HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժացող հայ-ադրբեջանական սահման. Թուրքիան կմտնի՞ խաղի մեջ

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան 

Հունիսի 5-ին Հայաստան-Նախիջեւան/Ադրբեջան սահմանի վրա արձանագրվեց զինադադարի կնքումից ի վեր ամենանշանակալի խախտումը, ինչը, փորձագետների կարծիքով, ոչ միայն բնորոշ չէր սահմանի այդ հատվածին, այլեւ աննախադեպ էր իր հետեւանքով. դիպուկահարների կրակոցից զոհվեցին երկու հայ պայմանագրային ծառայողներ:

Հայաստանի պաշտպանության մամլո խոսնակի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջի Կասպրչիկը տեղեկացվել է միջադեպի մասին եւ հրավիրվել նախարարություն: Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Անջի Կասպրչիկին:

Միջադեպն անմիջապես հաջորդեց ԵԱՀԿ գործող նախագահ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ նախ Բաքու, ապա հունիսի 4-ին Երեւան կատարած այցին, որի ընթացքում վերջինս հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Փարիզում կազմակերպել երկու նախագահների հանդիպումը. առաջարկ, որը Օլանդը արել էր թե’ Երեւանում, թե’ Բաքվում եւ որի օրը դեռեւս հայտնի չէ, սակայն ենթադրաբար կյանքի կկոչվի մոտ ապագայում, ինչը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի ցանկություն է:

Միջադեպի օրը՝ հունիսի 5-ին Թուրքիայի Բոդրում քաղաքում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV նիստը, որին մասնակցեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի նախագահները, եւ առաջին անգամ` Թուրքմենստանի նախագահը: Ուշագրավ է, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2009թ. Նախիջեւանում:

Մասնակից պետությունները որոշումներ ընդունվեցին ինտեգրացիոն կառույցներում նոր նշանակումների, ինտեգրացիան խորացնելու շահագրգռության եւ հաջորդ նիստը Ղազախստանում հրավիրելու մասին: Առայժմ վաղ է խոսել այդ ձեւաչափում ազատ առեւտրի գոտի եւ ինտեգրացիայի վերպետական մարմիններ ձեւավորելու մասին, սակայն ամբիցիաները մեծ են եւ արդեն տեսանելի:

Այդ հավաքի նախօրեին՝ հունիսի 4-ին Ադրբեջանի նախագահը երկկողմ հանդիպում ունեցավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, որի ընթացքում «իր եւ ադրբեջանական ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցի կապակցության Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու համար»: Իսկ իր ելույթում Ալիեւը վերստին սպառնաց, թե «պետք է մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, մեր հայրենակիցները վերադառնան հայրենի հողերը»:

Այս օրերին հայկական կողմի մտահոգություններրը նկատելիորեն աճել են, եւ սահմանագծի վրա պաշտպանությունն ուժեղացնելու քայլերին զուգընթաց պաշտոնական Երեւանը ցանկանում է առաջին հերթին հասկանալ, թե ինչո՞ւ այն տեղի ունեցավ սահմանի հենց այդ՝ Նախիջեւանի հատվածում ու այս շրջանում, եւ ընդհանրապես, ինչպե՞ս են փոխկապակցված վերջին շրջանի իրադարձությունները: Մասնավորապես, Հայաստանում փորձում են գուշակել, թե ինչո՞վ է այն հղի, ի՞նչ է պատրաստվում անել Ադրբեջանը, կամ ի՞նչ են ցանկանում անել նրա ձեռքերով:

Հստակ է, որ միջադեպը շարունակությունն է հատկապես վերջին երկու ամիսներին ԼՂՀ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում աճող լարվածության ու Ադրբեջանի հաճախակիացող դիվերսիոն գործողությունների, որոնք բերեցին կորուստների թե’ հայկական, թե’ ադրբեջանական կողմերից:

Կասկածից վեր է նաեւ, որ Բաքուն իրեն բնորոշ ձեռագրով այլեւս տարածաշրջան այցելող օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաներին (հատկապես հակարմարտության կարգավորմանն առնչվող կամ դրա վրա ազդելու ունակ) դիմավորում կամ ճանապարհում է հուժկու կրակահերթերով ու «զոհաբերությամբ», ինչպես դա արեց ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցի ժամանակ եւ նույնը անում է ԵԱՀԿ գործող նախագահի հեռանալիս. Բաքուն այդ կերպ հիշեցնում է, որ հակամարտությունն ամենեւին սառած չէ եւ պետք է կագավորվի:

Բաքուն նաեւ փորձում է թյուրքալեզու պետությունների աջակցությունն ստանալ ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության հնարավոր քննարկման վերաբերյալ, հատկապես երբ իր հարաբերությունները Արեւմուտքի հետ տպավորիչ լարվածության են հասել:

Սակայն դրանից զատ, Բաքուն նաեւ այլ մտահոգություններ ունի՝ կապված եվրասիական ինտեգրացիայի նախագծի, Հայաստանի սպասվող անդամակցության, դրա միջոցով իր վրա Կրեմլի մեծացող ազդեցության, հետեւաբար՝ դաշնակիցների միջոցով այդ ամենին հակակշռելու հետ:

Մասնավորապես, Նախիջեւանի սահմանի թեժացումը նշանակում է նաեւ գրգռել սահմանակից Իրանին, իսկ առաջին հերթին՝ Թուրքիային: Դա նշանակում է վերջինիս անուղղակի ներգրավել կովկասյան գործերում, որտեղ Ռուսաստանի մեծացած ներգրավվածությունը իրողություն է, իսկ այդ համատեքստում ղարաբաղյան խնդրի ակտիվացումը նրա համար հրաշալի խողովակ է ծառայում առաջ մղելու եվրասիական նախագիծը ի դեմս Հայաստանի՝ ընթացքի մեջ գտնվող եվրասիականացման ու Ադրբեջանի՝ մեկնարկող եվրասիականացման:  

Ասվածի ապացույցները չափազանց շատ են: Ադրբեջանի ռազմական մկանների ցուցադրությունն ու սահմանային ոտնձգությունները իրենց գագաթնակետին հասան նախ ապրիլի, ապա՝ մայիսի վերջերին՝ եվրասիական տրոյկայի նիստերի օրերին, երբ երկու անգամն էլ հայտարարվեց, թե Հայաստանի եվրասիական ինտեգրացիան թեւակոխում է ավարտական փուլ: Բաքուն պետք է շտապեր՝ թույլ չտալու նաեւ ԼՂՀ-ի դե ֆակտո անդամակցությունը դրան:

Սահմանի թեժացումը տրոյկայի ապրիլյան նիստի շրջանում

Ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ սկսեցին հենց ղարաբաղ-ադրբեջանական շրջանի անմիջական մոտակայքում: Դրանց նախորդել էին  մեկ այլ լայնամասշտաբ զորավարժություններ ապրիլի 16-ին Նախիջեւանում՝ բանակային ստորաբաժանումների, ավիացիոն համակարգերի, հակաօդային պաշտպանության, հրիթիռային եւ հրետանային միջոցների, այդ թվում՝ նորագույն բրոնետեխնիկայի մասնակցությամբ ու ցուցադրությամբ:

Ռազմական փորձագետները համարում են, որ Իլհամ Ալիեւի դեկտեմբերի 20-ի հրամանով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծված «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը ավանդաբար «եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո եւ, փաստորեն, կարելի է ասել, որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է»: Բացառված է, որ թուրքական զինվորականությունն անուղղակի մասնակցություն ունեցած չլիներ դրան, եթե չասնք նաեւ հունիսի 5-ի սահմանային միջադեպի հրահրմանը:

Ապրիլի 7-8-ը Նախիջեւան կատարած այցի շրջանակներում Իլհամ Ալիեւը ոչ միայն ցուցադրաբար դիտեց Նախիջեւան հասած ռազմական նոր տեխնիկան ու սպառազինությունը, այլեւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական գերակայության, բլոկադայի մեջ ու կարեւոր խաչմերուկում գտվող Նախիջեանի բանակի ներուժը շարունակաբար ավելացնելու ու ամրապնդելու, Հայաստանին արժանի հակահարված տալու թեմաներով հերթական հոխորտանքները հնչեցրեց: 

Դրանից օրեր առաջ, ապրիլի 4-ին աշխատանքային այցով Բաքու էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում խոսքերով Բաքվում Ալիեւի հետ պետք է «քննարկեր ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ երկու երկրներում ու տարածաշրջանում իրականացվող խոշորագույն ծրագրերը»` շահագործման հանձնվելիք Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը եւ Հարավային գազային միջացքի մաս կազմող Տրանսանատոլիական խողովակաշարը:

Ապրիլի 1-ին պաշտոնական Բաքուն լրատվամիջոցով արտահոսք էր թողել, թե Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստում են «նոր մասշտաբային ռազմական համաձայնագիր, որը կողմերի համար կներառի կոնկրետ պարտավորություններ արտաքին ագրեսիայի դեպքում»: 

Թե ինչ քննարկեցին Էրդողանն ու Ալիեւը փակ դռների հետեւում ղարաբաղյան հակամարտության կամ ռազմական ոլորտում համագործակցության խորացման կապակցությամբ, հրապարակային ելույթներում փոքրիկ ակնարկները միայն ենթադրությունների տեղ են թողնում:

Մի բան ակհնայտ էր, որ Բաքու-Անկարա ռազմական-ռազմավարական համագործակցությունը բարձրացվում է նոր մակարդակ եւ կար Բաքվի ցանկությունը Թուրքիային տեսնելու ղարաբաղյան խնդրի կարգավորման մեկնարկած ջանքերում:

Ինչեւէ, Ադրբեջանի ռազմական մկանների ապրիլյան զույգ ցուցադրություններին ի պատասխան, ապրիլի 30-ին հայկական զինված ուժերը նույնպես պատասխան զորավարժություններ կազմակերպեցին ԼՂՀ սահմանագծի արեւելյան հատվածում:

Լարվածության նման աճը ուղեկցվեց հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր հատվածներում հրադադարի մահաբեր խախտումներով՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումների բազում փորձերով ու դրանց հայկական համարժեք արձագանքներով:

Ապրիլի վերջին Բաքուն փոքր-ինչ թեթեւացած շունչ քաշեց, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միության հետաձգվում է, սակայն տրոյկայի որոշմամբ պայմանագրի պատրաստման նոր վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 1-ը:

Հետեւաբար, այդ նիստին ընդառաջ՝ Բաքուն վերստին շարունակեց սահմանագծի թեժացումը, այս անգամ դիվանագիտական ուղղություններով խաղին մասնակից դարձնելով թե' Թուրքիային, թե' Ղազախստանին:

Սահմանի թեժացումը տրոյկայի մայիսյան նիստի շրջանում

Մայիսի 27-ին Բաքվից Մոսկվա մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ իր ռուս պաշտոնակցի հետ քննարկելու նաեւ տարածաշրջանի «սառեցված հակամարտությունների» լուծումը: Հասկանալի է, որ պաշտոնական Բաքուն նրան խնդրել էր Մոսկվայում ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ու պաշտպանել իր շահերը:

Հայտարարելով, թե այսօր նախադրյալներ կան այդ հակամարտությունը լուծելու համար, եւ որ Թուրքիան ու Ռուսաստանը հակամարտության տարածաշրջանին սահմանակից պետություններ են եւ Անկարան շահագրգռված է այն կարգավորելու մեջ, Դավութօղլուն նկատեց. «Ուկրաինայում իրադարձությունները ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության արագ կարգավորման կարեւորությունը: Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ հակամարտության կարգավորման համար»:

Իր մեկ այլ հայտարարությամբ նա ակնհայտ դարձրեց, որ Մսկվայի ու Անկարայի միջեւ կա համատեղ ջանքեր գործադրելու համաձայնություն. «Մեր համատեղ ջանքերը ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորմանը եւ Հարավային Կովկասի մյուս խնդիրների լուծմանը: Մենք մտադիր ենք նաեւ հետագայում զարգացնել տարածաշրջանի երկրների հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունները, համատեղ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման համար»:

Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանարապետության օրը եւ Աստանայում տրոյկայի նիստի նախօրեին Ադրբեջանը հերթական զորավարժությունները կազմակերպեց շփման գծի մոտ: Իսկ Հանրապետության օրվա առթիվ ուղերձում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել եւ չի լինի բանակցության առարկա»:

Ալիեւը նաեւ «բարի խորհուրդ» տվեց Հայաստանի ժողովրդին, որ եթե ցանկանում է ապրել բարեկեցիկ ու հարեւանների հետ խաղաղ, ապա պետք է ազատվի ու պատմության արխիվ ուղարկի իշխանության մեջ գտնվող «քրեական, կոռումպացված բռնապետական ռեժիմին» եւ «հեռանա զավթված հողերից»:

Նրա շանտաժով, եթե Հայաստանի ժողովուրդը դա չանի, ապա «Մենք երբեք չենք հաշտվի ներկա դրության հետ: Բանակին ավելի մեծ աջակցություն կցուցաբերվի, ավելի շատ միջոցներ կհատկացվեն: Աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացները եւս մեկ անգամ ապացուցում են, որ բանակին ցուցաբերվող մեծ ուշադրությունը մեր անկախության հիմքն է»:

Մայիսի 29-ին Աստանայում Ադրբեջանը ոչ միայն Ղազախստանի նախագահի միջոցով բարձրացվեց Ադրբեջանի սահմանի խնդիրը, այլեւ սահմանագծի թեժացման հերթական գործողություններով փորձ արվեց գործնական դաշտում դրա վրա հրավիրել բոլորի ուշադրությունը:  

Սակայն, ինչպես արդեն նշել ենք, դրա արդյունքում ոչ միայն Հայաստանի եվրասիական ինտեգրման համար է քաղաքական խոչընդոտ առաջացել, այլեւ Ադրբեջանն ինքն է հայտնվել եվրասիական եռյակից, եւ առաջին հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից կախման մեջ, ով այդ թեմայի բացողն ու փակողն է տրոյկայի նիստում, ինչպես դա տեսանելի դարձավ դեկտեմբերի 24-ին:

 Գյուլիստանն ընդդե՞մ Ղարսի

Մայիսի 27-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին Բաքվից Մոսկվա գործուղելն ու Սերգեյ Լավրովի հետ ղարաբաղյան խնդիր քննարկելը, Նուրսուլթան Նազարբաեւին, Ալեքսանդր Լուկաշենկոյին ու Վլադիմիր Պուտին նամակ գրելը, այն տրոյկայի նիստում հնչեցնելու համար Ղազախստանի նախագահին խնդրելը վկայում են հետեւյալի մասին. Ադրբեջանը վերցնելու ռուսական ռազմավարական ծրագրին դիմակայելու համար Իլհամ Ալիեւին հարկավոր է թե’ թյուրքալեզու եղբայր պետությունների աջակցությունը, թե’ նաեւ թուրք-սովետական սահմանագծի նախիջեւանյան հատվածի թեժացումը:

Եթե անցած աշնանից Մոսկվան Կովկասում անուղղակի ակտիվացրել է Գյուլիստանի պայմանագիրը (հաջորդիվ ավելի հանգամանորեն կանդրադառնանք դրան), ապա Նախիջեւանի ներքաշումով Անկարան ակտիվացնում է Ղարսի պայմանագիրը, որով ադրբեջանական ինքնավար հանրապետությունը իր պրոտեկցիայի տակ է: Իսկ Բաքվի հետ թարմացրած ռազմական համագործակցության պայմանագրով ինքը որոշակի պարտավորութուններ է կրում արտաքին ագրեսիայի դեպքում:  

Այդպիսով, Հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցածը, եվրասիական եռյակի ձեւաչափում ու մասնավորապես Աստանայում կատարվածը օրգանական կապի մեջ են միմյանց հետ:

Արդ, հարկավոր է առավել խորը հետաքննել կատարվածի ու եվրասիական նախագծի միջեւ կապը. ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ակտիվացնում ղարաբաղյան խնդիրն ու հայ-ադրբեջանական սահմանի հարցը եւ ինչպե՞ս է օգտագործում այն, ի՞նչ հնարքներով հայտնվեց եվրասիական եռյակի սեղանին, որը Բաքվին ե'ւ ցանկալի է, ե'ւ մտահոգող. ղարաբաղյան խնդրի խողովակով Կրեմլին ներխուժումը նաեւ Ադրբեջան չափազանց արագ է տեղի ունենում, եւ անգամ Բաքվի ռազմական, քաղաքական ու տնտեսական հզորությունը կարող է ունակ չլինել դրան դիմադրելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter