթանիկ գյուղում զբաղվում էր խոշոր եղջերավորների բուծմամբ, իսկ այծաբուծությամբ զբաղվելու միտքը պատկանում է նրա ընկերոջը, ով աշխատում էր ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտում՝ USDA-ում: 2000 թ. էլ առաջարկ ստացավ այծաբուծությամբ զբաղվել: ԱՄՆ-ից 20 գլուխ արու այծ և 10 գլուխ այծամայր բերեցին Վայոց ձոր (զանեն, նուբյան, ալպյան, թոգենբուրգ ցեղատեսակների), խաչասերեցին հայկական ցեղատեսակների հետ: Այստեղից էլ ստացան նոր սերունդ, որը հայկական այծերի կաթնատվությունից 2,5-3 անգամ ավելի բարձր է:

Արտադրության առաջին տարին արտադրել էին 700 կգ պանիր, որը մեծ դժվարությամբ իրացրեցին: «700 կգ-ով չէինք կարող արտասահման դուրս գալ, իսկ տեղական շուկայում էլ լրիվ անսովոր է այծի պանիրը, բայց հետո աստիճանաբար մարդիկ սովորեցին դրան: Հիմա արդեն տարեկան արտադրում ենք մինչև 45 տ ու ամբողջն էլ իրացնում ենք»,- նշում է Խաչիկ Մարտիրոսյանը:

«Ոսկե» այծերը

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի մուտքից ձախ գտնվում է «Գոլդեն գոութ» գործարանի սպիտակ շենքը: Ընկերության անվան մասին խոսելիս տնօրենն ասում է, որ այծը հենց «ոսկե» է լինում (Խ. Մարտիրոսյանը նախկինում գործունեություն էր ծավալում «Կորաղբյուր» ՍՊԸ-ով):

Միհարկանի երկու շինությունների՝ գործարանի և անասնաֆերմայի միջև պտղատու ծառերով այգին է: Գործարանն ունի 24 աշխատակից: Տեղանքը հատկապես նպաստավոր է այծաբուծության համար: Ինչպես Խաչիկ Մարտիրոսյանն է ասում, այծերը սիրում են լեռներ, ծաղիկներ, թփեր: Դրա համար էլ կաթի որակն ավելի բարձր է:

Այծի կաթի մասին

Այծի կաթը փոխարինում է մայրական կաթին: Այսպես է նկարագրում Խաչիկ Մարտիրոսյանը: Այծն՝ ի տարբերություն կովի, ծաղիկներով է սնվում, կաթը սպիտակուցներով հարուստ է, խոլեստերինով՝ ավելի ցածր: Իսկ այդպիսի կաթից հնարավոր չէ ստանալ վատ պանիր:

Զրուցակիցս ասում է, որ վատ պանիր չկա, կա լավ ու ավելի լավ պանիր: Հայաստանում ընդունված են լոռին ու չանախը: Իր ընկերությունն արտադրում է 8 տեսակի պանիր, այդ թվում՝ «Ֆրանսիական», «Ալպյան», «Եղեգնաձոր», «Լոռի», «Չանախ»: Լավ պանիր ստանալու գործոններից մեկը համարում է Վայոց ձորի կլիմայական բարենպաստ պայմանները և էկոլոգիապես մաքուր լինելը: Պանրի տեսականուց առանձնացնում է «Եղեգնաձոր» պանիրը, որը դեռ Խորհրդային Միության տարիներին պատրաստվում էր նույնանուն քաղաքում: Այդ պանրի փաթեթավորումը բարձրացնում է գինը. միայն փաթեթավորումը 700 դրամ է: Վաճառվում է կավե ամանների մեջ: Ֆերմեր-գործարարն ասում է, որ այծի կաթ է մթերում նաև գյուղացիներից. 1 լիտրի համար վճարում է 230 դրամ:

Ինչպե՞ս են ընտրում պանրի անունները

Պանրի անունները պայմանավորված են պատրաստման տեխնոլոգիայով: Հակառակ դեպքում՝ տնօրենի կարծքով, այնքա~ն անուններ կհորինեին: Նա թվարկում է պանրատեսակներ, որոնցից ամեն մեկն ունի պատրաստման իր «սկզբունքները»: Բացի այծի պանրից, արտադրում են նաև այծի ու կովի խառնուրդ կաթով պանիր: Վաճառքից գոհ է:

Արտահանման մասին

Արտահանող երկրների ցանկում միայն մեկ անուն կա՝ Ռուսաստան: Ընկերության արտադրանքի 90 %-ն արտահանվում է այդտեղ. 1 կգ-ը՝ 7,5 դոլարով:

Մինչ 2009 թ.՝ մոտ 4 տարի, այծի պանիրն իրացնում էին նաև ԱՄՆ-ի շուկայում (Կալիֆոռնիա նահանգում): Արտահանման գինը (1 կգ) 5 դոլար էր: Այդ ժամանակ 1 դոլարն արժեր 580-584 դրամ, կաթն էլ էժան էր՝ 130 դրամ: Դրա համար էլ շահավետ էր: Այս մասին պատմում է տնօրենը՝ ավելացնելով, որ սղաճի պատճառով իրենք կորցրեցին այդ շուկան: Իսկ պատճառն այն էր, որ ընկերությունը պանրի գինն անընդհատ բարձրացնում էր, ներկրողներն էլ հիասթափվել էին ընկերության այդ քայլից՝ հրաժարվելով ներկրումից:

Այծեր՝ ինքնաթիռի տոմսի դիմաց

Ընկերության տնօրենը մի քանի անգամ մեր զրույցում շեշտում է, որ այծի պանրի պահանջարկն աստիճանաբար մեծանում է, բայց իրենք չեն կարող ընդլայնել արտադրության ծավալները: Պատճառն այն է, որ այծի կաթ դժվարությամբ են գտնում: 4-5 տարի առաջ այծաբուծությունը զարգացած էր մարզում, բայց սոցիալական դժվար իրավիճակը շատերին ստիպեց վաճառել այծերն ու արտագաղթել: Երբեմն դրանք վաճառվել են ինքնաթիռի տոմս գնելու համար: Իսկ Խաչիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ այծ պահելն ավելի ձեռնտու է՝ և՛ պահելն է հեշտ, և՛ կաթն է թանկ:

Այծի պանրի արտադրությունը շարունակելու է 9-ամյա որդին՝ Արթուրը: Նա մեզ ուղեկցում է անասնաֆերմա: Ճանապարհին ասում է, որ բացի պանրի արտադրությունից, բեռնատարների արտադրություն է հիմնելու, հետո ավելացնում, որ իր քաղաքը շատ է սիրում: 

Մեկնաբանություններ (1)

կեցցե մարդը!
ԱՄԷ - ում այծի պանիրը վաճառվում է (Սուպերմարկետում) մոտ` 20 ԱՄՆ դոլլարով: Հայկականն ավելի համեղ է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter