HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լուսանկարիչ Հենրիկ Մխիթարյան. «Մարդու հոգին բդի ուրախ էղնի, օր նկարն էլ սիրուն դուրս գա»

20-րդ դարասկզբին Գյումրիում հայտնի ու ճանաչված լուսանկարչատներն երկուսն էին: Ամենահինը պատկանում էր Մուշեղյաններ-Փալանջյաններին եւ գտնվում էր Գորկու փողոցում, իսկ մյուսը բացվել էր 1939թ. Աբովյան փողոցում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարեւանությամբ: Այդտեղ նախկինում տեղավորված էր «Ճերմակ» Համոյի մթերային խանութը: Այս լուսանկարչատունը գյումրեցիների շրջանում առավել հայտնի էր «Կարախանի ֆոտո» անվամբ: Լուսանկարչատան տնօրենը քաղաքում հայտնի զվարճախոս ու կատակասեր Գուրգեն Կարախանն էր: Անձամբ Կարախանին աշակերտելու կամ հենց նրա ղեկավարությամբ աշխատելու հնարավորություն ընձեռվում էր միայն լավագույններին:

Անցած դարի սեւ-սպիտակ լուսանկարչության վարպետներից քչերին հիմա կհանդիպես Գյումրիում: Ինչպես առաջին մեքենայի մուտքը քաղաք ստիպեց կառապաններին ծալել իրենց կնուտները, այնպես էլ թվայնացումն ու ինտերնետը 21-րդ դարում հին վարպետներին ստիպեցին վայր դնել ֆոտոխցիկները: Քչերը դիմակայեցին, քչերը հարմարվեցին: Գունավոր ժապավենին արագ ընտելացան, իսկ ահա սարքավորումների թվայնացմանը` ոչ բոլորը:

«Մենք՝ հներս, չենք կըրնա էս նոր սերունդի գործն էնենք»,-ձեռքը թափ է տալիս Գուրգեն Կարախանի աշակերտներից վարպետ Հենրիկն ու հիշում Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոնչի Ալեքը» պոեմից մի հատված.

«Բայց ոչինչ չօգնեց: Ավտոներն եկան

Ու գրավեցին ամբողջ քաղաքը,

Եվ կամաց-կամաց փոխվեց հին Գյումրին,

Ու դանդաղ թվաց ֆայտոնի վազքը»:

«Էդ պոեմի մեջ կըսե, չէ՞, թե ֆայտոնը մեռավ, Գյումրին կմեռնի, ու թե ֆայտոնը պապից պապ է ու էն վախտ կմեռնի, երբ գետինը պրծնի: Էս կյանքում ամեն ինչ կձեւափոխվի: Առաջ ֆայտոնն էր, հըմի ավտոն է: Մեր վախտ սեւ-սպիտակ լուսանկարչությունն էր, լույս ու ստվերն էր, ռետուշն էր, ֆիքսաժն էր, մեր «վազքը» քիչմ դանդաղ էր: Հհըմի ըդուր ի՞նչ կըսեն, ֆոտոշո՞փ…հըմի սաղ դարձել են ֆատոգրաֆ, բայց ես միշտ էլ ըսել եմ, օր իսկական ֆատոգրաֆն իրանց ձեռքի ապարատն է: Վրեն 10 հատ կնոպկա կա, կսըղմեն, ավտոմատ իրա գործը կենե ապարատը, մտածելու բան չունին, մնացածն էլ էդ ֆոտոշոփ ըսածդ կլրացնե, ըդպես մարդիկ իրանց կհռչակեն ֆատոգրաֆ՝ առանց լուսը ստվերից ջոգելու»:

68-ամյա լուսանկարիչ Հենրիկ Մխիթարյանի աչքերում կարոտ կա, նաեւ համակերպվածություն իրողության հետ: Չկա այլեւս «4-րդ ֆոտոն»՝ հայտնի որպես Կարախանի, որտեղ աշխատել է երկար տարիներ: Տարածքի նոր սեփականատերը մուտքի վերեւում ցուցանակ է կախել՝ «Կոմպյուտեր սերվիս» վերտառությամբ: Նախկին «4-րդ ֆոտոն» ոչ հին, ոչ նոր ձեւաչափով ներկայումս չի գործում: 40 տարի լուսանկարչությամբ զբաղված վարպետ Հենրիկը եւս թողել է ասպարեզը: Արդեն հինգ տարի է՝ հրաժարվում է ձեռքը ֆոտոխցիկ վերցնել, ասում է՝ «կջղայնանամ, օր շատ բան չեմ հասկնա հիմիկվա ապարատներից ու էդ կնոպկեկից»:

Վարպետ Հենրիկը հպարտությամբ է շեշտում, որ բնիկ գյումրեցի է: Ծնվել է 1946թ.: Հենրիկի մոտ նկարչական ձիրք նկատելով՝ ծնողները որոշում են, որ տղան անպայման պիտի ուսանի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: «Բայց գեղանկարն ընձի չէր ձգե,-խոստովանում է զրուցակիցս,-ջրաներկ, գծանկար կենեի, բայց մտքովս չէր անցնի, թե էդ ուղղությամբ կշարունակեմ»: Սակայն անասելի ձգում էր կախարդական մի գործիք, որ կոչվում էր ֆոտոխցիկ: Հորեղբոր աղավնիները նկարելու համար գնում է սիրողական «Սմենա» ֆոտոապարատը՝ նախատեսված սկսնակների համար: Հետո «Սմենային» պիտի հաջորդեին իհարկե՝ «Ֆեյդ», «Զենիթ», «Կիև» առավել պրոֆեսիոնալ համարվող խցիկները: Բայց դա հետո էր:

Բանակից վերադառնալուց հետո երկու տարի աշխատում է Ստրոմմաշինա գործարանում որպես կռունկավար: Մեծ եղբայրը ճանաչում էր լուսանկարիչ Վարազդատ Ադամյանին եւ մի օր եղբորն ուղեկցում է նրա արհեստանոց: «Ախպերս խոսացել էր Վարազդատի հետ, օր ես էրթամ իրա մոտ ռետուշ էնեմ, ընձի էլ հարցրեց, թե օրական էրկու մանեթ տամ, կերթա՞ս աշխատիս ֆոտոն,-ծիծաղելով վերհիշում է եղբոր առաջարկը Հենրիկ Մխիթարյանը,-ըսի ընչի չեմ էրթա: Ընձի տարավ, ծանոթացրեց, մե երկու օր փողը տվեց, օր տեսավ արդեն սիրով կերթամ, էլ չտվեց»:

«Առաջի անգամ Ադամյանը ընձի լենտ տվեց, թե ռետուշ էրա: Լենտը նկարելուց հետո, էն ժամանակ ամենակարեւոր գործը ռետուշն էր,- բացատրում է վարպետ Հենրիկը,- սեւ մատիտով փակում ես նեգատիվի վրա եղած լաքաները, դեմքն ես գեղեցկացնում: Լուսանկարի վերջնական տեսքի համար պատասխանատու էր ռետուշ էնողը, ըդիկ շատ կարեւոր գործ էր: Լուսանկարիչի գործը ճիշտ լույս դնելն էր, թե չէ մնացած գործը ռետուշ էնողինն էր,-բացատրում է զրուցակիցս,-նեգատիվը տվեց ու բացատրեց, թե ինչխ բդի էնեմ, շտրիխներով ստորակետի նման կաշխատիս ու ես լրիվ արդեն պատկերացրեցի, քանի որ նկարչական կրթություն ունեի, իմ համար դժվար չէր: Արեցի, եկավ նայեց, հարցրեց, թե որտե՞ղ եմ աշխատել ռետուշով, ո՞ր ֆոտոն, ասի չեմ աշխատել, առաջին անգամ ռետուշով կենեմ, ըսի օր նկարչական դպրոցն եմ ավարտել: Հաջորդ շաբաթվանից առաջարկեց փողով իրա մոտ աշխատել»:

«Լավ ռետուշ անող» Հենրիկի մասին լուրը հետագայում պիտի հասներ նաեւ Գուրգեն Կարախանին: Նրա երկու աշակերտները զորակոչվել էին բանակ, ու հայտնի լուսանկարիչը մնացել էր առանց օգնականի: «Ադամյան Հայկն էր բանակ գնացողներից մեկը, ես հետո իրա տեղն եմ աշխատել, ճանաչում ես, չէ՞, Հայկին, շատ ճաշակով լուսանկարիչ է,-վարպետ Հենրիկը շարունակում է թերթել ընտանեկան ալբոմը,-Կարախանն իմացել էր, օր Վարազդատի մոտ ռետուշ կենեի, եկավ նայեց արածս աշխատանքն ու առաջարկեց տեղափոխվել իր մոտ: Դե նախկին տեղում առանց հրամանի կաշխատեի, Կարախանի մոտ ընդունվեցի պաշտոնապես, դարձա ֆոտոյի 3-րդ լուսանկարիչը»:

Գուրգեն Կարախանի մոտ լուսանկարվում էին ժամանակի հայտնի մարդիկ: «4-րդ ֆոտոյում» սիրում էին շախմատ խաղալ Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները: Կարախանի մշտական այցելուներից էր բանաստեղծ Հովհաննես Շիրազը: «Կարախանն ու Ռոբերտը արձակուրդ էին, ֆոտոն մենակ ես կաշխատցնեի,-հիշում է վարպետ Հենրիկը,-մեկ էլ դուռը աղմուկով բացվավ ու հայտնվեց Շիրազը՝ բղավելով «Կարախան, Կարախան, ու՞ր ես, արի մե հատմ ընձի նկարե»: Ասի, որ Կարախանը արձակուրդ է, մենակ ես եմ ֆոտոն, թե գուզե, թող հետո գա, ինքն էլ թե՝ չէ, արի կեղնի էս անգամ ընձի աշակերտը թող նկարե: Բացատրեց, օր վարպետը շատ լավ գիտե, թե ինչխ բդի նկարե, իսկ աշակերտը դա կանի ավելի խնամքով, դողալով, որ հանկարծ չսխալվի: Հետո ինքը շատ հավնավ իմ արած նկարին»:

Գուրգեն Կարախանի լուսանկարչատունը գործում էր քաղաքի կենտրոնում, այցելուները շատ էին՝ հատկապես տոն օրերին: Մայիսի 1-ին եւ նոյեմբերի 7-ին մոտավորապես 1500 ռուբլու գործ էին անում, դա գումար էր, որ սովորաբար աշխատում էին մեկ տարվա ընթացքում: Լինում էին նաեւ ծիծաղաշարժ դեպքեր: Վարպետ Հենրիկը պատմում է դրանցից մեկը, որ հետագայում մեծ տարածում էր գտել գյումրեցիների մեջ ու համարյա վերածվել անեկդոտի:

«Չոփուռ Սուրենը մե օրմ կզանգե, թե Կարախան, ապարատդ առ արի մեր տուն, բդի նկարես ընձի: Կարախանն էլ, թե՝ ընչի՞ գուզես տանդ մեջը նկարեմ, ել արի ֆոտոն՝ նկարվի: Չոփուռ Սուրենն էլ, թե՝ չէ, անպայման գուզեմ տանս մեջ նկարվիմ: Կարախանը ապարատը կառնի կերթա, կտեսնի, օր Չոփուռ Սուրենը տկլորված պառկած է: Կըսե, տղա՛, խելռե՞լ ես, ընչի՞ ես չպլխցել, կըսե՝ Կարախան, հոգուդ մեռնիմ, վեց ամսկան նկար չեմ ունեցել, հըմի գուզեմ նկարվիմ»:

Վարպետ Հենրիկը ծիծաղում է՝ հիշելով անցյալի դեպքերը: Ասում է, որ շատ բաներ մոռացել է, սակայն վերհիշելով՝ մեկ դիպված էլ է պատմում: «Հաճախորդներից մեկը նկարը չէր հավանել ու հետ էր բերել: Ջղայնացած դիմեց Կարախանին, թե՝ էս ինչ ես հանել, լրիվ մեյմուն (կապիկ) ես սարքել: Կարախանը լուրջ-լուրջ նայեց երեսը, հետո դարձավ, թե հըլը ցիլինդիրդ հանե: Էս տղեն գլխարկը խելոք հանեց, Կարախանը նայեց-նայեց ու…«կապիկ ես, կապիկ էլ ելել ես, ինչ գուզես ընձնեն»:

Ալբոմներից մեկում գտնում է իր լուսանկարը՝ արված բավական հետաքրքիր տարբերակով: Ասում է, որ գաղտնիքը նեգատիվի սեւ ֆոնը ճիշտ օգտագործելու մեջ է: Մեկ լուսանկարում նույն մարդու երկու տարբեր կերպարներ ստանալն այն ժամանակ «ամեն մեկի խելքի բանը չէր», եւ յուրաքանչյուր ոք չէ, որ կարող էր նման լուսանկարի տեր դառալ:

«Խորություն՝ահա սեւ-սպիտակ լուսանկարչության առավելությունը, լույս ու ստվերի խաղ,-ասում է զրուցակիցս,-հիմա միապաղաղ լուսավորության տակ են անում լուսանկարները, դիմագծերի մեջ խորություն չկա, տափակ նկարներ են դրանք, իսկ մենք լուսավորությամբ արդեն ծավալ ու խորություն կստանայինք: Հըմի շատ բան է փոխվել: Մարդիկ չեն սիրե ազգականներով նկարվել, մարդիկ չեն սիրե ալբոմ թերթել: Նկարները կգցեն դիսկերի վրա, կքաշեն կապյուտերի մեջ ու վերջ: Նստել ընտանիքով, ալբոմ նայել, անցյալ վերհիշելը մոռացվել է, բայց չէ՞ օր հենց ըդիկ շատ կմտերմացնե մարդկանց»:

Վարպետ Հենրիկը մտավախություն ունի, թե մի օր իսկական լուսանկարչությունը կվերանա: Նոր սերնդի լուսանկարիչների մասին շատ բան չի կարողանում ասել, նրանց գործունեությանը մասնակիորեն ծանոթ է տղայի միջոցով, ով շարունակում է իր գործը: Գագիկը վարպետ Հենրիկի երեք զավակներից ամենակրտսերն է: Կրթությամբ մանկավարժ է, սակայն այդպես էլ չհամակերպվեց այդ ոլորտում աշխատելու մտքի հետ:

«Որոշեցի հորս գործը շարունակել, որովհետեւ շատ էի սիրում լուսանկարել: Հայրս սկզբում դեմ էր: Համարում էր, որ մեր պայմաններում անհնար է լուսանկարչությամբ ընտանիք պահել,-ասում է Գագիկը,-բայց ես պնդեցի: Իհարկե առանց վարկ վերցնելու գործը գլուխ չեկավ: Իհարկե դժվարությունները շատ են ու իրականում մենք ոչ թե լուսանկարչությամբ ենք զբաղվում, այլ լուսանկարչական ծառայություններ ենք մատուցում: Այնինչ իմ երազանքը հենց միայն գեղարվեստական լուսանկարչությամբ զբաղվելն է»:

Գագիկը լուսանկարչության այբուբենը սովորել է հայրիկից՝ դեղանյութեր խառնել, ժապավեն երեւակել եւ այլն: Լուսանկարչության նորարություններին տիրապետել է ինքնուրույն: «Սկզբնական շրջանում հայրիկը գալիս էր, օգնում էր, բայց հետո մի օր էլ ջղայնացավ ու էլ չեկավ: Սկսել էր նեղվել, որ դժվարությամբ է հասկանում նոր սերնդի տեխնիկայից ու չհամակերպվեց դրա հետ,-պատմում է Գագիկը,-բայց իրանց սերունդը շատ լավն էր: Լուսանկարիչների նկատմամբ մեծ հարգանք կար էն թվերին, որ հիմա ցավոք չկա»:

Գագիկն ասում է, որ հիմա պավիլիոնային լուսանկարներ քչերն են պատվիրում, այն էլ երբ ցանկություն ունեն «թիթիզանալու» սոցցանցերում: Իրապես գեղեցիկ, ճիշտ դրված լույսերով, կոնկրետ ասելիք ունեցող լուսանկարներ մարդիկ խուսափում են պատվիրել:

«Կարծում եմ, որ դա տվյալ ժամանակաշրջանի խնդիրն է, ոչ թե միայն գյումրեցիների: Հեռախոսը պահեցին, ինչ-որ կեցվածք ընդունեցին ու լուսանկարը պատրաստ է: Կարիք չեն զգում լուսանկարչի հետ աշխատելու: Սխալ եմ համարում նաեւ լուսանկարը համակարգչի էկրանով նայելը: Պատկերը դու տեսնում ես լույսի միջոցով: Շատ հաճախ այն չի էլ տպավորվում քո մեջ, դու չես խորանում տվյալ անձի դիմագծերի, նրա՝ այդ պահին արտահայտած տրամադրության մեջ: Ես կարծում եմ, որ հենց թուղթը, հենց ալբոմ ասվածն է, որ լրացնում է այդ բացը»:

Վարպետ Հենրիկը համամիտ է որդու հետ. «Հըմի, աղջիկ ջան, երբ օր նկարն ամենաէժան բանն է՝ 400 դրամ, մարդիկ չեն նկարվի: Մեր ժամանակ վեց հատ նկարը 2 ռուբլի 40 կոպեկ էր՝ կիլո ու կես մսի գին, բայց սաղ սիրով կնկարվեին: Մեր վախտ սովորություն կար բարեկամներին նկար նվեր տալ, հըմի թամամ իրար հետ չեն խոսա, ուր մնաց թե նկար բաժնեն: Մենակ լուսանկարվելու սովորությունը չէ, օր կամաց-կամաց կմեռնի մարդկանց մեջ: Բարեկամություն, հարազատություն, մարդկություն հասկացությունն էլ կամաց-կամաց կվերանա: Ջերմությունը շատ է պակասել, ընձի կթվա, օր հենց էդ է պատճառն, օր մարդիկ չեն ուզե նկարվել: Մարդու հոգին բդի ուրախ էղնի, օր նկարն էլ սիրուն դուրս գա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter