HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրիկ Մալաքյան. «Հայրիկի փոխարեն նրան Անրի անվանելն իմ առաջին դժվարությունն էր»

«Հետքի» հարցերին պատասխանում է կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը


-Պարոն Մալաքյան, դժվա՞ր է լինել Անրի Վերնոյի որդին:

-Դա կախված է այն հասարակությունից, որտեղ ես գտնվում եմ: Գիտեմ, որ հայ համայնքն ինձ ճանաչում է որպես Անրի Վերնոյի որդի, բայց շատ դեպքերում էլ այնքան ընկերական է ընդունում, կարծես ես նրանց ընտանիքի մի մասն եմ, ինչն էլ հրաշալի է:

Ֆիլմարտադրության մեջ դա շատ ավելի դժվար է, քանի որ մարդիկ, անհրաժեշտությունից դրդված, քեզ համեմատում են և տարբերակում: Հեշտ է համեմատելը, նույնիսկ եթե ես ամբողջապես այլ բան եմ անում: Սակայն, դա մարդկային էությունն է այսօր՝ գնալ հեշտ ճանապարհով: Ամեն դեպքում, ես ինձ հրաշալի եմ զգում իմ ներսում և ոչինչ ինձ չի անհանգստացնում: Ես այն եմ, ինչ կամ և կարծում եմ, որ  ունեմ իմ անհատականությունը՝ բացի Անրի Վերնոյի որդին լինելու մեծ պատվից:

-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում «Պարադի փողոց 588» ֆիլմը, որը Ձեր և Ձեր հոր համատեղ աշխատանքն է եղել:

 -Ֆիլմը ստեղծելու ընթացքում ես ավելին  չիմացա իմ սեփական պատմության մասին: Ես գիտեի իմ անցյալը, քանի որ ո՛չ հայրս, ո՛չ էլ տատս ոչինչ երբևէ չէին թաքցրել մեզանից:

-Ինչ տվեց Ձեզ Անրի Վերնոյի հետ աշխատելը

-Դա մի քրտնաջան աշխատանք էր: Ես շատ հպարտ էի, երբ նա ինձ առաջարկեց միասին աշխատել: Մենք ունեինք մի պայմանավորվածություն, որ նա երբևէ չպետք է ինձ օգներ իմ մասնագիտական կարիերայում. սա հենց այն էր, ինչ նա արեց ինձ համար: Նա ինձ առաջարկեց աշխատել իր հետ ոչ միայն նրա համար, որ ես իր որդին էի, այլ կարծում էր, որ ես կարող էի կատարել այդ աշխատանքը: Հետո սկսվեց աշխատանքը: Հայրիկի փոխարեն նրան Անրի անվանելը իմ առաջին դժվարությունն էր: Երկրորդ դժվարությունը եղավ այն, որ ֆիլմը պետք է ամբողջացներ նրա մեջ եղած զգացմունքներն ու պրոֆեսիոնալիզմը: Հայրս հայտնի էր իր վճռականությամբ և պրոֆեսիոնալիզմով: «Պարադի փողոց 588» ֆիլմը մի փոքր տարբերվում էր: Ես կարծում եմ, որ նա չափազանց կապված էր իր պատմությանը` այն անկողմանալ ներկայացնելու  համար: Դժվար էր նաև այդքան մարդկանց հետ համատեղ աշխատելը: Որպես առաջին ռեժիսորի օգնական` իմ աշխատանքն էր պատրաստել ամեն ինչ և մտածել ամեն ինչի մասին: Դա երկար նկարահանում էր, վեց ամիս տևողությամբ, և եթե ինչ-որ սխալ էր լինում, բացասաբար էր ազդում մյուս գործերի վրա: Սակայն մենք որոշել էինք ավարտել ժամանակին. արդյունքն այն է, ինչ դուք այսօր տեսնում եք ֆիլմում: Ընդհանուր առմամբ, դա այն էր, ինչ հայրս ցանկանում էր տեսնել, և դա ամենակարևոր բանն է, երբ դու ինչ-որ արվեստի նմուշ ես ստեղծում: Հանգիստը, զգացողությունները, ուրախությունը, քրտնաջան աշխատանքը և պատրանքները երկրորդական էին: 

- Որքանո՞վ է դժվար արտերկրում հայ մնալը,  հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելը:

 -Լինելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մարսելի նախագահ`մենք շատ բան ենք անում հայկականը պահպանելու և շարունակելու համար: Մեր ուտեստները հայկական են կամ էլ հայկական մթերքներից են պատրաստված: Մենք պարում ենք հայկական երաժշտության տակ, աջակցում ենք հայկական արվեստին և մշակույթին, սովորում ենք հայերեն, հաճախ ճանապարհորդություններ ենք կազմակերպում դեպի Հայաստան: Այնպես որ, չեմ կարծում, որ շատ դժվար է սովորույթները պահպանելը: Եթե իսկապես կա ցանկություն, ամեն ինչ էլ հնարավոր է: 

Հայի բնավորության ո՞ր գծերն եք ժառանգել:

-Ընտանիքի հանդեպ սերը, մեծահոգությունը, ավանդապաշտությունը: 

-Ձեզ հա՞յ, թե՞ ֆրանսիացի եք զգում:

-Ես ֆրանսիացի եմ հայի սրտով:

-Ինչո՞ւ մինչև այժմ հայերենին չեք տիրապետում:

-Այժմ սովորում եմ հայերեն խոսել, որպեսզի ամբողջապես ինտեգրվեմ հայ հասարակությունում: Հայրս չի ցանկացել,որ ես և քույրս հայերեն սովորենք:

-Ի՞նչ նոր ծրագրեր եք պատրաստվում իրականացնել Հայաստանում: 

-Մենք փորձում ենք զարգացնել երեխաների գեղարվեստական հմտությունները հայկական դպրոցներում, որոշ նախագծեր ունենք փոքր գյուղերում գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար:

- Ձեր վերջին այցելության ժամանակ Դուք հանդիպել եք դպրոցականների հետ: Ի՞նչնպատակ ուներ այդ այցելությունը:

- Երեխաները շատ կարևոր են ինձ համար: Ես սիրում եմ նրանց և չեմ կարծում, որ նրանցից շատ մեծ եմ: Ինչ մենք նրանց այսօր սովորեցնում ենք, մեր ապագան է: Կարևոր է նրանց ճանաչելը: Հաճելի էր այցելել Երևանի երկու դպրոցներ: Դա ինձ մեծ էներգիա տվեց և հույս մեր երկրի համար:

-Ձեր վերջին այցելությունից հետո Հայաստանում ի՞նչ փոփոխություններ նկատեցիք:

-Այս ճանապարհորդությունն ինձ համար առանձնահատուկ էր, քանի որ ես որոշել էի մենակ մնալ: Ցանկացա ներկա գտնվել ապիրլի 24-ին: Նախընտրեցի բնակվել տանը, ոչ թե հյուրանոցում: Ցանկանում էի «իրական» մարդկանց հետ զրուցել՝ երեխաների, տարեցների, երիտասարդների: Միշտ կարևոր է երկու կողմերին էլ լսելը: Երկխոսությունը և տեղեկությունը միակ ճիշտ ճանապարհն են վերամիավորելու բոլոր կողմերին էլ: 


Հարցազրույցը` Կիմա Խաչատրյանի

Լուսանկարը` Մալաքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter