HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փինք Ֆլոյդ. Պատ՝ աշխարհի մեջ, բայց աշխարհից դուրս

Նաիրա Հայրապետյան

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ համերգի ընթացքում խմբի երգահան և բաս կիթառահար Ռոջեր Ուոթերսը թքեց երկրպագուի դեմքին: Իսկ երբ հասկացավ՝ ինչ է տեղի ունեցել, խորը հիասթափության մեջ ընկավ: Համերգային հսկա նախագիծը, որը միտված էր աջակցելու 1977թ. թողարկված «Animals» ալբոմին, հյուծել, գրեթե սպառել էր երաժիշտներին: Եվ ահա Մոնրեալում տեղի ունեցող համերգի ընթացքում այս ամենին գումարվեց մի նոր խնդիր. առաջին շարքերում հավաքված մի խումբ մարդիկ՝ ձայնային և տեսողական էֆեկտներից հավասարակշռությունը կորցրած, ողջ համերգի ընթացքում գոռում էին, աղմկում՝ պահանջելով նվագել այն, ինչ իրենք են ուզում: Երաժիշտները ճնշված էին: «Ռոջե՛ր, նվագի՛ր “Careful With That Axe”-ը»:  Դեռահասի ձայնը ծակեց ու խլացրեց նույնիսկ աղմուկը, և Ռոջերի նյարդերն այլևս չդիմացան: Համերգից հետո նա  որոշեց հետագայում, խուսափելու համար նման միջադեպերից, ինչ-որ մեթոդ ստեղծել, որը կսահմանափակեր երաժշտի և հանդիսատեսի միջև ուղղակի շփումը: Եվ ծնվեց պատի գաղափարը, իսկ արդյունքում այն վերածվեց հակաբռնապետական ենթատեքստերով ալբոմի, ապա՝ կենդանի համերգային հսկա շոուների, որոնց ժամանակ սիմվոլիկ պատ էր կառուցվում հանդիսատեսի և խմբի միջև:

1979թ. նոյեմբերի 30-ին վաճառքում հայտնվեց «Pink Floyd»-ի` դասական կազմով ձայնագրած վերջին ալբոմը` «The Wall» –ը։ Այն դարձավ խմբի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը՝ գերազանցելով «The Dark Side Of The Moon»-ին: 35 տարի առաջ ծնված այս ռոք-օպերան երաժշտության այն արժեքներից մեկն է, որի վրա ժամանակի և տարածության օրենքները չեն գործում:  «The Wall» –ը կրկնակի ձայնասկավառակ էր, հոգեբանական պատում` խեղված մանկության,  ուստի և խեղված ճակատագրեր ունեցող մարդկանց մասին, ովքեր ապրում են շրջապատից օտարացած, հասարակությունից մեկուսացած, որովհետև իրենց ներսում կրում են պատերազմի, մենության, միջավայրի բացասական ու խորը հետևանքները: 

Անհասկանալի բռնապետական կրթական համակարգ, որտեղ անհատականությունը ոչնչանում է կամ կծկվում, կյանքի չստացված հարաբերություններ՝ ամուսնական դավաճանությամբ, փախուստ-փրկություն՝ թմրադեղերի միջով,  բռնությունների դեմ և բռնությունների մեջ եղած պոռթկումներով, ներքին բարդույթների դեմ արտաքին աշխարհի անտարբերությամբ: Եվ այս ամենը այդ մարդկանց ներսում կառուցում էր մի հսկա պատ, իսկ հոգեբանական տրավմա-խեղումներից ամեն մեկը մի աղյուս էր` ավելացված ՊԱՏԻՆ:   

Երգերի հեղինակը, բացառությամբ մի քանիսի, Ռոջեր Ուոթերսն է: Նախորդ ձայնասկավառակի՝ «The Dark Side Of The Moon»-ի օրինակին հետևելով՝ այստեղ ևս Ուոթերսը օգտագործեց ամբողջականության սկզբունքը, երբ թեմաները փոխկապակցված են և երգերը հաջորդում էին միմյանց առանց դադարի: Ալբոմի երգերը հիմնականում ստեղծվել են գլխավոր հերոսի՝ Pink-ի կյանքի իրադարձությունների հիման վրա. հերոս, որն իրականում խորհրդանշում էր Ուոթերսին, ում հայրը զոհվել էր Երկրորդ համաշխարհային տարիներին: Ոմանք այս կերպարում տեսնում են նաև խմբի հիմնադիր Սիդ Բարեթին: Այս անունը մշտապես ներկա է եղել «Pink Floyd»-ի ողջ գործունեության ընթացքում, նույնիսկ խմբից հեռանալուց հետո 1968թ.: Անշուշտ, Ուոթերսը «Պատը» ստեղծելիս չէր կարող չներշնչվել նրանով: Փսիխոդելիկ էությամբ Բարեթի պոեզիան, երաժշտության հանդեպ խենթ ու անկանխատեսելի մոտեցումը՝ անդրաշխարհային ձայնային էֆեկտներով, հիմք դրեցին խմբի ոճական ինքնուրույնությանը: Մարդ, ով ոչ միայն խմբի հիմնադիրն էր և ուղեղը, այլև ճակատագրական- հավաքական խորհրդանիշը ռոքնռոլի դարաշրջանի: 

1967թ.-ին տեղի ունեցավ «Փինք Ֆլոյդի» առաջին բրիտանական համերգային շրջագայությունը, որն աղմկոտ հաջողություն ունեցավ։ Սակայն այն խմբի կյանքում դրոշմեց նաև բացասական երանգ՝ երբեմն Բարեթը բեմի վրա դադարում էր նվագել, ու հայացքը հառած դահլիճին՝ կարծես ընկղմվում նրա մեջ։ Ուժեղ թմրադեղերն իրենց քայքայիչ ազդեցությունն էին թողնում նրա գիտակցության վրա։ «The Wall»-ում ներառված երգերից մի քանիսը անդրադառնում են Սիդին, օրինակ՝ «Nobody Home»-ը, որն ակնարկում էր երաժշտի հոգեկան վիճակը ձախողված համերգներից մեկի ընթացքում ("…wild, staring eyes", "the obligatory Hendrix perm" կամ "elastic bands keeping my shoes on"):  Ի վերջո նա թողեց բեմը ու փակվեց իր սեփական «խելագար» աշխարհի ետևում:

Մյուս կողմից Ռոջերի խաթարված ու գիշերօթիկ դպրոցում գոյատևող մանկությունը: Բացի այդ, ինքը` Ռոջերը նշել է, որ ֆիլմի այն հատվածը, որտեղ հերոսը «One of My Turns», երգի ժամանակ ջարդուփշուր է անում սենյակի կահույքն ու իրերը, ներշնչված է եղել «The Who» խմբի թմբկահար Կիտ Մունի դեբոշային իրավիճակներից:

1980թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարքերին նկարահանել ֆիլմ՝ «The Wall» ձայնասկավառակի երգերի և իր՝ Ուոթերսի գրած սցենարով։ Այս աշխատանքն իսկական պատուհաս դարձավ մյուս երաժիշտների և ֆիլմի ստեղծագործական խմբի համար, քանի որ  ուղեկցվում էր Փարքերի ու Ուոթերսի մշտական անհամաձայնություններով ու կոնֆլիկտներով: 

Սակայն փորձառու ռեժիսորի համառությունն ու կամքը հաղթեցին, և 1982թ.-ին «The Wall»-ի հիման վրա նկարահանվեց լիամետրաժ ֆիլմ, որտեղ գլխավոր դերում հանդես եկավ ռոք երաժիշտ Բոբ Գելդոֆը՝ «Boomtown Rats» խմբի հիմնադիրը և «Live Aid», «Live 8»  երաժշտական փառատոների կազմակերպիչը:  Ի դեպ, մինչ ֆիլմում հանդես գալը, Գելդոֆը խոստովանում էր, որ ատում է ֆլոյդականներին և նրանց երաժշտությունը, բայց այս կարծիքը գլխիվայր շրջվեց ալբոմի երաժշտության մեջ մտնելուց հետո: Ավելին, հետագայում նրա հեղինակած բարեգործական համերգային ծրագրերի շնորհիվ հարթվեցին նաև խմբի երաժիշտների միջև առկա այն սուր բախումները, որոնց հետևանքով ի վերջո Փինք Ֆլոյդը լուծարվեց: Ալան Փարքերի ֆիլմը պայթյունի նման հայտնվեց. այն որոշակիորեն  կրում էր պրովակացիոն բնույթ, քանի որ բողոք էր անգլիական հասարակարգում ընդունված նորմերի և ավանդույթների դեմ: Ե՛վ գաղափարական, և՛ կառուցվածքային առումով այն նորություն էր` հիմնված դիալոգներից զուրկ  պատմության վրա, որի լեզուն երաժշտությունն էր` այլաբանության պատկեր-խորհրդանիշներով: 

«The Wall»-ը 23 անգամ դարձել է պլատինե։ ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ ամենավաճառված ձայնասկավառակն է: Այն բեստսելլերների ցուցակում մնաց 14 տարի անընդմեջ:

Սիդ Բարեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցնել Ռոջեր Ուոթերսը.այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս։ «The Wall» ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter