HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Մայդանի ու եվրոպական շքեղության մեջտեղում

«Մայդանում հավաքված այս մարդիկ ուզում են հետ ստանալ իրենց տները: Նրանք պահանջում են նաև այն շենքը, որն այրվեց շարժման ժամանակ՝ արհմիությունների տունը: Գնացեք տեսեք, անպայման գնացեք, ժամանակ մի կորցրեք: Իսկ նոր նախագահը մինչև հիմա չի այցելել Մայդան: Բոլորը լռում են»,- անհանգիստ ու արագ ասաց ուկրաինուհի Ալեքսանդրա Իոսիպովնան: 80-ամյա կինը եկել էր Մայդան վրաններում ապրող տղամարդկանց օգնելու: «Տղաները խնդրեցին մի քիչ հավաքել այստեղ. լվանում, չորացնում եմ հագուստները: Նրանք այնքան շատ բան են ապրել այս ընթացքում,- ասաց նա,- հիմա էլ հիվանդություններն են շատացել: Քաղցկեղն է շատ տարածվել և սպիդը»:

Զբոսաշրջիկների համար Մայդանը հեղափոխության «թանգարան» է: Նրանցից մեկը խնդրեց նկարել իրեն վրանների ու միմյանց վրա դարսված ռեզինե անիվների ֆոնին, հետո ժպիտով ասաց “Oh, thanks” ու հեռացավ:  Այն, ինչ կատարվել է Մայդանում, եվրոպացիների մի մասի համար հաջողված պատմություն է՝ «success story»:

Այս արտահայտությունը պարբերաբար շրջանառավում է Կիևում ընթացող «ԵՄ հնարավոր աջակցությունը Արևելյան գործընկերության երկրների զարգացմանն ու բարօրությանը» համաժողովի բանախոսների ելույթներում: «Ես չեմ պատկերացնում այս համաժողովը կազմակերպելու ավելի լավ ժամանակ, քան հիմա է, և  ավելի ճիշտ վայր, քան Ուկրաինան է»,- հայտարարեց Ուկրաինայում Շվեդիայի դեսպան Անդրեաս վոն Բեկերաթը համաժողովի ժամանակ:

Բանախոսներից ամեն մեկը Մայդանի դեպքերի իր հիմնավորումն ունի: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը ասաց, թե այժմ Ուկրաինայում կատարվում է այն, ինչ ժամանակին՝ Լեհաստանում, և դա ԵՄ ինտեգրվելու ճանապարհն է: «Նախագահական ընտրությունները Ուկրաինայում նոր սկզբի հնարավորություն են տալիս»,- ասաց նա:

2014թ. հունիսին Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրներից Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան նախատեսում են ստորագրել Ասոցացման համաձայնագրերը, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման փաստաթուղթը: ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին, շվեդ դեսպան Բեկերաթի խոսքով, Ուկրաինայի տնտեսության մեջ առաջին հերթին ընդլայնվել են օտարերկրյա ներդրումները: Դեսպանն ասաց, որ շվեդական 26 բիզնես ընկերություններ, որոնց ներկայացուցիչներն առաջիկա օրերին Կիևում կազմակերպելու են բիզնես-ֆորում, պատրաստվում են նոր ներդրումներ անել Ուկրաինայում:

Բանախոսները ԵՄ ինտեգրման անհրաժեշտությունը հիմնավորում են ֆինանսական ստույգ վիճակագրությամբ. այսպես, ըստ ներկայացված տվյալների՝ ԵՄ-ից Արևելյան գործընկերության երկրներին հատկացված ֆինանսական աջակցությունը 2010-2013թթ. կազմել է 600 միլիոն եվրո, մինչդեռ գրեթե նույնն ժամանակահատվածում միայն ԵՄ անդամ Լեհաստանին տրամադրվել է 67 մլրդ դոլար: Այս խոստումնալից թվերը հրապարակվեցին՝ որպես Ուկրաինային և Արևելյան գործընկերության՝ Ասոցացաման համաձայնագիրը ստորագրել պատրաստվող երկրներին սպասվող ապագա: Եվրոպացի բանախոսներն այդպես էլ հստակ չնշեցին, թե երբ է հնարավոր Ուկրաինայի խաթարված տնտեսության վերականգնումը:

«Մենք կարող ենք օգնել, աջակցել, բայց ամենից կարևորը երկրներն իրենք ինքնուրույն պետք է անեն»,- ասաց Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Հիմնավորելու համար Ասոցացաման համաձայնագրին միանալու և ԵՄ ինտեգրվելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում Շվեդիայի դեսպան Անդրեաս վոն Բեկերաթը համեմատեց արդեն ԵՄ-ին անդամակցող Լատվիայի և այդ ճանապարհը նոր բռնած Ուկրաինայի տնտեսական համակարգերը:

Դեսպանը նշեց, որ 1990-ական թթ. Լատվիայի ՀՆԱ-ի ցուցանիշն ավելի ցածր էր, քան Ուկրաինայինը: «Շուրջ քսան տարի է անցել, այժմ Ուկրաինայի ՀՆԱ-ն աճել է 40%-ով, մինչդեռ Լատվիայինը՝ 340: Շատերը կարող են ասել, որ Լատվիան փոքր երկիր է նման վիճակագրություն ունենալու համար, և այս տոկոսային համեմատությունը ճիշտ չէ, սակայն նման համեմատություն կարող ենք անել նաև Ռումինիայի դեպքում, որի ՀՆԱ-ն նույն ժամանակաշրջանում՝ 1990-ական թթ. զիջում էր Ուկրաինային, մինչդեռ այժմ երեք անգամ գերազանցում է»,- ասաց նա:

Թե երբ այս ցուցանիշները կգրանցվեն նաև Ուկրաինայում, եվրոպացի մասնագետները այդպես էլ հստակ չնշեցին: Ամենահստակը Մայդանում ավելացող  հանգանակության արկղերն են և հինգաստղանի հյուրանոցում ընթացող կոնֆերանսի՝ գումարներ չխնայող օրակարգը: Դեղին հագած մի տղա երեկ առանց շուրջը նայելու մոտեցավ Մայդանում զոհված ակտիվիստների պաստառին, լուռ ծնկի իջավ ու ձեռքով շոյեց նկարներից մեկը: Մի քիչ հետո նա հեռացավ՝ անհեթեթ դարձնելով կոնֆերանսի օրակարգի կետերից մեկը. «Գալա ընթրիք: «Բելվեդեր» ռեստորան: Հագուստը….»: 

Համաժողովը կազմակերպել է Ստոկհոլմի անցումային տնտեսության դպրոցը Կիևի տնտեսագիտության դպրոցի հետ համատեղ՝ Շվեդիայի և Ուկրաինայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:  

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Նայեք առաջին և վերջին նկարներում պատկերվածներին, երկուսն էլ հայ են: Ո՞վ է հրաման արձակել կրակել: Անկասկած նա, ով հայերին շատ է ատում և սեփական ձեռքերը իր հրահրած ռևոլյուցիաներով է տաքացնում: Մտածեք, ինչու՞ աշխարհի բոլոր տեսակի խժդժություններում և պատերազմներում տոկոսային առումով ամենից շատ հայերն են կորուստ ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter