HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ալժիրից սովորելու շատ բան ունենք

Հայաստանի հավաքականի վերջին պարտությունը (1-3, գոլերը՝ Բելկալեմ՝ 14, Ղիլաս՝ 22, Սլիմանի՝ 42, Սարկիսով՝ 47) Ալժիրի հավաքականից իսկական դաս պետք է լինի մեր թիմի համար: ԱՄԷ-ի հետ խաղում բոլորս տեսանք, որ Շալանդի ընտրանին պաշտպանությունում թույլ է գործում նույնիսկ իրենից կարգով ավելի ցածր հավաքականի հետ խաղում, ինչը մտավախություն առաջացրեց, որ էլ ավելի դժվար է լինելու ալժիրցիների դեմ: ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում բոսնիացի Վահիդ Հալիլհոջիչի սաները 25-րդն են եւ 8 կետով գերազանցում են մերոնց, բայց խաղը ցույց տվեց իրական ավելի մեծ առավելությունը:

Առաջին եւ երրորդ գոլերը, ինչպես ԱՄԷ-ի հետ խաղում, մերոնք բաց թողեցին օդային փոխանցումներից հետո: Ասել է թե՝ երկրորդ հարկում շարունակում ենք բացահայտ զիջել մրցակիցներին: Բնականաբար, այս հարցում առաջինը քննադատության թիրախ են դառնում պաշտպանները, բայց ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ հիմնված է թիմային խաղի վրա՝ թիմային պաշտպանություն, թիմային գրոհ… Եվ այսօր Հայաստանի հավաքականում խնդիր է հենց թիմային պաշտպանությունը, որը պետք է սկսվի կիսապաշտպանությունից, իսկ ստանդարտների խաղարկումների ժամանակ պետք է օգնության գան նաեւ հարձակվողները:

Տպավորություն է, որ մեր ֆուտբոլիստները պաշտպանական գործողություններում իրար չեն հասկանում. խոսքը նաեւ կոլեկտիվ պաշտպանության մասին է: Երրորդ գոլը դրա վառ ապացույցն է. Ալեքսն ու Հայրապետյանը նայում էին, թե ինչպես է մրցակիցը գեղեցիկ ցատկով գլխով հարվածում դարպասին, իսկ հետո նրա խաղընկերը դարպասաձողից հետ մղված գնդակը ուղարկում է դարպասը: Ի՞նչ կարող է անել Բերեզովսկին նման պարագայում:   

Ալժիրցիները մերոնց հատկապես առաջին կեսում գերազանցում էին արագությամբ, դիրքի ճիշտ ընտրությամբ, երբեմն էլ տեխնիկական գործողություններով: Արագության հաշվին աֆրիկացիներն ավելի շուտ էին հասնում գնդակին, ճիշտ դիրք ընտրելով, ավելի շուտ էին որսում օդից եկած գնդակները, ազատ տարածություններ դուրս գալով, փոխանցումներ էին ստանում խաղընկերներից ու շուտով հայտնվում մեր դարպասի մատույցներում: Դաշտի կենտրոնը նրանք բավականին հեշտ էին անցնում, ինչին հաջորդում էին եզրերից դեպի կենտրոն անցման փորձը կամ փոխանցումը:

Օժտված լինելով ֆիզիկական լավ տվյալներով՝ աֆրիկացիները ամեն կերպ օգտագործում էին դրանք՝ դիմելով կոշտ, երբեմն էլ կոպիտ հնարքների: Սովորաբար կոշտ պայքարն ու գործողությունները թույլ մրցակցին ստիպում են ընկրկել, վախենալ վնասվածք ստանալուց: Մեր ֆուտբոլիստները ալժիրցիների այս քայլին պատասխանեցին նույն կերպ, ինչը տրամաբանական էր եւ շատ լավ, որովհետեւ նման թիմերի դեմ անհրաժեշտ է ցույց տալ, որ չես վախենում ֆիզիկական ընդհարումներից: Բալկանցի Հալիլհոջիչի սաները խաղում էին ոչ միայն ուժային ֆուտբոլ, ինչը անդուր է տեխնիկապես հագեցած եւ արագ ֆուտբոլ գերադասող մեր թիմի համար, այլեւ բավականին գրագետ անցումներ էր ձեռնարկում բարձր տեխնիկա ունեցող ֆուտբոլիստների հաշվին, որոնք նաեւ արագ էին:

Նման մրցակիցների դեմ պայքարի միակ միջոցը նրանից ավելի արագ, ճկուն, հնարամիտ լինելն է, ինչը դեռ պակասում է Հայաստանի հավաքականին: Նորեկները հին կոլեկտիվի հետ փոխկապակցված գործելու, իրար կես շարժումից հասկանալու խնդիր ունեն առայժմ, գումարած դրան՝ գրեթե խրոնիկական դարձած, կարելի է ասել, աքիլեսյան գարշապարի վերածված պաշտպանական խնդիրները:        

Շալանդը հատկապես պաշտպանության օղակի հարցում դեռեւս փնտրտուքների մեջ է, սակայն փորձարկումները շարունակվում են նաեւ միջին ու առջեւի գծերում: Եթե, մասնավորապես, գրոհային խումբը (Մովսիսյան, Մխիթարյան, Արաս, Ղազարյան) եւ հենակետային կիսապաշտպանությունը (Մկրտչյան, Եդիգարյան) կայուն կազմ ունեն, ապա այստեղ գլխավորը արժանի փոխարինողներ գտնելն է, ինչպիսիք են կամ կարող են դառնալ, օրինակ, Սարկիսովը, Հովսեփյանը: Պաշտպանության եզրերում ունենալով Հայրապետյան եւ Հովհաննիսյան, պետք է գտնել կամ պատրաստել եւս երկու-երեք նման խաղացողի, չնայած չենք ասում, թե առաջին երկուսը պետք է ապահով լինեն հիմնական կազմում տեղի համար: Ներկա հավաքին մեծ թվով պաշտպաններ են հրավիրվել, բայց թե ինչ կունենանք վերջում՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի նախաշեմին, դեռեւս անորոշ է: Իսկ ամենակարեւորն այն է, որ որքան էլ ուժեղ լինի կենտրոնական կամ ընդհանուր պաշտպանությունը, դրական արդյունք չենք ունենա, եթե ամբողջ թիմը՝ հարձակվողից մինչեւ վերջին պաշտպանը, գնդակի համար պայքարում կռիվ չտա մրցակցի հետ՝ լինելով շարունակական շարժի մեջ եւ ոչ թե սպասելով, որ գրոհը խաղընկերները հետ կմղեն, իրեն փոխանցում կկատարեն, ինքն էլ հարձակման կանցնի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter