HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիս Մայիլյան. «Շատը պահելու համար Ադրբեջանը պետք է սովորի հրաժարվել փոքրից»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

- Վերջին շրջանում ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցի մասին դիրքորոշումը բաց տեքստով հայտնում է իր դիվանագետների միջոցով: Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, այնուհետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն իրենց ելույթներում խոսեցին Ղարաբաղի հարցի կարգավորման մասին: Մորնինգսթարը Ղարաբաղի 7 շրջանների ազատագրումը համարել էր անվերապահ պայման, ապա ասել էր, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է բանակցություններում: Ինչո՞վ է պայմանավորված այս քաղաքականությունը:

-Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները շարունակում են առաջնորդվել այն որոշումներով եւ սկզբունքներով, որոնք ընդունվել են 1991 թ. վերջին ուժային կենտրոնների կողմից` նախկին ԽՍՀՄ տարածքի նոր պետությունների վերաբերյալ: Այն ժամանակ քաղաքական որոշում ընդունվեց ճանաչել իբրեւ նոր պետություններ այն հանրապետությունները, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակ միութենական հանրապետության կարգավիճակ ունեին, չնայած այդ մոտեցման ընդունման պահին մի քանի նախկին ինքնավար կազմավորումներ միանգամայն լեգիտիմ կերպով ստեղծել էին իրենց պետությունները: Նոր պետություների ընտրովի միջազգային ճանաչումը հակամարտությունների զարգացման պատճառներից մեկը դարձավ, ինչը վերաճեց պատերազմի:  

Ժամանակն է հրաժարվել իրականությունը նախկինում ընդունված եւ վաղուց հնացած սկզբունքների տակ անցկացնելու գաղափարից: Նախկին մետրոպոլիաների կամքին հակառակ` ինքնավարությունների (Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա) անկախության ճանաչումից հետո միջազգային իրավունքում եւ հարաբերություններում միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել: Միջնորդները, կողմերի իշխանությունները եւ փորձագետները պետք է արցախյան կարգավորման նոր մոտեցումներ մշակեն, որոնք կմոտեցնեն խաղաղությունը, այլ ոչ թե պատերազմը: 

Բանակցային գործընթացում փակուղային իրավիճակի առաջացման մեջ մեղավոր են ոչ միայն միջազգային միջնորդները, այլեւ կողմերի իշխանությունները: Մայիսի 7-ին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Կարնեգի» հիմնադրանում հայտարարեց, որ «Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»: Դեսպան Ուորլիքը հասկացրեց, որ այդ մոտեցումները չեն վերանայվելու, քանի դեռ հակամարտող կողմերը չեն հրաժարվել դրանցից: Դատելով հակամարտության կարգավորման` նախկինում հրապարակված սկզբունքների եւ Ուորլիքի ելույթի հասարակական արձագանքից` «մադրիդյան փաստաթղթի» եւ հատկապես դրա տարրերի հանդեպ վերաբերմունքը ծայրահեղ բացասական է: Կարծում եմ` միջնորդները հասարակություններից համապատասխան ազդակներ են ստացել, սակայն նրանց դեռեւս պետք է իշխանությունների հրաժարվելը: 

Նշանակալի հետաքրքրություն է առաջացնում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի վերջերս արած հայտարարությունը: Դեսպանը «Ազատություն» ռադիկոյանին տված հարցազրույցում ուղիղ ասաց, որ Ղրիմում Ռուսաստանի արածից հետո ԼՂ հակամարտության կարգավորումն էլ ավելի արդիական է դարձել: Նա դա կապեց այն բանի հետ, որ անկայնության գոտու առկայությունը սպառնում է Ադրբեջանի անկախությանը: Դեսպանը փաստորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի անկախության միակ երաշխավորն է:

Այսպիսով` ԼՂ հակամարտությունը «մադրիդյան փաստաթղթի» հիման վրա շուտափույթ լուծելու ձգտումը այլ բան չէ, քան Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հաշվին Ադրբեջանի սուվերենության եւ անկախության ապահովումը: Ստեղծված հանգամանքներում տրամաբանական ու ռացիոնալ կլիներ, եթե միջնորդ երկրները Ադրբեջանին կոչ անեին դրսեւորել ճկունություն եւ ճանաչել ԼՂՀ քաղաքացիների խաղաղության եւ ազատ զարգանալու իրավունքը: Շատը պահելու համար Ադրբեջանը պետք է սովորի հրաժարվել փոքրից: Այլապես Բաքվի իշխանությունների քաղաքական ամբիցիաներն ու Ղարաբաղի հանդեպ անհիմն նկրտումները կարող են հանգեցնել Ադրբեջանի հետագա մասնատմանը: 

-Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու մասին ասել է, թե այն լինելու է ՄԱԿ-ի սահմաններով ճանաչված, այսինքն՝ առանց ԼՂՀ-ի: Հայաստանը կընդունի՞ այս պայմանով անդամակցությունը:

Աստանայում Ղազախստանի նախագահի միջոցով հայտարարվեց ինչ-որ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին: Մինչդեռ իրականում հակամարտող երկրների՝ ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում միջազգայնորեն ճանաչված սահմաններին ցանկացած հղում հիմնազուրկ է:

Միջազգային իրավունքում պետության ճանաչումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից, ինքնաբերաբար չի նշանակում իր իսկ կողմից որպես սեփական հռչակված սահմանների ճանաչում: Համաշխարհային փորձը վկայում է, որ հարեւան երկրների միջեւ տարածքային սահմանազատումների հարցը կարող է լուծվել նույն այդ պետությունների կողմից, կամ էլ այդ պետությունները կարող են սահմանների որոշման լիազորությունը պատվիրակել չեզոք միջնորդի: Միջնորդի դերում կարող է հանդես գալ առանձին անհատ, երկիր, երկրների խումբ կամ հատուկ միջազգային համաժողով:

Մեր տարածաշրջանում երկրներն իրենք են նմանատիպ հարցերը որոշում․Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության միջեւ սահմանների ճշգրտման գործընթաց չի սկսվել այն պատճառով, որ այդ երկրների միջեւ չկան ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ սահմանազատման միջկառավարական հանձնաժողովներ:

Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվում են միասնական ֆինանսատնտեսական տարածքում եւ անվստագության ընդհանուր միջավայրում: ՀՀ իշխանությունները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի նոր տնտեսական միավորմանը Հայաստանի անդամակցությունը չխաթարի առկա ստատուս-քվոն: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում պետք է գտնվեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի այնպիսի ձեւակերպումներ, որոնք փաստացի կապահովեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միասնական տնտեսական տարածքը, ինչպես նաեւ կբացառեն մաքսակետերի հայտնվելը երկու հայկական պետությունների սահմաններին:

ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարները Հայաստանի իշխանություններից պակաս հետաքրքրված չեն նոր միավորմանը Հայաստանի անդամակցությամբ, ուստի եւ չպետք է Հայաստանին բարդ ընտրության առջեւ կանգնեցնեն: Ընդհակառակը, նրանք պետք է համատեղ այնպիսի լուծում փնտրեն, որը չի հակասի հայկական շահերին:

-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԵՏՄ Հայաստանը մտնելու է առանց Ղարաբաղի: Այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստան-ԼՂՀ տնտեսական սահմանը` ըստ Ձեզ:

-Քանի դեռ ԼՂՀ-ն  ճանաչված չէ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից, ԵՏՄ-ի մեջ Արցախի պաշտոնական ընդունման հարցն այդ կառույցի կողմից քննվել չի կարող։ Ցավոք, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության կողմից որպես անկախ պետություն դեռեւս ճանաչված չէ․ այն չի հանդիսանում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական միավոր։ Երկու հայկական հանրապետությունների միջեւ նույնիսկ կնքված չէ ռազմավարական միության պայմանագիր: Հետեւաբար, առայժմ անհրաժեշտ է լուծել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ դե-ֆակտո միության պահպանման խնդիրը՝ ներառյալ տնտեսական բաղադրիչը, որը պետք է բացառի Արցախի ու Հայաստանի միջեւ որեւէ բաժանարար գծի սահմանումը:

-Արտաքին հարաբերությունների տիրույթում, կարծես, փոխվել է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, որտեղ մեզ հետ խոսում են ավելի կոշտ դիրքերից: Արդյոք դրա պատճառը անցյալ տարի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի անկանխատեսելի հայտարարությունն էր Մաքսային միությանն անդամակցելու մասին:

-Ինչպես հայտնի է, արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Մաքսային միություն մտնելու հայտը եւ Երեւանի մյուս քայլերը թելադրված են այն իրավիճակով, որում հայտնվել է Հայաստանը: «Սեպտեմբերի 3»-ը ընդամենը հետեւանք է, այլ ոչ թե պատճառ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter