HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիեւի վարչակազմի գրոհը ԱՄՆ-ի դեմ եւ դրանում ռուսական շունչը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցին Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների արձագանքները թույլ են տալիս շատ խութեր տեսնել Բաքու-Վաշինգտոն, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա հարաբերություններում:

Օրեր շարունակ հեռուստատեսությամբ, տպագիր ու ինտերնետային մամուլով դեսպանին հակադարձեցին «սովորական քաղաքացիներ», իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ֆունկցիոներներ, Միլի Մեջլիսի պատգամավորներ: Սակայն առավել ուշագրավ են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների արձագանքները:

Դեսպանի հարցազրույցից երկու օր անց՝ մայիսի 19-ին լրատվամիջոցներին առաջինը մեկնաբանություններ տվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ կետ առ կետ անդրադառնալով դեսպանի հնչեցրած բոլոր գնահատականներին ու ակնարկներին: Միանշանակ է, որ դեսպանին հակադարձելու գրոհի հրահանգը տրված է նախագահականից (այլ կերպ չէր էլ կարող լինել Ադրբեջանի պարագայում):

Հերքելով ԱՄՆ դեսպանի այն ակնարկը, թե կառավարության ձեռնարկած քայլերն ու վարած կոշտ գիծը չեն բխում ոչ իշխանության, ոչ Ադրբեջանի շահերից (ասել է թե՝ Իլհամ Ալիեւը այլ շահեր է սպասարկում), Ալի Հասանովը հակադարձեց. «Ադրբեջանը մի պետություն է, որը վարում է ոչ մեկից չկախված, բացարձակ անկախ քաղաքականություն» եւ «լավ չէ, երբ ԱՄՆ-ը կամ մեկ այլ մեծ պետություն կամ միջազգային կառույց այս կամ այն ձեւով խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին, ձգտում են նրան ղեկավարել, «ժողովրդին սովորեցնել, թե ինչպես ապրի»: Համարում եմ, որ այդպիսի փորձերը անհաջող կլինեն»:

Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան դեսպանին մեղադրեց «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի 1961թ. կոնվենցիայի նորմերը խախտելու եւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ, որը նա արել է «Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի ոչ օբյեկտիվ ու կանխակալ մեկնաբանություններով», «անթույլատրելի հռետորաբանությամբ», «անկախ երկրի իշխանությունների պիտակավորմամբ», «իր աշխարհաճանաչողությունն ու իր երկրի շահերը մեկ այլ անկախ պետության պարտադրելու փորձերով», որոնք «չեն կարող համարվել արհեստավարժ դիվանագիտության օրինակ»:

Ալի Հասանովն իր հերթին «նկատեց», թե Բաքուն էլ չի հասկանում Վաշինգտոնի քաղաքականությունը աշխարհում եւ հետխորհրդային տարածքում՝ ի դեմս Իրաք, Լիբիա ու այլ երկրներ ներխուժումների, հրահրած արաբական գարունների, ինքնիշխան երկրների ներքին գործերին խառնակչության, Ադրբեջանի վերաբերյալ կողմնակալ կամ հայկական լոբբիստական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունները արժանահավատ ընդունելու եւ այսպես շարունակ:

Այդ մեկնաբանություններին նույնաբովանդակ, սակայն շատ ավելի  կոշտ տոնայնությամբ մայիսի 22-ին դեսպան Մորնինգսթարին պատասխանեց Ադրբեջանի վարչախմբի ծանր հրետանին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը: Նրա հարցազրույցի գնահատականներն այնքան չսպասված էին, որ նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն այն համարեցին «սենսացիոն» (օրինակ. ԱՄՆ-ի վրա «գրոհն» ու օգտագործված մտքերը իսկապես աննախադեպ սկանդալային էին:

Կրեմլյան գնահատականներ ԱՄՆ վարած քաղաքականությանը

Ռամիզ Մեհտիեւի հարցազրույցի վերլուծությունը չափազանց ինֆորմատիվ է երկու առումներով. Ալիեւի վարչակազմը ի՞նչ է պատասխանում դեսպան Մորնինգսթարի քննադատություններին, եւ ի՞նչ գնահատականներ է տալիս ԱՄՆ վարած քաղաքականությանը: Իսկ դրանք ապշեցնելու աստիճան կրկնում էին ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ ռուսական քննադատությունները:

Այսպես, Մեհտիեւը հայտարարում է, թե «Մորնինգսթարի ու (Վաշինգտոնում-Ս.Ս.) նրա գործունեությունն անմիջականորեն ղեկավարողների աշխարհայացքը խցանվել է անցյալում եւ հակասության մեջ է ժամանակի հետ. բազմաբեւեռ աշխարհը կոչ է անում հրաժարվել գաղութատիրական մտածողությունից»: Պետք է արձանագրել, որ Ալիեւի վարչախումբը համակարծիք է ռուսական պաշտոնական քարոզչության հետ, որ աշխարհն այլեւս բազմաբեւեռ է, ԱՄՆ-ն էլ միակ գերտերություն չէ, մինչդեռ շարունակում է գաղութատիրություն հաստատել:

Չի կարող աչքի չզարնել Մեհտիեւի մեկ այլ կոշտ գնահատականը դեսպան Մորնինգսթարի այն խոսքերին, թե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն են Ադրբեջանի անվտանգության երաշխավորը, եւ եթե ԱՄՆ-ը հեռանա, ապա Ադրբեջանը շատ վատ վիճակում կհայտնվի. «Ոչ մի արտաքին ուժ մեր անկախության երաշխավոր հանդես չի եկել եւ չի կարող գալ: Թող Մորնինգսթարը մեր համար չմտահոգվի, Ադրբեջանի զարգացման ներկայիս մակարդակը, տնտեսության աճը եւ պետականության ինստիտուտների ամրապնդումը մեզ թույլ են տալիս, հենվելով ժողովրդի աջակցության վրա, պաշտպանել երկրի անկախությունը: Պետության անկախությանը վտանգը մշտապես եկել է նրանցից, ովքեր միանձնյա կառավարել են աշխարհը: Այսօր իրավիճակը այլ է»: Ակնարկը կրկին վերաբերում է ԱՄՆ-ին՝ որպես անկախ պետություններին սպառնացող հեգեմոն ուժ: Այստեղ են ասում՝ «ռուսական քարոզչությունը հանգստանում է», քանի որ նրա փոխարեն ԱՄՆ-ի վրա գրոհում են այլոք:  

Եթե դեսպան Մորնինգսթարն իր հարցազրույցում հենց Մեհտիեւին էր ակնարկել իբրեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունը փչացնող, ապա Մեհտիեւն ինքն է ԱՄՆ-ին ու դեսպանին ակնարկում իբրեւ ռուս-ադրբեջանական, ռուս-պարսկական ու ռուս-թուրքական հարաբերությունները փչացնող. Ռուսաստանի վերաբերյալ Մեհտիեւը ասում է. «Նա մեր մերձավոր հարեւանն է, եւ նրա հետ հարաբերությունները մշտապես առանձնահատուկ առանցք են եղել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: Մեր երկրների միջեւ առկա է փոխըմբռնում, եւ գոյություն չունեն չլուծված խնդիրներ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի: Ծագող բոլոր հարցերը լուծվում են բացառապես բանակցությունների եւ լիիրավ երկխոսության միջոցով: Օբյեկտիվ չէր լինի համարելը, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին առկա է ինչ-որ լարվածություն: Չնայած, ներսում եւ դրսում որոշակի ուժերի կողմից ոչ մեկ անգամ փորձեր են կատարվել փչացնելու Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները: Սակայն, այդ երկու պետությունների ղեկավարների իմաստնության ու փոխադարձ վստահության շնորհիվ այդպիսի սադրանքները հաջողություն չեն ունեցել»:  

Նույն կերպ Մեհտիեւը ԱՄՆ դեսպանի խոսքերում սադրանք է տեսնում ադրբեջանա-իրանական, ադրբեջանա-թուրքական հարաբերություներին ուղղված. «Հերթական անգամ կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հենվում է հարակից երկրների հետ բարիդրացիական եւ խաղաղ հարաբերությունների վրա: Մենք չենք խառնվում նրանց ներքին գործերին, նույնն էլ պահանջում ենք մեր հանդեպ»:

Խոսելով հյուսիսից կամ հարավից Ադրբեջան հնարավոր ներխուժման ու ԱՄՆ-ի անվտանգության երաշխավոր լինելու մասին, նա ոչ միայն չի համաձայնում դրա հետ, այլեւ մեղադրում է Վաշինգտոնին, որ չի խոսում իրական «ներխուժողի»՝ Հայաստանի մասին ու հովանավորում է նրան, որ թեպետ դադարեցրել է N 907 «Ազատության աջակցության ակտի» գործողությունը, սակայն այն չեղյալ չի համարել, որ ԱՄՆ-ը չի խոսում Հայաստանի «օկուպացիայի մասին», շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ եւ միջազգային նորմերի կիրառմամբ՝ ի հակառակ այն դեպքերի, երբ դա իրեն ու ՆԱՏՕ-ին է հարկավոր եղել Լիբիա ներխուժելու համար՝ առանց սպասելու, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի թանաքը չորանա, կամ Հարավսլավիայում՝ առանց սպասելու ՄԱԿ-ի թույլտվությանը: Մեհտիեւը այստեղ էլ երկրորդում է ԱՄՆի հասցեին Կրեմլի քննադատությունները:

Նա նաեւ հիշեցնում է Վաշինգտոնի ամենամյա բյուջետային հատկացումները Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին թուրք-ադրբեջանական շրջափակումից հանելու ամերիկյան ջանքերը՝ «կեղծ խոստում» տալով, թե դրան զուգահեռ ղարաբաղյան խնդիրն էլ կլուծվի: Մինչդեռ Մեհտիեւի բարձրաձայնմամբ՝ Բաքուն չի հավատում դրան, եւ տեսնում է, թե ինչպես է Վաշինգտոնը փորձում սեպ խրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում ու Հայաստանին քաշել իր ազդեցությա ոլորտը, եւ ոչ ավելին. «Այդպիսի խճողված խաղեր խաղալով, Վաշինգտոնը պետք է հասկանա, որ կողքից այդ ամենը բավականին բաց երեւում է: Հետաքրիքր կլիներ ԱՄՆ դեսպանին հարցնել, թե մինչեւ ե՞րբ է իր պետությունը խրախուսելու անջատողականներին, միաժամանակ ձեւ անելով, թե անկեղծորեն ցանկանում է լուծել հակամարտությունը: <...> Պետք է այն աստիճան միամիտ լինել, որպեսզի չգիտակցես այդ աշխարհաքաղաքական խաղերը»:

Մեհտիեւը գտնում է, թե աշխարհում եւ հատկապես հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական գործընթացները սրվել են մեծապես Արեւմուտքի մեղքով, եւ դեսպանի տենդենցիոզ հարցազրույցն այդ ֆոնին մեղմ ասած, տարակուսելի է: Փաստացի, նա ակնարկում է, թե իրեն անհայտ «շարժառիթներով ու դրդապատճառներով» տված հարցազրույցով «միջամտելով» Ադրբեջանի ներքին գործերին, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են նաեւ ապակայունացնել Ադրբեջանը:

Ռուսական քարոզչության հրաշալի կրկնություն է Ուկրաինայի մասով նրա ասվածը. «Մորնինգսթարը իրավացի է, որ ուկրաինական իրադարձությունները պետք է դաս լինեն ցանկացած ինքնիշխան պետության համար: <...>  Այդ դասերը մենք յուրացնում են երկար տարիներ: Արեւմուտքի գործուն մասնակցությունը Մայդանի ողբերգական իրադարձություններին ակնհայտ է: Արեւմուտքի ներկայացուցիչները ապակառուցողական տարրերին բացահայտ սադրեցին անիրավաչափ գործողությունների, մասնակցեցին Կիեւում օրինական իշխանությունների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին, պաշտպանեցին ցուցարարներին, այն ժամանակվա նախագահ Յանուկովիչին սպառնացին պատժամիջոցներով: Բոլոր այդ գործողությունները կարելի է բնութագրել որպես ինքնիշխան երկրի ներքին գործերին անմիջական ու կոպիտ միջամտություն: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը չթաքցրեցին այն, որ բոլոր ջանքերը գործադրում են հանուն նախագահ Յանուկովիչի տապալման եւ այն ուժերին իշխանություն բերելու, որոնք կհամապատասխանեն իրենց շահերին: Եւ դրան նրանք պատրաստվում են 1990-ականներից»:

Ապա Մեհտիեւը նկատում է, թե «մայդանային իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրի ներքին գործերին միջամտությունը եւ հարեւանների հետ հակամարտության նախապատրաստումը արդյունքում հանգեցնում են ողբերգական իրադարձությունների», «անկանխատեսելի հետեւանքներով նոր կոնֆլիկտների» եւ միշտ «արյունալի են լինում նախաձեռնողների համար». «Արեւմուտքը գործուն հրահանգավորում է իր գործակալներին այն երկրներում, որոնց վրա նա, ինչպես ասվում է՝ «աչք է դրել», թե ինչպե՞ս պետք է ազատվել առկա իշխանությունից, ի՞նչ եղանակներով տապալել Արեւմուտքին անհաճո իշխանությունը, հեղափոխություն անել: Հենց որ «հինգերորդ շարասյունը» գործողության է անցնում, նա մոբիլիզացնում է իր ամբողջ պրոպոգանդիստական զինանոցը վերահսկելի ավերիչ ուժերի պաշտպանության համար»:

Այստեղ էլ Մեհտիեւը, հիրավի, ապշեցնում է ռուսական թեզերի կրկնությամբ: Նկարագրելով «հեղափոխության մեխանիկան», Մեհտիեւը հարցազրույցի մնացած մասում պարզ է դարձնում, որ հաջորդ երկիրը, որի վրա «աչք են դրել» ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը, դա Ադրբեջանն է: Ուստի, բոլոր մայդաններից դասեր քաղած Ալիեւի վարչախումբը «զարգացման ճիշտ ուղի է ընտրել» եւ  արդարացիորեն լռեցնում է «հինգերորդ շարասյանը»՝ լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, իրավապաշտպաններին եւ այլոց: Մեհիտեւը թվարկում է. ԱՄՆ-ը հատկացրել է 3 միլիոն դոլար ֆեյսբուքայն հեղափոխության համար, 2003-2013թթ. IREX, ABA, NDI, Revenue Watch Institute, USAID, NED կազմակերպություններին ու տեղական ՀԿ-ներին հատկացրել է 25 միլիոն դոլար, իսկ 1996թ-ից Սորոսի ֆոնդն ու նրա հետ կապակցված կազմակերպությունները ադրբեջանական ՀԿ-ներին են հատկացրել 50 միլիոն դոլար, իսկ  2012-ից հետո դա անում է փոխկապակցված կազմակերպությունների միջոցով: Մինչդեռ, Մեհտիեւի կարծիքով, այդ կազմակերպությունների հետապնդած իրական նպատակները պարզ չեն, գրանտներից անդին կան ստվերային փոխանցումներ եւս, որի համար էլ պատկան մարմինները խստացրել են վերահսկողությունը նրանց հանդեպ:  

Նա նաեւ հակադարձում է Մորնինգսթարին, թե կառավարության այդ քայլերը ճնշումներ են խոսքի ազատության եւ քաղաքացիական հասարակության հանդեպ, հիշեցնելով, թե ինչպես է ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ սահմանափակում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ ամբողջ պետությունների իրավունքներ, գաղտնալսում երկրների ղեկավարների խոսակցությունները, եւ ինչպես են ԱՄՆ ու եվրոպական իրավապահները լռեցնում բողոքի ակցիաները «Оккупируй Уолл Стрит», «Оккупируй Франкфурт»-ը եւ շարժումների ժամանակ:  

Վերջապես, դառնալով Ալիեւի իշխանության ոչ մոնոլիտ լինելու եւ այնտեղ արեւմտամետների խմբի մասին, Մեհտիեւը ասում է. «Ինչ վերաբերում է արեւմտյան արժեքներ կրողներին: Ես չգիտեմ, թե դեսպան Մորնինգսթարը կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի: Ինձ այդպիսի կատեգորիա հայտնի չէ: Կա քաղաքացիների երկու կատեգորիա: Առաջինը՝ նրանք, ովքեր հարգանքով են վերաբերում երկրի օրենքներին, իսկ երկրորդը՝ անձինք, ովքեր պատրաստ են գործիք դառնալ երրորդ ուժերի ձեռքին իրենց եսասիրական նպատակները բավարարելու համար: Այդպիսի մարդիկ ապրում են թե Արեւելքում, թե Արեւմուտքում, եւ դեսպանի կողմից նման բաժանումը, ըստ իս, բացահայտ անհարգալից վերաբերմունք է մեր ազգային արժեքների հանդեպ»: Մինչ այդ, Մեհտիեւը վերստին հավաստիացրել էր Ալիեւի թիմի միասնականությունը, պնդել, որ այդ թիմում որեւէ կողմնորոշմամբ մեկը չի կարող քաղաքականություն թելադրել:

Վերջում Ռամիզ Մեհտիեւը կոչ է անում դեսպան Մորնինգսթարին վերջ տալ սովորեցնելուն, թե ինչպես պետք է ապրել, եւ հարգել միմյանց, քանի որ իրար չհարգելու ու չհասկանալու դեպքում հարաբերությունները երբեք լավ արդյունքներ չեն բերում. «Մեզ պետք են ոչ թե հերթապահ ժպիտներ, այլ անկեղծ գործընկերներ: Մենք մեր բարեկամությունն ապացուցել ենք ոչ մեկ անգամ, եւ դեսպան Մորնինգսթարը լավ գիտի այդ մասին: Ադրբեջանական ժողովուրդը սպասում է ադեկվատ հարաբերությունների», -եզրափակում է Մեհտիեւը:

Մեհտիեւի շուրթերով ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ ռուսահաճո գնահատակնները վկայում են, որ Բաքվի ու Մոսկվայի միջեւ ավելի լայն՝ ռազմա-քաղաքական ընդհանրություններ կան, քան վերջին օրերի աղմուկ հանած ռազմատնտեսական գործարքներն են տանկերի ու այլ սպառազինությունների վաճառքի տեսքով: 

Մեհտիեւը ինքն էլ չի նկատում, որ իր շարադրանքը ոչ թե սոսկ մեկ հարցազրույցի արձագանք է, այլեւ հաստատում է դեսպան Մորնինգսթարի այն մեղադրանքը, թե դա տեւական քաղաքական գիծ է, որը վարում է Ալիեւի վարչախումբը՝ ընդդեմ ամերիկյան շահերի, ու որի հիմքում նույն մտածողությունն ու գնահատակններն են, ինչ Կրեմլում:

Եթե մարտ-ապրիլին Ալիեւի իշխանության մեջ նուրսիստների հետ կապված սկանդալում տեսանելի էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունը, որի արդյունքում դուրս մղվեցին ամերիկամետ գյուլենականները, ապա Մեհտիեւը բացահայտում է նաեւ նույն հարցում ռուսական շահերի հատման մասին: Այնպես ինչպես Էրդողանն էր Ալիեւին բացատրել, որ գյուլենականներին իշխանության մեջ թողնելը պատուհաս կդառնա Ալիեւի իշխանության համար, ինչպես Թուրքիայում եղավ, տեսանելի է, որ ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող հնարավոր մայդանով Ալիեւին սարսափացրել է նաեւ Կրեմլը:

Այդպիսով, Մոսկվայի ու Անկարայի պահանջներն ու խորհուրդները Ալիեւին նույնական են եղել, ինչի արդյունքում էլ նրա վարչախումբը անցել է «հինգերորդ շարասյունը» լռեցնելու քայլերին: Իլհամ Ալիեւի աշխատակազմի վերոնշյալ երկու պաշտոնյաններն էլ ամենաուղղակի առնչություն ունեն թե նուրսիստների հաշվեհարդարում, թե արեւմտամետների հետապնդումներում. Ալի Հասանովի ղեկավարած բաժինը «զբաղվում» է հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներով, իսկ Ռամիզ Մեհտիեւը անձամբ համակարգում էր թե Էրդողանի պահանջած վահաբիստների արշավանքն ընդդեմ նուրսիստների, թե նաեւ Կրեմլի պահանջած արեւմտամետների դեմ արշավանքը:

 ԱՄՆ դեսպանը՝  պերսոնա նոն գրատա՞

Իր աղմկահարույց հարցազրույցում շնորհակալություն հայտնելով այս օրերին ԱՄՆ դեսպանի վրա «իրական քաղաքացիական դիրքերից» գրոհած բոլոր քաղաքական, պետական գործիչներին ու քաղաքացիներին, Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը ԱՄՆ դեսպանին սպառնաց. «Դժվարանում եմ ասել, թե ինչ շարժառիթներ ու պատճառներ դրդեցին նրան տալու նման հարցազրույց եւ հնչեցնելու դիվանագիտական էթիկայի տեսանկյունից այդքան ոչ կոռեկտ մտքեր: Դա բաց, կոպիտ միջամտություն է երկրի ներքին գործերին: Ցանկացած պարագայում, դա չունի եւ չի կարող որեւէ արդարացում ունենալ: Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ դեսպանի կողմից արտահայտված կարծիքը, ըստ էության, բաց եւ անմիջական միջամտություն է այցելության երկրի ներքին գործերին, ինչը անթույլատրելի է՝ համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի: Ավելին, այդ հարցազրույցի տոնայնությունը ավելի շատ հիշեցնում է անկախ պետությանը սեփական հայացքների պարտադրում եւ թելադրանք: Դեսպան Մորնինգսթարը չպետք է մոռանա, որ Ադրբեջանը ինքնաբավ պետություն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի գաղութը: Որպես ԱՄՆ դեսպան, Մոնինգսթարը պարզապես պարտավոր է հարգանքով վերաբերվել այցելության երկրի ինքնիշխանությանը: Ի դեպ, դա ուղակի առնչություն ունի նաեւ որոշ արեւմտյան երկրների դեսպանների նույնպես, ովքեր ամերիկյան դեսպանի փոխանցումով փորձում են ազդել նույն եղանակով: Ադրբեջանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը մենք մտադիր չենք հանդուրժել»: Մեհտիեւի խոսքով՝ «ԱՄՆ դեսպանը իրեն դրել է ինչ-որ գուբերնատորի տեղ, ով իր բղավոցով պետք է ղեկավարի Ադրբեջանը»:

Որքան էլ Իլհամ Ալիեւը անձամբ չարձագանքեց դեսպան Մորնինգսթարի հայտարարություններին, Ռամիզ Մեհտիեւը հասկացրեց, որ հայտնված դիրքորոշումը ոչ միայն իրենն է, այլեւ Ադրբեջանի նախագահինը. «Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիեւը ոչ մեկ անգամ է ասել, որ չի հանդուրժի եւ թույլ չի տա անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք ոչ Ադրբեջանի, ոչ էլ նրա ժողովրդի հանդեպ: Ենթադրում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները լավ տեղեկացված են երկրի ղեկավարության այս դիրքորոշման մասին: Սակայն, եթե ԱՄՆ դեսպանը, ոչ մի բան հաշվի չառնելով, Ադրբեջանի հասցեին թույլ է տալիս նման կոպիտ հարձակումներ, նշանակում է նա լուրջ խնդիրներ ունի իր կարգավիճակի հետ: Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ դեսպան Մոնրինգսթարը դիվանագետի համար անթույլատրելի ձեւով փորձում է թելադրել, խառնվել մեր երկրի ներքին գործերին, ինչը մեծ կասկածի տակ է դնում որպես դիվանագետ նրա արհեստավարժությունը»:

Մեհտիեւը նաեւ հավելում է, թե 19 տարի Իլհամ Ալիեւին ճանաչող ԱՄՆ դեսպանը «ըստ երեւույթին, այս ընթացքում այդպես էլ չի յուրացրել այն ճշմարտությունը, որ ադրբեջանական առաջնորդը չի ընդունում բարձր տոներ, սպառնալիքներ եւ շանտաժ: Այլապես, նա իրեն թույլ չէր տա Ադրբեջանում իրադրության վերաբերյալ ոչ կոռեկտ արտահայտություններ»:

Հույս հայտնելով, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը մշակում են առողջ մտածող ու փորձառու դիվանագետներ, ովքեր գիտակցում են, թե աշխարհաքաղաքական ի՞նչ գին կվճարեն Ադրբեջանը կորցնելու դեպքում, համոզմունք հայտնելով, որ դժվար թե Վաշինգտոնը իր դեսպանի անպատասխանատու հայտարարությունների պատճառով կփչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Մեհտիեւը հայտարարեց. «Համաձայնեք, ԱՄՆ դիվանագիտության ավանդական պրագմատիզմը նման բան թույլ չի տա: Ինչ վերաբերում է Մորնինգսթարին, ապա իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա որպես Ադրբեջանում դեսպան չկայացավ»:

Բաքվում ԱՄՆ դեսպանատան արձագանքները

Մինչեւ Ռամիզ Մեհտիեւի հարցազրույցը, իր հասցեին հնչած բոլոր քննադատություններին ու կարծիքներին դեսպան Մորնինգսթարը անձամբ արձագանքեց մայիսի 22-ին. «Ես ցանկություն չեմ ունեցել միջամտել ներքին գործերին: Կարդացել եմ իմ հարցազրույցի մեկնաբանությունները: Շատերը համաձայն են եղել իմ խոսքերի հետ, շատերը՝ ոչ: Ոմանք համաձայնել են իմ խոսքերի որոշ մասերի հետ, ոմանք՝ ոչ: Ինձ հետ կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել: Յուրաքանչյուրը կարող է կիսվել իր մտքերով: Իմ գլխավոր խնդիրը հավասարակաշռված դիրքորոշում ունենալն է, իմ խոսքերը հավասարակշռված ձեւով տեղ հասցնելը: Եթե հարցազրույցի արդյունքում պաշտոնատար անձանց եւ քաղաքացիական հասարակության միջեւ քննարկում տեղի ունենա բարի նպատակներով, ապա դա դրական երեւույթ է»: 

Նույն օրը APA լրատվական գործակալությունը տեղեկացրեց, թե ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ զրույցի ու պարզաբանումներ տալու:  Այս լուրը գործակալությանը հաղորդած դիվանագիտական աղբյուրը նաեւ փոխանցել է, թե «դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունների մասին, որոնք նա օգտագործել է «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում, եւ դիտողություն են արել, որ այդ մտքերը, որոնք գնահատվում են իբրեւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն, անընդունելի են», եւ որ «այդպիսի քայլերը չեն համապատասխանում երկու երկրների միջեւ հարաբերությունների ոգուն ու դիվանագիտական գործունեության նորմերին»:  Սակայն Բաքվում ԱՄՆ դեսպանությունը նույն օրը հերքեց, թե դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հարցազրույցին էլ ԱՄՆ դեսպանությունը առանձնահատուկ արձագանքեց հաջորդ օրը՝ մայիսի 23-ին. «Ինչպես ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, բոլոր մարդիկ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւն իրավունք ունեն հնչեցնել իրենց մտքերը: Մենք համաձայն չենք պարոն Մեհտիեւի մտքերի հետ»:  Դեսպանությունը նաեւ կոչ էր արել բոլորին ավելի ուշադիր կարդալ դեսպան Մոնրնիգսթարի հարցազրույցը եւ միայն դրանից հետո ձեւակերպել մտքերը:

Մորնինգսթարի հարցազրույցից հետո լուրեր տարածվեցին, թե դեսպանը երեք ամսից, ավելի ստույգ՝ օգոստոսին կվերադառնա Վաշինգտոն: Սակայն, մայիսի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում նոր տեղեկություն հայտնվեց, թե իրենց դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեսպան Մորնինգսթարին «կխնդրի ավելի վաղ հեռանալ», քան սպառվում է նրա պաշտոնավարման ժամկետը:

Մոնինգսթարը դեսպանի պաշտոնը ստանձնել է 2012թ. ապրիլի 27-ից, եւ համաձայն ամերիկյան օրենսդրության՝ Ադրբեջանում նրա գտնվելու նվազագույն ժամկետը 4 տարի է: Ըստ այդմ, դեսպանը դեռեւս ունի մեկ տարուց ավելի ժամանակ: Ակնհայտ է, որ Բաքուն չի ցանկանում նրան տեսնել ոչ միայն մեկ տարի շարունակ, այլեւ անգամ մինչեւ օգոստոսը:

Մայիսի 26-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հերքեց դեսպան Մորնինգսթարի ետկանչը մինչեւ այս տարվա վերջը՝ տեղեկացնելով, որ դեսպանն իր տիկնոջ հետ այս պահին գտնվում է Եվրոպայում: Մինչդեռ լրատվամիջոցները, հղում կատարելով ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրներին, շարունակում են պնդել, թե Բաքուն ու Վաշինգտոնը խորհրդակցությունների մեջ են դեսպան Մորնինգսթարին ետ կանչելու կապակցությամբ: 

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես արդեն տարբեր անգամներ եմ գրել՝ Հայաստանը (և Արցախը) երկարաժամկե՛տ ապագա կունենան միայն այն դեպքում, եթե ինչ-որ ձևով կարողանան կցվել ԱՄՆ-ին. թե դա կլինի դառնալ ԱՄՆ հատուկ տարածք, թե մնալ de jure անկախ պետություն,արդեն կարևոր էլ չէ: Որովհետև այլապես Հայաստանը,որպես պետական միավոր,կլանվելու է ռուսի ու թուրքի միջև: Ռուսաստանը/ռուսական բազան և ՀԱՊԿ-ը այսօր Հայաստանին թիվ 1 ՎՏԱՆԳՆ է: Ռուսաստանի և Հայաստանի ազգային շահերը ԲԱՑԱՐՁԱԿ տարբեր են:
Hayk
Mehtievi asatsneri masin(baci Xarabaxi masic) amen or grum en shat jurnalistner henc Arevmutyan erkneric u amenaazdecik terterum. Vomanq shat aveli xist baner en grum.
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Հայկ, իրավացի եք, Մեհտիեւի հարցազրույցը աննկատ չի մնացել, եւ տվյալ պարագայում խոսքը միայն ԱՄՆ ու նրա դեսպանի հասցեին կոշտ քննադատությունը չէ: Իմ նպատակն է եղել ցույց տալ, որ այդ գնահատականներում Կրեմլը ներկա է, եւ դա միայն ԱՄՆ-Ադրբեջան լարվածություն չէ, այլ այդտեղ Մոսկվան ունի ստվերային ազդեցություն իր խողովակներով: Վերը բերված հարցերի վերաբերյալ Բաքվի ու Մոսկվայի գնահատականների նույնությունը պատահականություն չէ: Թերեւս այս ասպեկտին անդրադարձ գոնե ես չեմ հանդիպել: Ավելի շատ խոսվում է Արեւմուտք-Բաքու դիմակայության մասին: Մինչդեռ Ալիեւի աշխատակազմի այս պաշտոնյայի անկեղծ հարցազրույցը վկայում է, որ Ալիեւը բավական մեծ չափով բավարարում է եւ Էրդողանի եւ Պուտինի պահանջները, ինչը որոշակի գործարքի արդյունք է եւ մենք հենց դա պետք է առաջին հերթին հասկանանք: Շնորհակալություն արձագանքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter