HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղնիկների» Թոկի Կամոն

Սեփական տան բակում ստվերոտ տեղ ենք փնտրում: Պատուհանների տակ գտնվող նստարանին արևը դեռ չէր ընկել: Արցախյան պատերազմի մասնակից Կամո Հարությունյանը սկզբում նկատելի զգուշավորությամբ է խոսում: Պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնային գծում: Ընկերներից մեկն ասում է, որ հումորը չէր կորցրել նույնիսկ կռվի դաշտում: Ասում է՝ կռիվ էր, գնացել կռվել են, իսկ գլուխ գովել չի սիրում: Սա ասելուց հետո լռում է, հայացքը դառնում է անորոշ կետերի ամբողջություն:

Կիրովաբադի «ավտոշկոլան» ու կարաչինարցի տղան

Շահումյանի Կարաչինար գյուղից է: 1988թ., երբ դեռ Կիրովաբադի ավտոդպրոցում էր սովորում (16 տարեկան էր), ադրբեջանցիների և հայերի միջև հարաբերություններն արդեն լարված էին՝ իրար ֆերմաներ էին վառում, գերիներ էին վերցնում-փոխանակում:

1988թ. նոյեմբերի վերջին գյուղ գնալը դժվարացավ. ավտոբուս չէր գնում, ստիպված նստել էր ադրբեջանական մեկ այլ քաղաք տանող ավտոբուս: Ավտոբուսում էլ խոսում էին, թե շուտով Նովրուզ Բայրամն է լինելու, և հայերին տեսեք` ինչ են անելու, որ Անդրանիկի մի ականջի փոխարեն պիտի 2 ականջները կտրեին: Ասում է՝ տեսել է, թե ինչպես են Կիրովաբադի հրապարակում Անդրանիկի նկարը վառել, հայկական եկեղեցու խաչը ջարդել: Քաղաքամերձ մի վայրում իջնելով՝ տաքսիստներին ադրբեջաներենով խնդրում է Շահումյան հասցնել իրեն: Հրաժարվում են, թե այնտեղ օձեր են բնակվում: Մեկը համաձայնում է տանել:

Կարաչինարցիները խուճապի մեջ էին: Ժողովներ էին անում Շահումյանն ու Գետաշենը միացնելու համար: Ղարաբաղն էլ ինքնավար մարզից փոխարեն հանրապետություն հռչակելու ստորագրահավաք էին սկսել: Ադրբեջանն էլ, տեսնելով, որ ուրիշ ճանապարհ չկա, պատերազմ սկսեց: Սրանում համոզված է զրուցակիցս:

Սադրանք՝ ռուսների դեմ

Կամոն պատմում է, որ 1989թ. դեկտեմբերին ռուսական զորքեր բերեցին-կանգնեցրին հայ-արդբեջանական սահմանագծին: Հայկական կողմը դեռ զենք-զինամթերք չուներ: Ռուսներից  գինով փամփուշտներ ու նռնակներ էին ձեռք բերում: Ռուսական զորքերի խաղաղության պահպանումը քիչ տևեց: Բուզլուխում, Էրքեջում, Մանաշիդում վիճակը վատացել էր: Ադրբեջանը զորք էր մտցրել այդտեղ, հայկական կողմից զոհեր եղան:

90 թվականի հունվարին սկսվում են թեժ գործողությունները: Այդ երեք գյուղերի գրավմամբ Ադրբեջանը Գետաշենը կտրելու էր Շահումյանից: 1990թ. ռուսներին ուղղաթիռով սահման իջեցնելիս սադրանք եղավ: Մեկը կրակել էր ռուս հրամանատարի վրա, բայց կրակողն անհայտ էր: Քանի որ հայկական կողմը քաղաքացիական շորերով էր, զենք չուներ, ռուսները հասկացել էին, որ կրակողն ադրբեջանական կողմից է: Ազատամարտիկը հիշում է, որ ռուսները լավ ջարդ տվեցին ադրբեջանցիներին դրա պատճառով:

Շահումյանն ընկավ. շաբաթն ուրբաթից շուտ եկավ

1992թ. հունիսի 13-ին ենք հասնում: Ծխախոտը վառում է, հայացքը մշուշապատ է դառնում: Շահումյանի գրավման փաստի հետ չի հաշտվում: Ծուխը տարածվում է հորիզոնում, հարցերը կոշտանում են: «Համ գյուղ մտան, համ կոտորեցին, համ գրավեցին»,- կարճ ձևակերպում է նա: Գյուղի վրա հարձակումներ շատ էին եղել մինչ այդ: Իսկ գրավման օրը ադրբեջանական զորքը ռուսականի հետ միասին մտավ գյուղ: Միայն 21 տանկ էր մտել, 15 տարբեր զինտեխնիկա, 10 «Գրադ» էր աշխատում Շահումյանի վրա: 9 թնդանոթ էր աշխատում միայն Կարաչինարի վրա, որոնք մեկ վայրկյան չէին լռում:

Ծխախոտի մնացորդը տրորելով մոխրամանում՝ հանկարծ սառնություն է իջնում: Հունիսի 12-ին իրենք որոշել էին ազատագրել Գետաշենն ու Մարտունաշենը, նաև` ադրբեջանական մի քանի դիրք գրավել: Դա պետք է լիներ հունիսի 14-ին, բայց, ըստ նրա, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: «Մտքիցս դուրս չի գալիս՝ ո՞նց գրավեցին Շահումյանը»,- ասես բարձրաձայն մտածում է: Մեղավորներ չի փնտրում: Ջոկատներ կային, որոնք իրենց խնդիրը չէին կատարել այդ ժամանակ, բայց այսօր տարբեր հարթակներում սկսում են խոսել, թե ոնց են կռվել: Նրա սառնությանը փոխարինում է ջղային նուրբ կծկումը: Բոլոր դիրքերում եղել է, բայց այդ մարդկանց չի տեսել:

Ո՞վ է ծախել Շահումյանը

Ստեփանակերտում շարասյուն էին տվել Հատուկ գունդ հասցնելու համար: Հանձնարարողն Արկադի Տեր-Թադևոսյանն էր: «Ինձ հարցրեց, թե որտեղ ա զենքդ, ասացի, որ Ձեր հրամանով սաղ Շահումյանի ջոկատները զինաթափվել են: Ասաց, որ ինքն էդպիսի հրաման չի տվել: Սամվել Բաբայանն էլ կողքից ասաց, որ հա, իրենք տվել են էդպիսի հրաման»,- նշում է կարաչինարցին:

Շահումյանի գրավման օրն ադրբեջանցիները կորցրել էին 14 տանկ, կենդանի ուժի մեջ լուրջ կորուստներ էին ունեցել: «Հենց դա է կանգնեցրել նրանց, որ ժողովուրդը կարողացել է դուրս գալ: Վերջապես, հեշտ չէր 13.000-ից 12.500-ին փրկել: Մեզ օգնել են նրանք, ովքեր Շահումյանում էին: Դժվար էր և՛ պաշտպանություն կազմակերպել, և՛ ժողովրդին հանել այդտեղից: Մենք հազիվ փրկեցինք շահումյանցիներին»,- ասում է ազատամարտիկը, հետո շեշտում, որ չի ուզում մեղավորներ փնտրել, թե ովքեր են ծախել Շահումյանը:

«Չէինք հավատում, որ կորցրել ենք Շահումյանը»,- նկատում է նա: Շահումյանի գրավմանը մասնակցել են նաև ռուսական զորքեր:

«Եղնիկները»

Կամոն ասում է, որ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում 35-40 հոգի էին: Հրամանատարը Շահեն Մեղրյանն էր: «Եղնիկներ» անունն էլ նա է կնքել: Զրուցակիցս նշում է, որ եղնիկը խաղաղասեր կենդանի է, և երկրորդ՝ եթե եղնիկին հետապնդում ես, որ սպանես, մեկ է՝ վերադառնալու է այդ վայրը:

«Եղնիկների» խնդիրը դիվերսիա և հետախուզություն անելն էր: Այդ մասին նախ հրաժարվում է պատմել: Ասում է՝ դրանք կարող են կինո թվալ: Հպանցիկ, հումորով պատմում է երկու դրվագ:

Շահումյանի գրավումից հետո մի քանի անգամ հետախուզություն են արել Կարաչինարում: Առաջին անգամ 4 հոգով էին գնացել, որից երկուսը կարաչինարցի էին՝ ինքն ու Իշխանը: Գյուղ էին մտել, հաշվել, որ 150 տներն արդեն վերաբնակեցված էին: Հետախուզության տվյալները հավաքելուց հետո գնացել էին, լողացել գետում, հաց կերել, կոնյակ խմել: Հետո սարերից նայել էին կորցրած գյուղին: «Հասկանում էինք, որ նորից կարանք վերցնենք գյուղը: Հավատս ավելի մեծացավ: Մեզ թվում էր, թե ոնց որ առաջ էր, երբ բարձրանում էինք սարերն ու էնտեղից էինք նայում գյուղին, էդպիսի մի բան էր»,- ավելացնում է նա, հետո նորից վառում հաջորդ ծխախոտը:

Կարաչինարում չհասցրեցին դիվերսիան անել, որովհետև այդ ժամանակ պետք է օգնության գնային Սարսանգի ջրամբար:

Մեղրյանը՝ Կամոյին. «Սաղին կոտորիր, հելի, եկ»

1993թ. մարտի վերջին կատարեցին առաջին դիվերսիան Գյուլիստանում: 2 ուղղություններով էր. մեկով հարձակում էր լինելու, մյուսով՝ բնակչությունը պիտի դուրս գար: Մերոնք 20 հոգի էլ նախատեսել էին հնարավոր շրջափակման ժամանակ օգնության հասնելու համար: Եկող մեքենաներին դիվերսանտները խփում էին: Իրենց պլանավորածի պես էլ եղել է. տարածքը մարտադաշտի է վերածվել: Այդ մասին հայտնել է Մեղրյանին, որ կամ խումբ ուղարկի, կամ էլ իրեն թույլ տա ուրիշ ուղղությամբ անցնել, որպեսզի հետքերը Գյուլիստան չտանեն: Մեղրյանը պատասխանել է. «Վեչ մի պյան էլ ղարկում չեմ, քանիսը կաք՝ շատ եք: Սաղին կոտորիր, հելի, եկ»: 50-60 հոգու կոտորել են, դրանից հետո ևս 2 դիվերսիա են կազմակերպել: Երկրորդի ժամանակ 13 հոգով էին: Նորից կապ էին տվել Մեղրյանին, ասել, թե հակառակորդը զինտեխնիկա ունի՝ մեկ տանկ ու մի քանի ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա): Մեղրյանը պատասխանել էր. «Տակդ լցնես վեչ, էդ տանկը տրաքացրու, եկ տեսնանք»: Տանկն ականապատել էին:

Մեղրյանն ու Թոկի Կամոն

Կամոյին ճանաչողներն ասում են, որ Շահեն Մեղրյանը մեծ հույսեր էր կապում նրա նման ազատամարտիկների հետ: Նրանց համար պատերազմը տարերքի պես էր:

Մեղրյանը Կամոյին անվանել էր «թոկի»: Ծիծաղում է այս մասին խոսելիս: Ասում է, թե մի քիչ լկտի էր պահում իրեն: Մեկ-մեկ առանց զգուշացման գնում, մեքենա էին պայթեցնում: «Դե, 21-22 տարեկան ջահել էի, ուրիշ ձև էի էդ ամեն ինչին նայում»,- նշում է նա:

Հիմա 43 տարեկան է: Նոյեմբերյանի զինկոմն է արդեն երեք տարի: Ամիսներ առաջ սիրտն են վիրահատել:

Պատմում է, որ թեժ մարտերից մեկը տեղի է ունեցել Մատաղիսի ճանապարհին: Այդտեղ ական դնելիս է եղել, երբ 3 ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել: 7 հոգով էին: Արկերի «անձրևի» տակ փախել է, ձորը գլորվել: Այդ ժամանակ էլ Երից Մանկանց վանքին են խփել: Երեկոյան տղերքի մոտ մոմի կտորներ կային: Երից Մանկանց էին բարձրացրել: Տղերքից մեկն ասել էր, որ եկեղեցին հարվածը վերցրել է իր վրա:

«Հաղթանակը չեն ընտրում»

Հաղթանակը կամ գալիս է, կամ չի գալիս, բայց թե ոնց է գալիս, ինչ ճանապարհով, կարելի է ասել հենց ինքը՝ հաղթանակն է որոշում: Սա Կամոյի համոզմունք է: Հաղթանակն էլ համարում է բոլորի ձեռքբերումը, իսկ կորուստն իր զոհված ընկերներն են: «Ճիշտ ա՝ մենք կորցրած ունենք, շահումյանցիների, գետաշենցիների մասին է խոսքը, բայց էդ մեծ հաղթանակի մոտ դա չեմ համարում պարտության նշան: Ուղղակի հասկանում եմ, որ ուշ թե շուտ պիտի կատարենք մեր խնդիրը»,- ասում է նա:

«Այսօր այնքան տղերք կան, ովքեր ոչ մի տեղ չեն երևում, բայց կռվի դաշտում մեծ գործ են արել: Խնդիրը գնահատելն է, հիշել նրանց ոչ թե ինչ-որ բան տալով, այլ նրանց արած գործի մասին նշելով»,- նշում է ազատամարտիկը:

«Չափալախված» պետության ցանկությունը

Հայաստանն Ադրբեջանին «լավ չափալախել» է, դրա համար էլ Ադրբեջանը չի կարողանում հանգստանալ, ուզում է պատասխան տալ: Վերջերս Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն էլ դրանով է պայմանավորում: Այդ երկիրն ուզում է ցույց տալ, որ ինքը դեռ չի համակերպվել պարտության հետ՝ հիշեցնելով, թե պետք եղած ժամանակ իրենք կարող են ուժով լուծել խնդիրը: «Բայց էստեղ էսպիսի բան կա. եթե դու ուզում ես ուժով խնդիր լուծել, դե լուծի պրծի, էլ պետք չի գնաս-գաս անիմաստ հիշեցնես, մենք շատ լավ հիշում ենք, մենք շատ լավ տեսել ենք»,- վստահեցնում է Կամո Հարությունյանը:

Ասում է՝ պատերազմի մասին դեռ վաղ է խոսելը, բայց մի օր հաստատ լինելու է: Կարծում է՝ կարճ կտևի, բայց ավելի ուժգին կլինի. 2 կողմերն էլ լավ սպառազինված կլինեն: «Մի անգամ միացել ենք, հայրենասիրությունն ուտում էր բոլորիս, խեղդում էր մեզ, դրա համար կրեցինք, մի անգամ էլ միանանք՝ պետություն ենք սարքելու»,- ասում է նա: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Սամվել Խաչատրյան
Մեծատառով մարդ, հայրենասեր ։ Պատիվ եմ ունեցել ծառայելու Կամո Հարությունյանի գումարտակում։
Գոռ Ղլեչյան
Շուրջ 20 տարի ճանաչում եմ Կամոյին: Հոյակապ ընկեր... Մարդ, որն ընկերների համար Մռավ սարից էլ պինդ կանգնած է թիկունքիդ: Մեծ հարգանքով եմ վերաբերվում Կամո Հարությունյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter