HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ղզլդար» տարածքն ընդամենը սար է, որտեղից գյուղացիները ավազի փոշի են տանում»,- համայնքապետ

«Ընդերքի ապօրինի շահագործում» ձեւակերպմամբ հարցադրումը Շիրակի մարզի Քարաբերդ համայնքի ղեկավար Մհեր Բուլոյանին մատնեց շփոթության: Մարալիկ քաղաքից Քարաբերդ գյուղի տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղակայված «Ղզլդար» կոչվող տարածքից ավազահանման ապօրինի գործողությունների վերաբերյալ համայնքապետը որեւէ տեղեկություն չուներ: Գյուղի վարչական տարածքում ավազահանք կամ քարհանք գոյություն չունի, նշեց Բուլոյանը: «Ձեր նշած «Ղզլդարն» էլ սար է, որտեղից գյուղացիները պետք եղած ժամանակ ավազ են տանում, որն անգամ որակյալ չես համարի»,- հեռախոսազրույցի ժամանակ փոխանցեց համայնքապետը:

Հատուկ քննչական ծառայությունը մայիսի  30-ին տեղեկություն էր տարածել, որ
Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Անիի բաժնի հետաքննության մարմնի աշխատակիցները, ստանալով «Ղզլդար» կոչվող տարածքում ընդերքի ապօրինի շահագործման վերաբերյալ տեղեկություններ, իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ենթադրաբար կատարված հանցագործության նյութական հետքեր:

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 2013թ. հոկտեմբերին առանց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վերահսկողության պետական տեսչության համաձայնության և համապատասխան պայմանագրի` «Ղզլդար» կոչվող տարածքում ընդերքն ապօրինի շահագործվում է:

ՀՀ ոստիկանության Անիի բաժնի հետաքննության մարմնի աշխատակիցները ստուգման նյութերում քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության պայմաններում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանցագործության դեպքը հաշվառումից թաքցնելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մարալիկ քաղաքի ղեկավար Արտակ Գեւորգյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ «Ղզլդարի» կոչվող տարածքի մի մասը գտնվում է իրենց համայնքի վարչական տարածքում, սակայն այն իրենից լուրջ հանքավայր չի ներկայացնում, որ ինչ որ մեկն էլ ապօրինի կամ օրինական շահագործի:

«Ցանկացած մեկի համար այդ տարածքը ազատ է օգտագործման նպատակով,- նշեց Արտակ Գեւորգյանը,- եթե արգելք լիներ օգտագործման տեսանկյունից, ապա առաջին հերթին բնապահպանական կառույցները որեւէ գործունեություն կծավալեին, կամ եթե իրենից արժեք ներկայացներ, ապա հիմա վաղուց ինչ որ մեկի սեփականությունը կլիներ, բայց ոչ էն կա, ոչ էն: Ես ենթադրում եմ, որ «Ղզլդար» կոչվող տարածքը հետաքրքրություն չի առաջացրել միայն հենց հանքանյութի ցածր որակի պատճառով»,- ասում է Գեւորգյանը:

Արտակ Գեւորգյանի փոխանցմամբ՝ տարածքից օգտվում են նաեւ հարակից գյուղերի բնակիչները: Քարաբերդի համայնքապետ Մհեր Բուլոյանը եւս հաստատեց այս փաստը՝ նշելով, որ հիմնականում տարածքից տարվող ավազը փռում են հողածածկ գյուղամիջյան ճանապարհներին: «Էդ ավազի առավելությունն էն է, որ ջուրն արագ է գոլորշիանում ու հողե ճանապարհը չի թողնում, որ ցեխի վերածվի»,- ասաց Բուլոյանը:

«Նշված ավազը ժամանակին ուզեցին Մարալիկում ընթացող պետական շինարարության մեջ օգտագործեին, խառնեին բետոնի հետ, այդ նպատակով փորձաքննություն արեցին եւ ստացվեց բացասական արդյունք: Շինարարության մեջ չթույլատրվեց այդ ավազն օգտագործել»,- ասաց Արտակ Գեւորգյանը: Երկու համայնքապետերն էլ տարածքը որեւէ կազմակերպության շահագործելու նպատակով թույլտվություն չեն տվել:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter