HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամո. «քայլող պատերազմը»

Արամ Թորգոմյանին ճանաչում են որպես Արամո՝ «Արամո» ջոկատի հիմնադիր, «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) անդամ: 90-ականներին նրա գլխագնի համար Ադրբեջանը մեծ գումար էր խոստանում: Շատերը նրան անվանում են «քայլող պատերազմ»: Ասում է, որ ինքը կենդանի ապրում է մահացածների մեջ և մահացած է ապրողների մեջ:

«Արամոյի» մասին

Արամոն 8 ամիս առաջ է զորացրվել: Հիմա զբաղված է Հայաստանում հայ-կազակական զորամիավորում ստեղծելու հարցով: Բացի դրանից՝ ղեկավարում է 2005 թ. հիմնած «ՀԱԲ» ՀԿ-ն, որը, ըստ նրա, 80 %-ով ռազմական կառույց է:

Մինչ 1988 թ. ծրագրում էր ազգային-ազատագրական պայքար: Ուզում էր դիվերսիոն գորոծողություններով պայթեցնել Ադրբեջանի նավթային համակարգը, այդպիսով՝ ծնկի բերել Ադրբեջանին: Սակայն 88 թ. Երևանի Ազատության հրապարակում հայտնվեցին մարդիկ, ովքեր զենքի պայքարը ճիշտ էին ընկալում: Այդ ժամանակ էլ դրվեց բանակի ստեղծման հարցը:

1989 թ. ապրիլի 25-ին բանակային կառույցը սկսեց համալրվել: Նույն թվականի մայիսի 12-14-ին իր նախաձեռնությամբ ստեղծում է«Արամո» ջոկատը, որտեղ արդեն կար 500-ից ավելի կամավորական:

Կացինով ու քլունգով՝ մարտի դաշտում

Հայաստանի բոլոր տեղերում խմբավորումներ ունեին: Ճիշտ է, ասում է, շատերն առանց զենքի էին՝ կացինով կամ հրշեջ ծառայության քլունգով էին, դժվար էր, բայց ներքին գործերից զենք ստանալու հնարավորություն ունեցան: Ոստիկանության ստորաբաժանումների վրա հարձակումներով՝ զենք էին վերցնում: 99 %-ով դա լինում էր ներքին պայմանավորվածությամբ:

Ոստիկանությունը ցուցադրաբար դիմագրավում էր, հետո զենքը հանձնում էր: Իսկ առաջին մարտական գործողությունը եղել է ինքնապաշտպանության գծում՝ Վայքի Խնձորուտի հատվածում, առաջին բաց պատերազմական գործողությունը՝ 1989 թ. դեկտեմբերի 8-ին, ամենախոշոր հարձակումը՝ 1990 թ. հունվարի 2-ին, երբ ռուսական ուժերը փակել էին Գորիսի Կոռնիձոր գյուղը: Սա համարում է առաջին լուրջ հարվածը, որով ադրբեջանական կողմին ապացուցել էին, որ Հայաստանում կան չկոտրվող ուժեր:

«Ամենաթանկ» դրվագները

Ծխախոտի կապույտ ծուխը գալարվելով բարձրանում է վերև, հետո տարրալուծվում սենյակում: Ծխի մեջ միախառնվում են պատերազմի դրվագները: Դրանք վերհիշելիս Արամոյի հայացքը կարծես ընկնում է այդ «հեռուների» մեջ: Հիշում է, որ ամենամեծամասշտաբ կռիվները եղել են 92-93 թթ: 92 թիվը համարում է ամենաբեկումնայինը, երբ ազատագրվեց Կիչան-Սրխավենդ հատվածը:

«Ամենահիշարժան դե՞պքը... Գիտեք, եթե մտաբերեմ իմ մարտական անցյալը, մի քանի խոշոր հաղթանակներ ենք տարել, որոնք ապացուցում էին, որ ադրբեջանական ուժերը հաստատ տանուլ են տալիս. Կիչան-Սրխավենդ, Ղարադաղլու, որտեղ բացվեց Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը, որի սրտում նստած էին ադրբեջանական ուժերը և 92 թ. փետրվարի 25-26-ին Խոջալուի դեպքերը: Էդ  դրվագներն ամենաթանկ դրվագներն են իմ կյանքում, որովհետև էդտեղ ոչ միայն հաղթանակեցինք թշնամուն, այլև ինքներս մեզ: Էն մտավախությունը, որ ժամանակին կար, թե մենք թույլ ենք, քիչ ենք, այդ հաղթանակները բերեցին ապացույցներ, որ հզոր ենք, ուժեղ ենք, հայ ենք»,- պատմում է նա:

Գիշերային հարձակման 20-25-րդ րոպեն

1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալուում հարձակումից 20-25-րդ րոպեն ընդհատեց Արամոյի ծրագիրը: Ոտքից վիրավորվել էր, բժիշկներն այնուհետ ասել էին, թե ոտքը պետք է հեռացնեն: Հրաժարվել էր: Նույն թվականի հուլիսի 4-ին Ֆրանսիայում վիրահատել են ոտքը:

Կորստի և ձեռքբերման «խաչմերուկում»

Իր ամենամեծ կորուստը համարում է Հայաստանի ոչ լիարժեք ազատագրված լինելը: Ինքն ազատագրված Արևելյան Հայաստանն էր ուզում տեսնել՝ Կուր-Արաքսի հանգույցով, Նախիջևանի ազատագրմամբ և Ջավախքով: Իսկ դրա համար ինքը շարունակելու է պայքարել: Իսկ ձեռքբերումը համարում է հայ հզոր հոգիները, այն երիտասարդներին, ովքեր պատրաստ են շարունակել իրենց գործը:

Ղարաբաղի հարցի մասին

Արամոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը աբսուրդ է, քանի որ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղը, ինչպես Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը:

«Եթե Ադրբեջանը 5 րոպե վստահության դաշտ ունենա, որ կարող է հաղթել, միանշանակ կհարձակվի, բայց պատերազմական գործողության դեպքում Ադրբեջանը ևս 35-40 տոկոս կորցնելու է: Մենք բավականին հզոր ենք: Պարզ ասեմ. եթե ոչ մի հզոր պետություն չկանգնի, այլ մենք դեմ-դիմաց կանգնենք, Հայաստանը հավասարազոր կարող է թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի հետ միանգամից պատերազմել»,- նշում է ազատամարտիկը՝ միևնույն ժամանակ հիշեցնում, որ թշնամուն թերագնահատել էլ պետք չէ, թեև գիտեն նրանց թե՛ թույլ, թե՛ ուժեղ կետերը:

Հրամանատարի թաց աչքերը

Մի քանի տարբեր հարցերի պատասխաններից հետո ավելացնում է, որ ինքը «հավերժ խփելու է» թուրքերին: «Մահ թուրքերին»: Այսպես էր ավարտում իր պատասխանը, որից հետո նկատելի դադար էր լինում:

Ծխախոտի մնացորդը տրորելով մոխրամանի մեջ՝ հրամանատարի կոպերը հանկարծ թրթռացին: Նայում էի շատ չոր, խիստ հայացքն՝ ասում է, եթե ինքը թեթևակի պատմի ադրբեջանցիների ու թուրքերի արածը, ինքս պատրաստ կլինեմ կռվի դաշտ գնալ: «Տեսե՞լ ես աչքերը հանած, ձեռքերը կտրած, բռանաբարված, մերկ վիճակում 12 տարեկան աղջնակ... Իսկ ես տեսել եմ»,- նրա ձայնը միանգամից խզվում է: Զգուշանում եմ նայել նրա դեմքին: Մի քանի վայրկյան անց հայացքս ընկնում է հրամանատարի թաց աչքերին: «Ես տեսել եմ... Հավերժ խփելու եմ... Ընենց բաներ եմ տեսել: 2 չոբան, որոնք ոչխար արածեցնելուց էին, տարել էին ամեն մեկի ոտքի տակ 40 հատ մեխ էին մեխել, բերեցին-գցեցին... Ժողովուրդ ջան, դուք չեք տեսել էդ բաները… Չունեն ներում: Քանի ապրում եմ, սիրտս բաբախում է, խփելու եմ»,- շարունակում է նա:

«Կոմանդիր, ինչի՞ են մեզ մոռացել»

Երկրի վիճակի մասին խոսելիս՝ կարճ ձևակերպում է՝ անկայուն է: Իր գնահատականը ժողովուրդն է տալիս, բայց ասում է, ցավ է զգում, երբ մարտական ընկերներն են նեղվում՝ հարցնելով իրենից, թե «կոմանդիր, ինչի՞ են մեզ մոռացել»:

Նրա խոսքով՝ այսօր մարդիկ կան, որոնք ասեղի ծակից կռվի դաշտը չեն տեսել, բայց գեներալներ են դարձել: «Էսօր չգնահատել ազատամարտիկին, բա վաղվա կռիվը ո՞նց եք տեսնում դուք… Հա, էլի ինձ նմանները կհավաքվեն, կգան կռվին, բայց կոտրված հոգով կռիվ գնալն ուրիշ է»,- նկատում է, հետո ավելացնում, որ պատերազմ լինելու դեպքում առաջինը կռվի դաշտ են գնալու նույն ազատամարտիկները:

Իսկ իր նմանները երկրից պետք է չգնան, որովհետև պատերազմը մի օր վերսկսվելու է: Սա նրա համոզմունքն է: «Մեկ է՝ կռիվ է լինելու, պատերազմը պտտվում է չորս կողմը»,- ասում է Արամոն:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter