HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիպրոսյան ընկերության հայ բաժնետերերը և Իշխան Զաքարյանի կիսատ-պռատ բացահայտումները

Վերահսկիչ պալատն իր վերջին հաշվետվությամբ արձանագրել է կիպրոսյան մի ընկերության փոխանցված դրամաշնորհների ոչ արդյունավետ տնօրինում: Սակայն Իշխան Զաքարյանի «բացահայտումները», ինչպես միշտ, պատշաճ ուշադրության չեն արժանանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Այս դեպքում էլ քրեական գործ չի հարուցվել: Կիպրոսյան ընկերությունն էլ որևէ պարզաբանում չի տվել:

Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերությունը 2012-13թթ. 704 հազար դոլար է ստացել Հայաստանից, որպեսզի իրականացնի հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի  և ձեռնարկի ամբողջական  փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: 

«Four Assist Development Consulting Limited» կազմակերպության հետ 2012թ. հունիսի 13-ին (2013թ. մայիսին պյամանագրում կատարվել է փոփոխություն) ՀՀ ֆինանսների նախարարությունը 704 հազար դոլար արժեքով պայմանագիր է կնքել, որը, բացառությամբ հարկերի, փոխանցվել է կիպրոսյան ընկերության հաշվին: Ե́վ պայմանագիրը ստորագրելիս եւ́ փոփոխությունը կատարելիս ֆինանսների նախարարը Վաչե Գաբրիելյանն էր: Նույն օրը` 2012-ի հունիսի 13-ին, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար կիպրոսյան ընկերությունը 288 հազար դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ:

«Four Assist Development Consulting Limited»-ը՝ միջազգային, օֆշորային և հայկական ընկերություն

«Four Assist Development Consulting Limited» ընկերությունը գրանցվել է Կիպրոսում 2006 թվականին: Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել էինք` տեղյա՞կ են, թե ովքեր են ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը: Այս հարցին նախարարությունը չի պատասխանել:

Համաձայն ընկերությունների գրանցման Կիպրոսի պետական ռեգիստրի՝ «Four Assist Development Consulting Limited»-ի խոշոր բաժնետերը ՀՀ քաղաքացի Գնել Սեդրակյանն է՝ 1550 բաժնեմասով: Նա 2000-ականների սկզբին որպես խորհրդատու աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում: Ներգրավված է եղել նաև Եվրահանձնաժողովի` Հայաստանում իրականացրած մի շարք ծրագրերում:

Նշանակալի բաժնետերերից է նաև Յիաննիս Հաջիյիաննակիսը (Yiannis Hadziyiannakis)՝  1300 բաժնետոմսով: Վերջինս 5 տարի աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում՝ մասնակցելով Եվրահանձնաժողովի ծրագրերից մեկին:

Սեբաստիեն Դյուբոստը (Sebastien Dubost) տնօրինում է 775 բաժետոմս: 2000-2003թթ. եղել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Եվրահանձնաժողովի բազմաթիվ ծրագրերի թիմի ղեկավար: 

ՀՀ քաղաքացի Իրինա Գրիգորյանը, թեկուզ փոքր, բայց նույնպես մասնաբաժին ունի` 250 բաժնետոմս: Պրոֆեսիոնալ հաշվապահ է: Աշխատել է Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ֆինանսների նախարարություններում որպես խորհրդատու: Փորձառություն ունի Եվրահանձնաժողովի զարգացման և աջակցության ծրագրերում: Կան նաև այլ բաժնետերեր:

«Four Assist»-ը, պարզվում է, առաջին անգամ չէ, որ ծրագիր է իրականացնում Հայաստանում: Ֆինանսների նախարարությանը հարցրել էինք, թե ինչ արժեքով և ինչ այլ ծրագրեր է իրականացրել ընկերությունը Հայաստանում: Կրկին պատասխան չենք ստացել: Ինչպես պարզաբանեց նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոֆի Սիմոնյանը, իրենք պատասխանել են միայն «իրենց իրավասության շրջանակում և այլ տեղեկություններ տրամադրել չեն կարող»:

«Four Assist Development Consulting Limited»-ը 2011-2012թթ. Եվրահանձնաժողովի միջոցներով իրականացրել է նաև ՀՀ արդարադատության նախարարության արբիտրաժային համակարգի բարելավման ծրագիրը: Նույն թվականներին ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի դրամաշնորհով իրականացրել է նաև հանրային սեկտորի ներքին աուդիտի հզորացման ծրագիր: Այս մասին ՀՀ ֆինանսների նախարարությունը չիմանալ չէր կարող և միանշանակ «իրավասությունների շրջանակից» դուրս չէր:

704 հազար դոլար արժեքով Հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ:

ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի՝ Հայաստանին տրամադրած դրամաշնորհային միջոցները, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օրինականությունն ու արդյունավետությունը: ՎՊ-ն հայտարարել է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով  իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն:

«Բնական հարց է առաջանում` եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար դոլարով, ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից 704 հազար դոլար արժեքով»,- հարցնում է ՎՊ-ն իր հաշվետվության մեջ:  

Բացի դրանից, ՎՊ-ն հայտնաբերել է, որ պայմանագրով նախատեսված հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի, պիլոտավորվող կազմակերպություններում ավտոմատացված հաշվապահական համակարգի փորձնական ներդրման ու այդ կազմակերպություններում կարողությունների զարգացման աշխատանքները պիլոտավորվող չորս կազմակերպություններից և ոչ մեկում չեն կատարվել: Դրանք չեն վերազինվել, նախատեսված վերապատրաստում անցել է չորս  կազմակերպություններից երեքի մեկական մասնագետ, իսկ չորրորդում վերապատրաստում չի անցել ոչ ոք: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի և փորձարկման շրջանակներում ներգրավված մարմինների մոտ 50 հաշվապահների վերապատրաստման փոխարեն վերապատրաստվել է 31 մասնակից:

ՀՀ ֆինանսների նախարարությունը, մեր գրությանն ի պատասխան, հայտնել է, որ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է 469 հազար դոլար, շուրջ 235 հազար դոլար էլ պետական բյուջե հարկ է վճարվել: 

««Four Assist Development Consulting Limited» ընկերության և ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ընկերությունների միջեւ կնքված ենթակապալի պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարությունը չի տեսել, առավել ևս պարտավոր չէր տեսնել և գնահատել ենթակապալառու կազմակերպությանը, ՀՀ ֆինանսների նախարարությունը գնահատել և հաղթող է ճանաչել «Four Assist Development Consulting Limited» ընկերությանը: Նշվածով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը «Four Assist Development Consulting Limited» և «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ընկերությունների միջև կնքված ենթակապալի պայմանագրում նշված ենթակապալին հատկացվող գումարի չափի վերաբերյալ տեղեկատվություն չունի»,- «Հետքին» պատասխանել է ֆինանսների նախարարությունը:

«Մենք մրցույթին մասնակցել ենք որպես ենթակապալ, այսինքն՝ մրցույթին մասնակցելիս արդեն հայտնի էր, որ մենք «Four Assist Development Consulting Limited»-ի հետ ենք: Գրված է, որ նույն օրը պայմանագիր ենք կնքել, բայց մենք արդեն 2 ամիս առաջ էինք իրար հետ դիմել»,- ասում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը:

«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն գործում է 2005 թվականի վերջից: Ընկերությունը հիմնադրել և առանցքային պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատի նախկին աշխատակիցներ: Ընդհանուր 469 հազար դոլարից 240 հազարը ստացել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ընկերությունը՝ ըստ տնօրենի, մնացյալը՝ 229 հազարը՝  «Four Assist Development Consulting Limited»-ն է տնօրինել:

«Վերահսկիչի հրապարակումը երբ կարդացինք, ասինք՝ մեզ մի քիչ շատ են գովել, մենք այդքան բան չենք արել,- կատակում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ընկերության հաշվապահական ծառայությունների ղեկավար Վիգեն Եղոյանը,- գուցե ծավալային առումով մենք ավելի շատ ենք արել, բայց մի շատ կարևոր բան կա. մեր մեկ ժամվա արժեքը 1 դրամ է, իսկ միջազգային էքսպերտը բազմապատիկ թանկ արժե, որակական առումով նրանց փորձն անփոխարինելի է»:

Հովհաննես Պետրոսյանը նշում է, որ աշխատանքներն իրենք են մշակել, երկրների փորձը «Four Assist Development Consulting Limited»-ն է ուսումնասիրել, իսկ խնդիրների առաջացման դեպքում կիպրոսյան ընկերության հետ խորհրդակցել են և լուծումները հիմնականում «Four Assist Development Consulting Limited»-ն է տվել: Պատրաստված նյութերի փորձաքննությունն իրականացրել է «Four Assist Development Consulting Limited»-ը և ընկերության փորձագետները:

Հովհաննես Պետրոսյանը նաև խոստովանում է, որ նախ՝ իրենց փորձն այդ բնագավառում քիչ է, ինչը էականորեն կթուլացներ մրցույթը շահելու իրենց հնարավորությունը: Երկրորդ՝ մրցույթը միջազգային էր, և հայաստանյան որևէ ընկերություն ուղղակիորեն չէր մասնակցել դրան: «Հայաստանում եթե ուսումնասիրեք, չեք տեսնի որևէ խոշոր ծրագիր, որն ուղղակիորեն տեղական խորհրդատվական ընկերություն է շահել»,- ասում է Հ. Պետրոսյանը: Նա նշեց, որ որպես ենթակապալառու կազմակերպություն իրենք այս պահին ծրագիր են իրականացնում Վերահսկիչ պալատի համար:

Թե ինչպես է «Four Assist Development Consulting Limited»-ը տնօրինել իր բաժին 229 հազար դոլարը, հայտնի չէ: Ֆինանսների նախարարությունը չի պատասխանել նաև մեր այս հարցին: Իսկ ՀՀ վերահսկիչ պալատը, նույն հարցի վերաբերյալ մեր գրությանն ի պատասխան, հայտնել է. «Ձեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ վերջնական եզրակացություններ ձևավորելու և օբյեկտիվ իրավիճակը ներկայացնելու, ինչպես նաև ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն հավաքագրելու համար՝ մատակարար կազմակերպությունների մոտ, համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների, պետք է իրականացվի հանդիպակաց ստուգում: Իսկ քանի որ «Four Assist Development Consulting Limited»-ը հանդիսանում է ոչ ռեզիդենտ կազմակերպություն և գտնվում է ՀՀ տարածքից դուրս, ապա ՀՀ վերահսկիչ պալատն օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիպակաց ստուգում չի կարող իրականացնել»:

«Four Assist Development Consulting Limited»-ի բաժնետեր Իրինա Գրիգորյանն ասում է, որ «Four Assist»-ը գրություն է ուղարկել ՀՀ վերահսկիչ պալատին և խնդրել հաշվետվության մեջ փոփոխութուններ մտցնել: Իրինա Գրիգորյանից փորձեցինք ստանալ նաև մի շարք հարցերի պատասխաններ: Էլեկտրոնային նամակով նա հայտնեց, որ այս օրերին Մոլդովայում է, սակայն պատրաստ է գրավոր պատասխանել մեր հարցերին: Պատասխանները ստանալուն պես դրանք նույնպես կհրապարակենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter