HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը փոխքաղաքապետին հանդիմանեց պատգամավորներին հարցեր տալ սովորեցնելու համար

«Էս ի՞նչ ձև ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորացնում են՝ ոնց հարց տալ: Խնդրում եմ այլևս նման միջամտություններ չանել. ես գիտեմ, թե ում ինչ հարց եմ տալիս: Թուղթը ձեռքներին գալիս կմկմում, գնում են…»,-ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին դիմելով` հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը բարկացավ, երբ Կամո Արեյանը հայտարարեց, թե Փաշինյանի ուղղած հարցն առնչություն չունի բյուջեի կատարողականի հետ: Ն. Փաշինյանը հարցրել էր Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման և Երևանի ուղևորափոխադրումների սակագնի խնդիրների մասին:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները տրամադրված են գալ խորհրդարանական քննարկմանն ու ասել՝ ինչքան գումար են ստացել ու ծախսել, մինչդեռ, ըստ նրա, դրա համար նիստ անելու անհրաժեշտություն չկա, որովհետև կատարողականն ԱԺ կայքում հրապարակված է:

«Էդ բոլոր թվերը, որ ասում եք, մենք դրանք գիտենք, շատ կարևոր է իմանալ, թե դրանց ծախսման արդյունքում ի՞նչ բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ ինչպիսի՞ն էր, օրինակ, Երևան քաղաքը բյուջեի ծախսումից առաջ ու դրանից հետո»,- նկատեց Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորը նաև հարցրեց, թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում բյուջետային այս քննարկումներին: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել էն փաստի վրա, որ Հայաստանում, կներեք, գուցե կոպիտ հնչի համեմատությունս, կոպտելու կամ վիրավորելու մտադրություն չունեմ, Հայաստանում վաշխառուական ինչ-որ ռանգերի են բաժանվում պաշտոնյաները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում այս նիստին: Եթե պարոն քաղաքապետը և որոշ այլ պաշտոնյաներ համարում են, որ սա ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն՝ մենք էլ չգանք, մենք էլ պակաս զբաղված չենք»,- շեշտեց նա:

Մանրամասնելով իր հարցերը` Ն. Փաշինյանը նշեց, թե վերջին շրջանում Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցը քննարկումների առիթ է տվել: «Հիմա համացանցում լայնորեն շրջանառվում է այն փաստաթուղթը, ըստ որի՝ Միկոյանը զեկուցել է Խորհրդային Միության ղեկավարությանը, որ 500 գնդակահարվողները Հայաստանում քիչ են, պետք է 1000 հոգու գնդակահարել: Հիմա Դուք այդ մարդու արձանը ուզում եք տեղադրել Երևանի կենտրոնում, ի՞նչ նկատի ունեք: Իհարկե, ես հասկանում եմ, որ մարտի 1-ը տեղի է ունեցել հենց գործող իշխանության շրջանում, և էստեղ ուղղակի համեմատություններն ուրիշ տեղ են տանում: Ես կհասկանայի, եթե նախաձեռնեին մարտի 1-ի զոհերի արձանը, ովքեր, ի դեպ, գնդակահարվել են հենց քաղաքապետարանի հարևանությամբ, բայց, չգիտես ինչու, ոչ թե գնդակահարվողների արձաններ են տեղադրվում Հայաստանում ավելի շատ, այլ գնդակահարողների»,- ասաց պատգամավորը:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ պատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ է նիստից բացակայում քաղաքապետը՝ նշելով, որ նա լավ գիտակցում է ԱԺ դերը Երևանի ու օրենսդրի կյանքում: Ըստ Արեյանի` Երևանի քաղաքապետը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հանձնաժողովի անդամ է եւ այս պահին մասնակցում է ընթացող նիստին:

Ինչ վերաբերում է Միկոյանի արձանին, ապա Կամո Արեյանը հիշեցրեց, որ «ՏԻՄ» մասին օրենքով, Ավագանու գործունեության կանոնակարգով մայրաքաղաքում արձանների տեղադրման, փողոցների, աշխարհագրական անունների անվանակոչության հարցը վերապահված է Երևանի ավագանուն՝ համապատասխան նախաձեռնությունների հիման վրա: «Արձանի տեղադրման վերաբերյալ ստացվել է առաջարկություն՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու մասին, ավագանին քննարկել, տվել է իր համաձայնությունը: Ինչ մնում է պատմագիտական-քննական-քաղաքական այն հարցերին, որ վերաբերում են տվյալ անձի անցյալին, մենք հակված ենք, որ դա պատմաբանների, հավաստի աղբյուրների հիման վրա կայացված եզրակացություն լինի: Հանրության մեջ, պատմության մասնագետների մեջ, բնականաբար, կան իրարամերժ, տարակարծիք մեկնաբանություններ: Այնուամենայնիվ, ավագանին տվել է իր համաձայնությունը՝ տեղադրել արձանը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter